38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. «Դա ուրախությո՞ւն է, թե՞, ինչպես հիմա սիրում են ասել, «տըժժոց»

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. «Դա ուրախությո՞ւն է, թե՞, ինչպես հիմա սիրում են ասել, «տըժժոց»
30.04.2014 | 14:51

Սուտ է, թե հայերս չենք կարողանում ուրախանալ: Թեպետ պատճառ-անպատճառ տխրելու հարցում ավելի առաջադիմած ենք, բայց ուրախանալն էլ մեր հասարակությանն ու, հատկապես հասարակության առաձին՝ «ուտուշ-խմուշ ու տաշ-տուշ» խմբակցության ներկայացուցիչներին խորթ չէ: Անգամ՝ հարազատ է:
Ու մեկ էլ գնա՛ց… գիշերվա կեսին՝ «գը-գը՜մփ»: Շրջակայքը դղրդում է: Լուսավորվում բազում պայծառ լույսերով: Հրավառություն է: Սալյուտ այսինքն: Ու ժամն արդեն կապ չունի: Դե, ինչքան էլ կեսգիշեր չլինի, բայց հո՝ գիշեր է: Ցերեկով «սալյուտ խփել», իհարկե, կլինի, բայց էֆեկտի տեղը դեֆեկտ կստացվի, այսինքն՝ չի ստացվի: Վառվող հուրը մթություն է սիրում: Դե, հիմա էլ, ու քանի գնա, ուշ է մթնելու, հետևաբար, «սալյուտ խփելու» ժամն էլ մանրիկ քայլերով ձգվելու է դեպի կեսգիշեր:
Ու վայ ձեզ, եթե տան կամ շենքի մոտակայքում միջինց մեծի ձգտող ռեստորան կա: Նյարդակազմաքանդիչ «երաժշտությունը» քիչ է, դեռ մի բան էլ՝ «գը-գը՜մփ»: Եվ քանի որ ամեն աղմկալի հարայ-հրոց պետք է լրացուցիչ, այսպես ասած՝ ֆոնային «հաճույքներով» ուղեկցվի, հրավառված «կրակոցներին» նվագակցում է բակում կայանած մեքենաների հակաառևանգիչ ազդանշանային նվագախումը: Զմայլա՛նք: Հարսանքավորներն ու այլ քեֆչիներն ուրախանում են: Իրենց համար հրավառված էկզոտիկա է, ձեզ համար հարամված առօրյա: Բայց ո՞ւմ է դա հետաքրքիր:
Ինչպես այն «մորուքավոր», բայց բնութագրական անեկդոտում:
Ընկերներից մեկը, բազմահարկ շենքի բակում, քեֆը՝ «1000», գիշերվա կեսին բղավում է՝ «Կյաաաա՜ժ, Կյաաաա՛՜ժ...»: Նրա կողքին կանգնած մյուս ընկերը, որի գիտակցության նավատորմը դեռ լրիվ օղեսույզ չի եղել, ասում է.
-Արա, մի գոռա, ուշ է, ժողովրդին քնահարամ ես անում:
Սա էլ, թե.
-Լավ, ճիշտ ես ասում: Արի մի հատ կամաաա՛ց կրակենք: Կյաժը կջոգի մենք ենք, դուրս կգա…
Հիմա հրավառողներինն է: Ամեն քեֆից հետո պարտադիր պետք է կամաց, չէ՝ շա՜տ կամաց կրակեն, բայց ոչ թե մի հատ, այլ՝ հատընտիր:
Դե, «սիգնալ տալու» մասին էլ չեմ խոսում: Առհասարակ, այդ բառը՝ սիգնալ, թարգմանվում է որպես ազդանշան: Սակայն ժամանակակից «հայերենում», արտաբերելով այդ բառը, առաջին հերթին հասկանում են՝ ձայնային ազդանշան, այսինքն՝ ավտոմեքենայի շչակը: Մի խոսքով՝ «պի-բիիիի՜փ»:
Ծնո՞ւնդ է՝ «սիգնալ»: Կողքից ընթացող մեքենայի «սիգնա՞լ» է, պատասխան «սիգնալ» (խի կարող ա՞ գիտես, մենք չունենք): Հարսանի՞ք է՝ երկար ու որոտընդոստ «սիգնալիզացիա»:
Մի խոսքով՝ սիգնալ, սալյուտ, աբսալյուտ: Ավելի ճիշտ՝ աբսուրդ:
Աբսուրդ, որովհետև չես հասկանում էլի՝ ուրախությունը աղմկե՞լն է: Աղմուկի պատճառած հաճույքը ո՞րն է: Ու դա ուրախությո՞ւն է, թե՞, ինչպես հիմա սիրում են ասել՝ «տըժժոց»:
Չէ, կիսով չափ հերքելով այս շարադրանքի սկզբում ասածս, թույլ տամ ինձ նկատել, որ մենք այնուամենայնիվ, այնքան էլ լավ չենք կարողանում ուրախանալ: Այսինքն, չենք կարողանում
ուրախանալ այնպես, որ կողքիններին չտխրեցնենք: Բայց այ, «տըժժալ» ստացվում է: Անհամեմատ ավելի լավ, քան ուրախանալ:

Դիտվել է՝ 2042

Մեկնաբանություններ