ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Տարակուսանքի մեջ չգցենք հայրենիք ժամանած գործարարին, չմարենք նրա ոգևորությունը

Տարակուսանքի  մեջ չգցենք  հայրենիք ժամանած գործարարին,  չմարենք նրա ոգևորությունը
25.09.2012 | 11:44

Ի սկզբանե նշեմ, որ խոսքս ուղղում եմ նախ և առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչպես նաև Հայաստանի բոլոր քաղաքապետերին և գյուղապետերին
Հարգելի պարոններ, ձեզ թվում է, թե իզուր էր մեր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Լոնդոնում` օլիմպիադիայի օրերին, հավաքել մեր հայրենակիցներին և նրանց հորդորում էր գալ հայրենիք, ներդրումներ կատարել, ստեղծել նոր աշխատատեղեր. այլապես հնարավոր չէ կասեցնել արտագաղթը, մարդիկ հեռանում են երկրից աշխատանք չունենալու պատճառով: Առջևում սիրիական դեպքերն էին և մեր հայրենակիցների ծանր վիճակը, առջևում վախկոտ մարդասպան Սաֆարովի պատմությունն էր, ապագայում ամեն ինչ սպասելի է: Աստված հայ ազգը հեռու տանի տարբեր տեսակի փորձանքներից: Ասեմ միանգամից: Անձամբ ինձ բավարարում են մեր նախագահի հակիրճ և բովանդակալից ելույթները, պատրաստ եմ ստորագրելու նրա յուրաքանչյուր տողի տակ, կարելի է հպարտանալ մեր նախագահով, նրա միջազգային բարձր հեղինակությամբ: Ասեմ նաև, որ հայրենիքում ներդրումներ կատարելու պատրաստ գործարարների պակաս ևս չկա: Սփյուռքահայերի ներքին ձայնը, իհարկե, հուշում է, որ Հայաստանը և Արցախը մեր հայերի հուսալի և ապահով հանգրվանն են: Ի՞նչ է պետք մեզ անել: Պետք է այդ հանգրվանը զարգացնել սփյուռքի մեր հայրենակիցների հետ ձեռք ձեռքի տված. աշխատել և աշխատել՝ ի բարօրություն մեր հայրենիքի: Հայրենիքը կարիք ունի հզորացման, հայրենիքը պետք է հարուստ լինի: Աշխարհիս կարգն է. սիրում, հարգում և, միաժամանակ, վախենում են հարուստ և հզոր ազգերից: Թույլերին և ծույլերին չեն սիրում, չեն հարգում: Հզոր և ծաղկուն հայրենիքը հայ ազգի գոյատևման կարևորագույն պայմանն է, կենսական անհրաժեշտություն է: Սովորաբար տարբեր երկրների նախագահների ելույթներում ներկայացվում է իրենց երկրի գրավիչ մասը՝ երկրի ֆասադը: Ապագա ներդրողները, սակայն, դրանով չեն բավարարվում: Նրանց, թերևս, առավել հետաքրքրում են ներդրման երկրի ներքին կյանքը, ներքին խոհանոցը, այն կյանքը, որին նրանք առերեսվելու են հետագայում իրենց բիզնեսը կազմակերպելու երկար և ձիգ տարիներին: Լավագույն ինդիկատոր-ուղեցույցն այս դեպքում տվյալ բնակավայրի սոցիալական կյանքն է, նաև բարքերը, սովորությունները, չգրված օրենքները: Հայաստան երկիրը հայ և օտարազգի ներդրողների համար գրավիչ դարձնելու գործում մեծ է մեր քաղաքապետերի և գյուղապետերի դերը: Առավել մեծ է, մեծարգո պարոն Տարոն Մարգարյան, Ձեր դերը` որպես Երևանի քաղաքապետի:
Կարելի է դիտարկել տարբեր դեպքեր մեր կյանքից, որոնք կարող են տարակուսանքի մեջ գցել հայրենիք ժամանած գործարարին, մարել նրա ոգևորությունը: Բերեմ օրինակներ:
Պատմություն առաջին: Այս տարվա սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը` ժամը 3-ին, ես արթնացա երաժշտական գերհզոր դղրդոցից, հնարավոր չէր քնել: Համբերեցի մեկ ժամ, երկու ժամ. հնար չկար: Իջա ներքև` տեսնելու` ինչ է կատարվում: Պարզվում է` երեքհոգանոց մի փոքրիկ խումբ քեֆ է անում «Առագաստ» ռեստորանի երկրորդ հարկում: Հասկանո՞ւմ էին այդ քեֆչիները, որ իրենց բարձրդեցիբելային երաժշտության պատճառով անքուն մնացին հազարավոր համաքաղաքացիներ, հիվանդներ, ծերեր և երեխաներ, որ հաջորդ օրը, երբ նրանք մրափելու են իրենց տներում, մարդիկ ունենալու են գլխացավեր, ուշադրության և աշխատունակության կորուստ և այլն: Շատերիս համար դա առիթ է մտորումների. մնա՞լ, թե՞ գնալ: Ինչքա՞ն կարելի է հանդուրժել, ինչքա՞ն կարելի է համբերել: Նման երկրում ի՞նչ աշխատատեղերի և ներդրումների մասին կարելի է խոսել: Կարեն Կարապետյանի քաղաքապետության օրոք (իմ կարծիքով` մեր քաղաքի քաղաքապետերից ամենաօրինակելին և սեփական խոսքի տերը) սրճարանային երաժշտության խնդիրը հիմնովին լուծվել էր: ՈՒղիղ ժամը 23.00-ին երաժշտությունը Երևանի բոլոր սրճարաններում անջատվում էր: Հիմա Ձեր օրոք այդ արատավոր երևույթը դարձել է անկառավարելի, և բարձր երաժշտություն կարող ենք «վայելել» գիշերվա ցանկացած ժամի: Ամոթ է:
Պատմություն երկրորդ: Երբ լսում եմ տնտեսագետ Հրանտ Բագրատյանի չարախինդ դատողությունները մեր երկրի տնտեսության վերաբերյալ, հիշում եմ վարչապետ Հրանտ Բագրատյանի դրած աշխատաոճը: Քանի՜, քանի՜ սփյուռքահայ գործարարների մենք կորցրինք այդ տարիներին: 1994 թվականին Երևան ժամանեց գործարար Րաֆֆի Ալեքսանյանը Մարսելից՝ մեկ նպատակով: Նա ցանկանում էր Հայաստանում կազմակերպել որսորդական դանակների գործարան` իր ծախսերով, իր հաստոցներով և վարպետներով, իր հումքով և պատրաստի արտադրանքի իրացման սեփական եվրաամերիկյան շուկայով: Մենք միասին ընտրեցինք մի գործարան Երևանում և պատրաստ էինք սկսելու նախապատրաստական աշխատանքները: Պետք էր անցնել նաև մի ձևական պրոցեդուրա. ստանալ Հայաստանի կառավարության համաձայնությունը: Բայց ոչինչ չստացվեց: Կառավարության շենքից նա խցանի պես դուրս թռավ խիստ զայրացած. «Ծո, այսքան լավ պայմաններով ես Հայաստան գործ կբերեմ, շահույթ ալ չեմ ուզեր, ինձմեն փող կուզեն»: Րաֆֆին իր գործը տարավ և արտակարգ պայմաններով (30 տոկոս շահութաբերությամբ) դրեց Չինաստանում: «Օրթախ» կանգնելու և փայ մտնելու վտանգավոր պրակտիկան դեռ մեզ շատ է խանգարելու մեր արդյունաբերության զարգացման գործերում: Մեր պատասխանատու պաշտոնյաները պետք է իրենց մեջ ուժ գտնեն հաշտվելու բիզնեսի կազմակերպման միջազգային խաղի կանոնների հետ: Նրանք այդտեղ անելիք չունեն առհասարակ: Պաշտոնյաների ներգրավվածությունը ուրիշի բիզնեսի մեջ պարզապես կոռուպցիոն երևույթ է: Իրեն հարգող արտասահմանցի գործարարը, սովորաբար, չի համաձայնում աշխատելու բուն հայկական կանոններով, որպեսզի չարատավորի իր բարի համբավը և, ամենակարևորը. ի՞նչ պետք է անի արտասահմանցին իր «օրթախ-պաշտոնյայի» հետ, երբ մի գեղեցիկ օր վերջինս, անշուշտ, կորցնելու է իր պաշտոնը: Նման մի ֆիասկո 1995 թվականին կրեց մեր գործարքը հարավկորեական «Հունդա» ֆիրմայի հետ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ինձ և «Հունդայի» ներկայացուցչին չհաջողվեց ստանալ այն պահանջվող համաձայնագիրը, որն անհրաժեշտ էր Աբովյան քաղաքի Հաշվիչ գործարանի տարածքում հեռուստացույցերի մասսայական արտադրություն կազմակերպելու համար:
Րաֆֆի Ալեքսանյանի պատմությունն ուշագրավ է նաև մեկ այլ պատճառով: 1993 թվականին Փարիզում Րաֆֆին հրավիրված էր ֆրանսիացի գործարարների մի ճաշկերույթ-հանդիպմանը Ռուսաստանի վարչապետ Իվան Սիլաևի մասնակցությամբ: Սիլաևը ֆրանսիացի գործարարներին առաջարկել էր ներդրումներ կատարել Ստավրոպոլի երկրամասում: Սեղանի շուրջը նստել էին ֆրանսահայ 10 խոշոր գործարարներ, ովքեր համոզված էին, որ ճիշտ կլինի ներդրումներն ուղղել Հայաստանի արդյունաբերության մեջ: Րաֆֆիին նրանք առաջարկեցին գնալ Հայաստան, ծանոթանալ Հայաստանի բիզնես միջավայրին՝ հետագայում ֆրանսիական խոշոր ներդրումներ կատարելու համար: Թե ինչ ստացվեց, արդեն գիտեք: Ոչինչ էլ չստացվեց: Հետևանքնե՞րը: Հայաստանի նախագահն այսօր ինքն է փորձում ներդրողներ գտնել աշխարհի տարբեր հայաշատ երկրներում: Ոչ մի լավ բան դրանում:
Պատմություն երրորդ: Ամերիկահայ գործարար Վազգեն Մելքոնյանը և նրա եղբայրը՝ Գերմանիայի քաղաքացի Անդրանիկ Մելքոնյան-Ռոթերը, որոշեցին Սպիտակում մի փորձնական բիզնես կազմակերպել՝ որպես օգնություն երկրաշարժից տուժած մարդկանց: Հաջողության դեպքում բիզնեսը նրանք պատրաստ էին զարգացնելու: Սպիտակի «Տաշիր» թաղամասում նրանք կառուցեցին մի արտադրական շինություն: Այդ ժամանակ թաղամասը գազիֆիկացված չէր: Եղբայրներն իրենց ծախսերով անցկացրին անհրաժեշտ գազատարը իրենց օբյեկտի և ողջ «Տաշիր» թաղամասի համար: Հաջորդ տարի գալիս են. գազատարը չկա: Ի՞նչ եղավ, եղբայր, ո՞ւր է գազատարը: Ոչ ոք չգիտի: Գազի պետը փոխվել է, քաղաքապետը փոխվել է: Հանդիպեցինք «Հայռուսգազարդի» տարբեր պաշտոնյաների հետ. ոչ մի հուսադրող առաջարկ: Ամերիկացի գործարարն առաջարկեց. «Լա՛վ, տարել, տարել են, փոխարենը գազը միացրեք «Տաշիր» թաղամասից»: Պարզվում է` դա օրենքին հակասում է: Պետք է նորից կատարել համապատասխան վճարումներ և ծախսեր: «Եղբայր, սա ի՞նչ կարգ է: Ես արդեն կատարել եմ տասնապատիկ ավելի վճարումներ, հիմա ինչո՞ւ պետք է վճարեմ»,- զարմանում է Վազգենը: Ինչևիցե, ի պատիվ Սպիտակի ներկայիս քաղաքապետի և Լոռվա մարզպետի, պետք է ասեմ, որ կոնֆլիկտը հարթվեց, և Մելքոնյան եղբայրները պատրաստ են ծավալելու իրենց բիզնեսը Սպիտակում, արդեն արևային տեխնիկայի բնագավառում:
Պատմություն չորրորդ: 2001 թվականին քուվեյթցի երկու մեծահարուստ հայ գործարարի ուղեկցում եմ Էջմիածին: Նրանք ցանկանում էին Էջմիածնի «Պլաստմասսաների գործարանում» խոշոր ներդրումներ կատարել: Մտանք Էջմիածին: Նրանցից մեկի աչքով ընկավ «... կազինո» ցուցափեղկը: «Աստեղ ա՞լ բինգո կա,- գոչեց նա,- չէ, Վարդան, աստեղ գործ անել չըլլար»: Այո, կազինոների երկրում արդյունաբերություն չես զարգացնի, չգրված օրենք է:
Նման պատմություններ շատ կարելի է անել, իրադրությունը բոլորիս էլ հայտնի է: Ներդրողների նկատմամբ պետք է շատ ուշադիր լինել, այլապես նրանք իրենց բիզնեսով չեն բնադրվի Հայաստանում: Նման իրավիճակը հատուկ է հետխորհրդային բոլոր հանրապետություններին: Պետք է որոշակի հանդիպակաց քայլեր ձեռնարկել դեպի արտասահմանյան ներդրողը: Պուտինը, օրինակ, հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը պետք է զբաղվի արտասահմանյան ներդրողների բիզնես շահերի պաշտպանության և նրանց նկատմամբ կատարված ադմինիստրատիվ իրավախախտումների հարցերով: Իսկ ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանը չփորձի կազմակերպել նման մի կառույց մայրաքաղաքը և մեր երկիրը առավել գրավիչ և ապահով դարձնելու արտասահմանցի ներդրողների համար: Եթե մեր քաղաքացիների համար կոռուպցիոն ռիսկի տեսակետից քաղաքային տնտեսությունն իր ծառայություններով զիջում է կրթական համակարգին և բժշկական ծառայություններին, ապա արտասահմանյան քաղաքացիների համար, ընդհակառակը, քաղաքային տնտեսության հետ գործարքներն առաջնահերթ են և պետք է խիստ հսկողության տակ դրվեն: Այն, որ մեր թաղապետարանների և քաղաքապետարանի քաղծառայողներն այսօր դեռևս պատրաստ չեն սպասարկելու նույնիսկ մեր քաղաքացիներին, համոզվեցի անձամբ՝ մեր բնակարանի հետ կապված մի միջադեպի առիթով: Երևան քաղաքի ամենաաչքի ընկնող թերություններից մեկն արտապլանային շինություններն են` թե՛ բակերի, թե՛ փողոցի կողմից: Ավտոտնակներ երեխաների խաղահրապարակների փոխարեն, առաջ գնացած պատշգամբներ, կախովի պատշգամբներ, շենքերի վրա աճող նորանոր հարկեր և այլն: Կառուցապատողներն ավելացնում են իրենց կոմունալ հարմարությունները, հաճախ իրենց հարևանների հաշվին: Այդպիսի մի իրավիճակ է ստեղծվել մեր բնակարանի շրջապատում: Չորս կողմից մեր բակի պատուհանի ուղղությամբ աճել է պատշգամբների մի ստվար քանակ: Մեր բնակարանի խոհանոցային հատվածը տասնյակ տարիներ հայտնվել է արհեստածին շախտայի մեջ, զրկվել է բնական օդափոխությունից, այդտեղ են տեղադրված հարևանների գազի օդորակիչները, ուղղակի գերմանական գազային կամերա, չկա բնական լուսավորություն: «Կենտրոն» թաղապետարանի թույլտվությամբ պատրաստվում ենք փոխելու հնամաշ պատուհանները՝ փորձելով մի քիչ ավելացնել խոհանոցի բնական լուսավորությունը: 23.08.2012-ին մեզ այցելեց «Կենտրոն» թաղապետարանի երեք աշխատակից: «Խնդրում եմ, ներկայացրեք ձեր վկայականները»,- ասում եմ ես: Նրանցից երկուսը վկայական չունեին, մեկի՝ առաջին կարգի մասնագետ Ա. Պողոսյանի վկայականը կեղծված էր: Նկարը փակցված էր կնիքի վրա: Իսկը սուտլիկ որսկանների հեքիաթի պերսոնաժներ: Ի՞նչ է ուզում թաղապետարանի այդ դեսանտը: Բացատրում են` պետք է ակտ գրվի, դուք ցանկանում եք փոխել պատուհանի ֆիզիկական չափսերը: Խնդրեմ բայց քանի որ եկել եք 20 տարվա ուշացումով, բերեք նշենք բոլոր այն աղաղակող իրավախախտումները, որոնք առկա են շենքի այս հատվածում: «Ո՛չ,- առարկում են առաջին կարգի մասնագետները,- մենք նշելու ենք միայն այն խախտումները, որոնց մասին գրել է ձեր հարևանուհին»: «Շատ լավ,- համաձայնում եմ ես,- դուք գրեք հարևանուհու տեսակետը, ես ակտի մեջ կգրեմ իմ տեսակետը հատուկ կարծիքի տակ»։ Կազմվեց թիվ 006632 արձանագրությունը՝ երեք օրինակից: Ես մեկ օրինակի վրա գրում եմ իմ հատուկ կարծիքը և ստորագրում: Անցնում եմ երկրորդ օրինակին: Թույլ չեն տալիս: Ասում են, քանի որ արձանագրության մյուս օրինակները դրվելու են Տարոն Մարգարյանի սեղանին, նրանք պետք է մաքուր լինեն: Բացատրում եմ, որ, սիրելի առաջին կարգի մասնագետներ, նման արձանագրությունները կազմվում են երեք օրինակից, բոլորն էլ պետք է ունենան նույն իրավական ուժը, նույն տեքստը` կետադրական նշանի ճշտությամբ, որ դրանք պետական մարմնի փաստաթղթեր են: Եթե դրանք կազմվում են տարբեր լեզուներով, միևնույն է, ունեն նույն իրավական ուժը: Չկարողացա նրանց հասկացնել: Մեծարգո պարոն Մարգարյան, ինչպիսի՞ մաղերով են Ձեր քաղծառայողները ատեստավորվում, որ նման տարրական հարցերին անգամ տեղյակ չեն: Կազմակերպեք համապատասխան լիկբեզներ Ձեր համակարգում: Աշխատանքի վերցրեք ավելի գրագետներին, լիքն են: Պատկերացնում եմ, թե ինչ տպավորություն կարող են ստանալ մեր արտասահմանյան գործարարները նման «մասնագետների» հետ առնչվելիս: Մի քանի օր անց ստանում ենք պատվերով նամակ ՀՀԵՔԿՎՇ ղեկավարի ԺՊ-ից: Աչքերիս չեմ հավատում. մի բացիկով մեզ են ուղարկվել արձանագրության երկու տարբերակն էլ: Մեկը՝ քաղաքացու հատուկ կարծիքով քաղաքացու համար, և երկրորդը` առանց քաղաքացու հատուկ կարծիքի քաղաքապետի համար: ՈՒրեմն տղաները ճիշտ էին. այդպիսին է քաղաքապետարանում սահմանված կարգը: Պարոն Մարգարյան, այս կապակցությամբ ես Ձեզ շնորհավորում և ցավակցում եմ միաժամանակ: Քաղաքապետարանում ստեղծված են բոլոր տեսական նախադրյալները կոռուպցիոն գործընթացները բարձր հիմքերի վրա դնելու համար: Հուսանք, որ Հայաստանի մյուս բնակավայրերում այդօրինակ պրակտիկան տարածում չի գտնի: Թե չէ կորած ենք:


Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
ՀՀ հելիոֆիկացիայի հեղինակ,
տեխնիկական գիտությունների դոկտոր

Դիտվել է՝ 2814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ