ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Եկավ, տեսավ, համոզեց»

«Եկավ, տեսավ,  համոզեց»
12.07.2013 | 12:33

Շտեֆան Ֆյուլեի այցը ստացվեց: Եթե չասենք ավելին: Նա «փափուկ» վայրէջքով վերջին օրերի դիլեման տարավ լուծման: Ընդ որում, կարևորն այս դեպքում այն չէր, որ արևմտյան նրբագեղությունն ուղղակի անկյուն քշեց ռուսական կացնոտ սապոգահոտը` ցուցանելով դիվանագիտական մաստեր-կլաս: Ֆյուլեի ասածների ենթաշերտերում ավելին կար, քան կարելի էր սպասել:
Չնայած օրվա զարգացումները դեռ այդ փաստը չեն արձանագրում: Եվ Սիրիայի շուրջ ՄԱԿ-ում տեղի ունեցողը կարծես թե «այրում» է այդ առնչությամբ առկա «սպասումները». ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ պարոն Չուրկովը երեկ պնդում էր, որ զարինը, անտարակույս, օգտագործել են սիրիացի ապստամբները, Արևմուտքն ու ԱՄՆ-ն էլ իրենց հերթին պնդում էին, որ Չուրկովի տվյալներն ամենևին արժանահավատ չեն:
Իսկ ինչ ասաց Ֆյուլեն Հայաստանում, բացի այն, որ «հյուլեներ» տարածեց մեր միտքն զբաղեցնող ամենակարևոր խնդրո առնչությամբ. այն է` ասոցացման համաձայնագիրը կստորագրվի, և այն ամենևին չի ենթադրում, որ Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությունը հայտնվում է վտանգի տակ. չկա նման բան: Ֆյուլեի այս կարևոր միտքն առնչվում է ոչ թե մեզ, այլ Ռուսաստանին. այն է` Եվրահանձնաժողովը համագործակցելու է Եվրասիական հանձնաժողովի հետ, դրանք իրար չխանգարող կառույցներ են:
Կարո՞ղ ենք կարծել.
ա) Արևմուտքն այնքան էլ չի հավատում Եվրասիական միության ապագային, և վա-բանկ է գնում` նման հայտարարություն անելով:
բ) Ֆյուլեն դիվանագիտական նրբագեղ ժեստով արձանագրում է, որ, անկախ Սիրիայի և այլ հարցերի շուրջ տարաձայնություններից, իրենք «խորացնելու» են կապերը Եվրասիական «հանձնաժողովի» հետ:
Դիվանագիտական այս ժեստը մի քանի շերտ ունի. Ռուսաստանի հետ պահպանել իսկապես կառուցողական հարաբերություններ, չգժտեցնել արևելյան գործընկերության հարևաններին (ՈՒկրաինա, Մոլդովա, Հայաստան) Ռուսաստանի հետ. գործը հասցնել իր հաղթական ավարտին` նոյեմբերին նախաստորագրում, մեկ տարի հետո` ստորագրում, հետո կերևա:
Մի խոսքով, Ֆյուլեն հստակություն մտցրեց այս մեծ խաղում, իսկ թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը Ֆյուլեին, պետք է սպասել: «Իվանը» հեշտ զիջողներից չէ, չնայած, մյուս կողմից էլ, առաջվանը չէ, նրա սապոգը չունի նախկին ծանրությունը, և եթե Հայաստանը փորձի աներեր մնալ իր շահերի հարցում, գրագետ մանևրելով, ինչի հնարավորությունը լիուլի «պարգևեց» սոցիալիստ Ֆյուլեն, ապա կսկսի մտածել սապո՞գ, թե՞ դիվանագիտական մոտեցումներ երկընտրանքի մասին:
Մի բան է պարզ. երկու կողմերի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է առաջնորդվի բացառապես սեփական շահերով և անի ամեն ինչ, որ նախորդ դարասկզբի սխալները հանկարծ չկրկնվեն` պարզամտության, թուլության, մանևրել չկարողանալու, այլոց շերեփ-մերեփներին հավատալու պատճառով:
Իսկ դրա համար ազգային միասնություն է պետք, ինչը, ի դեպ, կրկին չունենք:
Իսկ սա արդեն այլ խոսակցության թեմա է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2661

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ