Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Փրկել մարդկանց կյա՞նքը, թե՞ բարեկեցությունը

Փրկել մարդկանց կյա՞նքը, թե՞ բարեկեցությունը
06.06.2020 | 10:59

Մի քանի շաբաթ բանավիճում են՝ պետության ղեկավարները պետք է լսեն համաճարակաբանների՞ն, թե՞ տնտեսագետներին: Իրականում այդ թվացյալ հակասությունը գոյություն չունի՝ գրում է Կլաուս Խուլվերշայդտը Süddeutsche Zeitung-ում: Խելացի համաճարակաբանները գիտեն, որ ոչ միայն վիրուսներն են հիվանդություն, աղքատություն ու մահ բերում, այլև հոգեբանական մեկուսացումը, գործազրկությունը և ընտանեկան բռնությունը: Իսկ խելացի տնտեսագետները գիտեն, որ հիվանդ մարդիկ չեն կարող գնալ գրասենյակներ, խանութներ ու ռեստորաններ: Որ իրենց առողջության կամ աշխատանքի համար տագնապող մարդիկ տներ չեն սարքում, մեքենաներ չեն գնում և չեն ծրագրում թանկարժեք ուղևորություններ: Որ խիստ կարանտինը չէ ռեցեսիայի գլխավոր ռիսկը, այլ վիրուսի հետագա չվերահսկվող տարածումը:


Որ «Որքան թույլ են սահմանափակումները, այնքան քիչ է տնտեսական վնասը» հաշվարկը չի աշխատում, արդեն վաղուց ապացուցել են Ճապոնիան ու Շվեդիան: Թագավոր Կառլ Գուստավի երկրում ոչ միայն բնակչության մեկ շնչի հաշվարկով կորոնավիրուսից մահացածների թիվն է բարձր ԵՄ համարյա բոլոր երկրներից, նաև շվեդական Կենտրոնական բանկի տվյալներով՝ ռեցեսիան ավելի խոր կլինի մայրցամաքի մյուս երկրներից: Գերմանիայի օրինակը, հակառակը, ցույց է տալիս, որ ով փրկում է մարդկանց կյանքը, ոչ միայն հումանիստ է, նաև ամրապնդում է համոզվածությունն ու վստահությունը՝ երկու գործոն, որ քանիցս ավելի կարևոր են վերականգնելու տնտեսական կոնյունկտուրաները, քան հարկերի ցանկացած իջեցում, բյուրոկրատիայի նվազեցման ցանկացած ծրագիր և ցանկացած տեսական դեբատ տնտեսական ազատության մասին:


Իհարկե, դեռ վաղ է գնահատել կորոնաճգնաժամի դեմ պայքարի տարբեր դեղամիջոցները, սակայն, օրինակ, 1918-1920-ականների իսպանական գրիպի հաղթահարման փորձը ցույց է տվել, որ նվազագույն կորուստներով առողջապահության ու տնտեսության մեջ ճգնաժամից դուրս են եկել այն քաղաքները, որտեղ ամենախիստ սահմանափակումներ են գործել՝ դա են վկայում ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի և Մասաչուսետսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսումնասիրությունները: Ի՞նչ կարող է դա նշանակել այսօր, եթե հիմա կառավարությունները չափազանց արագ են թուլացնում սահմանափակումները: Եթե նրանք սադրում են վարակի երկրորդ ալիքը, որ աշնանը նորից կհանգեցնի գրասենյակների, խանութների ու գործարանների փակման: Կիսատ զբաղվածությունը կհանգեցնի աշխատանքից ազատումների, ֆինասական դեֆիցիտը՝ սնանկությունների, անվստահ սպառումը՝ սպառումից հրաժարվելու, անհանգստությունը՝ խուճապի: Էկոնոմիկայի համար առավել աղետալի սցենար չկա: Իհարկե, մարդու կյանքի վրա չի կարելի գին կախել: Բայց գործնականում դա բազմիցս է կատարվում, օրինակ, կյանքի ապահովագրումը ձևակերպելիս: Այսինքն եթե կյանքը գնահատես 10 միլիոն դոլար, ինչպես անում են որոշ մաթեմատիկոսներ ապահավագրության ոլորտում, և հավատաս փորձագետներին, որ կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումները միայն ԱՄՆ-ում փրկել են 2 միլիոն մարդու կյանք, կարելի է համարել, որ երկիրը խուսափել է 20 տրիլիոն դոլարի տնտեսական վնասից: Դա համապատասխանում է ԱՄՆ-ի տարեկան ՀՆԱ-ին ու գերազանցում է բոլոր կորուստները, որ հասցրել են կառավարության սահմանափակումները:


Այդ պատճառով նպատակ կարող է լինել ոչ թե արագ վերադարձը նորմալ կյանքին, այլ վիրուսի կոշտ զսպումը այնքան, քանի դեռ չկա պատվաստանյութ, լայնամասշտաբ տեստավորման, վարակի շղթաները հատելու և անհրաժեշտության դեպքում՝ նոր լոկալ սահմանափակումների միջոցով: Դա կկրճատի զոհերի թիվը, կնվազեցնի տնտեսական վնասը և կարող է դառնալ հաջողություն, որով կհպարտանան ոչ միայն վարակաբանները, այլև տնտեսագիտության փորձագետները:
Կլաուս Խուլվերշայդտ, Süddeutsche Zeitung


Հ.Գ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության վիճակը շարունակում է մնալ ծանր, և վիճակը գնալով ծանրանում է։ Բայց մենք մեր անհատական վարքագծով կարող ենք փոխել իրավիճակը՝ Ֆեյսբուքի ուղիղ եթերով ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մենք պետք է կարողանանք հիվանդանալ ու վարակվել այնքանով, ինչքանով մեր առողջապահական համակարգը կկարողանա ընդունել հիվանդին։ Նա մարդկանց կոչ արեց դառնալ հակահամաճարակային մեծ շարժման մասնակից։ «Հայաստանում պետք է սկսվի զանգվածային հակահամաճարակային շարժում, ինչը կնշանակի, որ մենք ինչ-որ կերպ հսկողություն ենք սահմանում ոչ միայն մեր անհատական վարքագծի, այլև միջավայրի վարքագծի նկատմամբ։ Եվ մեր խնդիրը հետևյալն է՝ աջակցել մեր առողջապահական համակարգին, որովհետև այդ համակարգն այսօր հրաշքներ է գործում՝ մարդիկ հուսահատ ու մահամերձ վիճակից վերադառնում են կյանք», ասաց նա։ Վարչապետը հավելեց, որ այսօր տեղի է ունեցել պարետատան նիստ, և շատ մանրամասն ու բուռն քննարկում է կայացել։ «Խոսքը մեր հետագա անելիքների մասին է։ Ես չեմ ուզում թաքցնել, մենք քննարկել ենք, ինչպես նախկինում ասել եմ, մի քանի սցենարներ, այդ թվում՝ տոտալ արգելափակումների փուլ մտնելու տարբերակը, այդ թվում՝ պարետային ժամ հայտարարելու տարբերակը, այդ թվում՝ տնտեսական գործունեությունների հիմնական մասը արգելելու տարբերակը։ Եվ ուզում եմ ասել, որ այդ քննարկումների համատեքստում ես ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որևէ մեկի կապակցությամբ։ Ահա թե ինչու, որովհետև մենք նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է համոզված լինենք, որ դրանք լուծելու են մեր պրոբլեմները։ Եվ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ ընդհանրապես կորոնավաիրուսի համաճարակի մեր գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց հարցը հետևյալն է, որ այնուամենայնիվ դա հիմնավորող և ապացուցող որևէ տվյալ չկա։ Եվ որևէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ մեր պիկը լինելու է հունիսին և ոչ հոկտեմբերին, դեկտեմբերին և նույնիսկ ոչ 2021-ի փետրվարին»,- ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր պատկերացրած հիմնական լուծումը տեղավորվում է այն բանաձևի մեջ, որ իրականության փոփոխությունն անհատական վարքագծի փոփոխությունն է։ Ենթադրենք մի ինչ-որ հրաշքով այսօր վարչական լծակներով կորոնավիրուսի համավարակի ցուցանիշը երկրում դառնա զրո, բայց աշխարհում այն գոյություն ունի։ Եվ, ըստ վարչապետի, եթե անհատական վարքագծի, հիգիենայի և հակահամաճարակային կանոնների պահպանման կուլտուրան չի փոխվում, այն պահին, երբ մենք բացվենք աշխարհի առաջ, պոտենցիալ վարակված մարդիկ գալու են Հայաստան, և մենք նորից ամեն ինչ սկսելու ենք նորից։ «Եվ ուրեմն իմ պատերացումը հետևյալն է՝ մենք իրար հետ պետք է կարողնանք այս խնդիրը լուծել՝ մեր անհատական վարքագծի զանգվածային փոփոխություններով»,- հավելեց նա։
Ըստ վարչապետի՝ այն, որ այսօր սահմանափակումներին վերադառնալու որոշում չի կայացվում, դա չի նշանակում, որ վաղն այդ որոշումը չի կայացվելու։
Եզրակացությունները դուք արեք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 16428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ