Մեկ ամսից ավելի Հայաստանում «Խորհրդային ժամանակահատվածում բռնադատվածների բնակարանային ծրագիրը» լարվածության մեջ է պահում նույն բռնադատվածներին։ Հիշեցնենք, որ վերջիններիս բնակարանով ապահովելու ծրագիրը գործում է 2009-ից, և մինչ օրս 279 մարդ օգտվել է նշված ծրագրից։ Շուրջ 300-ն էլ սպասում են իրենց հերթին, սակայն թե՛ նախկիններից ոմանց, թե՛ այսօրվա հաշվառվածների խնդիրն օդում կախված է մնացել, քանի որ կառավարությունն օրենքի փոփոխություն է առաջարկել, որով վարկերը պետք է տրամադրեն բանկերը։ Մինչդեռ 2009-ի ծրագրով մեկ տոկոս տոկոսադրույքով բնակարան ձեռք բերելու համար գումարը բռնադատվածներին տրամադրում էր ֆինանսների նախարարությունը։ Նշված փոփոխությունը խնդիր է առաջացրել ոչ միայն ծրագրից օգտվողների, այլև օրենսդրի շրջանակներում։ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների կարծիքներն իրարամերժ են։ Ըստ էության, այնպիսի տպավորություն է, որ այս պահին պարզ չէ, թե ինչ պետք է արվի, որն է ճիշտ։ Առաջիկայում խնդիրը կքննարկվի ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, իսկ մինչ այդ հարցի շուրջ զրուցեցինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ։
«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՐՑԸ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԼՈՒԾՈՒՄ ԿՍՏԱՆԱ»
-Կառավարությունը գիտի` ինչպես պետք է վարվի։ ԱԺ ներկայացված է օրինագիծ, որով ենթադրվում է հաշվառված և բնակարանային պայմանների բարելավման նպատակով արտոնյալ վարկերի իրավունքը։ Օրինագծով առաջարկվում է այդ խնդիրը լուծել առևտրային բանկերից վարկ ստանալու միջոցով։ Առևտրային բանկերի վարկային տոկոսադրույքները, ըստ նախատեսվածի, ֆինանսավորելու է կառավարությունը։
-Առևտրային բանկերի վարկային տոկոսադրույքները, հատկապես բնակարանների ձեռքբերման մասով, բարձր են։ Ի՞նչ կպատահի, եթե կառավարությունը մի պահ չկարողանա ֆինանսավորել այդ վարկերի տարբերությունը։
-Նման բան չի լինի, և նման խնդիր չկա։ Օրենքի նախագծում հստակ նշված են բոլոր չափորոշիչները։
-Իսկ ինչո՞ւ կառավարությունը չի թողնում օրենքը հին տարբերակով։ Ինչո՞ւ են պետական միջոցները, այսինքն` մեր հարկատուների միջոցով գոյացող գումարները, ուղղորդվում դեպի առևտրային բանկեր։
-ՈՒղղորդելու խնդիր չկա։ Կա պարզ տրամաբանություն` կառավարությունը կամ նրա լիազոր մարմինները վարկավորման գործառույթ չունեն։ Իսկ առևտրային բանկերի հետ համագործակցության շնորհիվ հարցը բարենպաստ լուծում կստանա։ Մենք արդեն նման օրինակ ունենք, մասնավորապես, երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագիրը։ «Բռնադատվածներին բնակարանով ապահովելու ծրագիրը» ևս նախատեսվում է իրականացնել վերը նշված օրինակով։ Այժմ առաջարկ է արվում նույն ընթացակարգով իրականացնելու հիշյալ ծրագիրը։
-ՈՒզում եմ հասկանալ. եթե «Բռնադատվածներին բնակարանով ապահովելու ծրագիրը» 2009-ից նորմալ իրականացվել է, և 279 մարդ արդեն օգտվել է այդ ծրագրից, ապա ո՞րն է օրենքի փոփոխության անհրաժեշտությունը։
-Դուք տեղյակ եք, որ եկել է այդ անձանց կողմից վարկերի վերադարձման ժամանակը, սակայն, ցավոք, առաջացել են խնդիրներ։ Ֆինանսների նախարարությունը որպես լիազոր մարմին ստիպված է եղել 26 հայտ ներկայացնելու դատարաններ` չվճարված վարկերի վերադարձման համար։ Ի վերջո, պետք է հստակեցվի` ծրագիրը վարկային է և յուրաքանչյուր քաղաքացի, որ ստացել է այդ վարկը, ստորագրել է պարտավորություն, որով հստակ ժամանակացույց է սահմանված` ամեն ամիս պետք է վճարում կատարի։ Ի միջի այլոց նշեմ, որ այն ամսական կազմում է ընդամենը 20000 դրամ։ Չպետք է մոռանալ, որ ծրագիրն իրականացվում է նպատակային վարկի շրջանակներում և սոցիալական աջակցության ծրագիր չէ։ Դրա համար տրամադրված գումարները պարտադիր ենթակա են վերադարձման։
-Ինչպես հասկացա, ծրագրից օգտված 279 քաղաքացիներից 26-ը վճարումներ չեն կատարել։ Հնարավո՞ր է, որ նրանց ձեռքից բնակարանները հետ վերցնեն։
-Խնդիրը վերաբերում է միայն վարկերի գումարների վերադարձմանը։ Մենք չենք քննարկում բնակարանների վերադարձման հարցը։
-Մեկ հարց ևս. օրենքի նախագծով ենթադրվո՞ւմ է բռնադատվածի համար վարկի տոկոսադրույքի փոփոխություն։
-Ոչ, նման բան չի նախատեսվում։
Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՇԱՀՈՒՄ
Եվ այսպես, տոկոսադրույքի բարձրացում չի նախատեսվում։ Բայց արդյո՞ք դրանով նոր խնդիրներ չեն առաջանում։ Իսկ որ առավել կարևոր է` ո՞ւմ ջրաղացին է այս փոփոխությունը ջուր լցնում։ Ի՞նչ է տալիս օրենքի փոփոխությունը։ Ըստ մեզ` ա) հարստացնում է առևտրային բանկերը մեր իսկ` հարկատուներիս, հաշվին։ Որովհետև հենց մեր փողերով է պետբյուջեից կառավարությունը փոխհատուցելու վարկերի տարբերությունը։ բ) Ֆինանսների նախարարությունն իր գլուխն ազատում է սոցիալապես անապահով բռնադատվածների խավից, որովհետև վարկերի չվերադարձման դեպքում տվյալ անձը խնդիր է ունենալու առևտրային բանկի հետ։ Եթե ֆինանսների նախարարությունն առողջ շահ է հետապնդում այս փոփոխությամբ, ապա ինչո՞ւ է ժողովրդի հաշվին լուծում խնդիրը, ինչո՞ւ է անձը հարստացնում բանկերին, և ինչո՞ւ է բեռը դրվում հարկատուների վզին։ Գաղտնիք չէ, որ բանկերը բնակարանային վարկերն ամենացածրը 12 %-ով են տրամադրում, որի ընդամենը 1 %-ն է վճարելու ծրագրում ընդգրկված քաղաքացին, իսկ մնացած 11 %-ը` կառավարությունը, այսինքն` հարկատուներս։ Հետաքրքիր է նաև, որ 2013-ի պետբյուջեն հաստատելիս այս փոփոխությունը չկար, ուրեմն որտեղի՞ց է ֆինանսների նախարարությունը գտնելու գումարներ, «ո՞ւմ գրպանն է մտնելու» վարկերի տարբերությունը փոխհատուցելու համար։
Եթե ծրագրում ընդգրկված 279-ից ոչ թե 26-ը, այլ 200-ը չկարողանային վերադարձնել կամ էլ, ինչպես ասում են, անպարկեշտ վարկառու լինեին, ապա հասկանալի կլիներ ֆինանսների նախարարության որդեգրած դիրքորոշումը։ Մինչդեռ խոսքը 26-ի մասին է։ Հետևապես արժե՞ 2009-ից հաջողված ծրագիրը փոփոխության ենթարկել և ժողովրդի հաշվին հարստացնել առևտրային բանկերը և միևնույն ժամանակ ավելորդ լարվածություն ստեղծել պետբյուջեում։ Իսկ գուցե այս ամենը պայմանավորված է այն իրողությամբ, որ ֆինանսների նախարարը դեռևս չի՞ փոխել ԿԲ-ի խորհրդի անդամի իր մտածողությունը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ