Առանց բանկ այցելելու, դիմում գրելու` «Արարատբանկ» Մոբայլ հավելվածի ծառայության միջոցով կարելի է դառնալ «Արարատբանկի» հաճախորդ, ինչն էլ այս ծրագրի առանձնահատկությունն է ։ Բարձր տեխնոլոգիաները սրընթաց զարգանում են նաև բանկային ոլորտում։ Նրանց միջև մրցակցությունը թեժ է, ինչը բնական է. աճում է հաճախորդների պահանջարկը, մեծանում է նաև բանկերի միջև մրցակցությունը։ Սա մյուս կողմից բարդացնում է բանկերի գործը։ Այսօր գրեթե բոլոր առևտրային բանկերն աշխատում են նույն գործիքներով և միևնույն ծառայություններն են մատուցում։ Այս իրավիճակում նոր գաղափար գտնելը հեշտ խնդիր չէ, և «Արարատբանկը» փորձեց նոր մոտեցում հանդես բերել. նոյեմբերի 15-ին ջազի հնչյունների ներքո կայացավ «Արարատբանկ» Մոբայլ հավելվածի շնորհանդեսը։ Այս նոր ծառայությունը թույլ կտա հաճախորդներին տանը նստած` առցանց օգտվել բանկի 23 ծառայությունից։ Եվ ամենակարևորը, նրանք, ովքեր գրանցված հաճախորդներ չեն, նույնպես կարող են առցանց օգտվել այս ծառայությունից։ Բացի «Արարատբանկ» Մոբայլ հավելվածի ծառայությունից, ի՞նչ այլ առանձնահատուկ քաղաքականություն է տարվում այլ բանկերի համեմատ։ Այս հարցը փորձեցինք ճշտել շնորհանդեսին ներկա` բանկի խորհրդի անդամներից։
«ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ Է, ՈՐ ԾՆՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ»
ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ (տնեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Արարատբանկի» խորհրդի անդամ)
-Իսկապես, առևտրային բանկերի միջև մրցակցությունը մեծ է, և ծառայությունների առումով դժվար է նշել որևէ յուրահատկություն, քանի որ բոլորն էլ փորձում են նորամուծություն ներդնել իրենց ծառայություններում, այդ թվում նաև «Արարատբանկը»։ Միևնույն ժամանակ պետք է առանձնացնեմ, որ հաճախորդների համար ծառայությունների մատչելիությունը և սպասարկման որակը բանկի քաղաքականության առանցքային մասն է։ Սրա մասին է փաստում նաև այն, որ կարճ ժամանակահատվածում գրեթե բոլոր շրջաններում ստեղծվեցին բանկի մասնաճյուղեր, որոնք ապահովում են ոչ միայն հաճախորդների բարձրակարգ սպասարկում, այլև պահում են վերջիններիս հետ հետադարձ կապը, ինչը շատ կարևոր է հետագա ծրագրերի, նախագծերի կազմման հարցում։ Եվ պատահական չէ, որ այս բանկը համարվում է կայացած և լավագույն բանկերից մեկը։
-Դուք բանկի խորհրդի անդամ եք, ինչպե՞ս են անցնում խորհրդի նիստերը` միաձա՞յն։
-Ոչ, ոչ, եթե առիթ լինի` մասնակցեք այդ նիստերին, երևի կզարմանաք թեժ քննարկումներից, մտքերի բախումից։ Կարծում եմ` այս քննարկումների արդյունքում է, որ ծնվում են հետաքրքիր առաջարկներ, որոնք պիտի տարբերվեն շուկայում եղած առաջարկներից։ Ե՛վ որպես բանկի խորհրդի անդամ, և՛ որպես տնտեսագետ ու քաղաքացի, ով ծանոթ է հայաստանյան բանկերին, կարող եմ վստահաբար ասել, որ այս բանկը հանրապետությունում առաջատարներից մեկն է և փորձում է կատարելագործել մատուցվող ծառայություններն ու գործիքները։
-Պարոն Աթոյան, «Արարատբանկը» այս տարվա տասն ամիսների կտրվածքով 4-րդ տեղն է զբաղեցնում հիպոթեքային վարկերի տրամադրման գործում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։
-Կարծում եմ, հիմնական պատճառը հաճախորդների հետ ճիշտ և շիտակ աշխատելու սկզբունքն է։ Ժամանակին ես ինքս էլ վարկ եմ վերցրել, առաջին հայացքից թվում է` պարզ գործընթաց է, սակայն իրականում հաճախորդն ամբողջությամբ չի պատկերացնում, թե ինչպես է այդ գործընթացն աշխատելու։ Այս բանկի մասնագետները հաճախորդին մանրամասն ներկայացնում են այդ ամբողջը, ինչը նրան թույլ է տալիս ճիշտ գնահատել իր հնարավորություններն ու ռիսկերը և նոր միայն որոշում կայացնել։ Համաձայնեք, երբ մարդն ամբողջական տեղեկատվությանն իրազեկ է, ճիշտ պատկերացում է ունենում, ինչը հուսալիության երաշխիք է և՛ վարկառուի, և՛ բանկի համար։
«ՆՈՐ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»
ՄՀԵՐ ԱՆԱՆՅԱՆ («Արարատբանկի» խորհրդի անդամ)
-Պարոն Անանյան, Ձեր կարծիքով ո՞րն է այս բանկի առանձնահատկությունը։
-Իմ կարծիքով, հետաքրքիրն այն է, որ «Արարատբանկի» ինչպես բոլոր ծառայությունները, այնպես էլ խորհրդի կազմը ենթարկվում են թարմացման։ Եվ քանի դեռ հարց չեք տվել, միանգամից ասեմ` այդ քաղաքականությունը նոր մտածողության և հետաքրքիր գաղափարների լայն հնարավորություն է տալիս։ Ընդհանուր առմամբ, առևտրային բանկերի գերնպատակներից մեկն էլ հաճախորդներին նոր ծառայություններ մատուցելն է, ինչի համար անհրաժեշտ են նոր գաղափարներ, թարմ մտածողություն։ «Արարատբանկի» այսօրվա գաղափարախոսությունն է ավելի անհատական մոտեցում ցուցաբերել հաճախորդների նկատմամբ` մշակել ծրագրեր, որոնք կթեթևացնեն հաճախորդների առօրյան։
Ճեպազրույցները`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ