«Հիփոթեքային վարկ ստանալու համար նվազագույն եկամտի շեմ սահմանված չէ»
09.06.2020 | 00:53
-Հիփոթեքային ծրագրերը հետաքրքում են հասարակության լայն շրջանակներին։ Գաղտնիք չէ նաև, որ այդ ծրագրերից հիմնականում օգտվում է սոցիալապես ապահովված խավը, քանի որ հիփոթեքային վարկերի ձևակերպման ժամանակ, անգամ սոցիալական ծրագրերի դեպքում, վարկառուի աշխատավարձը պետք է կազմի ոչ պակաս, քան 300 հազար դրամ։ Ավելին, մինչ օրս հիփոթեքային ծրագրերը նախատեսված էին միայն երիտասարդ ընտանիքների համար։ Սա իսկապես լուրջ խնդիր է, ինչի մասին մենք ժամանակին գրել ենք։ Վերջերս հիփոթեքային շուկայում իրականացվել է փոփոխություն, ըստ որի, չամուսնացած անձինք ևս ցածր տոկոսադրույքներով կարող են ներգրավված լինել հիփոթեքային վարկավորման ծրագրերում։ Ովքե՞ր կարող են մասնակից դառնալ այս ծրագրին. հարցի շուրջ զրուցեցինք «Ազգային հիփոթեքային ընկերության» գործադիր տնօրեն ԷԴՄՈՆ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ հետ։
-2018-ի ընթացքում «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) հիփոթեքային վարկերի հասանելիության մեծացման նպատակով իրականացրել է ծրագրային վարկերի ընդհանուր պայմանների փոփոխություններ, շահառուներին հնարավորություն ընձեռելով բնակարան ձեռք բերելու ընդամենը 10 % կանխավճարով, եթե շահառուն, բացի ձեռք բերվող բնակարանից, գրավադրում է նաև երկրորդ գույք կամ գնում կանխավճարի ապահովագրություն,- մանրամասնում է մեր զրուցակիցը։- Ի դեպ, կանխավճարի ապահովագրության դեպքում երկրորդ գույքի գրավ չի պահանջվում։ Իսկ մինչև 30 տարեկան չամուսնացած անձանց հնարավորություն է ընձեռվել բնակարան ձեռք բերելիս ստանալու հիփոթեքային վարկեր 7,5 % կանխավճարով, եթե բնակարանը ձեռք է բերվում անմիջապես կառուցապատողից։
-Ասվում է, որ վարկը կարող է տրամադրվել միջին և ցածր եկամտի դեպքում ևս։ Եթե քաղաքացու «կեղտոտ» աշխատավարձը 75000 դրամ է, այդ դեպքում նրան կտամադրվի՞ հիփոթեքային վարկ, ի՞նչ պայմաններով։ Եթե նշված գումարը բավարար չէ, ապա հստակեցրեք, թե ցածր եկամուտ ասվածը որքա՞ն պետք է կազմի։
-Ծրագրային հիփոթեքային վարկ ստանալու համար նվազագույն եկամտի շեմ սահմանված չէ։ Ընկերության ծրագրերի շրջանակում կարևոր է հիփոթեքի ամսական մարումների և վարկառուի եկամտի հարաբերակցությունը, որը չպետք է գերազանցի 45 տոկոսը, այսինքն՝ վարկառուն չի կարող հիփոթեքային վարկի մարմանն ուղղել իր եկամտի 45 տոկոսից ավելի գումար։ Հետևաբար, եթե բնակարանը թանկ է, ապա եկամուտը ևս պետք է բարձր լինի։ Միաժամանակ, եթե վարկառուի եկամուտը չի բավարարում իր նախընտրած բնակարանը ձեռք բերելուն, ապա կարող է հիփոթեքային վարկ ստանալ համավարկառուի հետ, ինչը թույլ կտա հաշվի առնել նրանց ընդհանուր եկամուտը։ Բացի այդ, անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելիս պետության կողմից վերադարձվող եկամտահարկը Ընկերության ծրագրերի շրջանակում ևս դիտարկվում է որպես եկամուտ՝ ողջ կյանքի ընթացքում վերադարձվող վարկի միջին ամսական գումարի չափով։
Վարկառուի համավարկառուի եկամտի պայմաններում ձեռք բերվող բնակարանի համար վարկի առավելագույն գումարի և մարումների հաշվարկներ անելիս կարելի է օգտվել Ընկերության կայքում առկա վարկի ամսական վճարի առցանց հաշվիչից։
-Ցածր եկամտի դեպքում ինչպե՞ս է լուծվում կանխավճարի հարցը, և համավարկառու պահանջվու՞մ է, թե՞ ոչ։
-Ընկերությունը նվազեցրել է կանխավճարը` 30 %-ից դարձնելով 10 % (7,5 %` մինչև 30 տարեկան չամուսնացած անձանց համար, եթե բնակարանը ձեռք է բերվում կառուցապատողից), սակայն ցածր կանխավճարով հիփոթեքը ենթադրում է լրացուցիչ ապահովության անհրաժեշտություն` մեկ այլ անշարժ գույքի գրավի կամ կանխավճարի ապահովագրության տեսքով։ Եթե շահառուն չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույք, որը կարող է գրավադրել, նրան ավելի հարմար կլինի օգտվել կանխավճարի ապահովագրության գործիքից։ Վարկառուն ապահովագրում է կանխավճարի պակաս վճարված մասը, այսինքն՝ 30 % և 10% (7,5 %` մինչև 30 տարեկան չամուսնացած անձանց համար, եթե բնակարանը ձեռք է բերվում կառուցապատողից) կանխավճարների տարբերությունը։ Այսպիսով, կանխավճարի ապահովագրության ամբողջական գումարը կախված կլինի բնակարանի արժեքից. որքան թանկ է բնակարանը, այնքան ավելի մեծ կլինեն ապահովագրության գծով վճարները։ Միաժամանակ, եթե վարկառուի եկամուտները չեն բավարարում իր նախընտրած բնակարանը հիփոթեքով ձեռք բերելու համար, ապա պայմանագրով կարող է լինել նաև համավարկառու, ում եկամուտները վարկառուի եկամուտների հետ համատեղ կբավարարեն տվյալ բնակարանը ձեռք բերելու համար։
-Փոփոխված ծրագիրը ենթադրում է նաև վարկի մարման ժամկետների երկարաձգում. քանի՞ տարում պետք է վարկը մարվի։
-Ընկերության ծրագրերի շրջանակներում հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել նվազագույնը 10 և առավելագույնը 35 տարի ժամկետով։ 2019 թվականից ի վեր վերաֆինանսավորված բնակարանի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկերի ավելի քան 60 %-ն ունեցել է 20 և ավելի տարի մարման ժամկետ, մինչդեռ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 33 %: Որքան երկար է վարկի մարման ժամկետը, այնքան փոքր է ամսական մարումների չափը։ Օրինակ, եթե հիփոթեքային վարկի գումարը 10 մլն դրամ է, իսկ տոկոսադրույքը՝ 10 %, ապա 10 տարի մարման ժամկետի դեպքում ամսական վճարի չափը կկազմի 132151 դրամ, մինչդեռ 20 տարի մարման ժամկետի դեպքում այն կկազմի 96502 դրամ։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ