ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստում օրերս հրապարակվեցին երշիկեղենի շուկայում բացահայտված ինչպես օրինախախտ տնտեսավարողների անունները, այնպես էլ նրանց հանդեպ կիրառված վարչական տուգանքի առավելագույն չափը: Ի՞նչ երաշխիք կա, որ տույժ-տուգանքները վճարելուց հետո այդ ընկերությունները չեն շարունակի իրենց նախկին «գործելաոճը»։ Հարկ է նշել, որ բնակչության շրջանում հազվադեպ չեն սննդամթերքից հիվանդանալու և թունավորման դեպքերը: Քանի որ մենք տարբեր առիթներով սիրում ենք մատնանշել արտասահմանյան երկրներն ու համեմատվել նրանց չափանիշների հետ, ապա տեղին է փաստել, որ արտասահմանում նման, մեղմ ասած, անբարեխիղճ արտադրողների անունը հրապարակավ հայտարարելուց հետո, անմիջապես կդադարեցվեր նաև վերջիններիս գործունեությունը` հսկայական տույժ-տուգանքներով։ Այս ուղղությամբ ի՞նչ է մտադիր իրականացնելու մեր ՏՄՊՊՀ-ն:
-Նշեմ, որ հանձնաժողովը սննդի որակի և անվտանգության հարցերով զբաղվող գերատեսչություն չէ, այդ գործառույթն իրականացնում է մեկ այլ պետական մարմին,- արձանագրում է ՏՄՊՊՀ նախագահ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ։- Հանձնաժողովը պարզապես լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել երշիկեղենի և ներկրվող մսամթերքի շուկայում կենտրոնացվածության աստիճանի և գնագոյացման վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետելու նպատակով: Փաստաթղթային ուսումնասիրության ընթացքում երշիկի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներից պահանջվել է տեղեկատվություն օգտագործվող բաղադրիչների վերաբերյալ, ինչի հիման վրա էլ հաշվարկվել է արտադրանքի գնագոյացումը: Հենց նման վերլուծության ընթացքում էլ ի հայտ են եկել վերոնշյալ խնդիրները: Այս բացահայտումներով ՏՄՊՊՀ-ն բարձրացնում է երկու խնդիր:
Նախ, որ սպառողների պաշտպանությունը նրա գործունեության կարևոր ուղղություններից մեկն է, իսկ տնտեսավարողների նման գործունեության պատճառով տեղի է ունենում սպառողի մոլորեցում, քանի որ գնորդը տեղեկացված չէ, թե կոնկրետ ինչ ապրանքի համար է վճարում, և այն ինչ բաղադրիչներ է պարունակում: Սա «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի խախտում է, քանի որ այդ օրենքով հստակ ամրագրված է, որ տնտեսավարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Մոլորեցում է համարվում նաև որակի, քանակի, բաղադրության կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, ինչը երշիկի արտադրությամբ զբաղվող 21 արտադրողների պարագայում առկա է:
Մյուս կողմից էլ անբարեխիղճ և օրինախախտ տնտեսավարողների նման վարքագիծը կարող է հանգեցնել որոշակի մրցակցային խնդիրների, քանի որ, սեփական արտադրանքի բաղադրության վերաբերյալ սխալ կամ թերի տեղեկություն հրապարակելով, հնարավոր է մրցակցային որոշակի առավելություն ձեռք բերել անհամեմատ բարեխիղճ աշխատող տնտեսավարողների հանդեպ:
Հանձնաժողովի որոշմամբ բոլոր օրինախախտ տնտեսավարողներին տրվել է յոթնօրյա ժամկետում խախտումները վերացնելու հանձնարարական: Մի մասն արդեն իսկ նշել է, որ խախտումները վերացվել են և սպառողը պատշաճ կերպով իրազեկ է, թե կոնկրետ ինչ բաղադրիչներ է պարունակում իրենց արտադրանքը:
Սակայն միայն տնտեսավարողների ներկայացրած պարզաբանումները, բնականաբար, մեզ համար լիարժեք հիմք չեն կարող լինել, այդ իսկ պատճառով էլ ուսումնասիրությունների ողջ փաթեթն ուղարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, քանի որ սննդի որակի և անվտանգության հարցերով զբաղվում է հենց այդ գերատեսչությունը: Այսինքն` մենք խնդիր չենք բարձրացնում, թե երշիկի մեջ այս կամ այն բաղադրիչը թույլատրելի կամ անթույլատրելի է, կամ, որ այն մարդկանց առողջության համար որոշակի վտանգ է ներկայացնում, մենք պարզապես ասում ենք, որ օրենքի պահանջով այդ մասին արտադրողը պարտավոր է տեղեկացնել սպառողին: Իսկ կարելի՞ էր նման բաղադրիչներ օգտագործել, թե՞ ոչ, ինչպես արդեն նշեցի, դուրս է մեր գերատեսչության լիազորությունների շրջանակից:
-ՏՄՊՊՀ-ն ե՞րբ է մտադիր անդրադառնալու ալկոհոլային խմիչքների և կոսմետիկ պիտույքների շուկաներին, քանի որ այդ ոլորտներում ևս քիչ չեն խախտումներն ու «թոզփչոցին» սպառողի աչքերին։ Դրանց պատճառով առկա են նաև բնակչության առողջությանը հասցված վնասներ:
-Օրենքով հանձնաժողովին տրված լիազորությունների շրջանակում ՏՄՊՊՀ-ն իրավասու է ուսումնասիրություններ իրականացնելու միայն այն շուկաներում, որտեղ կան գերիշխող, այլ կերպ ասած` խոշոր տնտեսավարողներ: Ձեր նշած կոսմետիկ պիտույքների շուկայի վերահսկողությունը դուրս է հանձնաժողովի լիազորությունների շրջանակից: Այս ոլորտը կարգավորում է մեկ այլ պետական կառույց:
Ինչ վերաբերում է ալկոհոլային խմիչքներին, ապա տեղեկացնեմ, որ այս ոլորտում տարվա ընթացքում կատարվել են ուսումնասիրություններ` շուկայի կենտրոնացվածության աստիճանի, ինչպես նաև որոշակի մրցակցային խնդիրների վերհանման նպատակով: Բայց քանի որ Ձեր բարձրացրած հարցը դարձյալ վերաբերում է խմիչքի որակին և, ինչպես Դուք եք նշում, բնակչության առողջության հետ կապված խնդիրներին, ապա պետք է կրկնեմ, որ հանձնաժողովը որակի վերաբերյալ ստուգում կատարել և գնահատական տալ չի կարող, մենք նման իրավասություններով օժտված չենք:
Միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ Ամանորին ընդառաջ հանձնաժողովը խոշոր ապրանքային շուկաներում խիստ վերահսկողություն է իրականացնում. եթե նախորդ ամիսներին դիտանցումներ և գնային մոնիթորինգ իրականացվել է շաբաթը երեք անգամ, ապա դեկտեմբերին այն իրականացվում է ամեն օր` խոշոր ապրանքային շուկաներն առավել վերահսկելի դարձնելու և սպառողներին անհիմն գնային բարձրացումներից զերծ պահելու նպատակով:
-Պարոն Շաբոյան: Ընթացիկ տարում ո՞ր կազմակերպություններում եք իրականացրել ստուգումներ և ինչպիսի՞ բացահայտումներ կատարել:
-Նախ կրկին փաստեմ. հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է ապրանքային շուկաներում տնտեսավարողների տնտեսական մրցակցությունը սահմանափակող գործողությունների, մասնավորապես` գերիշխող դիրքի չարաշահման, հակամրցակցային համաձայնությունների, անբարեխիղճ մրցակցության դրսևորումների կանխման և արգելման ուղղությամբ: Նշված խնդիրների բացահայտման ուղղությամբ ընթացիկ տարում հանձնաժողովը հսկայածավալ ուսումնասիրություններ է իրականացրել տարբեր ապրանքային շուկաներում, ինչպես նաև տարբեր ոլորտներում: Հանձնաժողովի իրականացրած բոլոր վարույթները եղել են հրապարակային:
Այս տարի մեր գործունեության հիմնական ուղղություններից մեկը եղել է պետական գնումների ոլորտում կատարված մեծածավալ ուսումնասիրությունը, որն իրականացվել է մանկապարտեզներին, մանկատներին և ծերանոցներին մատակարարվող սննդի, ինչպես նաև դեղորայքի ոլորտում: Այս առումով ունեցել ենք մի շարք աղմկահարույց բացահայտումներ, ինչի առնչությամբ խոշոր տուգանքներ են կիրառվել մի շարք տնտեսավարողների հանդեպ: Նշեմ նաև, որ պետական գնումների ոլորտում կատարված ուսումնասիրությունները, անշուշտ, այսքանով չեն սահմանափակվում, և 2013-ին ևս դրանք կլինեն ՏՄՊՊՀ-ի ուշադրության կենտրոնում:
Տարբեր ապրանքային շուկաներում հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության ընթացքում կատարվել են մի շարք բացահայտումներ, և պատասխանատվության միջոցներ են կիրառվել տասնյակ օրինախախտ տնտեսավարողների հանդեպ: Հատուկ ընդգծեմ նաև, որ մեր ուսումնասիրությունները չեն սահմանափակվել միայն մայրաքաղաքով, դրանք ընդգրկել են նաև հանրապետության մարզերը:
-Ինչպե՞ս է փոխհատուցվել պետությանը կամ բնակչությանը հասցված նյութական և բարոյական վնասը:
-Համաձայն ՀՀ գործող օրենսդրության, վարչական մարմիններն իրավասու են միայն պատիժ կիրառելու իրավախախտ տնտեսավարողների նկատմամբ, սակայն սպառողի կրած վնասը փոխհատուցելու լիազորություն և իրավասություն օրենսդրությամբ հանձնաժողովը չունի: ՀՀ-ում դա կարգավորվում է դատական կարգով: Հանձնաժողովի կայացրած որոշման հիման վրա սպառողը կարող է ինքնակամ դիմել դատարան և համապատասխան փաստերի առկայության դեպքում իրավախախտ տնտեսավարողից պահանջել վնասի փոխհատուցում:
-Տույժի բարոյական նորմեր իրականացնո՞ւմ եք Ձեր գործունեության ընթացքում:
-Համաձայն օրենքի, բարոյական վնասի համար հատուցում նախատեսվում է միայն զրպարտության և վիրավորանքի դեպքում, իսկ ՏՄՊՊՀ-ի գործունեությունը նման դեպքերի չի առնչվում:
-Պետական և հասարակական ո՞ր կառույցների հետ եք համագործակցում: Այդ համագործակցությունն արդյունավե՞տ է, թե՞ ոչ:
-Հանձնաժողովն ակտիվորեն համագործակցում է ամենատարբեր պետական կառույցների և սպառողների շահերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների հետ:
Կարծում եմ, տեղեկացված եք, որ ՏՄՊՊՀ-ին կից գործում է հասարակական խորհուրդ, որտեղ ընդգրկված են հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև պետական շահագրգիռ կառույցների 12 ներկայացուցիչներ: Հասարակական խորհուրդը պարբերաբար հրավիրում է նիստեր, որոնց ընթացքում ՏՄՊՊՀ-ին են ներկայացվում հանրությանն ու գործարար շրջանակներին հուզող խնդիրներ: ՏՄՊՊՀ-ն կարևորում է հասարակական խորհրդի գործառույթը, քանի որ քննարկումների ժամանակ բարձրացված խնդիրներից շատերն արդեն իսկ լուծում են ստացել: Բացի այդ, ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվում են նաև պետական այլ կառույցների դաշտում և լիազորությունների շրջանակներում գտնվող խնդիրներ, հետևապես ուսումնասիրությունների ողջ փաթեթը, ինչպես նաև ՏՄՊՊՀ-ի կայացրած որոշումները ուղարկվում են այդ պետական կառույցներին ևս:
Զրուցեց
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ