ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Հայաստանն ինքը կորոշի իր մաքսային սահմանները»

«Հայաստանն ինքը կորոշի  իր մաքսային սահմանները»
15.11.2013 | 11:00

ԱՊՀ-ի Մաքսային միությանը (ՄՄ) անդամակցության և ոչ թե Եվրամիության (ԵՄ) հետ ասոցացման դեպքում Հայաստանին սպառնացող «աղետի» մասին հիմնական «ողբերգական վայնասունը» հետևում է մնացել արդեն։ Հիմա սաստկանում է այն հարցի քննարկումը, թե ինչ կարող է սպառնալ կամ չսպառնալ մեր երկրորդ հանրապետությանը` Արցախին։
Տողերիս հեղինակը ամբողջ 2013 թ. ընթացքում բազմիցս նախազգուշացրել է, որ ԵՄ-ի հետ ցանկացած մերձեցում վաղ թե ուշ կհանգեցնի այն բանին, որ ադրբեջանամետ տրամադրված Եվրոպան Հայաստանին կստիպի փաստորեն ընդունելու, որ Արցախը Ադրբեջանի «բաղկացուցիչ մասն» է։ Եվ այդ ուղղությամբ առաջին քայլը կդառնա կոշտ կերպով արտաքին աշխարհի հետ Հայաստանի մաքսային սահմանները որոշելու պահանջը, ինչն ինքնաբերաբար կնշանակի խոչընդոտներ հարուցել Արցախից Հայաստան ապրանքների փոխադրման ճանապարհին։ Ես միաժամանակ նշել եմ, որ ԵՄ-ն Հայաստանին կստիպի նաև մասնակցելու Արևմուտքի հակաիրանական գործունեությանը, ինչը ևս կսկսվի այն բանից, որ Երևանից կպահանջեն մաքսային կոշտ սահման Իրանի հետ, և այսպես շարունակ։ ՈՒ, բնականաբար, բազմիցս ասել եմ նաև, որ երկյուղներ չեն լինի, եթե մենք ինտեգրվենք ԱՊՀ ՄՄ-ին. նախ, ՄՄ անդամ բոլոր երկրները ձգտելու են «հավասարակշիռ» հարաբերություններ պահպանել ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի հետ, ուրեմն և` կոշտ պահանջներ չեն ներկայացնի Արցախի Հանրապետությանը։ Եվ երկրորդ` ՄՄ անդամ բոլոր երկրները, ի տարբերություն ԵՄ-ի, սկսել են արագորեն զարգացնել հարաբերությունները Իրանի հետ, հետևաբար, երբեք չեն մասնակցի որևէ հակաիրանական գործունեության և Հայաստանից չեն պահանջի սահմանափակել կապերն Իրանի հետ։
Եվ իրոք, մենք արդեն հավաստիքներ ենք ստացել (թող որ ոչ ամենաբարձր մակարդակի) այն մասին, որ ԱՊՀ ՄՄ-ի պարագայում Հայաստանն ինքն է իր մաքսային սահմանները որոշելու։ Եթե փորձագիտական կարծիքը իշխանությունների իրական տրամադրության արտահայտությունն է, թեկուզ միայն Ռուսաստանի, ապա Հայաստանը ինքնաբերաբար թոթափում է Արցախի և Իրանի հետ մեր մաքսային սահմանների հետ կապված վտանգներն ու սպառնալիքները։ Ավելին, դա նշանակում է, որ մեր երկիրը ինքնաբերաբար հնարավորություն է ստանում բավական լավ ասպարեզ դառնալու Իրանի հետ ՄՄ անդամ բոլոր երկրների համագործակցության զարգացման համար։ Թեկուզ և այն պատճառով, որ Հայաստանի և Իրանի միջև բազմաթիվ երկկողմ պայմանագրեր են գործում տնտեսության, էներգետիկայի, հաղորդուղիների ոլորտներում և այլն։ Որպես Հայաստանի քաղաքացի վստահ եմ, որ տարածաշրջանի ներսում Իրանի հետ համագործակցության և փոխաջակցության ընդլայնումը մեր երկրին շատ հեռագնա և խորքային հեռանկարներ է խոստանում, ինչպես` ելք դեպի Կասպից ծով, դեպի Հնդկական օվկիանոս, դեպի Միջին Ասիա։ Հաշվի առնելով Իրանի փոխադարձ կապերը Հնդկաստանի ու Չինաստանի հետ և այդ երկրների շուկաներում նրա ներկայությունը, ներեցեք, Հայաստանի պարոնայք արևմտամետներ, այսօր նպատակահարմար ու շահավետ է միշտ հիշել, որ մոլորակի երկու ամենաարագ զարգացող տնտեսությունները հենց Հնդկաստանի ու Չինաստանի տնտեսություններն են, ոչ թե ԱՄՆ-ի կամ Եվրամիության։
Բայց հիմա մեզ ամենից շատ է մտահոգում այն, թե ինչպես պիտի զարգանան Արցախի Հանրապետության արտաքին տնտեսական կապերը, եթե Հայաստանը, վաղ թե ուշ, Մաքսային միություն մտնի։ Ինչո՞ւ «վաղ թե ուշ»։ Որովհետև Մոսկվայից և ՄՄ անդամ մյուս երկրների մայրաքաղաքներից ամենաբարձր մակարդակով արդեն հնչել է, որ Մաքսային միություն մտնելու համար Հայաստանը մի ամբողջ «ուղեցույց քարտեզ» պիտի անցնի։ Անկեղծ ասած, սա սկզբից էլ հասկանալի էր։ Չէ՞ որ ուղղակի անհնար բան է մի ավելի նեղ, ասենք, երկաթգծով ընթացող գնացքը միանգամից շեղել և փորձել տանել մեկ այլ` ավելի լայն երկաթգծով։
ՈՒզում եմ անդրադառնալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարություններից մեկին։ Նա ընդգծել է, որ աշխարհն այնպիսի ժամանակներ է ապրում, երբ Ռուսաստանի ներքին օրենսդրությունը պետք է գերակա լինի իրավունքի միջազգային որոշ նորմերի հանդեպ։ Եվ նա ճիշտ է։ Բայց քանի որ հիմա խոսքն այդ մասին չէ, ապա ես պարզապես Պուտինի այդ հայտարարությունից հետո անմիջապես ընթերցողին ներկայացնեմ մի այսպիսի միտք. առնվազն 2-3 տարում Հայաստանը Եվրամիության հրահանգով փոխել է ավելի քան 1000 ներքին օրենք։ Կապիտուլացման նախապատրաստությունն ընթացել է ամբողջ թափով։ Իսկ հիմա՞։ Գործակցություն մի շարք երկրների հետ, որոնք մտադիր չեն հաշվի նստելու մեր «դեսուդեն խփվելու» հետ։ Այդ թվում նաև` իրավիճակների, տնտեսական և այլ հարաբերությունների իրավական կարգավորման ոլորտում։ ՈՒստի ՄՄ անդամ երկրներն իրավացի են. Հայաստանի գնացքը նախ պետք է անիվները փոխի, որպեսզի կարողանա ընթանալ ավելի լայն երկաթգծով։
Արցախի շուրջ տիրող իրավիճակը, ասենք, միշտ էլ բարդ է եղել։ Իհարկե, նաև առանց նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարության էլ արցախյան ապրանքներն արտաքին շուկաներ դուրս գալու ուղիներ գտնում էին։ Օրինակ, առանց դժվարության կարող ես Արցախի թթի օղի գտնել Մոսկվայի խանութներում։ Բնականաբար, արտահանվել և արտահանվում է ոչ միայն թթի օղին։ Սակայն, քանի դեռ ԼՂՀ-ն ճանաչված պետություն չէ, «Հայաստանն ինքը կորոշի իր մաքսային սահմանները» բառերը Արցախի առջև բացում են միանգամայն իրական հեռանկարներ` ընդլայնելու իր առևտրատնտեսական կապերն առնվազն Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ, առավելագույնը նաև` Սիրիայի, Իրանի ու Հնդկաստանի հետ, եթե մենք հավատանք նույն ՌԴ նախագահ Վ. Պուտինի այն հայտարարությանը, թե այդ երկրները ևս ցանկություն են հայտնել մտնելու Մաքսային միություն։ Հասկանալի է, որ այդ պարագայում արդեն այդ կառույցն ինքն էլ շատ լուրջ փոփոխություններ կկրի. այն կդադարի լինել սոսկ ԱՊՀ երկրների ինտեգրման համակարգ և կվերածվի միջազգային լայն կառույցի։ Դրա համար էլ արդեն հիմա է պետք մտածել այն մասին, թե ինչպես կարգավորել Արցախի առևտրատնտեսական կապերն արտաքին աշխարհի հետ։
Ահա այստեղ օգտակար կարող է լինել Թայվանի բազմամյա փորձը։ Չէ՞ որ այդ կղզին որպես առանձին պետություն ճանաչել են միայն ԱՄՆ-ը և Վաշինգտոնի մի քանի դաշնակիցներ։ Այդուհանդերձ, Թայվանի տնտեսական հարուստ կյանքի մասին մենք Հայաստանում էլ քիչ բան չգիտենք։ Համաշխարհային շուկայում հսկայական քանակությամբ ապրանքներ կրում են «Պատրաստված է Թայվանում» կամ «Պատրաստված է Չինական Հանրապետությունում» պիտակներ։ Եվրոպական շատ ընկերություններ իրենց արտադրությունները տեղափոխել են Թայվան։ Ցածր հարկերն ու որակյալ էժան աշխատուժը մեծ քանակությամբ արտասահմանյան պատվերներ են ապահովում, մասնավորապես տեքստիլ և կոշիկի արդյունաբերության ոլորտում։ Ներկայումս թայվանյան տնտեսության խնդիրներից է արդյունաբերության աշխատատար ճյուղերի փոխադրումը էժան աշխատուժ ունեցող երկրներ ¥մայրցամաքային Չինաստան, Վիետնամ¤ և բարձր տեխնոլոգիաների ու սպասարկման ոլորտի զարգացումը։
Արտաքին առևտուրը 40 տարի եղել է Թայվանի սրընթաց զարգացման շարժիչը։ Նրա տնտեսությունը դարձյալ կողմնորոշված է դեպի արտահանում, որի 98 տոկոսը արդյունաբերական ապրանքներ են։ 2002 թ. կղզին դարձավ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ` որպես անկախ մաքսային տարածք։ Թայվանը նաև Զարգացման ասիական բանկի (ԶԱԲ) և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ), ինչպես նաև Միջազգային առևտրական պալատի (ՄԱՊ) և այլ կազմակերպությունների անդամ է։ Նույնիսկ մարզական։ Թայվանը թե՛ ՖԻՖԱ-ի, թե՛ Ասիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, թե՛ մարզական այլ միջազգային ֆեդերացիաների ու միավորումների ինքնուրույն անդամ է։
Թայվանի հինգ հիմնական առևտրական գործընկերներն են` ՉԺՀ-ն, ԱՄՆ-ը, Սյանգանը (Հոնկոնգ), Ճապոնիան և Սինգապուրը։ Թայվանի ու նրա գործընկերների միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը լուրջ խոչընդոտ է արագորեն ընդլայնվող առևտրի ճանապարհին։ Իսկ էլեկտրոնիկայի ոլորտն առավել կարևորն է։ Թայվանը համակարգչային չիպերի խոշորագույն մատակարարն է, հեղուկաբյուրեղային (ՀԲ) պանելների, համակարգչային DRAM-հիշողության, ցանցային-սարքավորումների ու կենցաղային էլեկտրոնային ապրանքների առաջատար արտադրողներից մեկն աշխարհում։ Արդյունաբերության այնպիսի առաջադաս ճյուղ, ինչպիսին միկրոէլեկտրոնիկան է, Թայվանում արմատավորվել է մասնավոր կապիտալի և կառավարության համատեղ ներդրման միջոցով։ 80-ականների սկզբից կղզում սկսել են ստեղծվել գիտաարդյունաբերական համալիրներ (ԳԱՀ), որոնց զարգացման գործում ակտիվ դեր է խաղացել պետությունը։ Տեքստիլ արտադրությունը, թեև կորցնում է իր մրցունակությունը, սակայն դեռևս մնում է որպես արտահանության խոշոր հատված։ Ներմուծման ասպարեզում գերակշռում են հումքը և արտադրական նշանակության ապրանքները (90 %)։ Թայվանի տարածքի ընդամենը 25 տոկոսն է պիտանի գյուղատնտեսության համար, և այդ հողերը խնամքով մշակվում են, դրանց մի մասից տարեկան 2-3 անգամ բերք են ստանում։ Հիմնական մշակաբույսերն են բրինձը, շաքարեղեգը, միրգն ու բանջարեղենը։ Երկիրը լիովին ապահովում է բրնձի սեփական պահանջարկը։ Ներմուծում է ցորեն` հիմնականում ԱՄՆ-ից։ Արտահանվում է սառեցված խոզի միս, ինչպես նաև ձուկ, ծովամթերքներ, պահածոյացված ու սառեցված բանջարեղեն, ինչպես նաև ձավարեղեն։
Թայվանին չեն հերիքում էներգետիկ ռեսուրսները, որոնց ներմուծումը կազմում է 98 տոկոս, ուստի երկրի առաջնահերթ խնդիրն է յուրացնել էկոլոգիապես մաքուր և անկախ էներգատեսակներ։ Ներկայումս գործող երեք ատոմակայանները (վեց ռեակտոր) ապահովում են էներգիայի ազգային սպառման 20 տոկոսը։ Չորրորդը պետք է շահագործման հանձնվի 2015 թ., սակայն գործարկումը կարող է հետաձգվել մինչև 2018 թ., նույնիսկ 2020 թվականը։ Դրա շնորհիվ Թայվանը կդառնա ատոմային էներգիայի 15-րդ խոշորագույն օգտագործողն աշխարհում։ Էներգետիկ պաշարների օգտագործման մակարդակով գերիշխում է նավթը (51,8 %), այնուհետև գալիս են ածուխը (30,4 %), ատոմային էներգետիկան (8,7 %), բնական գազը (8,6 %) և հիդրոէներգիան (0,3 %)։ Կղզին նաև մեծ կախում ունի նավթի ներմուծումից. նավթի ընդհանուր ծավալի 72 տոկոսը ներմուծվում է Մերձավոր Արևելքից։ Թայվանի էներգետիկ ընկերությունը կամ «Taivower»-ը (պետական ձեռնարկություն) պատասխանատու է ամբողջ Թայվանի էլեկտրաէներգիայի ապահովման համար։ Թայվանում գազի պահանջարկի մեծ մասն ապահովվում է Ինդոնեզիայից ու Մալայզիայից կատարվող ներմուծման շնորհիվ։ Թայվանն աշխարհում արևամարտկոցների 4-րդ խոշորագույն արտադրողն է և լուսադիոդների խոշորագույն արտադրողը։ 2010 թ. Թայվանում տեղակայվել է ավելի քան 1660 հազար քառակուսի մետր արեգակնային ջերմահավաքիչ։ Այդ առումով երկիրը երրորդ տեղն է գրավում աշխարհում։ Կառավարությունն արդեն կառուցել է հողմատուրբինների 155 համալիր, որոնք ընդունակ են արտադրելու 281,6 ՄՎտ էներգիա։ Բացի դրանից, կան լրացուցիչ նախագծեր, որոնք կա՛մ պլանավորվում են, կա՛մ գտնվում են շինարարության փուլում։ Վերականգնվող էներգիային բաժին է ընկնում 2010 թվականից Թայվանի սպառած էներգիայի 6,8 տոկոսը։ 2010 թ. էներգետիկայի կանաչ հատվածը 10,97 մլրդ դոլար եկամուտ է բերել։ Բացի այդ, կառավարությունը հայտարարել է էներգիայի վերականգնվող զարգացման համար 838 մլն դոլար ներդնելու ծրագրերի և լրացուցիչ 635 մլն դոլար էլ հետազոտությունների ու մշակումների իրականացման համար։
Թայվանն անգամ սեփական օդատիեզերական արդյունաբերությունն ունի։ 1969 թ. մարտի 1-ին հիմնվել էր Թայվանի AIDC պետական օդատիեզերական ընկերությունը։ 1983-ին այն փոխանցվեց Չժունշանի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի հաշվեկշռին։ 2000 թվականին AIDC-ն բաժանվեց չորս ստորաբաժանման` աերոկառուցվածքի, շարժիչների, տեխնոլոգիաների, վարչական։ Ընկերության առավել հայտնի արտադրանքը AIDC F-CK-I մարտական կործանիչն է։ 2001 թ. հիմնվեց Թայվանի ազգային տիեզերական կազմակերպությունը (NSPO)։ NSPO-ն մասնակցում է տիեզերական տարածության յուրացման, արբանյակային կապի և դրա հետ կապված տեխնոլոգիաների ու ենթակառուցվածքի զարգացման աշխատանքներին, զբաղվում է ավիացիոն-տիեզերական տեխնիկայի, տարածական զոնդավորման, աստղաֆիզիկայի, ինֆորմատիկայի, տիեզերական սպառազինության և Թայվանի ազգային անվտանգության բնագավառի հետազոտություններով։
Վերջապես, Թայվանը մշակութային և առևտրական ներկայացուցչություններ ունի աշխարհի ավելի քան 60 երկրներում, որոնց հետ, սակայն, պաշտոնական հարաբերություններ չունի։ Թայվանը ներդրումային սերտ հարաբերությունների մեջ է ՉԺՀ-ի, Թաիլանդի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Մալայզիայի ու Վիետնամի հետ։ Աշխատուժի պակասի պատճառով օտարերկրյա բանվորներ են ներգաղթում երկիր ինչպես օրինական, այնպես էլ անօրինական ձևով։ Պահպանողական ֆինանսական քաղաքականության և ձեռնարկատիրական ռազմավարության շնորհիվ Թայվանը, հարևան երկրների համեմատությամբ, տարածաշրջանում բավական քիչ տուժեց 1998-99 թթ. ասիական ֆինանսական ճգնաժամից։ 2001-ից ի վեր տնտեսության աճը գլխավորապես կախված է արտահանական շուկաներում տիրող իրադրությունից և կազմում է մոտավորապես 5 տոկոս։ Իհարկե, դա 10-15 տոկոս չէ, որ տարեցտարի արձանագրում են նույն Հնդկաստանն ու Չինաստանը, սակայն պետք է հաշվի առնել Թայվանի ռեսուրսների սահմանափակությունը Հնդկաստանի ու Չինաստանի համեմատ։ Ամեն դեպքում, այն օրինակը, թե ինչպես են թայվանցիները լուծում իրենց տնտեսական ու առևտրական խնդիրները, ուսանելի է և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար։
Ինչպե՞ս է այդ ամենը հնարավոր դարձել։ Անշուշտ, որովհետև. 1) Թայվանի թիկունքին կանգնած են եղել և կանգնած են ԱՄՆ-ը և Ճապոնիան, որոնք ամենից հաճախ են սուբսիդավորել կղզու տնտեսական զարգացումը, 2¤ Չինաստանն ընդհանուր առմամբ թշնամաբար չի վերաբերվում Թայվանին և առանձնապես չի խոչընդոտել և խոչընդոտում միջազգային կազմակերպություններին Թայվանի անդամակցությանը։ Այնտեղ միայն մեկ նրբություն կա. բոլոր միջազգային կազմակերպություններում Թայվանը գրանցված է ոչ թե Թայվան կամ «Չինական Հանրապետություն» (իրենք թայվանցիները հենց այդպես են պաշտոնապես անվանում իրենց երկիրը), այլ «Չինական Տայբեյ» (Տայբեյը Թայվանի մայրաքաղաքի անվանումն է)։ Պաշտոնական Պեկինը չի առարկում, որ միջազգային կազմակերպություններին Թայվանն անդամագրվի այդ անվանումով։ Եվ, իհարկե, Թայվանի նկատմամբ Չինաստանի ոչ կոշտ վերաբերմունքի կարևոր գործոն է այն, որ խոսքը երկու պետությունների, բայց միևնույն չին ժողովրդի մասին է։
Այսպիսով, Արցախի պարագայում անհնար է հուսալ, թե թյուրքական Ադրբեջանը բարյացակամ և ոչ թշնամական վերաբերմունք կդրսևորի տնտեսության և առևտրի ոլորտում ԼՂՀ-ի կապերի զարգացման նկատմամբ։ Այսինքն, մենք չենք կարող լիովին կրկնել արտաքին աշխարհի հետ կապերի ու գործակցության թայվանյան մոդելը։ Բայց ցանկության դեպքում Հայաստանի իշխանությունները կարող են հասնել այն բանին, որ Արցախն օգտվի ԱՊՀ Մաքսային միության մասնակից երկրների հոգածությունից ու հովանավորությունից։ Թող որ անգամ սկզբնական շրջանում միայն Ռուսաստանի։ Դա հնարավոր է։ Պարզապես անհրաժեշտ է ամենօրյա տքնաջան աշխատանք կատարել և ոչ թե սոսկ հոգ տանել սեփական մորթապաշտական շահերի մասին։
Նոյեմբերի 8-ին «Հայաստանն ու Մաքսային միությունը. եվրասիական ինտեգրման հասարակական չափորոշիչը» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան, Կասպյան համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն համարձակորեն հայտարարեց, որ, իբր, «եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը, այդ դեպքում խոսակցություններ կվարենք Մաքսային միությանը նաև Լեռնային Ղարաբաղի մասնակցության առնչությամբ»։ Ես այնքան լավատես չեմ, որքան Կովալենկոն, և միևնույն ժամանակ այնքան միամիտ չեմ, որքան նա, իմ այս հայտարարությունն անելով. Մաքսային միության հետ ԼՂՀ-ի կապերն ու գործակցությունը կախված չեն Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչել-չճանաչելուց։ Իսկ մնացածը... մեկ անգամ ևս կարդանք թայվանյան մոդելի մասին։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ