Ո՞ՐՆ Է ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և մետաղական օգտակար հանածոների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի՝ ռոյալթիի նկատմամբ։ Կարգավորումների նպատակը երկրների հարկվող բազաների պաշտպանությունն է, որի հիմքում ընկած է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքը: Այսինքն` շահույթը պետք է հարկվի այնտեղ, որտեղ իրականացվում է տնտեսական գործունեությունը, իսկ փոխկապակցված կողմերի միջև կատարված գործարքների պայմանները պետք է համապատասխան լինեն փոխկապակցված չհամարվող կողմերի միջև կատարվող գործարքների պայմաններին: Ըստ ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանի` տրանսֆերային գնագոյացման կարգավորումները թույլ են տալիս հարկային մարմնին պարզել, թե փոխկապակցված անձանց միջև գործարքների պայմանները որքանով են արտացոլում իրական հանգամանքները: Այսինքն՝ արդյոք տվյալ գործարքը տեղի կունենա՞ր նույն պայմաններով, եթե գործարքի կողմերը փոխկապակցված չլինեին։ «Փոխկապակցված անձինք, ընդհանուր ներկայացմամբ, այն հարկ վճարողներն են, որոնցից մեկը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս հարկ վճարողի կառավարմանը, վերահսկմանը կամ որոշակի ազդեցություն ունի գործարար որոշումների վրա»,- պարզաբանում է ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետը:
Օրինակ՝ նոր շուկաներ ներգրավելու նպատակով տնտեսավարողներն իրենց դուստր կազմակերպությունների հետ կարող են իրականացնել գործարքներ, որոնք առաջին հայացքից չեն համապատասխանում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին: Սակայն, Նաիրուհի Ավետիսյանի դիտարկմամբ, կազմակերպության ընդհանուր ռազմավարության տեսանկյունից դա հիմնավորված քայլ է, և հարկային մարմինը կարող է ընդունելի համարել այդ գործարքները։ ՈՒստի, տրանսֆերային գնագոյացման կարգավորումները բացառապես խստացնող վարչարարություն դիտարկելը, ըստ Նաիրուհի Ավետիսյանի, այնքան էլ ճիշտ չէ. «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների նպատակը բոլորի համար խաղի նույն կանոնները պահպանելն է, իհարկե, հարկվող բազաների պաշտպանության շեշտադրմամբ: Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները հարկային կարգապահություն են ենթադրում: Դրանք ոչ թե պատժիչ գործառույթներ իրականացնելու, այլ հարկային կարգապահության լավագույն միջավայր ապահովելու համար են»։
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՐՁ ԵՎ ՀՀ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Գլոբալիզացիայի արդյունքում ստեղծված բազմազգ կազմակերպությունների կողմից իրականացված միջսահմանային գործարքների աննախադեպ աճն օբյեկտիվորեն հանգեցրել է նոր վարչարարական լծակների ստեղծման անհրաժեշտությանը։ Այս տեսանկյունից, տրանսֆերային գնագոյացումը աշխարհում համարվում է հարկային վարչարարության լավագույն եղանակներից մեկը։ Երկրների զգալի մասն առաջնորդվում է տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրման գործում առաջատար համարվող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից ընդունված մոտեցումներով: Դրանք ամրագրված են պարբերաբար կատարելագործվող ուղեցույցում և դրանից բխող այլ փաստաթղթերում։ «Իհարկե, կան երկրներ, օրինակ, Չինաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որոնք ամբողջությամբ չեն ընդունում ՏՀԶԿ մոտեցումները, այդ թվում՝ ուղեցույցում ամրագրված սկզբունքները։ Այնուամենայնիվ, ուղեցույցով սահմանված կարգավորումներն ունիվերսալ են և կիրառելի են երկրների մեծամասնության կողմից»,-նշում է Նաիրուհի Ավետիսյանը: Ըստ նրա` Հայաստանում տրանսֆերային գնագոյացման կարգավորումները մշակելիս դարձյալ հիմք են ծառայել ՏՀԶԿ մոտեցումները, որոնք արտացոլված են ՀՀ հարկային օրենսգրքի 73-րդ գլխում և դրանից բխող կարգավորումներում։ Միջազգային լավագույն փորձին համահունչ ենթաօրենսդրական բազայի կատարելագործումը շարունակվում է նաև այսօր:
ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ
Տրանսֆերային գնագոյացումը հարկային մարմնին թույլ է տալիս խորությամբ ուսումնասիրել անգամ հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների հետ գործարքները, այսպես կոչված` օֆշորային գոտիների հետ իրականացվող գործարքները: Նաիրուհի Ավետիսյանի դիտարկմամբ` նախքան այս գործիքի ներդրումը ՊԵԿ-ը սահմանափակ հնարավորություն ուներ` փոխկապակցված անձանց միջև տեղի ունեցող գործարքները խորությամբ ուսումնասիրելու համար: Հարկային օրենսգրքում այս դրույթներն ամրագրելուց բացի ՊԵԿ նախագահի 2019 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 671-Ն հրամանով ընդունվել է վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը, որը բացառապես էլեկտրոնային է և արդեն հասանելի է հարկ վճարողներին ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում: Հարկային օրենսգրքի 375-րդ հոդվածի համաձայն` եթե փոխկապակցված հարկ վճարողների միջև իրականացվող գործարքները, այսինքն` վերահսկվող գործարքները, հարկային տարվա ընթացքում գերազանցում են 200 միլիոն դրամը, ապա հարկ վճարողը պարտավոր է վերահսկվող գործարքների մասով ներկայացնել ծանուցում: Իսկ Հարկային օրենսգրքի 376-րդ հոդվածի համաձայն` անհրաժեշտության դեպքում, հարկային մարմնի պահանջով 30 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողը պարտավոր է ներկայացնել նաև տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը:
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ
Հայաստանում տրանսֆերային գնագոյացման կանոնները ներդնելիս ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար նախաձեռնել է աշխատանքային հանդիպումներ շահագրգիռ կողմերի հետ: Ինչպես նշում է Նաիրուհի Ավետիսյանը, հարկ վճարողների հետ քննարկվել են տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառմամբ պայմանավորված հնարավոր խնդիրները, որոնց լուծումներն արտացոլվել են իրավական ակտերում. «ՊԵԿ-ը կարևորում է հարկ վճարողների անմիջական մասնակցությունն այս գործընթացում: Շուրջ երկու տարի կոմիտեն իրականացնում է լայնածավալ իրազեկում` ոլորտային, անհատական և ընդհանուր համագործակցության ձևաչափով։ Գրեթե անհատապես աշխատում ենք բոլոր բանկերի, խոշոր ընկերությունների հետ: Վստահաբար կարող ենք ասել, որ հարկ վճարողների հետ գործակցությունը հաջողվել է»: ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանի գնահատմամբ` Հայաստանում տրանսֆերային գնագոյացման կանոններն արմատավորելու ուղղությամբ անելիքներ դեռ շատ կան, այդուհանդերձ պետք է փաստել, որ մինչև այս պահն արդեն իսկ զգալի աշխատանք է կատարվել:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ