38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սպառված ծրագրեր

Սպառված ծրագրեր
06.10.2009 | 00:00

Դա եղել է բավական վաղուց։ 1990-ականներին ԱՄՆ-ը սկսեց իրագործել իր ծրագրերը Հարավային Կովկասի օդային տարածքի և ցամաքային կոմունիկացիաների վերահսկողության ուղղությամբ։ Այդ փուլում բավական սրություն ստացավ այն պրոբլեմը, որը Թուրքիան և Ադրբեջանը չկարողացան լուծել ո՛չ 1918-1920-ին, ո՛չ էլ խորհրդային քաղաքական համակարգի գոյության 70 տարիների ընթացքում։ Խոսքը վերաբերում է Մեղրու միջանցքին։
Ամերիկացիները փորձեցին համակարգել իրենց ռազմավարության երկու բաղադրիչները` վերահսկողության հաստատումը տարածաշրջանի վրա` օդային ու ցամաքային առումով։ Պարզվեց, որ այդ երկու խնդիրները սերտորեն կապակցված են։ Միաժամանակ այսօր էլ շատ կողմերով տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ի ծրագրերը Կովկասում, իրենց ողջ կարևորությամբ հանդերձ, չեն պարունակում ռազմավարական խնդիրներ, թեպետ այդ ծրագրերը սերտ կապված էին Եվրոպայում և Եվրասիայում ԱՄՆ-ի գլոբալ ռազմավարությանը, ինչպես նաև առաջնային բազավորման նոր դոկտրինին, որը 1990-ականներին միայն մշակման փուլում էր։ Այս հոդվածում մենք կներկայացնենք Ադրբեջանում օդանավակայանների ցանցը զարգացնելու ԱՄՆ-ի մտադրությունների մասին տեղեկատվություն, որպեսզի հասկանալի լինի, որ Մեղրու միջանցքի խնդիրն անմիջական առնչություն ուներ գլոբալ ծրագրերի հետ։
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ, Եվրոպայում ամերիկյան զորքերի հրամանատարի տեղակալ Չաք ՈՒոլդը նշեց այն երկրների ցանկը, որտեղ կարող են տեղակայվել ՆԱՏՕ-ի բազաները. Ադրբեջան, ՈՒգանդա, Սան-Տոմե և Պրինսիպի կղզի-պետություն։ Այդ մասին տեղեկություն է տարածել «Էխո» ադրբեջանական թերթը` հղում անելով ամերիկյան աղբյուրներին։ Ինչպես նշել է ՈՒոլդը ամերիկյան Defence news պարբերականին տված հարցազրույցում, ամերիկյան զինվորականների ապագայի խնդիրների մեջ է մտնելու նոր խողովակաշարի պաշտպանությունն Ադրբեջանում։ Ամերիկյան զինվորականները կցանկանային տարաբաժանել Հարավային Կովկասում ամերիկյան զինված ուժերի բազաների ստեղծման հարցը տարածաշրջանում գոյություն ունեցող ռազմաքաղաքական հակամարտություններից, և դա Պենտագոնի կարևոր խնդիրներից մեկն է։ ԱՄՆ-ը ձգտում է իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում հիմնավորել Կասպից ծովի ավազանի անվտանգության ապահովման խնդիրներով։ ԽՍՀՄ զինված ուժերի ենթակառուցվածքների ամբողջ ցանցը, որ մնացել էր Ադրբեջանում, լիովին քայքայված է։ Տեսականորեն ԱՄՆ-ը կարող է օգտագործել «Նասոսնայա» ավիաբազան, ուր նախկինում տեղակայված էր ՄԻԳ-25 ինքնաթիռների հակաօդային պաշտպանության գունդը, ԽՍՀՄ ռազմաօդային ուժերին պատկանող Քյուրդամիրի օդանավակայանը, Բաքվի միջազգային օդանավակայանը, Գանձակի օդանավակայանը, ուր ժամանակին տեղակայված էր ԽՍՀՄ զինված ուժերի 104-րդ օդադեսանտային դիվիզիան։ Սակայն այս օդանավակայանների մեծամասնությունը կապիտալ վերանորոգման ու վերազինման կարիք ունի ամերիկյան չափորոշիչներին համապատասխանելու համար։ Միանգամայն հնարավոր է, որ Մեղրու միջանցքի վրա վերահսկողության հաստատման խնդիրը պայմանավորված էր ոչ միայն ցամաքային հաղորդակցության ապահովման խնդիրներով, այլև այդ օդային միջանցքի օգտագործման անհրաժեշտությամբ, որով ամենակարճ կապը կստեղծվեր Անատոլիայում գտնվող ամերիկյան ռազմաբազաների և Կենտրոնական Ասիայի ու Կասպից ծովի տարածաշրջանների միջև։
Ամերիկյան բազաներն ապագայում կտեղակայվեն Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում, Ադրբեջանում, ՈՒզբեկստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում, Բահրեյնում, Քուվեյթում, Օմանում և Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այդ ստորաբաժանումների կազմն ու բնույթը հնարավոր կլինի բնութագրել տարբեր կերպ։ Օրինակ, դրանք կլինեն մոբիլ և ոչ խոշոր, պահեստային բազաներ, որոնք կտեղակայվեն ոչ թե կոմպակտ մի տեղում, այլ բավական ցրված։ Այդ ամենը կարվի շատ արագ և առանց հետաձգելու։ Միաժամանակ, Վրաստանով անցնող ուղիները, որ կապելու են ԱՄՆ-ի ստրատեգիական ուժերն Ադրբեջանի հետ, ամենայն հավանականությամբ, բավարար չէին, և ԱՄՆ-ը ցանկանում էր ապահովել այլընտրանքային ուղղության ստեղծումը Հարավային Կովկասի պետությունների հարավային սահմաններով։ Այդ պատճառով Կարս-Գյումրի-Մեղրի-Բաքու ուղղությունը դարձավ ոչ պակաս կարևոր, քան Փոթի-Թբիլիսի-Բաքու ուղղությունը։ 1990-ականներին արդեն կային նախանշաններ, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև խորանում են հակասությունները, սակայն հարաբերությունների սկզբունքային վատթարացում դեռ տեղի չէր ունեցել, և ամերիկացիներն այն ժամանակ կասկածներ չունեին, որ Թուրքիան կա և մնալու է իրենց հուսալի գործընկերն ու դաշնակիցը։ Այդ պատճառով Մեղրու «սեպի» հաղթահարումն ԱՄՆ-ը դիտարկում էր իբրև Թուրքիայի դիրքերի ուժեղացման ուղղություններից մեկը Հարավային Կովկասում։ 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Պենտագոնը դեռևս շարունակում էր հանդես գալ իբրև թուրքական շահերի գլխավոր լոբբիստը ԱՄՆ-ում, իսկ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության բարձրաստիճան և ոչ այնքան բարձրաստիճան շատ պաշտոնյաներ նկատելիորեն վարկաբեկվել էին թուրքերի հետ հարաբերություններով։ Օրինակ, Պենտագոնում գոյություն ունի այնպիսի թուրքական լոբբիստ, ինչպիսին էր հարավկովկասյան բաժնի ղեկավար Ռիչարդ Չոպան, որը, շատ նախանշաններից ելնելով, ամենայն հավանականությամբ, թուրքական դեսպանատան համապատասխան աշխատակիցներին էր տրամադրում այն տեղեկությունը, որ առիթից առիթ ստանում էր հայկական աղբյուրներից։ Միաժամանակ նա տապալեց Հայաստանում ԱՄՆ-ի ռազմական ատաշեի պաշտոնում ազգությամբ հայ զինվորականի նշանակումը, թեպետ այդպիսի գործունեություն կարող էր ծավալել և առանց իր ղեկավարության հրահանգի։ Այս հանգամանքը մի անգամ ևս խոսում է այն մասին, որ Պենտագոնում Թուրքիայի նկատմամբ շատ նախապատվելի վերաբերմունք կա։
Ադրբեջանում ամերիկյան ռազմակայանների տեղակայման կապակցությամբ ամերիկյան ռազմական փորձագետներից մեկը, մասնավորապես, նշել էր. «Ինչպես հայտնի է, Ֆիզուլու և Ղուբաթլիի շրջաններում 1990-ականների սկզբին տեղի են ունեցել ինտենսիվ ռազմական գործողություններ։ Այդ իսկ պատճառով ամերիկացիները պետք է իրականացնեն առաջնահերթ միջոցառումներ, որոնց մեջ մտնում են տեղակայման վայրերի նախապատրաստումը, տարածքի մաքրումն ականներից, ինչն առայժմ չի նկատվում։ Միաժամանակ, ամերիկացիները շատ լավ գիտեն, որ Ադրբեջանը սահմանակից է Իրանին և Ռուսաստանին, որոնց հետ ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերությունները լարված են։ Պաշտոնական Բաքուն հույսեր է կապում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հետ, սակայն զգուշանում է ռազմակայանների տեղակայումից, ինչը կարող է հանգեցնել հակադրության խորացմանը Իրանի և Ռուսաստանի հետ։ Ադրբեջանի տարածքում ամերիկյան բազաների տեղակայումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը դառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ»։
Այնուհանդերձ, չստեղծելով Ադրբեջանում ոչ մի ռազմաբազա, ԱՄՆ-ը ստեղծել է անհրաժեշտ պայմաններ` սովորական իրավիճակում իր ռազմատրանսպորտային ավիացիայի, իսկ էքստրեմալ պայմաններում` ռազմաճակատային ավիացիայի տեղակայման համար՝ միաժամանակ ապահովելով ռազմական տրանզիտը, օպերացիայի իրականացումը Կովկասյան-Կասպիական էներգետիկ համալիրի անվտանգության ապահովման և անհրաժեշտ պահին Իրանին ճնշելու համար։ Ամերիկացիներին բնորոշ է մեծ ուշադրությունը տարածաշրջանների աշխարհաքաղաքական առանձնահատկությունների և պրոբլեմների նկատմամբ։ Ընդ որում, նրանք մոռացության չեն մատնում արդեն վաղուց մշակված ծրագրերն ու երաշխավորությունները, և միայն հարմար պահի են սպասում իրենց գլոբալ ու լոկալ ռազմավարություններն իրականացնելու համար, եթե անգամ ընդհանուր ու մասնավոր խնդիրները փոխվում են։ Սակայն այս կապակցությամբ որոշումների կայացումը տարբեր պատճառներով ձգձգվեց, կորսվեց «պատմականորեն թանկ» ժամանակը։ Մեկ այլ վարկածի համաձայն, ԱՄՆ-ն ընդամենը սպասում էր տարածաշրջանում որոշ իրադարձությունների հանգուցալուծմանը, որոնք պայմանավորված էին խոշոր տերությունների շահերով, ուստի և նախընտրում էին անել այն, ինչն ավելի նպատակահարմար էր տեսանելի ու հեռավոր հեռանկարում։
Վերոնշյալ պրոբլեմի երկարատև և բազմակողմանի ուսումնասիրությունից հետո կարելի է հանգել եզրակացության, որ ԱՄՆ-ը պատրաստ չէր և չէր կարող լիովին հիմնավորել ռազմաօդային բազայի տեղակայումն Ադրբեջանում։ Սակայն ավելի քան տասը տարի ԱՄՆ-ն իրականացնում է աշխատանքներ Ադրբեջանի մի շարք օդանավակայանների արդիականացման ուղղությամբ։ ԱՄՆ-ի համար գլխավոր փաստարկ են ոչ թե ղարաբաղյան հակամարտության առկայությունը, այլ իրավիճակը Կասպից ծովում և իրանա-ադրբեջանական հարաբերությունները։ Ամերիկացիների համար դժվար է հիմնավորել իրենց ռազմական ներկայությունը Կասպիցի ավազանում` նկատի ունենալով ռուսական ռազմական ներկայության ընդլայնումն այնտեղ։ Սակայն ամերիկյան կովկասյան քաղաքականության մեջ իրանական թեման դառնում է առաջատար, ինչի հետ կապված էլ՝ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով առաջ քաշեց ՆԱՏՕ-ի խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման առաջարկը հայ-ադրբեջանական հակամարտության գոտում։ Անկասկած էր, որ ԱՄՆ-ին ամենից առաջ հետաքրքրում էր Իրանի հետ Արաքս գետով անցնող սահմանը։ Միաժամանակ ԱՄՆ-ը փորձեց լուծել Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանով ու Մեղրիով միմյանց կապող կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։ 2000 թվականին ամերիկացիներն ու եվրոպացիներն աննախադեպ ճնշում գործադրեցին Հայաստանի ղեկավարության վրա, նպատակ ունենալով գործնականում Ադրբեջանին հանձնել Մեղրու միջանցքի և Սիսիան-Բիչենեգ հատվածի վերահսկողությունը` միջազգային վերահսկողության քողի ներքո։
Այսօր անկասկած է, որ Մեղրու միջանցքի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրության բացակայությունը պայմանավորված է Հարավային Կովկասի օդային միջանցքով ռազմական տրանզիտի բնականոն իրականացմամբ։ Բայց ավելի կարևոր գործոն է այն, որ ԱՄՆ-ը սկսել է Թուրքիայի հավակնությունների զսպման երկարաժամկետ քաղաքականություն, և նրան այլևս չի հետաքրքրում կոմունիկացիաների բացման հեռանկարը Մեղրու ուղղությամբ։ Ջանքեր գործադրելով հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ՝ ԱՄՆ-ն այդպես էլ չի ցանկանում վերհիշել Մեղրու միջանցքը, հավանաբար չկամենալով նաև ուշադրություն հրավիրել այդ աշխարհաքաղաքական «կետին»։ Մեղրու միջանցքի հետ կապված ամբողջ նախորդ պատմությունը ցույց տվեց, որ ԱՄՆ-ի հզորացումը որևէ տարածաշրջանում ի վերջո հանգեցնում է նրան, որ նրանք ավելի քիչ են կարիք ունենում իբրև դաշնակիցներ ու գործընկերներ իրենց կողքին ունենալու խոշոր տարածաշրջանային տերությունների։ Միանգամայն հավանական է, որ կոմունիկացիոն խնդիրները, ներառյալ Մեղրու միջանցքը, ԱՄՆ-ը ներառել է Թուրքիային զսպելու համար նախատեսված հակակշիռների ու գործոնների ընդհանուր քաղաքական ծրագրերի մեջ։ ԱՄՆ-ը բաց չի թողնի իր վերահսկողության հաստատման որևէ հնարավորություն հարավկովկասյան միջանցքների վրա, եթե դրանք բխում են Թուրքիային զսպելու խնդիրներից։ Այդ կապակցությամբ Մեղրու միջանցքը, ամենայն հավանականությամբ, կմնա «կողպված», քանի որ հենց այդ իրավիճակն է նպաստում տարածաշրջանային էքսպանսիա իրականացնելու Թուրքիայի մտադրությունների սահմանափակմանը։ Դիտարկելով ամերիկյան քաղաքական ծրագրավորողների աշխատությունները, կարելի է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե որքան ուշադիր են ԱՄՆ-ում ուսումնասիրում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի պահվածքի հնարավոր դրսևորումները Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում իրենց վերահսկողությունը հաստատելու համատեքստում։ Վերջին տարիներին Ռուսաստանն ու ԱՄՆ-ը բառացիորեն մրցակցում են միմյանց հետ այս կամ այն աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացումն ընդօրինակելու համար։ Այդ իսկ պատճառով Մեղրու հետ կապված ԱՄՆ-ի քաղաքականությունը սկզբունքորեն չի կարող տարբերվել Ռուսաստանի և Իրանի նպատակներից։
Կոմունիկացիաների հարցը, ամենայն հավանականությամբ, 1990-ականներին էր համարվում գլխավոր գործոն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում։ Իր նշանակությամբ այդ հարցն անհամեմատ ավելի մեծ էր, քան առաջին հայացքից կարևոր համարվող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը։ Մինչդեռ բոլոր հարցերն իրենց նշանակությունը ձեռք էին բերում այնքանով, որքանով ազդում էին կոմունիկացիաների խնդրի վրա։ 1990-ականներն ամերիկյան քաղաքականության մեջ քաղաքական փորձարարությունների փուլ էին, երբ ԱՄՆ-ը փորձում էր համեմատել իր հավակնություններն այն իրողությունների հետ, որ գոյություն ունեին Հարավային Կովկասում ու Կասպից ծովի ավազանում։ ԱՄՆ-ը միայն մոտենում էր այն խնդիրներին, որոնց լուծումը պետք է թույլ տար իրագործելու նավթի ու գազի հաջող արդյունահանումն ու տեղափոխումը, որ նրանց գլխավոր նպատակն էր տարածաշրջանում։ 1990-ականներին ամերիկացիները համոզված էին, որ առանց Հարավային Կովկասում կոմունիկացիաների վերահսկողության հարցի լիարժեք ու վերջնական լուծման, անհնար է հասնել նավթային ծրագրերի իրագործման։ Այն ժամանակ թվում էր, թե այդ պրոբլեմների լուծումը դժվար չէ, տեղի կունենա շատ արագ ու կապահովի անվտանգության անհրաժեշտ պայմաններ։ Այն կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողությունը, որոնք տնտեսական աշխարհագրության մասնագետները համարում են առանցքային, այսինքն` երկաթուղին և Բաքու-Թբիլիսի-Բաթում հին նավթամուղը, շատ կարևոր էր, սակայն ոչ բավարար անվտանգության խնդիրների լուծման համար։ Անհրաժեշտ էր ստեղծել օդանավակայանների ցանց և վերահսկողության տակ վերցնել Բաթումից մինչև Աստարա ընկած տարածքը` տրանսպորտային ցանցի բոլոր ճյուղավորումներով հանդերձ։ Այս ուղղությունը ժամանակի ընթացքում ավելի մեծ նշանակություն ձեռք բերեց տարածաշրջանի ընդհանուր վերահսկողության խնդիրների շարքում, այդ պատճառով էլ Մեղրու միջանցքը կամ Մեղրու «սեպը» ավելի մեծ նշանակություն ստացավ Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ վարվող ամերիկյան քաղաքականության մեջ։
Արաքսի հովիտը, անկասկած, առավել անվտանգ կոմունիկացիոն ուղղությունն է ԱՄՆ-ի համար, բայց այդ հանգամանքը կարևորվում էր միայն մինչև 2000-ականների սկիզբը, այսինքն` թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը։ Մինչ այդ ոչ միայն ԱՄՆ-ը, այլև ՆԱՏՕ-ի նրա գործընկերները հզորագույն ճնշում էին գործադրում Հայաստանի քաղաքական ղեկավարության վրա՝ Մեղրու միջանցքի հարցում սկզբունքային զիջումների հասնելու համար, երբ խոսքը այդ շրջանում ոչ ավել, ոչ պակաս պետական սահմանի կոնֆիգուրացիայի փոփոխության մասին էր։ Դա ծայրահեղ խուճապ առաջացրեց Իրանում և ոչ պակաս մտահոգություն Մոսկվայում, որոնք էլ համապատասխան կերպով արձագանքեցին այդ իրադարձություններին։ Չնայած ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում անվստահության խորացման երկարատև փուլին, բեկումը տեղի ունեցավ 2003-ին և պայմանավորված էր Իրաքի հետ պատերազմում Թուրքիայի դրսևորած դիրքորոշմամբ։ Այդ ժամանակից ի վեր, կարծես կախարդական փայտիկի հրամանով, ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ ՆԱՏՕ-ի նրա գործընկերները դադարեցին հետաքրքրվել Մեղրու միջանցքով։ Տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ն ինքն այլևս թույլ չի տա այդ հարցում որևէ զիջում Հայաստանի կողմից, քանի որ բացարձակապես շահագրգռված չէ Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքերի հզորացմամբ։ Հարկ է նշել, որ ԱՄՆ-ն արդեն կարողացել է իրագործել նավթի ու գազի արդյունահանման ու տեղափոխման հետ կապված իր ծրագիրը, և այդ համակարգը Հարավային Կովկասում, ընդհանուր առմամբ, ստեղծված է, ընդ որում, առանց Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում որևէ առաջխաղացման։ Եվ այդ հանգամանքը նույնպես նպաստում է Մեղրու միջանցքի խնդիրը մոռացության մատնելուն։ Սակայն այդ հանգամանքների կողքին ԱՄՆ-ի նոր դիրքորոշման ձևավորման մեջ որոշիչ դերը պատկանում է ամերիկա-թուրքական նոր հարաբերություններին։ Ներկայումս ԱՄՆ-ն ակտիվորեն զարգացնում է իր նոր ռազմավարությունը Կենտրոնական և Հարավային Ասիայում, և դա առավելապես ուղղված է Չինաստանի էքսպանսիան Եվրասիայում կասեցնելուն։ Ամերիկա-հնդկական դաշինք ստեղծելու ձգտումը նույնպես ամենից առաջ հակաչինական ուղղվածություն ունի։ Այս պայմաններում Հարավային Կովկասի դերը ԱՄՆ-ի ծրագրերում նվազում է, քանի որ առաջնահերթություն են ձեռք բերում այլ կոմունիկացիոն ուղղությունները։ Դա լրջորեն կասկածի տակ է դնում ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Թուրքիայի նշանակությունն ԱՄՆ-ի համար, մինչդեռ Ռուսաստանի և Հնդկաստանի դերն առաջնային է դառնում։
Միջազգային քաղաքականության չափազանց բարդությունն ու խճճվածությունը թույլ են տալիս կենցաղային հոգսերով ապրող մարդկանց և նույնիսկ քաղաքական դասակարգին՝ գլուխ հանել ԱՄՆ-ի քաղաքականության գործընթացներից, բայց արդեն շատ բան է փոխվել գլոբալ աշխարհաքաղաքական դասավորվածության մեջ, այդ թվում` Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության առումով։ Փոխվել են նաև ԱՄՆ-ի հետաքրքրություններն այս կամ այն կոմունիկացիոն ուղղություններով, և այդ կապակցությամբ պետք է այլ կերպ դիտարկել ԱՄՆ-ի մտադրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Մեղրու միջանցքի պրոբլեմը և դրա շուրջ ծրագրերը, որ նախկինում այնքան մտահոգում էին ամերիկացիներին, այլևս սպառված են։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1658

Մեկնաբանություններ