ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Մեղրի-Լաչին տրանզիտ. Դավիթ Կարապետյան

Մեղրի-Լաչին տրանզիտ. Դավիթ Կարապետյան
21.08.2022 | 10:39

Ինչպես արդեն գիտենք, Ալիևը հայտարարել է, որ «Հայաստանը տվել է Զանգեզուրի միջանցքին իր համաձայնությունը, և առաջիկա շաբաթներին Բաքուն Երևանից ստանալու է նախագիծը»։


Ավելի վաղ թուրքական իշխանական մամուլը տեղեկացրել էր, որ «միջանցքը» գործելու է առանց սահմանափակումների, այսինքն, Հայաստանի հարկային և մաքսային հսկողություններ ճանապարհի վրա չեն լինելու։
Սա խոսում է այն մասին, որ «Զանգեզուրի/ Մեղրիի միջանցք» ասվածը նորից ակտուալ է, ավելին՝ մտել է եթե ոչ արդեն իսկ գործնական, ապա քննարկման փուլ:
Եթե մինչ այս պահը, ՀՀ իշխանությունները
«միջանցքի» տրամաբանությանը գրեթե միշտ, վստահաբար տվել են բացառող պատասխան, ապա հիմա այն անարձագանք է:
Մեր իշխանությունների կողմից այդ մասին առհասարակ չխոսելն ու չարձագանքելը կա՛մ համաձայնության, կա՛մ կոնսենսուսի, կա՛մ էլ զուտ անկարողության պատճառ է:
Հակված եմ իրատեսական համարել վերը թվարկված բոլոր երեք տարբերակներն էլ:
Ըստ իս, այս խրթին հարցում գործում է ադրբեջանական հետևալ մոտեցումն ու հիմնավորումը, որը, կարծես թե, կյանքի է կոչվում:
Ադրբեջանը սա մեկնաբանում է հավասար ու արդար պայմաններով սկզբունքների դիտանկյունից:


Այսինքն, դուք՝ հայերդ, ուզում եք անխափան գնալ ու գալ Ստեփանակերտ, մենք՝ ադրբեջանցիներս, նույնկերպ ուզում ենք գնալ ու գալ Նախիջևան:
Ասել կուզի՝ միջանցք՝ միջանցքի դիմաց:
Մանավանդ որ, երկու ճանապարհների կիլոմետրաժը գրեթե նույնն է:
Եթե դուք՝ հայերդ, ուզում եք, որ Լաչինում անցակետ չլինի, մաքսատուրքեր չգանձվեն, ադրբեջանական վիզա չպահանջվի, ապա նույնն էլ ակնկալում ենք մենք՝ Մեղրիով անցնելիս:
Այլապես, Բերձորում նոր կառուցված ու ձեզ տրամադրված ալտերնատիվ ավտոճանապարհը այլևս չի ծառայի որպես «միջանցք»:


Իսկ այս պարագայում Հայաստանն ու Արցախը չեն ունենա այլ պահեստային ճանապարհ:
Ավելին՝ շատ հավանական է, որ Ալիևը մի օր էլ որոշի ու առհասարակ փակի Լաչինը, ու ժամանակ դնի՝ արդեն իսկ զորբայությամբ պահանջելով Մեղրիում տալ նույն միջանցքը:
Որքան արագ կառուցվի Նռնաձոր-Մեղրի-Ագարակ-Նախիջևանի հետ սահման ճանապարհն ու տրամադրվի իրենց օգտագործման, այդքան էլ շուտ կվերաբացվի Լաչինի միջանցքը:
Որ օրը այդ ճանապարհը տրամադրվի, նույն օրը կբացվի Լաչինի ճանապարհը:
Իսկ քանի որ Ադրբեջանը, ի տարբերություն մեզ, այլընտրանք ունի, ապա մինչ այդ կօգտվի Իրանով ճանապարհից:


Ու եթե այս համատեքստում նորից մեջբերվի Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ապա այն, նախ, հավերժ ու մշտնջենական չէ, և հետո՝ իրողություններ են փոխվել:
Բացի այդ, հայտարարության կետերից դուրս, այդ պայմանագրով չնախատեսված ու չկարգավորվող հարցեր կան, որոնք լուծումներ են պահանջում:
Այսինքն՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով անհնար է հստակեցնել ու կարգավորել երկկողմ/եռակողմ հարաբերությունների ու գործնական քայլերի ողջ սպեկտրը:
Մանավանդ որ, առաջարկված «խաղաղության պայմանագիրը» այդպես էլ մնաց որպես լակմուսի թուղթ:


Ինչ վերաբերում է մեր, ինչու չէ, նաև Ադրբեջանի դաշնակից Ռուսաստանին, ապա այս հարցում երկուստեք ակնհայտ կիրառվում են երկակի ստանդարտներ:
Նախ՝ Լաչինում ռուսն է, Մեղրիում՝ ևս:
Լաչինում՝ խաղաղաղապահների, Մեղրիում՝ սահմանապահների տեսքով:
Տարածաշրջանում ՌԴ-ի կողմից դրսևորվող հեգեմոնիզմի, նրա կողմից ազդեցության գոտիների բաժանման և իր աշխարհաքաղաքական շահերի համատեքստում չեմ զարմանա, եթե ռուսական ճնշման տակ կամ պարզապես ցանկության դեպքում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեզ մատուցվի որպես անվտանգության երաշխիքներով սպասարկում, ՀՀ սուվերեն տարածքի, մասնավորապես՝ Սյունիքի մարզում մշտական ուժեղացված ռազմաքաղաքական ներկայության ապահովում, որի պարագայում կբացառվի ցանկացած տեսակի ռազմական ագրեսիա և էքսպանսիա այդ տարածքի նկատմամբ:


Եվ, որ այն նաև կհանդիսանա հզոր ազդակ՝ «Մեծ Թուրանի» հավանական ստեղծման խոչընդոտմանը, որը նաև գեոպոլիտիկ ռիսկեր է պարունակում իր իսկ համար:
Արդյո՞ք ՀՀ իշխանություններն արդեն իսկ ստացել են նման մեկնաբանություններով համեմված գործողությունների ի կատար ածման պլան, արդյո՞ք կամք կունենան հրաժարվել նման առաջարկ-տարբերակ-պարտադրանքի դեպքում թե ոչ՝ շուտով կիմանանք:
Գուցե համաձայնել են նման սցենարի հետ, կամ, որ ամենավատն է, ամեն ինչ արդեն իսկ որոշված է՝ առանց իրենց համաձայնությունը ստանալու:
Այնպես որ, հաջորդիվ սպասենք Ալիևի կողմից պահանջվելիք՝ Արցախի պաշտպանության բանակի ցրման օր ու ժամը, որից հետո էլ՝ Արցախի ու Սյունիքի ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցերը։


Ու այս պահանջները դեռ չեն վերջանալու:
Վերջինիս հեռահար պլանների մեջ է մտնում Վարդենիսի, Սևանի, Երևանի «վերադարձը»...
Այո՛, սա այն նույն Ալիևն է, որը ՄԱԿ-ի ռեզոլյուցիաներն անգիր սերտած խոսում էր տարածքային անձեռնմեխելիության և ուժի սպառնալիքի բացառման սկզբունքների հարգման մասին:
Իսկ հիմա, հաղթանակի էյֆորիայի ու ցայտնոտի մեջ հայտնվելով, ազատ ու անկաշկանդ, բացահայտ ու ագրեսիվ խոսում է հարևան երկրի սուվերեն տարածքը օկուպացնելու մասին:
Իսկ թե ու՞ր է միջազգային հանրության անաչառ, զսպիչ ու դատապարտող արձագանքը, ու՞ր է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը, հակամարտության կարգավորման հիմնական «դատավորը»՝ բոլորս գիտենք:
Ամեն մեկն իր տեղում է:


Դրա համար էլ Ալիևի սանձարձակ լեզուն, ձեռքերն էլ հետը ավելի են երկարել:
Թե՛ շաղակրատ լեզուն, և թե՛ արյունոտ ձեռքերը պետք է կտրվեն:
Իսկ օրվա իշխանություններն ի զորու չեն դա անելու:
Այնպես, ինչպես ի զորու չեն երկիր կառավարել։

Դիտվել է՝ 7427

Մեկնաբանություններ