«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

«Արդյո՞ք գալու է մի օր ժամանակ...»

«Արդյո՞ք գալու է մի օր ժամանակ...»
02.09.2016 | 10:17

Անունը՝ ի պատիվ Ավարայրի ճակատամարտի հերոս նահատակ Տաճատ Գնթունու, և ոչ պատահականորեն՝ հայագետ Նիկողայոս Ադոնցն է կնքել 1916 թվականին հայրենի Բռնակոթ գյուղ այցի ժամանակ: Ադոնցի նախապապը՝ Ադին, երկու եղբայր ուներ՝ Սահակը և Աղաբեկը, նրանք եղել են Դավիթ Բեկի զինակից Տեր-Ավետիսի ծոռները՝ ըստ տոհմի հավաստի պատմության ու տոհմածառի:

Եվ այսպես՝ ՏԱՃԱՏ ՍԱՀԱԿՅԱՆ (1916-1999)՝ պատմաբան, հայագետ, մանկավարժ պրոֆեսոր՝ կյանքի դժվարին ճանապարհ, խորհրդային գաղափարական բռունցքի դեմ առճակատում, ազնիվ վաստակ ու պայքար, բարի անուն, որն այսօր «այցեքարտ» է դարձել:
Արվեստաբան Մարտին Միքայելյանի հետ հանդիպեցի, երբ նախապատրաստում էի Ջիոտտոյի արվեստանոց-թանգարանի մասին անդրադարձս: Զրույցի ընթացքում պատահականորեն պարզվեց, որ հորս ուսանողն է եղել, հուզիչ էր: Կրճատումներով մեջբերեմ նրա անմիջական խոսքը. «Տաճատ Սահակյան, հայ ժողովրդի պատմության իմ սիրելի դասախոսն է եղել: Մանկավարժականում բացվել էր նկարչական ֆակուլտետ, ընդունվեցի 1960 թվականին: Զանգը հնչեց, եկավ Ձեր հայրը՝ մազերը հետ սանրած, պորտֆելը ձեռքին, դուռը բացելուն պես՝ թե՝ «Գրեք»... Երբեմն ունենում էր լիրիկական շեղումներ, ժամանակ չուներ, էնպես էր շտապում, վազքի մեջ էր, իր տեքստերն էլ շատ շատ էին, չէի գրում, կոնսպեկտից զզվում եմ, ես որ շատ շեղվում եմ (մանավանդ Մարտին Միքայելյանը այդ տարիքում- Ս. Ս.), երբեք միտքս ուրիշ տեղ չի գնացել, ըմբոշխնում էի նրա խոսքը, ծայրահեղ հայրենասեր էր: Բոլորին ծագումով հիշում էր: Մենք՝ ուսանողներս, տարբեր ճաշակի տեր մարդիկ էինք, բայց բոլորս էլ Տաճատ Սահակյանին սիրում էինք, որովհետև իր տեսակի մեջ աննման մարդ էր: Շատ ազգայնական էր, էնպես էր գովում մեր թագավորներին, զորավարներին, մենք էլ ոգևորվում էինք, վաթսունականների սկիզբն էր, այսինքն՝ քո հայրիկը էդ խմորը հունցողներից մեկն էր, ուզենք, թե չուզենք, նախապատրաստում էր առանց իմանալու, ենթագիտակցորեն, որ գնանք 65-ին գրավենք բաստիոնը: Իհարկե, մեր թոշակները կտրեցին: Մի «քար» նետողն էլ ես եմ եղել օպերայի մոտ, որովհետև կառավարությունը հավաքվել էր օպերայի բակում, հիմար բաներ էր ասում ընկեր Վիկտոր Համբարձումյանի գլխավորությամբ: Էնպես որ, հայրիկդ «մեղավոր» է, որ «քար» եմ նետել»:


Տարիներ առաջ, երբ Ռազմիկ Դավոյանին մանկավարժական համալսարանում շնորհեցին «Խաչատուր Աբովյան» շքանշանը, նա երախտիքի խոսք ասաց մանկավարժականի իր դասախոսների, որոնց թվում՝ հայ ժողովրդի պատմության դասախոս Տաճատ Սահակյանի հասցեին՝ բնութագրելով նրան իբրև «սքանչելագույն հայտնություն մեր իրականության մեջ»:
Թերթում եմ հորս ձեռագիր հուշերը. «Հայաստանի անկախության վերականգնման գաղափարներով տարվել եմ 1930-ական թվականների սկզբներին Սիսիանի միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին: 9-րդ դասարանում դասընկեր Անդրանիկ Գյանջունցի հետ նկարել էինք պատմական Հայաստանի լայնածավալ քարտեզը, ցույց էինք տալիս աշակերտներին, քարոզում Րաֆֆու գաղափարները: Այդ մասին իմանում է Սիսիանի ժողկրթբաժվար Սմբատ Բադալյանը. նրա կարգադրությամբ մեզ տասնհինգ օրով հեռացրին դպրոցից, մեծ դժվարությամբ վերականգնվեցինք»:


Ինչևէ, դստեր կողմնապահությամբ հարկ չեմ համարում գովեստի ու մեծարանքի խոսքեր շռայլել հորս: Մարդուն ճանաչելու համար բավական է նաև աչքի անցկացնել այն հակիրճ ու սեղմ ընծայագրերը, որոնք նվեր գրքերը դարձնում են առավել թանկ: Կարծում եմ՝ մարդն այդտեղ առավել անկեղծ է: Ահա Բոգդան Վերդյանի «Լեռների որդին», «Երկխոսություն» գրքերի մակագրությունները. «Սիրելի Տաճատին՝ Զանգեզուրի պես բազմերանգ, պարզ ու սրտամոտ մարդուն՝ լավագույն ցանկություններով՝ հեղինակից, 10.02.1963 թ.», կամ՝ «Սիրելի Տաճատ Սահակյանին՝ հայրենասեր ընկերոջս, որ այս դժվար դարում պահել է իր լեռնցու ջինջ հոգին, 30.12.1980»: Իսկ 1995 թվականին Արամայիս Սահակյանն իր «ՈՒրախ նվեր, 100 կատակ» գիրքը մակագրել է. «Իմ դասախոս Տաճատ Սահակյանին՝ իր մշտական ուսանող «Ոզնուց՝ Սահակյան Տաճատ՝ Գիտության Տաճար»:


Իսկ ինչպես էր անկեղծորեն հպարտանում հայրս իր դասախոսներով. 1936 թվականին ընդունվել և 1940 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: «Դոկտոր, պրոֆեսոր Աբգար Հովհաննիսյանը (հետագայում՝ ակադեմիկոս, ԳԱ փոխնախագահ) դասավանդում էր Նոր պատմություն, օբյեկտիվ դասախոս էր և մեր կուրսի քննության ժամանակ երեսունհինգ ուսանողներից «գերազանց» գնահատական է նշանակել միայն մեկ հոգու՝ տողերիս հեղինակին»,- գրում է հայրս իր հուշերում: ՈՒսումնառության տարիներին ոգևորվել է հայ ժողովրդի պատմության դասախոս, Բեռլինի համալսարանի շրջանավարտ, պրոֆեսոր Հակոբ Զորյանի (1894-1942) դասախոսություններով: Վերջինս կալանավորվեց և ցմահ աքսորի դատապարտվեց Սողոմոն Թեհլերյանին Բեռլինում աջակցելու համար: Ակնածանքի, հարգանքի ջերմ զգացումներով է հայրս վերհիշում նաև պրոֆեսորներ Վահան Ռշտունուն, Առաքել Առաքելյանին, Խաչատուր Կանայանին, Արշավիր Շավարշյանին, Մուշեղ Սանթրոսյանին, Սողոմոն Սողոմոնյանին, Զավեն Գրիգորյանին, Համո Հարությունյանին, Գրիգոր Միքայելյանին, Աշխարհաբեկ Քալանթարին, ում բեղմնավոր գիտական և մանկավարժական գործունեությունն ընդհատվեց ստալինյան բռնաճնշման տարիներին. կալանավորվեց հենց լսարանում ուսանողների ներկայությամբ: Մի դրվագ Խաչատուր Կանայանի (Դրոյի հորեղբոր որդին է) դասից. «Մեր կուրսի ուսանողներից մեկը, որ «բանֆակ» էր ավարտել և հայտնի էր իր ձախությամբ, դիմելով Խաչատուր Կանայանին, ասաց. «Հայաստանի մայրաքաղաք Երևանը շատ է մոտ սահմանին, պետք է մայրաքաղաքը տեղափոխել թիկունք»: Պրոֆեսորը հակադարձեց. «Միամիտ, ոչ թե մայրաքաղաքը պետք է տեղափոխել, այլ սահմանը հեռացնել մայրաքաղաքից»: Իսկ Առաքել Առաքելյանը ղարաբաղցի էր և շատ էր սիրում ղարաբաղցի ուսանողներին: Մի օր նրա դասախոսության ժամանակ վերջում նստած համակուրսեցիներիցս մեկը խանգարում է դասը, Առաքելյանը թե՝ «Ո՞վ է այդ թյուրիմացությունը»: Առաջին շարքից ընկերներիցս մեկը միտումնավոր խորամանկում է՝ ասելով իբր՝ «Ընկեր Առաքելյան, ղարաբաղցի է»: Դասախոսիս արձագանքը չուշացավ՝ «Ջանիկս, հոյակապ տղա է»:


Բուհն ավարտելուց հետո Տաճատ Սահակյանը վերադառնում է հայրենի Բռնակոթ ու նվիրվում մանկավարժի դժվարին, բայց շնորհակալ գործին: Պայթում է Մեծ հայրենականը, և այստեղ էլ ընդհատվում է երիտասարդ մանկավարժի գործունեությունը: Սյունիքի խրոխտ զավակը մեկնում է ռազմաճակատ, մինչև 1943 թվականը ծառայում է խորհրդային բանակում՝ որպես քաղաշխատող Հարավ-արևմտյան և Կովկասյան ռազմաճակատներում: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի Առաջին աստիճանի շքանշանով, տասից ավելի մեդալներով: Վիրավորվելուց հետո զորացրվել է և մեկնել հայրենի գյուղ, տեղի դպրոցում աշխատել որպես ուսմասվար, պատմության և գերմաներենի ուսուցիչ: Բայց իր ժողովրդի պատմության մեջ խորամուխ լինելու անհագ ցանկությունը 1944-ին նրան բերում է հարազատ բուհ, այս անգամ՝ ասպիրանտուրա: 1949-ին երիտասարդ մասնագետը պաշտպանում է թեկնածուական դիսերտացիա «Սյունյաց թագավորությունը» թեմայով և ստանում պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 1956-ին արժանանում դոցենտի կոչման:
Հայրս երախտագիտության զգացումով է նշում լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի հետ բարեկամությունը. «Նրա բնակարանը 1940-ական թվականներին դարձել էր երիտասարդներիս համար ընթերցասրահ, օգտվում էինք նրա հարուստ գրադարանի գանձերից, գրքեր, որոնց մեծ մասը սովորական գրադարաններում փակի տակ էր: Նա շատ հյուրասեր էր: Չարաչար սխալվում էին նրանք, ովքեր ստոր նախանձով բամբասում էին, թե իբր Հրաչյա Աճառյանը ժլատ է: Նա ոսկի հոգի ուներ, մարդասեր էր, բոլորիս հյուրասիրում էր սուրճով ու մրգերով: Նա հարգում էր ճշտապահությունը: Օրագիր էր պահում նրանց համար, ովքեր պարտքով փող էին խնդրում իրենից, խնամքով նշում պարտքի վերադարձի օրն ու ժամը, չէր հարգում նրանց, ովքեր խախտում էին խոստումը: Նա ամենայն սիրով էր աջակցում նրանց, ովքեր պատրաստվում էին ատենախոսություն պաշտպանելու, շեշտադրում էր առավելապես երկասիրության դրական կողմերը՝ չկենտրոնանալով թերությունների վրա»: Հուշերից իմացա, որ Աճառյանը երբեք փողկապ չէր կրում, նույնիսկ մի անգամ խնդրել էին լուսանկարվելու համար մի քանի րոպեով փողկապ կապել, կտրականապես մերժել էր:
Պրոֆեսոր Տաճատ Սահակյանի գիտական բեղուն գործունեության արդյունք են «Սյունիքը 13-15-րդ դարերում», «Սյունյաց նախարարության դերը Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում», «Սյունիքը մարզպանական շրջանում», «Արշակունյաց թագավորության անկումը», «481-484 թվականների հայ ազատագրական պատերազմը» և բազում այլ աշխատություններ:


Վաստակաշատ գիտնականի անտիպ աշխատությունների շարքն ընդգրկում է գիտական արժեք և հետաքրքրություն ներկայացնող տասից ավելի ուսումնասիրություններ:
Իսկ իր շիրմաքարի վրա հայրս խնդրել է փորագրել Րաֆֆու բանաստեղծական տողը. «Արդյո՞ք գալու է մի օր ժամանակ...»:


Սահականուշ ՍԱՀԱԿՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3386

Մեկնաբանություններ