Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Միայն ատելությո՞ւն առանց պատճառի, թե՞ նաև առողջ գիտություն, ճշմարտություն չսիրելու, մերժելու հետևանք

Միայն ատելությո՞ւն առանց պատճառի, թե՞ նաև առողջ գիտություն, ճշմարտություն չսիրելու, մերժելու հետևանք
12.06.2009 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ
«Բնապաշտությունը` ազգային գաղափարախոսության հիմնաքար» («Իրավունքը de facto», թիվ 42, 2009) հոդվածում հարգելի Ներսես Ներսիսյանը գրում է. «Ահա թե ինչու են միջնադարյան խավարամիտ դատողություններով կաղապարված մի քանի անձեր... Նժդեհին... քրիստոնեական գաղափարակիր ներկայացնում»: Խոսքը նաև ինձ է վերաբերում, որովհետև «մի քանի անձանցից» ես էլ «Հոգևոր Նժդեհը» գրքի հեղինակն եմ:
Այդ պատճառով առաջարկում եմ հարգելի Ներսեսին նախ` կարդալ Նժդեհի գրքերից արված մի քանի մեջբերումները և մտորել, քանի որ ստախոսություն ու զազրախոսություն կլիներ, եթե մեջբերված խոսքերն ասող մարդուն քրիստոնեական գաղափարակիր չհամարեինք: Կարդանք մեջբերումները և ապա մեր զրույցը շարունակենք պարոն Ներսեսի քրիստոնեություն հալածող նոր հոդվածի շուրջ:
Հոգին, որին մատչելի է ամեն խորք, բարձունք, հորիզոն, հոգի՛ն է բանալին տիեզերքի, թարգմա՛նը բնության։
Զգալ, որ հոգի ունես. ա՛յս է մարդկայնացնում մեզ, միայն ա՛յս։
Որի՞ն հետևել. ահա հարցերից ամենաճակատագրականը, որի՞ն` Նազովրեցո՞ւն, թե՞ Բյուխներին, Էմերսընի՞ն, թե՞ Մարքսին, Մամիկոնյանների՞ն, թե՞ հայ մտավորականության քաղաքականապես ակնապաշտ մասին։
Առաջինները` ոգու հսկաներ, քո մեջ կապրեցնեն աստվածայինը, վերջինները՝ մարդկորեն անասնականը, առաջինները քո մեջ կմշակեն իդեալիստը, ասպետը, հերոսը, վերջինները՝ գորտի հոգով առօրեապաշտ պաղ մահկանացուն։
Սիրի՛ր թշվառին, ծառայի՛ր սրան, թող քո ցավը թշվառի ցավը, Քո Աստվածը թշվառի Աստվածը լինի...
Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա, մի՛ ստիր։
Ստել՝ նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ՝ նշանակում է դադարել մարդ լինելուց։
Եղի՛ր բացարձակ։
Այսպես է պատգամում իմ մարգարեն իր աստվածաշունչ խոսքը, և հոգիս` նրա հրեղեն պատգամներին գերի, վեհորեն իր թևերն է պարզում։
Իմ հոգին զույգ հենարաններ ունի՝ Աստված և հայրենիք։
Մեր հայրենիքի բախտի համար ես բռնել եմ Աստծո փեշից, դուք էլ բռնեք ինձանից։
Սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն.... Այս երկուսի ճակատագիրը նույնացած է:
Դեռ էլի շատ մեջբերումներ կարելի էր բերել, որ հարգելի Ներսեսը կարդար, բայց այսքանով սահմանափակվենք, և բերածս մեջբերումներն էլ լիուլի բավարար են դիտելու, որ Նժդեհը խոր քրիստոնյա անձնավորություն էր, մեծ քրիստոնյա:
Ի վերջո, քրիստոնեության դեմ թույնով լցված, ասես ատելությունից կուրացած մեծարգո Ներսեսին կխնդրեինք ինքն իրեն բարեհաճեր թույլ տալ մի քանի ակնհայտ բաներ ևս հաշվի առնել։
Նախ, որ Նժդեհն ինքն է խոստովանում, թե. «Եղել եմ խոր հավատի և էթիկայի մարդ»: Երկրորդ, որ անգամ գաղափարապես նրա հակառակորդներն են Նժդեհի քրիստոնյա լինելը խոստովանել. «Հասնելով Ս. Սարգսի մատուռին, Նժդեհը «հանեց գլխարկը, խոնարհվեց լեռներին, երեք անգամ խաչակնքեց և դանդաղորեն, կարծես չուզենալով, ձին քշեց Փամբակի ծանծաղուտը: Լինելով նրա քաղաքական համոզումների թշնամին` ես ինչ-որ ներքին զգացողությամբ, հնարավոր է՝ ենթագիտակցաբար, նրա նկատմամբ հարգանք էի տածում, որպես խիստ ողբերգական ճակատագրի տեր մի մարդու և որպես իր հայրենիքի համար անկեղծորեն մտահոգ օրինավոր հայ քրիստոնյայի»։ (Կ. Բագրատյան, 1998 թ., Կիև, էջ 37)։
Երրորդն էլ ասենք` մեծ իմաստունի ակնհայտ կենսագրականով, որ Նժդեհը քահանայի որդի էր և տիրացուի թոռ: Այսինքն` «ծառն իր պտղով է ճանաչվում»: Եվ ամենևին բարի չէ հայրերին ու որդիներին արհեստականորեն կամ սուտ վկայություններով միմյանց դեմ հանել, նրանց անունը չարաշահելով կամ մարդու գործն ու կյանքն ամբողջությամբ չքննելով, անտեսելով` քրիստոնյաների մեջ հեթանոսական անկումային որս կատարել չար նպատակի ու դրդումի համար:
Այժմ անցնենք պարոն Ներսեսի այն առաջարկությանը, թե իբր բնապաշտությունն է մեր ազգային գաղափարախոսության հիմնաքարը: Իբր հայերս պիտի թողնենք մեր Աստծուն և դառնանք բնապաշտներ: Բնություն սիրելը վատ բան չէ, սակայն Աստծուն են միայն պաշտում և ոչ թե բնությունը, որով (Աստծով) վերջինս եղավ:
Նախ` թե ինչու է անմիտ բնապաշտությունը։ Եթե ուշադիր քննենք, անգամ ծաղկի թերթիկը կատարյալ ներդաշնակ է և իմաստուն իր կառուցվածքով: Այդպես է բուն բնության մեջ ամեն բան: Այսինքն` ներդաշնակ, խելամիտ, այդքան իմաստուն, մարդուն այդքան օգտակար բաներ ինքն իրեն չէր կարող առաջ գալ, եթե խելք ու իմաստություն գործադրող գերհզոր ճարտարապետը չլիներ` այդ ամենն ուղղորդելու ներդաշնակ ու օգտակար գոյատևման: Եվ հենց այդ մեկն է Արարիչը, որով ստեղծվեց, կարգավորվեց ու կարգավորվում է ողջ տիեզերքն ու բնությունը: ՈՒստիև, բնապաշտությունն իմաստուն առաջարկ չի կարող լինել պաշտամունքի, երբ բնության նման սքանչելի ու կատարյալ մի բան արարողն ու ստեղծողը, բնականաբար, առավել կատարյալ է իր ստեղծածից, քանի որ անհնար է, երբ մեկն իր հնարավորությամբ համեստ լինի և իր հնարավորությունից խիստ կատարյալ մի բան կարողանա ստեղծել կամ սարքել, կյանքի կոչել: ՈՒստիև, սքանչանալով բնության կատարելությամբ, անարժան վարմունք կլինի, ավելի վերն ու կարողը` Բնության Ծնողին` Արարիչ Աստծուն թողած, նրա ստեղծած որևէ բան, որ մարդկանց համար է արարել, որպես թե աստված համարել ու պաշտել: Այդպես վարվելը պարզապես սակավամտություն կլիներ:
Իր հոդվածում պարոն Ներսեսն առաջարկում է արևը պաշտել` թողնելով արևի Արարչին:
Այս առումով պիտի մեջբերենք մարդկության ամենամեծ իմաստունի` Սողոմոնի խոսքը, որպեսզի հասկանանք, թե ինչ վատ հետևանքներ կարող է ունենալ արևապաշտությունը և անգամ Աստծո ստեղծած որևէ բան պաշտելը` բնապաշտություն լինի, թե մարդապաշտություն.
«Իսկապես, բնությամբ հիմար էին այն մարդիկ, որ աստվածագիտություն չունեին և անկարող էին տեսանելի բարի բաներից գիտենալ, թե որն է Գոյը և ոչ էլ նայելով գործերին` ճանաչեցին նրանց Ճարտարապետին: Այլ նրա փոխարեն աստվածներ համարեցին կամ կրակը, կամ հողմը, կամ աստղերի շրջանները, կամ երկնային լուսատուները, որ այս աշխարհի արբանյակներն են: Եվ նրանց գեղեցկությամբ հրճվելով... պիտի իմանային, թե որքա՜ն առավել է Նա, ով դրանք արարչագործեց:
...Թվում է` արարչական ձեռքի գործերի գեղեցկությամբ գրավվելով` այս մարդիկ մեղադրելի չեն, բայց նրանց դատաստան է սպասում, քանի որ չճանաչեցին, թե որն է Գոյը և Գոյի Ակունքը` Աստծուն» (Իմաստություն Սողոմոնի»):
Իսկ Աստվածճանաչությամբ կյանքի Արեգակ անվանվում է Աստվածորդին` Քրիստոսը: Առաքյալներն իրենց Առաջին կանոնում այդպես էլ հրահանգեցին. «...Այն ժամանակ, երբ աղոթքի կանգնես կամ երկրպագես Աստվածությանը, կանգնի՛ր դեմքով արևելք, համաձայն այն խոսքի, որ Փրկիչն ասաց. «Ինչպես կայծակն է փայլատակում արևելքից և երևում է մինչև արևմուտք, այդպես էլ պիտի լինի մարդու Որդու Գալստյան ժամանակ»: Որովհետև արդարության Արեգակը՝ Քրիստոսը, Աստծո Որդին, արևելքից է ծագում և փրկություն կատարում երկրի մեջ: Եվ այսուհետև իմացե՛ք, որ արժան է աղոթքի կանգնել ու հավիտենական անմահ արքային երկրպագել միայն արևելք դարձած»:
Այսինքն թե` պատիժ է սպասվում նրանց էլ, ովքեր բնությունն ստեղծող Աստծուն թողած, նրա ստեղծած բնությունը պաշտեն, որովհետև «չճանաչեցին, թե որն է Գոյը և Գոյի Ակունքը` Աստծուն»: Այսինքն4` տգիտությունը ներելի չէ Աստծո առաջ: Իսկ Աստծո համբերությունն անսահման չէ: Հիսուսն Ավետարանում ասում է. «Եթե ես նրանց մեջ արած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որևէ մեղք չէին ունենա, բայց այժմ տեսան գործերը և ատեցին թե՛ ինձ, թե՛ իմ Հորը: Եվ այդ նրա համար, որ կատարվի նրանց օրենքում գրված այն խոսքը, թե՝ առանց պատճառի ինձ ատեցին» (Ավետարան ըստ Հովհաննեսի):
Ցավ ի սրտե, Ներսես Ներսիսյանը ևս այդ մարդկանց թվին է ինքն իրեն ջանում ամրագրել` ամեն կերպ խոսելով Քրիստոսի և քրիստոնեության կամ քրիստոնեություն քարոզողների դեմ, և, ինչպես տեսնում ենք, առանց պատճառի է այդ ատելությունը:
Բայց թե` «Բզի գլխին բռունցքով չես հարվածի» և ոչ էլ «Աստծո հետ կարող ես համառորեն վիճել ու չտուժել»: Ամենքիս էլ հարկ է հարգանքի ու արդարության չափաբաժինը պահպանել` ավելի շատ չտուժելու համար:
Իսկ բնությունը, որպես Աստծուց մարդուն տրված կենդանություն, հարկ է քրիստոնյաներիս` սիրել, չայլանդակել և ոչ թե պաշտել:
Այնուամենայնիվ, մեր հոդվածն ավարտենք այն հույսով ու բարեմաղթությամբ, որ մեկ անգամ ևս արել ենք, թե` Տերը դժվարադարձ Ներսես Ներսիսյանին ևս դարձի կբերի, ինչպես հայրենասիրության մասին ոչ լրիվ ըմբռնմամբ խոսող նշանակիր շատերին, ովքեր, ի վերջո, հասկացել և ընտրել են Աստծո բարին:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2768

Մեկնաբանություններ