Ֆինանսների նախարարության մտքի փայլատակումը ծանր կնստի ժողովրդի վրա։ Կառավարությունը որոշեց բարձրացնել գույքահարկը, բայց ինչպե՞ս, եթե հարկային օրենսգրքով հարկեր բարձրացնելու ռազմավարությունը չի խրախուսվում։ Պարզվում է՝ դա էլ խնդիր չէ։ Ժողովրդիս ընտրյալների մեծամասնության «ջանը սաղ լինի», ամեն բան կարելի է օրինականացնել կոճակի մեկ սեղմումով։
Դե, ինչպես ասում են, գրիչն էլ է իրենց ձեռքում, կնիքն էլ... Իսկ ժողովու՞րդը... Ի դեպ, դեռևս չորս տարի առաջ ֆինանսների նախարարությունը ծրագրում էր բարձրացնել գույքահարկը, սակայն այն իրականություն է դառնում միայն այսօր։ Եվ, ինչպես չորս տարի առաջ, ասել և ասում ենք՝ գույքահարկի բարձրացման միակ նպատակը ամեն գնով պետբյուջեն լցնելն է։ Ինչու՞ ֆինանսների նախարարությունը մտադրվեց չորս տարի առաջ նման ծրագիր նախագծել. մի պարզ պատճառով՝ պետբյուջեի մուտքերի ավելացման ուղիներ պետք է գտնվեին։ Ինչու՞ չորս տարի առաջ կառավարությունը չգնաց այդ քայլին, որովհետև քաջ հասկանում էր, որ այն լուրջ սոցիալական դժգոհություն կառաջացնի և նոր խնդիրներ կստեղծի։ Իսկ ինչու՞ այսօրվա կառավարությունը որոշեց մարդկանց «կարտոֆիլի պես կլպել»։ Այս հարցի պատասխանը շատ հստակ է՝ տնտեսական խոր ճգնաժամից առաջացած ճեղքվածքները պետք է փակել։ Իհարկե, կառավարությունն այս հարցում իր տեսակետն ունի, ունի նաև իր հիմնավորումը։ «Օրինագծի նպատակը տեսանելի հարստությունը կամ ունեցվածքը համարժեք հարկելն է։ Գործող օրենքի հիմնական խնդիրը նրանում է, որ գույքային հարկման բազան, որը կադաստրային արժեքն է, շեղված է շուկայական արժեքներից այն իմաստով, որ խիստ թերագնահատված է»,- նշել է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։ Նախ՝ նկատենք, որ կադաստրային արժեք և շուկայական արժեք հասկացությունները տարբեր են, տարբեր է նաև դրանց գնահատման մեթոդաբանությունը։ Հետևաբար հարց է առաջանում՝ ինչու՞ են այս երկու տարբեր հասկացությունները համեմատվում։ Ավելի անկեղծ կլիներ, եթե բացեբաց ասվեր, որ կառավարությունն ուղղակի հրաժարվում է գույքահարկը կադաստրային արժեքով գնահատելուց և նախընտրում է այն գնահատել շուկայական արժեքով, քանի որ այդ կերպ ավելի շատ փող դուրս կբերվի ժողովրդի գրպանից։ Զավեշտալի է հնչում նաև օրինագծի նպատակի ձևակերպումը, ըստ որի տեսանելի հարստությունը կամ ունեցվածքը հարկելն է բուն նպատակը։
Հիշեցնենք, որ ճոխության հարկը լիովին թույլ է տալիս հարկել տեսանելի հարստությունը, և այդ տեսանելի ու անգամ անտեսանելի հարուստների տեղը շատ լավ գիտի պետությունը։ Բայց ոչ, կառավարությունը հարստություն ու ճոխություն է համարում նաև ինչպես քաղաքի կենտրոնում, այնպես էլ ծայրամասերում Խորհրդային Միության ժամանակներից ամրագրված ժառանգությունը, և այստեղ լուրջ խնդիրներ են առաջանալու։ Եթե շենքը կառուցվել է, ասենք, 1975-ին, քաղաքացին ծնվել է այդ տանը, և հիմա նրա երեխաներն են ապրում այդտեղ, ընտանիքն էլ միջին աշխատավարձով է ապրում՝ ի՞նչ շքեղության և հարստության մասին է այս դեպքում խոսքը։ Թե՞ պետությունը նպատակադրված ուզում է այդ մարդկանց «աքսորել» իրենց տներից, քանի որ վերջիններս ճարահատյալ վաճառելու են իրենց բնակարանները, տեղափոխվելու ծայրամասեր, որտեղի բնակարանների գույքահարկը համեմատաբար ցածր կլինի։ Իսկ ո՞վ կգա ապրելու կենտրոնում, գուցե օտարազգի հարուստնե՞րը, և արդյոք մայրաքաղաքն այդ դեպքում չի՞ կորցնի իր դեմքը։ Եվ վերջապես, ինչու՞ պետք է կառավարությունը այնքան սեղմի օղակը, որ մարդը ստիպված լինի վաճառելու իր բնակարանը, այն էլ այն դեպքում, որ այդ բնակարանը նորանկախ Հայաստանի որևէ կառավարություն չի հատկացրել նրան։
Մեր իշխանությունները սիրում են առաջնորդվել եվրոպական փորձով՝ մոռանալով, որ Եվրոպան նպաստում է իր քաղաքացիների հարստացմանը։ Գործարարների համար հարկման ճկուն մեխանիզմներ և բազմաթիվ արտոնություններ են գործում, եվրոպացու միջին աշխատավարձն էլ համեմատելի չէ մեր միջին աշխատավարձի հետ։ Ինչու՞, որովհետև շատ լավ հասկանում են, որ իրենց ժողովրդի բարեկեցությունը իրենց անվտանգ և խաղաղ կառավարման երաշխիքն է։ Իսկ Հայաստանում ճիշտ հակառակն է, չի հասցնում մարդը մեջքն ուղղել մի փոքր թեթևացած բեռից, իսկույն գլխին տալիս են ու վերջին հույսը կտրում։
Եվ այսպես, կառավարության հեղինակած օրինագծով նախատեսվում է բարձրացնել գույքահարկը, ինչպես նաև հարկ սահմանել 3 մլն դրամից ցածր արժողությամբ գույքի վրա։ Սահմանվում են անշարժ գույքի հարկման նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր։ Վերացվում է բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն, բնակելի տների մասով` մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0,05 % հարկման դրույքաչափ։ Հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար նոր համակարգին անցում է կատարվելու 4 տարվա ընթացքում։ Ըստ այդմ 2021-ին վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի և նոր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 %-ը։ 2022-ին՝ 50 %-ը, 2023-ին՝ 70 %-ը, և նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի 2024-ից։ Սա փաստում է այն մասին, որ որքան էլ կառավարությունը փորձի համոզել, թե գույքահարկի բարձրացման աստիճանական մոտեցումը նպատակ ունի մեղմելու հարկային բեռը, այնուհանդերձ այն լինելու է զգալի և մեծ, քանի որ հիմնավորման մեջ ասվում է. «Հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար»։ Ի դեպ, առաջարկվող բարեփոխումների արդյունքում ակնկալվում է բարձրացնել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կայունության ու ֆինանսական անկախության մակարդակը, իսկ սա նշանակում է, որ քաղաքացին աշխատելու է կամ, ավելի ճիշտ կլինի ասել, «դառը դատելու, դատարկ նստելու է», որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները հարստանան։ Չի բացառվում, որ վերջիններիս աշխատավարձերը և պարգևատրումները 2024-ին հասնեն եվրոպական ստանդարտներին։
Թեև համոզված ենք, որ այս նպատակը ևս կներկայացվի որպես ժողովրդի կենցաղը բարելավելուն միտված քայլ, սակայն չմոռանանք, որ նույն ավտոտեխզննման վճարները ինքնակառավարման մարմինների կողմից պետք է ուղղվեին ճանապարհների նորոգմանն ու կառուցմանը, ինչը մինչ օրս մնացել է թղթի վրա։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ