ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Շիվայի երրորդ գործը

Շիվայի երրորդ գործը
19.10.2013 | 00:48

Երբ Դելիի մերձակա Ակշարդամ տաճարում հնդկական 186 (թիվը ստույգ չեմ հիշում) աստվածների արձաններն էի ուսումնասիրում արիական հանդարտությամբ ու խորաթափանցությամբ` չշտապելով և չհապաղելով, մարդկանց ու կենդանիների, կանանց ու տղամարդկանց, կեսկանանց ու կեստղամարդկանց, կեսմարդկանց ու կեսկենդանիների գլխապտույտ բազմազանության մեջ տպավորվեց Շիվայի արձանը: Այնքան բնական, որ թվում էր` հիմա-հիմա կիջնի լոտոսի իր դիրքից ու կմիանա մեզ, սև, կապույտ, կանաչ, գորշ մեր աչքերի անխախտ հիացական հայացքից հոգնած, բայց` հպարտ: Բոլոր աստվածների Ակշարդամ տաճարում Շիվան առաջինը չէր, միակը չէր, գլխավորը չէր, բայց նա կար, և նրանով կային մյուսները: Կիսակոտրտված ռուսերենով, որ ավելի շատ անգլերեն բառերով էր համեմված, բարձրահասակ, եվրոպական հագուստով, հմայիչ հնդկուհին առեղծվածային ժպիտով պատմում էր իր աստվածների մասին` ծնվելուց առաջ ապրած կյանքի, մանկության, ամուսինների ու երեխաների, սովորույթների, սխրանքների, մահից հետո ապրած կյանքի, դարերի մեջ արմատացած հավատալիքների, կրոնների տարածվածության, ծեսերի ու այն ամենի, որ կարող է հետաքրքրել միջին վիճակագրական այլադավան այցելուին: Երբ նրան հարցրի, թե իր բազում աստվածներից ո՞ւմ է հավատում, ստացա անսպասելի պատասխան` բոլորին միասին, եթե որևէ մեկին առանձնացնես, մյուսները իմաստազրկվում են: Ես հասկացա, որ ոչինչ չեմ հասկանում, բայց հիշեցի: Երբ Ակշարդամից հեռանում էինք, հմայիչ հնդկուհին արագ քայլերով մոտեցավ ինձ ու ասաց. «Դուք հարցրիք` ո՞ւմ եմ ես հավատում բոլոր աստվածներից: Հավատում եմ բոլորին, բայց սիրում եմ մեկին` Շիվային»: Ես նորից հասկացա, որ ոչինչ չեմ հասկանում, բայց հիշելու եմ: Հետո արդեն պիտի իմանայի, որ Շիվան 1008 անուն ունի, և իր ամեն անվան տակ Շիվան նոր աստված է: Պիտի իմանայի, որ Շիվան հարավարևելյան Ասիայում, հինդուիզմում ու բուդդայականության մեջ տարածված աստվածություն է, որ արմատներով գնում է նախաարիական, նախավեդայական ժամանակները և համարվում է քաղաքակիրթ աշխարհում գոյություն ունեցող հնագույն կրոնը: Այդ գիտելիքն առանձնապես ինձ ոչինչ չէր ասում, բայց ամեն ինչ էր ասում այն փաստը, որ Շիվան կերպարանքն է տիեզերական գիտակցության, տիեզերքի այրական անշարժ սկզբի և ընդդիմադիր, շարժուն կանացի սկզբի, որ արտահայտվում է նյութական աշխարհի տեսքով: Ավելին` կրոնական որոշ ավանդույթներում Շիվան բացարձակ աստվածություն է և միաժամանակ կատարում է արարումի ու ավերումի գործառնություններ: Հետո նաև պիտի իմանայի, որ շիվայիզմի գլխավոր աստվածը Պարաշիվան է` արարիչը, աջակիցն ու ավերիչը, արդարության պաշտպանը, չարքերին հաղթողը, բոլոր բարիքները բաշխողը և նյութական ամեն ինչի կառավարիչը, ում ենթարկվում են մնացած աստվածները: Պիտի իմանայի, որ սանսկրիտի ստեղծողը Շիվան է, լեզու, որ երազում էի սովորել ուսանողական տարիներին` իտալերենի հետ, որ սանսկրիտի հետ կապ չուներ, բայց կապ ուներ հին աստվածների հետ: Շիվան բժշկում է և ազատում մահից, նրա շքախումբը ոգիներն ու չարքերն են, որ հետևում են նրան իրենց ազատ կամքով: Այս ամենը ծանոթ էր, պարզ էր ու հետաքրքիր չէր` Շիվայի 1008 անուններին ինքս էլ կարող էի մի քանի անուն ավելացնել ու ասել, որ նա ոչ միայն հարավարևելյան Ասիայում է աստված, այլև Բաբելոնում, Եգիպտոսում, Սիրիայում, թեկուզ այլ տեսքով ու այլ անունով: Ի վերջո, ես հասկացա` ինչու Ակշարդամի բոլոր աստվածներից հիշեցի Շիվային. նա ավերում է տիեզերքը քաղաքակրթության ավարտին` նոր արարչության տարածք ստեղծելու համար, և դա նրա երրորդ դերն է: Լոտոսի դիրքով աստվածը, որ պարանոցին, գլխին, դաստակներին ու ոտքերին օձ էր կրում, ուսել էր վագրի մորթի և ճակատին ուներ երրորդ աչքը ու սրբազան մոխրի դրոշմը, ձախ կիսադեմով կին էր, աջով` տղամարդ, ուներ մի քանի ձեռք ու սիրում էր պարել, իսկապես արժանի էր սիրո. նա ոչ միայն ավերում էր (ինչպես ավերում են բոլորը), նա նոր արարչության տարածք էր ստեղծում, և ուրեմն` նա սիրո աստված էր, նույնիսկ եթե սիրո մասին ոչ ոք չէր հիշում:

Քաղաքակրթությունը քայլ առ քայլ աստվածներից վերցրեց նրանց գործառնությունները ու դրեց մարդու ուսերին, ավելի ճիշտ` մարդը երևակայեց, թե ինքը ի զորու է, ունակ է, իրավասու ու գործիմաց` տիեզերքի բոլոր շերտերում: Աստվածները ձեռքը վերցրին մարդու ուսից, ու նա մենակ մնաց իր նմանների դեմ դիմաց, և արդեն յուրաքանչյուրն իրեն էր համարում այդ ունակը, իրավասուն ու գործիմացը, իսկ աստվածները մինչև հիմա բանավիճում են` կատակերգություն, թե ողբերգություն է իրենց արածը: Քաղաքականությունն ընդհանրապես աստվածների կյանքը դարձրեց ուրախ-զվարթ խրախճանք: Նրանք չեն կարող չհրճվել մարդկանց խորիմաստ-խորամանկ քայլերով ու խառնաշփոթով, որ առանձին-առանձին ներառում են և լոտոսի կեցվածքը, և օձը պարանոցին, դաստակներին ու ոտքերին, և վագրի մորթին` ուսին, և, հարկավ, երրորդ աչքը ու երբեմն էլ սրբազան մոխրի դրոշմը, բայց երբեք չեն համատեղում: Որովհետև համատեղումն աստվածային զորություն է, իսկ մարդը միայն կարող է ձգտել կատարելության: Քաղաքականությունն ընդհանրապես ոչ միայն աստվածների, այլև մարդկանց զվարճանքն է: Հայկական տարատեսակը` հատկապես: Ամիսներով բոլորը խոսում են մի իրողության մասին, մեկը մի գիշերում կամ մի ժամում ստեղծում է բոլորովին այլ, տրամագծորեն հակառակ իրավիճակ, հետո նորից բոլորը ամիսներով փորձում են հիմնավորել կատարվածի անխուսափելիությունն ու անդառնալիությունը` բացարձակապես չնկատելով, որ իրականում բոլորովին նոր իրողության մեջ են հայտնվել: Հայ քաղաքական ասպարեզում ոչ միայն չի բացվում երրորդ աչքը, այլև լուսացույցի պես են աշխատում երկուսը. երբ աջը բաց է, ձախը փակ է, երբ ձախը բաց է, աջը փակ է: Միաժամանակ` երբեք, ինչպես միաժամանակ չեն վառվում կանաչ ու կարմիր լույսերը խաչմերուկում: Խաչմերուկում դա անհրաժեշտ է երթևեկի համար, քաղաքական ասպարեզում Կիկլոպի բարդույթը կասեցնում է երթևեկությունը: Միակողմանի այդ երթևեկության պատճառով տասնամյակ առ տասնամյակ քաղաքականությունը պտտվում է երեք նախագահների շրջանակում և որևէ անցք, ճեղք չի գտնում ավերելուց հետո նաև նորի ստեղծման տարածքի համար: Այնքան բուռն է այդ միակողմանի երթևեկությունը, որ Սահմանադրություն է գրվում, հիմքում որոշակի անձի իշխանության ձևաչափերի կանոնակարգումն է, Սահմանադրություն է փոխվում, հիմքում մեկ այլ որոշակի անձի իշխանության ապահովումն է, Սահմանադրությունը նորից է փոխվում, հիմքում երրորդի իշխանության խնդիրներն են: Օրենքները` նույն կերպ: Պարզապես օրենքներն ավելի ճկուն են. կան, թե չկան, չեն գործում և գործում են ըստ անհրաժեշտության: Անհրաժեշտությունը թելադրում է պետության գերակա շահը, որ հայկական տարբերակով հավասարեցված է տարբեր պաշտոնյաների անձնական կարիքներին: Միակողմանի այդ երթևեկը պարբերաբար նաև քրիստոնեաբար խիստ մարդասեր է լինում` բանտերում դատապարտյալներին պահելը դեմ է պետության գերակա շահին (թանկ է նստում, իմաստ էլ չկա), պարբերաբար համաներում է հայտարարվում: Այլ երկրներում համաներումը հիմքում ունի Սահմանադրությունն ու օրենսգրքերը, Հայաստանում` կոնկրետ մարդկանց, ում բանտերից դուրս բերելու համար վերցվում են անհրաժեշտ հոդվածները միայն: Իսկ ովքեր պիտի նստեն, նստում են` համաներվեն, թե ոչ: Քաղաքականության հայկական տարբերակը նման է շիվայականության գործառնության առաջին կեսին` նա ավերիչ է ու նյութական ամեն ինչի կառավարիչ, մնացած կեսը, սակայն, չի դիմադրում, խաղաղ սպասում է` մեդիտացիայի մեջ, որ կարող է չվերջանալ մինչև ժամանակների վերջը: Շիվայի 1008 անունները հայ քաղաքական ասպարեզում հանգում են մեկ միասնական ու անմահ գաղափարի` ով ավելի կվճարի, նրա կողմնակիցն եմ ու նրա կողքին: Գաղափարական, քաղաքական, բարոյական ոչ մի տարբերություն, որ ժամանակ առ ժամանակ վճարողները փոխվում են, սեփական լավագույն դիրքի անխաթար զգացողությունը հայ քաղաքական գործչին անվրեպ ցույց է տալիս` արևը որտեղ է տաքացնում ու լուսավորում ավելի երկար: Կուսակցությունից` կուսակցություն, գաղափարից` գաղափար, տիրոջից` տեր, նրանք ճախրում են ճկուն ու սլացիկ, և` անդադրում: Հենց այդպես իմաստազրկվում է նրանց ընթացքը իրենցից բացի բոլորի համար: Նրանց չես հավատում, չես հարգում, նրանք ոչինչ չեն որոշում, բայց կան և պարտադրում են իրենց գոյությունը, որովհետև համակարգը այդպիսին է` վճարիր և ստացիր, ստացար` վճարիր: Ընդհանուր առմամբ նրանք ապահովում են իբր թե քաղաքական մթնոլորտ, իրականում ավերում են այդ մթնոլորտը: Որովհետև երբ գիտես` ում ինչի համար են վճարում, գիտես նաև` ինչ է ասելու: Երբ ինչ է անելու: Ամեն ինչ գիտես, հետո ի՞նչ: Հայ քաղաքական ասպարեզի շիվայականության ևս մեկ անխախտ դրսևորումը. պարանոցին, դաստակներին ու ոտքերին խաղաղ հանգրվանած օձերը չեն ննջում, եթե վեդայական Շիվայի համար նրանք իմաստնության, հանդարտության, հավերժության խորհրդանիշներ են, մեր դեպքում նրանք զբաղված են ավելի պրոզաիկ գործով` խայթում են: Անցող-դարձողից բացի, պարբերաբար նաև տիրոջը` ջանալով մնալ աննկատ: Բոլորն անխախտ ուզում են ուսերին պահել վագրի մորթին` իշխանության խորհրդանիշը, բայց վագրի մորթին վագրի մորթի է` չի մնում վտիտ ուսերին: Եվ, այնուամենայնիվ, հայ քաղաքական ասպարեզը նաև շիվայականության հերքումն է, որովհետև ոչ մի տրամաբանություն չի գործում` ընտրություններում չեն ընտրում, կառավարությունը չի կառավարում, օրենսդիրը չի օրենքներ հեղինակում, իսկ համակարգը իներցիայով գործում է: Ժողովուրդն էլ լոտոսի դիրքում մեդիտացիայի մեջ է, իսկ ով մեդիտացիայից դուրս է գալիս, երկրից գնում է, որովհետև ուրիշ անելիք չի գտնում: Իսկ Շիվան իր համար պարում է, և դա այն ամենն է, որ նա անում է հաճույքով` ոգիների ու չարքերի, բարու ու չարի իր հակադրամիասնության մեջ: Քաղաքականություն, թե շիվայականություն` մեր դեպքում տարբերություն չկա, մենք արիական մեր արմատներով գնում-հասնում ենք դարերի խորքը ու նույն արագությամբ վերադառնում մեր ժամանակները` համոզվելու, որ մնացել ենք նույնը` մեր խաչմերուկում դեռ մի լույս է միայն վառվում` դեղինը: Մեր ոչ միայն երրորդ աչքը չի բացվել, այլև բաց չեն Աստծո տված երկուսն էլ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Ակշարդամի բոլոր աստվածների գեղեցկագույն տաճարում հարյուրավոր աստվածներից ես հիշեցի միայն Շիվային, Շիվայի 1008 անուններից մեկը, 1008 անուններով բնորոշվող դերերից դարձյալ մեկը` նա ոչնչացնում է եղածը` նորի տարածք ու ժամանակ ստեղծելու համար: Կրոնական ավանդույթը վկայում է, որ Շիվան այդ անում է քաղաքակրթության ավարտին, երբ վերջանում են ժամանակները` նոր ժամանակ սկսելու համար: Հավերժությունն էլ բաղկացած է հատվածներից. երբ մեկը կորցնում ես, մյուսները տրոհվում են: Հայ քաղաքական ասպարեզի Ակշարդամը վաղուց սպասում է Շիվային: Արդեն 2017-ին, ամենաուշը` 2018-ին: Իսկ մինչ այդ` բարի մեդիտացիա ձեզ:

Դիտվել է՝ 2196

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ