Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

«Նրանք շարունակ բախում են դպրոցների դռները»

«Նրանք շարունակ բախում են դպրոցների դռները»
13.05.2016 | 10:01

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) տնօրեն, գրող, գրականագետ ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում անդրադարձավ հանրակրթական դպրոցներում աբոնեմենտային համակարգը վերացնելու խնդրին:


«Դա տարիների պարբերաբար թարմացվող խնդիր է: Ավելին` ցավ է: Ընդ որում` խոսքը վերաբերում է ոչ միայն թանգարաններին, այլև թատրոններին, համերգային կազմակերպություններին: Բնական է, որ նրանք շարունակ բախում են դպրոցների դռները: Դպրոցներ կան, որ անմիջապես գիտակցում են խնդրի կարևորությունը, դպրոցներ էլ կան, որ անմիջապես դա որակում են դրամահավաք: Այդպես էլ խնդիրը չի լուծվում»: ԳԱԹ-ի տնօրենի համոզմամբ` ճիշտ չէ տոմսը ձեռքին դպրոց մտնելը` տոմս վաճառելու նպատակով, երբ կան ծանուցելու, գովազդելու հազար ու մի ժամանակակից, կատարելագործված միջոցներ: Գրականության և արվեստի թանգարանի օրինակով ասաց, որ իրենց հիմնական ցուցադրության երկու սրահը ձևավորել, հայեցակարգը մշակել է` աչքի տակ ունենալով մեր հանրակրթական դպրոցների և բուհերի բանասիրական ֆակուլտետների գրականության ծրագրերը: Աշակերտը, ուսանողը այն բոլոր հեղինակներին, որոնց ուսումնասիրում են հաստատված ծրագրերով, ԳԱԹ-ի ցուցասրահում տեսնում են իրենց ժամանակի, իրենց ժամանակակիցների մեջ:


«Այսինքն` ես մարդկանց չեմ խնդրում` եկեք տոմս գնեք, կամ դրանով ինձ ինչ-որ ժեստ արեք (ի դեպ, աշակերտների համար տոմսը 300 դրամ է, սիմվոլիկ գումար): Այս երկու սրահները ուսումնա-օժանդակ ձեռնարկի արժեք ունեն: Եվ այն դասարանները, որ գալիս են, շրջում, պետք է տեսնեք նրանց հիացմունքը: Նրանք գնում և իրենց գործընկերներին են իրազեկում, որ եթե Չարենցի թանգարանում տեսնում եք Չարենցի ամբողջ ժառանգությունը, Թումանյանի թանգարանում` Թումանյանինը, Իսահակյանի թանգարանում` Իսահակյանինը, այստեղ այդ ամենը ներկայացված է միասին: Ավելին ասեմ` գոնե նշածս գրողների հուշային թանգարանները մշտապես սնվում են մեր թանգարանից: Որովհետև արխիվներն այստեղ են պահպանվում, և մենք շարունակ թվայնացնում, տրամադրում ենք նրանց, որ իրենց ցուցադրությունները թարմացնեն»:


Կարո Վարդանյանը նկատեց նաև, որ դպրոցներում թեկուզ և պայքարում են դրամահավաքի դեմ, այսպես թե այնպես, ովքեր ընտանիքում աշակերտ ունեն, այդ խնդրին բախվում են` թեկուզ փոքր գումարներ հավաքելու առումով: «Գումար հավաքելու ձևերը` վարագույր գնելու ձևակերպում կունենան, թե ավել գնելու, թե դասարան նորոգելու, միևնույն է, այնպիսի պարտավորություն են դնում աշակերտ ունեցող ընտանիքների վրա, որ երբ թատրոնը, կամ համերգային կազմակերպությունը իր տոմսերով մտնում է դպրոց, արդեն միանշանակ չի ընկալվում»:


ԳԱԹ-ի տնօրենն ունի խնդրի լուծման իր տարբերակը: Նշեց, որ ամեն դպրոց ունի բյուջե, որ քննարկում ու հաստատում է կառավարությունը` իր լիազոր մարմնի ներկայացմամբ` կրթության և գիտության նախարարության, քաղաքապետարանի կամ համապատասխան մարզպետարանների, որոնց ենթակայության տակ այդ դպրոցները գործում են։ «Թող ամեն տարի այդ դպրոցի բյուջեում ամրագրվի որոշակի գումար` աշակերտներին մշակութային կյանքին իրազեկելու նպատակով, և տարեցտարի ավելանա այդ գումարը: Երկու թանգարանը դառնա չորս, երեք թատրոնը՝ տասներեք: Ես հակված եմ այսպես գործելուն և ոչ թե ծնողին անվերջ փաստի առաջ կանգնեցնելուն` 500 դրամ հավաքելով, 100 դրամ հավաքելով: Մեր ընտանիքների վիճակն էլ մենք լավ գիտենք»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ