Տնտեսական դաշտում այս օրերի ամենակարևոր իրադարձությունը ԱԺ-ում 2013-ի պետբյուջեի նախագծի քննարկումներն են։ Մի կողմից այն կարևորվում է որպես տնտեսական փաստաթուղթ, որը կձևավորի առաջիկա տարում մեր երկրի և բնակչության սոցիալ-տնտեսական զարգացումը, իսկ մյուս կողմից` այն առանձնակի արժևորվում է քաղաքական տեսանկյունից։ Հատկապես նախագահական ընտրությունների նախաշեմին պետբյուջեի նախագիծը լայն հնարավորություն է ընձեռում ԱԺ-ում ընդգրկված ընդդիմադիր քաղաքական ուժերին` քաղաքական դիվիդենդներ շահելու համար։ Նկատենք, որ 2013-ի պետբյուջեի նախագծի քննարկումն ԱԺ-ում առանձնակի տարբերվելու է նախորդ տարիների քննարկումներից և ավելի թեժ է լինելու, քանի որ ընդդիմադիր քաղաքական միավորները խորհրդարանում փոքրամասնություն չեն կազմում։
Եվ այսպես, պետբյուջեի նախագծով եկամուտները կազմում են 1 տրիլիոն 33 մլրդ դրամ, ինչը 121 մլրդ դրամով ավելի է 2012-ի պետբյուջեից։ Ծախսային հատվածը 1 տրիլիոն 152 մլրդ դրամ է։ Նախատեսվում է հարկային եկամուտներն ավելացնել 120 մլրդ դրամով։ Սա նշանակում է, որ եկամտային մասի ավելացման զգալի հատված բաժին է ընկնում հարկային ոլորտին։ Կառավարությունը հավաստիացնում է, որ հարկային հատվածի ավելացումը կատարվելու է վարչարարության բարձրացման և օրենսդրական փոփոխությունների հաշվին։ Հասկանանք, թե ի՛նչ է նշանակում «օրենսդրական փոփոխությունների հաշվին» ասվածը։ Ամենամիամիտ մարդու համար էլ պարզ է, որ խոսքը հարկերի ավելացման մասին է։ Բնականաբար, նախագահական ընտրություններից հետո միայն այդ օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն։ Այլ կերպ ասած` մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելով` աստիճանաբար այն կփոխարինվի չոր քարով, ինչը բոլորովին նպաստավոր չի լինի բիզնեսի, ասել է` տնտեսության զարգացման համար։ Հատկապես եթե նկատի ունենանք, որ վերջին մի քանի տարիներին կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները տնտեսական դաշտում չեն նպաստել բիզնեսի զարգացմանը։ Ավելին, փոքր և միջին բիզնեսը հայտնվել է անհուսալի վիճակում։ Այս ֆոնի վրա դժվար թե հարկերի բարձրացումը դրական ազդեցություն ունենա։ Նշվածը կարելի է ապացուցել նաև օրինակով։ Հաջորդ տարվանից ուժի մեջ է մտնում «Ծխախոտի հաստատագրված վճարի մասին» օրենսդրական փոփոխությունը, որով տեղական արտադրողի համար հաստատագրված վճարը 1000 հատ սիգարետի դեպքում 5500 դրամից կդառնա 7000 դրամ։ Ներմուծողի համար այն կթանկանա 1000 դրամով` գործող 7000 դրամ հաստատագրված վճարը կդառնա 8000 դրամ։ Այսինքն, տեղական արտադրողի և ներմուծողի հարկային պարտավորությունները գրեթե հավասարվում են ի վնաս տեղական արտադրողի։ Նշվածը մտավախության տեղիք է տալիս սպասվող հարկային այլ օրենսդրական փոփոխությունների նկատմամբ։
Կառավարությունը հաշվարկել է նաև պետբյուջեի ռիսկերը, որոնք առնչվում են արտաքին միջավայրից բխող բարդություններին։ Մասնավորապես, ԱԺ-ում կառավարությունը փաստեց համաշխարհային տնտեսության մեջ ընթացող զարգացումները, որոնք էական անորոշությունների մեջ են։ Կառավարության կանխատեսմամբ` «Հայաստանի տնտեսության և պետական բյուջեով նախատեսվող հոսքերի վրա հիմնական ազդեցությունները կարող են ի հայտ գալ Եվրամիությունում պարտքային ճգնաժամի խորացման պատճառով։ Նման իրավիճակն ուղղակիորեն և անուղղակիորեն կարող է անդրադառնալ տնտեսական աճի, գնաճային միջավայրի, փոխարժեքի և այլ մակրոտնտեսական ցուցանիշների վրա, որոնք էական ազդեցություն են ունենում բյուջեի հոսքերի վրա»։ Այս համատեքստում կառավարությունը նշեց, որ մակրոտնտեսական ուղղակի ռիսկերը փոխկապակցվում են Եվրամիության երկրների տնտեսությունների հետ, որտեղ տեղի ունեցող բացասական զարգացումների պատճառով կարող են կրճատվել երկկողմանի առևտրային կապերը` դժվարություններ ստեղծելով արտահանման համար։ Նկատենք, որ ասվածն անմիջականորեն կարող է առաջացնել նաև կապիտալ ներդրումների կրճատում, ինչը բնական է երկկողմանի առևտրային կապերի խնդիրների դեպքում։ Եթե սրան էլ հավելենք Ռուսաստանի տնտեսության մեջ ակնկալվող փոփոխությունները, ապա չի բացառվում, որ 2013-ին կրճատվի ՌԴ-ից ՀՀ մուտք գործող դրամական փոխանցումների ծավալը։ Այս ամենը չի կարող բացասական ազդեցություն չունենալ պետբյուջեի վրա։
2013-ի պետբյուջեն տարվա վերջում, եթե չասենք տարվա կեսին, կարող է շեղումներ տալ, քանի որ միջազգային տնտեսական զարգացումների առողջացում դեռևս չի նկատվում։ Հետաքրքիր է, որ կառավարությունը, նշելով միջազգային տնտեսական ռիսկերի ազդեցությունը ՀՀ պետբյուջեի վրա, այնուհանդերձ, ընդգծում է, որ այս պահին Հայաստանում հաղթահարված է տնտեսական ճգնաժամը։ Նկատենք նաև, որ հարկային եկամուտների և պետտուրքերի գծով 2013-ի պետբյուջեի ռիսկերի գործոնը, ըստ կառավարության, առկա է և գնահատվում է շուրջ 32 մլրդ դրամ։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ