ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քննարկումների մեջ է «Այբ» կրթական հիմնադրամի հետ «Արարատյան բակալավրիատ» ծրագրի նկատմամբ պետական վերահսկողություն հաստատելու հարցի շուրջ` կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Մենք հիմա «Արարատյան բակալավրիատն» իրականացնող հիմնադրամի հետ քննարկման մեջ ենք, ինչպես նաև այլ խնդիրներ ունենք լուծելու, մասնավորապես, որ բովանդակության հետ կապված, ըստ էության, նախարարությունը որևէ խնդիր առաջ չի քաշել, այլ ձևի վերաբերյալ է մեր մտահոգությունը: Բովանդակությունն ինչ-որ չափով մեզ համար ընդունելի է: Ներկայում «Արարատյան բակալավրիատ» ծրագրի նկատմամբ պետության կողմից վերահսկողություն հաստատելու խնդիրն ենք քննարկում»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Ծրագրի շրջանակում ծախսված գումարների ուսումնասիրությունը շարունակվում է: Նախարարը նկատեց, որ ուսումնասիրվում են նախորդ տարիների ծախսերը, որպեսզի հասկանան, թե խախտումներն ինչ ծավալի են եղել: «Դա երկար պրոցես է, 2017-ի հետ կապված 280 մլն չծախսված գումարի մասին արդեն ասել եմ: Պետք է նախորդ տարիների ուսումնասիրությամբ պարզենք, թե որքան են եղել նախորդ տարիների կանխավճարները, ըստ դրա արդեն հասկանանք, թե խախտումներն ինչ ծավալների են եղել»,- հավելեց պաշտոնյան: «Այն, որ այդքան գումար չի ծախսվել, դա խախտում է» հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն ասաց. «Եկեք սպասենք նախորդ տարիների ուսումնասիրությանը»:
Ինչ վերաբերում է ընթացիկ սեպտեմբերից որոշ դպրոցներում ծրագրի ներդրմանը, նախարար Հարությունյանը նշեց. «Կարծում եմ՝ չենք հասցնելու դա անել: Այն մեթոդով ու գործընթացով, որ մինչ այժմ ծրագիրն ընթանում էր, մեզ համար անընդունելի է»։ Արայիկ Հարությունյանն ասաց, որ ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է, բացի այդ՝ եթե այն նույնիսկ ներդրվեր սեպտեմբերից, պետք է ապրիլին կառավարությունը դրա հետ կապված որոշում կայացրած լիներ, որը չի կայացրել: