Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2050 թվականի համար ուտոպիստական կանխատեսում էր արել, ասելով, թե ՀՆԱ-ն կտասնհինգապատկվի, բայց դրան հասնելու համար յուրաքանչյուր տարի առնվազն 9,5 տոկոս միջին տնտեսական աճ պետք է գրանցել, մինչդեռ 2020-ի բյուջեով դրա կեսն է նախանշվում: «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ ԳՄ ֆինանսների հանձնախմբի նախագահ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ նշելով, որ 2020-ի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի աճի միտումներն էական ու թռիչքային չեն:
-Նախագծով եկամուտները կազմում են 1,697 տրիլիոն դրամ, աճը, փաստացի ցուցանիշի համեմատ, պետք է կազմի շուրջ 170 միլիարդ դրամ կամ 11,1 տոկոս, որը 5,6 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա աճի ցուցանիշից,- ասում է պարոն Գրիգորյանը։- 2020-ի պետական բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է 182 միլիարդ դրամ, որի աճը, նախորդ տարվա համեմատ, կկազմի 30 միլիարդ դրամ կամ 20 տոկոս: Ի դեպ, նախորդ միջնաժամկետ հատվածում դեֆիցիտի աճերը եղել են մինչև 10 տոկոսի չափով:
-Սովորական մարդկանց բյուջեի մեջ տեղ գտած թվերն ու փաստարկները չէ, որ հետաքրքրում են, մարդիկ ուզում են իմանալ՝ լա՞վ են ապրելու, թե՞ ոչ: Հիմա բյուջեի այս նախագիծը լավ ապրելու հույսեր տալի՞ս է:
-Ճիշտ եք նկատում՝ քաղաքացիները բազմիցս տարբեր թվեր են լսել, բայց դրանք ոչինչ չեն ասում մարդկանց: Նույնիսկ ՀՆԱ-ի ցուցանիշները մարդկանց կենցաղավարության վրա ազդեցություն չեն ունեցել: Շարունակում է բարձր մնալ աղքատության և գործազրկության մակարդակը: Ներառական տնտեսավարման մասին հայտարարող իշխանություններն իրենց կատարողականների գործիքակազմում նշում են հարկային նոր օրենսգիրքը, որով 2020-ի հունվարի 1-ից եկամտային հարկը դառնալու է համահարթեցված: Այսինքն՝ բարձր եկամուտ ունեցողները վճարելու են ավելի քիչ հարկ, առաջանալու է բյուջեի պակասուրդ, ինչը հավաքագրվելու է հասարակությունից, այդ թվում՝ ցածր եկամուտ ունեցողներից: Եվ սա ներկայացնել որպես ձեռքբերում՝ ամենաքիչը զարմանալի է: Չկա «եկամտի նվազագույն չհարկվող շեմ» հասկացությունը: Աստիճանաբար վերականգնվելու է պարտադիր կուտակային արատավոր համակարգի 5 տոկոսը: Շեշտակի բարձրանալու են անուղղակի հարկերը, և ավելի է ծանրանալու մարդկանց սոցիալական վիճակը:
-Բյուջեով համախառն ներքին արդյունքի համար կանխատեսվում է 4,9 տոկոս աճ, հնարավո՞ր է, սակայն, սրան զուգահեռ, գնաճ լինի, ու աճը զրոյական լինի:
-Գնաճն անխուսափելի է, կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչև 4,5 տոկոս գնաճ կարող է լինել, ու դա կարող են հիմնավորել հաջորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները: Օրինակ՝ ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող օղիները կթանկանան՝ 1 լիտրի համար ակցիզային հարկը 835 դրամից դարձնելով 1560 դրամ: Սա թռիչքային բարձրացում է: Ծխախոտը, յուղերը, դիզելային վառելիքը, սեղմված գազը, գարեջուրը և այլ ապրանքատեսակներ նույնպես կթանկանան: Իշխանություններն այսօր պարծենում են, թե տարին կարող են փակել գերակատարված ցուցանիշներով, բայց եթե այդպես է, ապա, հետաքրքիր է՝ ինչու՞ են ավելի վախվորած տնտեսական աճի ցուցանիշ ուղարկում: Սա երկու պատասխան ունի. առաջին՝ հաջողելու համար վստահության պակաս կա, երկրորդ՝ որպեսզի թեկուզ փոքրիկ գերակատարումը պարծենալու լրացուցիչ առիթ տա:
-Վարչապետն անընդհատ նշում է, թե գործազուրկների թիվը պակասել է: Նախ՝ այդ ցուցանիշն ինչի՞ արդյունք է՝ աշխատատեղերի բացմա՞ն, թե՞ աշխատակիցներին ստվերից դուրս բերելու և գրանցելու, և երկրորդ՝ զբաղվածության մասով ի՞նչ է սպասվում եկող տարվա բյուջեով:
-Նախ` հստակեցնենք, թե ինչ ասել է գործազուրկների թվաքանակ: Նրանք միայն այն մարդիկ չեն, որ գրանցված են զբաղվածության կենտրոնում, այլ նրանք, ովքեր կարող են աշխատել, բայց աշխատանք չունեն: Եվ այս առումով վարչապետի գրառումներն անհասկանալի են, ու երբ նշվում է, թե 2019-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թվաքանակը պակասել է 29 հազար 200 մարդով, հստակ չէ՝ դա ինչի՞ հաշվին է եղել՝ արտագաղթի՞, աշխատատեղերի ավելացմա՞ն, թե՞ մարդիկ պարզապես դուրս են մնացել զբաղվածության կենտրոնի ցուցակներից: Հայաստանում զբաղվածության բարձր մակարդակ ունենալու հնարավորությունը ներդրումներն են ու աշխատատեղեր ստեղծելը: Բազմաթիվ աշխատակիցներ դուրս են եկել ստվերից, ու դա ողջունելի և կարևոր է վարձու աշխատողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Զբաղվածության տեսանկյունից պետությունը պետք է ոլորտների զարգացման հայեցակարգերն ամբողջությամբ կիրառության մեջ դնի, արդեն իսկ առկա է մարզերի զարգացման ռազմավարությունը, ըստ որի՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն չպիտի պակաս լինի հանրապետության միջինի 70 տոկոսից։
-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ գազի սակագնին, նշեց, որ բանակցությունները մինչև հիմա շարունակվում են, գազի գինն առնվազն մինչև ապրիլի 1-ը չի բարձրանա։ Փոխվարչապետն ընդգծեց, որ բանակցությունների միջանկյալ արդյունք կարող ենք համարել այն, որ ձմռան ամիսներին գազը չի թանկանա։ Կարո՞ղ ենք ասել, որ ապրիլից հետո այլևս անհնար կլինի զսպել թանկացումը։
-Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այդպիսի հայտարարություն արել էր նաև հոկտեմբերի սկզբին, վստահեցրել էր, որ չի կարող այնպես լինել, որ դեկտեմբերին հայտարարեն հունվարից գազի սակագնի բարձրացման մասին: Հիմա ավելի հստակ ժամկետ է նշվում, թե երբ կթանկանա գազի սակագինը, բայց թանկացումը զսպելու հնարավորություն չի նշմարվում: Ստիպված եմ հիշեցնել 2018-ի դեկտեմբերի՝ այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը, որում մասնավորապես ասում էր. «Ստացվել է այնպես, որ «Գազպրոմ Արմենիա» և «Գազպրոմ» ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակարարման գինը: Գնի մեջ որոշակի փոփոխություն տեղի է ունենալու, գինը որոշակի բարձրանալու է, բայց մեր ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»: Դրանից հետո 2019-ի հունվարի 1-ից գազի գինը սահմանին թանկացավ յուրաքանչյուր 1000 խմ-ի համար 15,0 ԱՄՆ դոլարով։ Թեև, այս թանկացմամբ պայմանավորված, մեր քաղաքացիների համար գազի սպառման սակագինը չփոխվեց, բայց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը քաղաքական պայմանավորվածության հետևանքով ավելի քան 30,0 մլն ԱՄՆ դոլարի չափով պարտք կուտակեց: Գազի սակագինը սպառողների համար, այնուամենայնիվ, կբարձրանա. դրա մասին տևական ժամանակ ու պարբերաբար խոսում է ռուսական կողմը: Նշվել էր, որ կթանկանա 30 տոկոսով, բայց անգամ այդ դեպքում, իրանական գազի գնի համեմատ, մրցակցությունից դուրս չի մնա: Այս խնդրի լուծումը քաղաքական բաղադրիչ ունի, ու պետք է այնպիսի քաղաքականություն վարել, որ մենք վնասով դուրս չգանք։
-Թուրքմենական գազի տարանցման մասին երկար խոսվեց, բայց դրական դինամիկա չկա: Իրանի հետ բանակցում ենք, ու էլի արդյունք չկա։ Ո՞րն է պատճառը:
-Թուրքմենական գազը Հայաստան հասցնելու ճանապարհը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, իսկ այդ հանգամանքը կարող է խնդիրներ հարուցել իրանական և թուրքմենական գազային ընկերությունների միջև, որոնք որոշակի տարաձայնություններ ունեն: Իրանական գազը կարող է գալ մեր երկիր, բայց որոշակի իրավական կարգավորումներ են անհրաժեշտ, որպեսզի այդ որոշման վրա «Գազպրոմ» ընկերությունը որևէ ազդեցություն չունենա:
Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ