Քեզմե փիլիսոփա չըլլա
10.03.2020 | 01:22
Օրեր շարունակ ԼՀԿ խմբակցության պատգամավորները, հատկապես Մանե Թանդիլյանը, բարձրաձայնում են ծրարով նախարարներին փող տալու մասին Փաշինյանի հայտնի հայտարարությունը և ակնկալում կառավարության ղեկավարի ասածի ապացույցները։ «Որքանո՞վ է վարչապետն անում հիմնավոր հայտարարություններ։ Այս հայտարարությունների հետքերով պետք է գնալ, կամ հաստատել, կամ հերքել, որովհետև չի կարող վարչապետն ուղղակի անել այդ կարգի հայտարարություններ»,- երեկ կրկին հիշեցրեց Թանդիլյանը։ Անշուշտ, Փաշինյանն այս հարցի պատասխանից խուսանավում է, սակայն ընդդիմադիր ԼՀԿ-ն էլ բավական հետաքրքիր հարցի է «դիպել»։
Նախ եթե Նիկոլ Փաշինյանի ամեն մի հայտարարության համար ապացուցողական հիմք պահանջեին ընդդիմադիրները, պետք է ոչ մի բան չանեին ու զբաղվեին միայն նման հարցերով, քանի որ այս ընթացքում այնքան «օդում կախված» հայտարարություններ են հնչել, որ անգամ դժվար է մտաբերել` երբևէ դրանցից մեկի վերաբերյալ փաստեր ներկայացվե՞լ են, թե՞ ոչ։ Օրինակ, ԼՀԿ-ն նույն հաջողությամբ կարող է հարցնել, թե ովքեր էին Բաղրամյան 26 ճամպրուկներով գումարներ տանում, ովքեր էին օտարերկրյա լրտեսները, ովքեր են իրավապահ համակարգի դավաճանները, ովքեր են Արցախում դավադիրները... Փաշինյանի բազում նման հայտարարությունները ոչ մի հետևանք չեն ունեցել, այդ հարցերի պատասխանները հասարակությանն այդպես էլ չեն տրվում։
Իսկ ԼՀԿ-ին ընդամենը հիշեցնենք հայտնի ֆիլմից տիպիկ մի դրվագ. «Բարեկամս, դու շատ բարդ խնդիր կհետապնդես, եթե կուզես ամեն մեկին այս աշխարհում իրեն տեղը կանգնեցնել։ Բայց գիտցիր, քեզմե փիլիսոփա չըլլա, հայ-հո՜ւյ»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ