Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Առցանց ուսուցման նոր հնարավորություն Հայաստանում

Առցանց ուսուցման նոր հնարավորություն Հայաստանում
24.11.2015 | 13:53

«Գոլդեն Թուլիփ Երևան» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել «Իմ դպրոցը» կրթական կայքի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Իմ դպրոցի» գործընկեր YaKlass կազմակերպության գլխավոր տնօրեն Վալերի Նիկիտինը, դպրոցների տնօրեններ, կրթության ոլորտի պատասխանատուներ: Նախարարը, ողջունելով վերոնշյալ նախաձեռնությունը, նշել է, որ կայքի նպատակն է` ինտերակտիվ ուսուցման և էլեկտրոնային հայալեզու կրթական բովանդակության միջոցով երեխաներին տալ գիտելիք, դրանք ստուգել, բարձրացնել գնահատման օբյեկտիվության և սովորելու մոտիվացիան:

«Նախարարությունը ողջունում է այս նախաձեռնությունը երկու պատճառով` այն նախևառաջ մեր կրթական համակարգի շարունակական միջազգայնացման ցուցանիշներից մեկն է, երբ միջազգային ընկերությունները մուտք են գործում նաև Հայաստան, որը կրթության ոլորտում անխուսափելիորեն բերում է համակարգի բաց և արդյունավետ լինելուն և լավագույն միջազգային փորձի միջոցով թույլ տալիս համակցել ավանդական դասավանդման մեթոդները նորարարությունների հետ: Երկրորդ, տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործումն այլևս անբեկանելի գործընթաց է կրթության ոլորտում, հետևաբար մեր ուսումնական հաստատությունները որքան ամբողջությամբ և արդյունավետ ներգրավված լինեն այդ գործընթացում, այնքան ավելի շահեկան դիրքեր կունենան` կրթության որակի և մատչելիության հետ կապված: Այս նախագիծը կարևոր է նաև այն առումով, որ կայքի հիմնական ֆունկցիաներն անվճար են` աշակերտներին անվճար տեղեկատվություն տալու, մրցելու, իրենց գիտելիքները ցանկացած պահին այլընտրանքային եղանակով ստուգելու հնարավորությունները: Կայքն ունի նաև որոշակի վճարի դիմաց լրացուցիչ ծառայություններ, որոնցից օտվելու որոշում է կայացնում ծնողը: Իհարկե, որևէ մեթոդ և նորարարություն ուսուցման համակարգում չի կարող ամբողջովին լուծել կրթության ոլորտի խնդիրները, սակայն այն գործիքակազմը, որով շաւրունակաբար հարստացնում ենք ոլորտը նաև միջազգային փորձով, մեծապես նպաստում է կրթության ոլորտի արդյունավետության և որակի բարձրացմանը»,-նշել է նախարարը` իր գոհունակությունը հայտնելով այն կապակցությամբ, որ միջազգային ընկերություների համար Հայաստանի կրթության ոլորտը գրավիչ և հետաքրքիր է:
«Իմ Դպրոցի» գործընկեր՝ YaKlass կազմակերպության գլխավոր տնօրեն Վալերի Նիկիտինը, շնորհավորելով ներկաներին «Իմ Դպրոցի» մեկնարկի կապակցությամբ, ներկայացրել է կայքի ստեղծման պատմությունը և հնարավորությունները: «Այն պետությունները, որոնք ցանկանում են ունենալ առաջադեմ կրթական ծառայություններ, արդեն ներդրել են նման էլեկտրոնային համակարգեր դպրոցներում: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշակերտների սերունդն ապրում է տեխնոլոգիաների աշխարհում, և մենք պատասխանատու ենք, որ այդ ամենն ուղղորդեք նրանց կրթությանը և զարգացմանը: Այդ ընտրության առջև են այսօր տարբեր երկրների կրթության նախարարությունները, մասնավոր և պետական դպրոցները, որոնք աշխատում են մեզ հետ՝ ձգտելով ներդնել մեր համակարգը»,-նշել է նա:
«Իմ Դպրոցը» ինտերնետ պորտալ է նախադպրոցականների, դպրոցականների, ուսուցիչների, ծնողների և այլ հետաքրքրված անձանց համար: Այն իր բացառիկությամբ նոր խոսք է կրթության բնագավառում և նոր մոտեցում ուսուցմանը, որը հնարավորություն է տալիս երեխաներին սովորել հետաքրքրությամբ, ինքնուրույն կատարել առաջադրանքները, հեշտությամբ յուրացնել ուսումնական նյութը և արագ առաջադիմել: Ըստ էության, այն էլեկտրոնային շտեմարան է, որը պարունակում է հսկայական թվով առաջադրանքներ, թեստեր ու տեսական նյութեր դպրոցական տարբեր առարկաներից և հիմնված է ՀՀ պետական առարկայական ծրագրերի վրա:
«Իմ Դպրոցը» լիովին համապատասխանում է երեխաների ներկայիս պահանջներին, քանի որ այն հիմնված է ժամանակակից տեխնոլոգիական լուծումների վրա՝ հնարավորություն տալով սովորել ցանկացած համակարգչային սարքով, ներառյալ սմարթ հեռախոսով և պլանշետով: «Իմ Դպրոցի» օգնությամբ ուսուցիչները կարող են հանձնարարել դասարանական և տնային աշխատանքներ, իսկ աշակերտները կատարել դրանք առցանց եղանակով:
«Իմ Դպրոցը» համագործակցում է YaKlass կայքի հետ, որը գործում է Լատվիայում, Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Գերմանիայում և Ավստրիայում: Այդ երկրների տասնյակ հազարավոր դպրոցներ արդեն կիրառում են այդ համակարգը և զգալի առաջընթաց են գրանցել իրենց ուսումնական գործընթացում:
«Իմ Դպրոցը» կրթական ռեսուրսում արդեն կան առաջադրանքներ Հայոց լեզու, Մաթեմատիկա, Հանրահաշիվ, Երկրաչափություն, Ֆիզիկա, Քիմիա, Ինֆորմատիկա և Անգլերեն լեզու առարկաներից: Աշխատանքները շարունակվում են և կայքը շարունակաբար համալրվելու է նոր առարկաներով և նյութերով:
Կրթական ռեսուրսի հիմքում ընկած է Genexis տեխնոլոգիան, որը թույլ է տալիս գեներացնել նույն առաջադրանքի հարյուրավոր տարբերակներ: Այդպիսով, դասարանում և նույնիսկ դպրոցում յուրաքանչյուր աշակերտ կունենա առաջադրանքի իր անհատական տարբերակը:

Դիտվել է՝ 1899

Մեկնաբանություններ