Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Գալիս եմ խնդրելու, համոզելու, սիրաշահելու, որ տեսնենք, լսենք, հասկանանք, մաքրվենք, բարձրանանք և փրկվենք

Գալիս եմ խնդրելու, համոզելու, սիրաշահելու, որ տեսնենք, լսենք, հասկանանք, մաքրվենք, բարձրանանք և փրկվենք
01.05.2009 | 00:00

ՀԱՎԱՏԱՄՔՈՎ ԴԱՎԱՆԱՆՔ
ՀԱՅ ԱԶԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՓՈԽԵՆ ԻՐԵՆՑ ՆԵՐԿԱՅԻՍ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵՆ
Ի՞նչն է, որ մենք բոլորս ընդունում ենք, խոստովանում ենք, հայտարարում, հաստատում ու նաև հետևում, կատարում, իրագործում ենք, որպես ազգային դավանանք և գաղափար։ Ինչի՞ն ենք մենք վերջապես հավատում։ Հայտնի՞ է մեզ մեր հավատքի բանաձևումը` Հավատամքը, որից, որով և որի համար ապրում ենք, և որն իմաստավորում է մեր գոյությունն ու նաև կողմնորոշում է մեզ մեր առօրյա ու հեռագնա արարքներում։ Թե՞ ընդհանրապես այդպիսի բան գոյություն չունի մեզ համար...
Իսկ առանց հավատքի, հավատամքի, դավանանքի, դրանցից բխող և դրանց վրա հիմնված գաղափարախոսության և բարոյական արժեհամակարգի կարո՞ղ ենք ազգ գոյացնել: Առանց դրանց հստակ ըմբռնման, ըստ այդմ լիարժեք ապրումով համապատասխան կազմակերպական կառավարման կարո՞ղ ենք կենսունակ, ստեղծագործ, ապահով ու բարգավաճ պետություն կառուցել…
Պատասխաններ-պատասխաններ, հստակեցում և պարզաբանում` ե՞րբ կստանանք, որպես դրոշմ մեր հոգու, սրտի և գիտակցության մեջ, որպես մշտավառ լույս ու եռանդ աստվածապատվեր ու աստվածահաճո կեցվածքի, կողմնորոշման ու արարքների...
***
Հայոց ու Հայաստանի բազմաթիվ խնդիրների լուծման վերաբերյալ կարելի է երկար խոսել, գրել, քննարկել ու վիճել։
Բայց խնդիրների և մանավանդ գերխնդիրների լուծումը մեկն է, և դրան հասնելու ուղին` բավականին կարճ։
Հայ ազգը, Հայաստանը պետք է վերափոխվեն, պետք է փոխեն իրենց ներկայիս ընթացքը և կատարելագործվեն։ Դրա համար մեկ և միայն մեկ կարելիություն կա` Աստուծո հավատքը, Հիսուս Քրիստոսի Ավետարանով և խաչով։ Եթե հայությունը չփոխվի և չկատարելագործվի, կկորչի, և հայը հոգով պարտավոր կմնա, թերի կմնա Աստուծո առաջ, որովհետև ներկայիս ընթացքով իր Աստվածաստեղծ ազգն ու Աստվածանվեր հայրենիքը կկորչեն։ Այս վիճակով ու այս ընթացքով և արտաքին բազմաթիվ ու բազմապիսի ճնշումների պայմաններում վտանգված է հայության վերապրումը և վերականգնումը որպես Ազգ ու Պետություն։ Բայց Աստուծո համար անհնարին բան չկա։ Եվ Ազգի ու Հայրենիքի փրկությունը Քրիստոսից, Քրիստոսով ու Քրիստոսի համար է։ Միայն թե չգայթակղվենք։
Հայոց պետության կառուցումն ու կայացումը պահանջում են իմաստություն, ազնվություն և նվիրում։ Այդ ամենը սկսվում է Աստուծո երկյուղից ու ամբողջանում է Աստուծո հավատքով, հույսով, սիրով և Աստվածահաճո ապրումով։ Դրանցով ձևավորված հայ մարդու ազգային և քաղաքացիական ինքնագիտակցության հիման վրա` հայի ազգային և քաղաքացիական պարտաճանաչությունն ու ինքնաբուխ, ինքնակառավարվող և կամավոր պատրաստակամությունը կկենսագործվեն ամենաբարձր արդյունավետությամբ: Եվ հայն ի վիճակի կլինի նաև ունենալու իրեն արժանի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարություն։
Հայի, հայության և Հայաստանի առջև ծառացած անբնականոն խնդիրները կդառնան բնականոն և միշտ ժամանակին լուծելի մեծագույն օգուտներով ամեն ինչում...
ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԵԼՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ
Սրբություն, սրբացում անձի, ազգի ու հայրենիքի, պետության և պետականության։ Այս է փրկության, մեծության ու երջանկության ճանապարհը: Սրան դեմ է չարը` հանձին մամոնայի (նյութապաշտություն, փառամոլություն, հեշտամոլություն), որին եթե պարտվես, տրվես ու ծառայես, կորստյան կմատնվես անձնապես ու ազգովին (հետընթաց, տկարություն, կազմալուծում և վերջ գոյի)։
Տերն ասում է` չեք կարող ծառայել և՛ Աստուծուն, և՛ մամոնային։ Մեկին կսիրեք և մյուսին կատեք։
Մամոնան ամեն կողմից տարբեր ձևերով ու միջոցներով հարձակվել է մեր ընտանիքների և մեր ազգի վրա (ինչպես և ամբողջ մարդկության)։ Ի՞նչն Է մեզ պաշտպանելու, ո՞վ Է լինելու մեզ պաշտպան։ Ո՞Ւմ հետ դաշնակցենք, ումի՞ց օգնություն խնդրենք։ Մենք ի՞նչ անենք։ Ազգի համար էական հարցեր, որոնց ճիշտ պատասխանը գտնելուց և կատարելուց կախված է յուրաքանչյուր հայի, նրա սերնդի և Ազգի ու Հայրենիքի ներկան, ապագան, գոյավիճակը հավիտյան։
Եվ այս կենսական հարցերը բաղկացած են ենթահարցերից կամ նախնական հարցերից, հաճախ պատճառ-հարցերից։
Մեր եկեղեցին, ըստ իր էության, կոչումի, գոյության իմաստի և պարտականության, պետք է գլխավոր հաստատությունը լիներ այս հարցերի թե՛ բարձրացման և թե՛ դրանց պատասխաններն ազգին ներկայացնելու գործում։ Բայց իր պարտականությունը չի կատարում, կամ լրիվ չի կատարում։ Մյուս կողմից, սակայն, այդ եկեղեցին մենք ենք, ժողովուրդը ու ամեն մի հայ։ Այդ մենք ենք, որ մեր հավատքով կազմելու ենք Աստուծո Որդու մարմինը հանդիսացող եկեղեցին, եթե մեր մեջ սրբության հատիկ դեռևս մնացել է, քանզի անսուրբ տարրերով Սուրբ Եկեղեցի չի՛ կառուցվի, իսկ Աստվածորդու մարմինն ամենասուրբ է, հետևապես Հայոց եկեղեցին էլ Սուրբ պետք է լինի, այլապես շենք լինելուց այն կողմ չի անցնի, միայն անունով եկեղեցի կլինի: Բայց ներկայումս, երբ աշխարհիկ ու հոգևոր ղեկավարությունից բացի, մեծ մասամբ ազգի աչքերն էլ փակ են, հոգու աչքերը զրկված են հավատքի տեսողությունից, ինչպե՞ս սրբանանք, որ Սուրբ Եկեղեցի ունենանք...
Հայ իրականության մեջ պետք է ծագի Քրիստոսակերպ Վահագնի լույսը, որ վանի խավարը. մամոնան (դարձյալ նյութապաշտությունը, փառամոլությունը, հեշտամոլությունը, մեղկությունը, գաղափարազրկությունը, քաղքենիությունը, չարին երկրպագությունը) հայոց կյանքից և մանավանդ Հանրապետության ու Հայրապետության պատասխանատուների կյանքից։
Հայոց հոգևոր և աշխարհիկ ղեկավարությունը չի կարող մամոնային ծառայել, եթե մեր Ազգն ու Հայրենիքը պետք է գոյատևեն, զարգանան ու բարգավաճեն` ի երջանկություն հայ ժողովրդի, ի բարօրություն մարդկության և ի փառս Սուրբ Երրորդության` մեր Աստուծո։
Եթե Ժողովուրդը միամիտ է, Աստված` ոչ։ Եթե ժողովրդին կարելի է խաբել, ապակողմնորոշել տգետ պահել, Աստծուն հնարավոր չէ...
Սթափվել է պետք ազգովի` սթափվել, զղջալ, խոստովանել, մաքրվել, փոխվել, ուղղվել, նորոգվել և սրբանալ, քանզի Սուրբ Լուսավորչի, Սուրբ Մաշտոցի և Սուրբ Վարդանանց սրբացած ազգը կկարողանա կերտել Սուրբ Հայրենիք, Սուրբ Եկեղեցի և Հայոց Սուրբ պետականություն ու պետություն:
ՀՈՐԴՈՐ ՀԱՐԱԶԱՏԻ
Գալիս եմ որպես եղբայր, որպես հայր և որպես որդի։ Գալիս եմ խնդրելու, համոզելու, սիրաշահելու, որ տեսնենք, լսենք, հասկանանք, մաքրվենք, բարձրանանք և փրկվենք։
Ընդունեք որպես այդպիսին, երբևէ չմտածեք, չընդունեք որպես օտարի կամ խելք սովորեցնող մեծամտի, այլ միս ու արյուն, միտք ու հոգի և հեզ ու խոնարհ Ձեր հարազատի։
Երակում` նույն արյունը,
Սրտում` նույն բաբախումը.
Հոգում` նույն ցավն ու մտահոգությունը.
Բայց հույսս կարծես այլ է...
Իմ հույսը հավատքից է, որով
Ազգս ու Հայրենիքս վերելք են ապրելու։
ԱՍՏՈՒԾՈ ՍԻՐՈՎ
Կարո՞ղ ենք համահայկական և պետական դարձնել այս ՀՈՒՅՍԸ։
ԱՐՑԱԽԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(մտածումներ)
-Զորությունը կազմում է այն, ինչ Աստվա՛ծ է դրել ղարաբաղցու (հայի) մեջ։
-Տկարությունը կազմում է այն, ինչ ղարաբաղցի՛ն (հա՛յը) զարգացրել է իր մեջ առանց աստվածայինի:
Եվ մենք երկար տարիներ ոչ թե Աստուծո` մեր մեջ դրածն ենք զարգացրել` մարդկայնորեն, մարդկայնությամբ, մարդկային կյանքի համար, որպեսզի այն վերելք ապրի, այն լինի Աստուծո ճանապարհներով ու Աստուծո ճանապարհների համար, որի մեջ է հայության փառքն ու կյանքի վերելքը, այլ չարաշահել և վատնել ենք, կամ էլ անտեսել Աստվածային շնորհի պատվաստումը մեր մեջ` հոգու կուրությամբ, սրտի խլությամբ և բարոյական անզգայությամբ։
Հավատքի լրիվ դավանումն իսկ դեռ բավարար չէ: Այն պետք է ապրում դառնա, որ կատարելության ձգտի ու մոտենա և կյանք դառնա իրական։ Հետևապես, հավատքը անձնականից պետք է հավաքական լինի, որպեսզի ապրում դառնա, ազգի ապրում` ազգային ապրում, միշտ մարդկայնորեն։ Հավաքական հավատքի ապրումն է, որ հավատքը կյանք է դարձնում, թե՛ երկրային և թե՛ երկնային։ Հետևաբար, այն պետք է լինի իրական և լրիվ։ Կիսահավատքը կամ արհեստական, շինծու հավատքը, սարքած` «ռացիոնալացրած» հավատքը (անկախ ինչ-ինչ «բարի և բարձր» նպատակներից) չի՛ «աշխատի» վերջին հաշվով։ Որովհետև չի կարող ապրում դառնալ անձի ու ազգի համար։ Մինչդեռ ապրում դարձած բուն հավատքն է այն բանալին, որ կոնկրետ-ճշգրիտ կոդով է բացում կատարելության, երջանկության, երանության դուռը։
Բանալին խաչն է։
Այն մեզ տրվել է Աստվածային Շնորհով որպես հավատք, և այն պետք է Ապրում դարձնենք, որ Կյանք դառնա։ Սա՛ է մեր ազգի 1700-ամյա սրբագործված գաղափարախոսությունը։ Մեր Սուրբ Հայրերի, մեր մեծերի` մեզ ժառանգություն թողած գաղափարախոսությունը։ Հայ ազգային գաղափարախոսությունը (ՀԱԳ)։
Այդ ապրումին արժանավայել` հայավայել կյանքի համար անհարիր են այժմյան բարքերը, կենցաղը, մտածելակերպը, գործելակերպն ու հարաբերությունը և դրանց ստեղծած հոգեբարոյական մթնոլորտն ու իրավավարչական իրավիճակը։
Նախկինում գրել ենք ադրբեջանասովետական կառավարման բնույթի, ձևի ու մթնոլորտի մասին, որը կարելի է անվանել նաև ֆեոդալագողական։ Դրանք հակաքրիստոնեական են, փաստացի ուրացում, հակառակություն և դավաճանություն խաչին` իր բոլոր հետևանքներով թուլություն, տկարություն, սպառում` հոգեկանի, բարոյականի, ազգի, հայրենիքի, և ինչ դրական, արժեքավոր և նվիրական է հային և ընդհանրապես մարդուն... Ինչքան շուտ և լրիվ ձերբազատվենք այդ քաղաքական և սոցիալական առումով հեղձուցիչ մթնոլորտից և կանգնեցնենք այդ ամլացնող ընթացքը, այնքան կարագանա մեր հասարակական մթնոլորտի մաքրազտումը և մեր վերելքի ընթացքը։
Ո՞Ւմ է տրված այդ գործի կատարումը։
Այս ի՞նչ է տեղի ունենում, անապա՞տ է, խավա՞ր է, քնա՞ծ ենք, թմրա՞ծ ենք։ Ո՞վ պիտի կանգնեցնի այս ընթացքը։ Ո՞Ւմ պարտքն է դա, գիտակցվո՞ւմ է այն, կա՞ պատասխանատվություն, պարտաճանաչություն, պատրաստակամություն։ Եվ խի՛ղճ։ Իսկ Աստուծո վա՞խը...
Ժողովրդավարությունը օրհնյալ է, եթե իրական է: Իրական ժողովրդավարությունը (այսինքն՝ օգտակար), ամեն ինչից բացի ու առաջ, պահանջում է ազնվություն, գիտակցություն, օրինապահություն և կարգապահություն՝ բոլորի կողմից կամ, առնվազն, ճնշող մեծամասնության կողմից, որն անպայման ու առաջին հերթին ներառում է ղեկավարությանը: Այլապես անազնիվ, անգրագետ, կեղծ ու ձևական՝ արհեստական ժողովրդավարությունը շատ ավելի վա՛տ է՝ քայքայող, ամլացնող, կենսազրկող ու ոչնչացնող է, քան բացահայտ ինքնակալությունը և նույնիսկ բռնապետությունը, որովհետև ավելի վատ, քան կեղծ ժողովրդավարությունը, չի լինի, քանի որ բռնապետը մտածում է իր բռնապետության մասին և ձգտում է հաստատել երկրում դրա գոյության համար անհրաժեշտ օրինապահությունը, կարգապահությունը և նույնիսկ ազնվությունը: Իսկ եթե բռնապետը եղավ նաև գաղափարապաշտ՝ հավատքով, այդ դեպքում, բռնապետությունը, թեկուզ որպես չարյաց փոքրագույն, ավելի լավ է, նաև նրա համար, որովհետև, ի տարբերություն կեղծ և սնանկ, հետևապես դավաճան ու ամուլ ժողովրդավարության, կարող է, վերջին հաշվով, տանել դեպի իրական ժողովրդավարություն՝ գուցե և ավելի հաստատ ու կարճ ճամփով:
Բայց Արցախը, Հայաստանը կարո՛ղ են և պարտավոր են իսկակա՛ն ժողովրդավարություն ստեղծել, նույնիսկ գե՛րժողովրդավարություն՝ աշխարհի զարմանքն առաջացնող: Աստված շնորհել է այդ շնորհքն ու կարողությունը, մնում է զգալ, տեսնել և օգտագործել այն ԱՐԺԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ:
Այլապես վա՜յ մեզ, վա՜յ մեր երկրին ու ամենավատը` վա՜յ մեր հոգիներին, որոնք կորստյան վտանգի առաջ են, հատկապես, եթե ղեկավար պատասխանատու կոչում, պարտականություն և պատասխանատվություն ենք ստացել...
Վարդան ԳՐԻՉԵՆՑ

Դիտվել է՝ 3388

Մեկնաբանություններ