ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր այցելել է Երևանի թիվ 45 հիմնական դպրոց: Շնորհավորելով բոլոր մանկավարժներին և աշակերտներին` նախարարը նշել է, որ Գիտելիքի օրն ամենաուրախ տոներից մեկն է. «Այսօր ոչ միայն Գիտելիքի օր է. այն յուրաքանչյուր օջախում ապագայի հույս տվող մի գեղեցիկ ավանդույթ է դարձել: Շատերի համար այս ճանապարհն արդեն ավանդական է դարձել, իսկ որոշների համար այն առաջին անգամ է, որը տանում է հրաշալի մի աշխարհ: Ուրախալի է, որ ամեն տարի դպրոց մուտք են գործում նոր ուսուցիչներ, ովքեր տալիս են ուսուցչի երդումը: Բոլոր ուսուցիչներին մաղթում եմ իրական գիտելիքի տարի, թող այս օրը բոլորին բերի գիտելիքով շաղախված, գուցե բարդ, բայց հերթական հանգրվանին` աշխատանքային և մասնագիտական աճի: Այսօր յուրաքանչյուրս մտովի շնորհակալություն ասենք մեր ուսուցիչներին, ինչպես ես եմ այսօր ասում իմ ուսուցիչներին` իմ հարազատ դպրոցում: Իսկ մեր երեխաներին մաղթենք, որ նրանց մանկության մեջ այս օրը գրվի ոսկե տառերով: Հավատանք ու կերտենք ապագահի Հայաստանը, որը հիմնված է բացառապես գիտելիքի վրա»,- նշել է նախարարը` Հայաստանի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի բոլոր կրթօջախներին մաղթելով հաջող ուսումնական տարի:
Նախարարն այցելել է նաև Երևանի թիվ 2 ավագ դպրոց, հանդիպել դպրոցի ուսուցչական կազմի և աշակերտների հետ, պատասխանել վերջիններիս բազմաթիվ հարցերին:
Լրագրողների հետ զրույցում նախարարն անդրադարձել է դպրոցից դուրս մնացած երեխաների խնդրին` նշելով, որ ներկայումս վերոնշյալ երեխաների ճշգրիտ թիվը հայտնի չէ, և նախարությունը մինչև սեպտեմբերի 15-ը բոլոր մարզերից կստանա համապատասխան տեղեկատվություն: «Այսօր, ցավոք, ոչ բոլոր երեխաներն են հաճախում դպրոց, և խնդիրը հիմնականում սոցիալական է: Նախարարությունը բազմաթիվ դիմումներ է ստացել այդ կապակցությամբ, և ողջ օգոստոս ամիսն աշխատել ենք` փորձելով այդ հարցին լուծում տալ և օգնել յուրաքանչյուր երեխայի: Մենք պետք է անենք հնարավորը, որ այս տարի աննախադեպ քիչ թվով երեխաներ չհաճախեն դպրոց: Ամբողջ տարին պետք է հայտնաբերենք այդ երեխաներին և նրանց վերադարձնենք դպրոց: Մինչև բոլոր երեխաները չհաճախեն դպրոց, չենք կարող ասել, որ լիարժեք վայելում ենք Գիտելիքի օրը»,- նշել է նախարարը: