38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Լենինի չարաբաստիկ ֆորմուլան այս հանձնաժողովի դեպքում չի աշխատելու»

«Լենինի չարաբաստիկ ֆորմուլան այս հանձնաժողովի դեպքում չի աշխատելու»
05.08.2008 | 00:00

ՈՒՂՂԱՀԱՅԱ՞Ց, ԹԵ՞ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ
ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ (մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ)
-Պարոն Նիկոյան, հավատո՞ւմ եք, որ կկարողանաք հակընդդեմ գնալ Լենինին, առավել ստույգ` նրա հայտնի թեզին. եթե ցանկանում ես ինչ-որ բան ծածկել, ստեղծիր հանձնաժողով:
-Դուք և Լենինը մեր հարցում սխալվում եք. հանձնաժողովում կան մարդիկ, ովքեր այնքան ազնվություն, անկեղծություն, պատասխանատվության զգացում ունեն ժողովրդի և պետության առջև, որ Լենինի չարաբաստիկ ֆորմուլան այս հանձնաժողովի դեպքում չի աշխատելու:
-ՈՒզենալը մի բան է, հնարավորությունը` մեկ այլ, թույլ տալը` երրորդ:
-Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` որևէ մեկը որևէ հարցում հանձնաժողովի առջև մինչ այս որևէ խոչընդոտ չի ստեղծել` ո՛չ հրապարակային, ո՛չ ստվերային:
-Չէ՛, ինչո՞ւ, դաշնակցությունը, օրինակ, էն օրը` ի դեմս Արտաշես Շահբազյանի, ասաց, որ հանձնաժողովը որպես անհրաժեշտություն հարցման կկանչի թե՛ Քոչարյանին, թե՛ Տեր-Պետրոսյանին, իսկ մյուս «ընկեր» Արծվիկ Մինասյանն էլ մի քանի օր հետո «հավելեց»` Քոչարյանը կարող է արհամարհել այդ «կանչը» և չներկայանալ: Խնդրեմ` տարընթերցում, եթե չասեմ` լուրջ խոչընդոտ:
-Արտյուշա Շահբազյանը շատ ճիշտ բան է ասել. որպես անհրաժեշտություն մենք իրավասություն ունենք ցանկացած պաշտոնյայի, անհատի, քաղաքական գործչի հրավիրել հանձնաժողով և լսել նրան: Այնուհանդերձ, քաղաքացուն պարտադրանքով «հրավիրելու» իրավասություն որևէ հանձնաժողով չի կարող ունենալ և պետք էլ չէ, որ ունենա:
-Հետաքրքիր է, պարիտետայի՞ն է լինելու «հրավերը». ասենք` եթե հրավիրվեց Քոչարյանը, պետք է հրավիրվի նաև Տեր-Պետրոսյա՞նը, թե՞...
-Ցույց կտա իրավիճակը. եթե պահանջվի կանչել երկուսին, երկուսն էլ կկանչվեն, եթե պահանջվի միայն մեկը, կկանչվի մեկը: Պարիտետ չկա, և ընդհանրապես, ոչինչ մեխանիկական չէ մեր աշխատաոճում:
-Վերադառնանք «Լենինին». պարոններ Համմերբերգն ու Պյուչը սխալվո՞ւմ էին, երբ պահանջում էին ստեղծել մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող անկախ փաստահավաք խումբ` պարիտետի սկզբունքով:
-Ձեր մատնանշած եվրոպական պաշտոնյաներն առաջնորդվում են հայաստանյան ընդդիմության և իշխանական որոշ ներկայացուցիչների, այսպես ասած, «քսիֆներով»: Սակայն հարցն այն է, որ նրանց դրած խնդիրը չի տեղավորվում 1620 բանաձևի պահանջների և մոտեցումների մեջ: Խնդրեմ, ևս մեկ անգամ վերցրեք այդ բանաձևը և տեսեք այնտեղ ինչ է ասված մարտի մեկի հանձնաժողովի մասին. նման պահանջ նրանում չկա:
-1620 բանաձևը պահանջում է մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող անկախ հանձնաժողով և հետաքննություն:
-Այնուհանդերձ, նրանք ողջունել են հանձնաժողովի ստեղծումը, միևնույն ժամանակ արձանագրել, թե ինչպես պետք է աշխատի հանձնաժողովը, այն է` հրապարակային, թափանցիկ, կոնսենսուսով: Եվ եթե որևէ մեկը հանձնաժողովի ստեղծման պահից փորձի ուսումնասիրել մեր գործունեությունը և եզրակացնի, թե ինչ-որ բաներ ճիշտ չեն արվում, ու կատարված աշխատանքից ելնելով գնահատական տա, մեզ համար լրիվ հասկանալի կլինի: Բայց երբ եվրոպական որևէ չինովնիկ ընդամենը, ինչպես ասացի, «քսիֆների» վրա եզրակացություններ է անում, կարծում եմ, նրանք գործընթացները տեղափոխում են զուտ քաղաքական դաշտ, ինչը, անշուշտ, անթույլատրելի է:
-Իսկ հնարավո՞ր է՝ Ձեր մեջ մի քիչ «խանդ» կա փաստահավաք առաքելության մասով, որովհետև անկախ այդ մարմինը կարող է «մտնել» շատ նուրբ շերտեր, ինչի իրավասությունը, գոնե այս պահին, ունի լոկ հանձնաժողովը:
-Բացարձակապես: Ասեմ անկեղծ. հանձնաժողովը ներկա քանակով մոտենում է այն ծավալի խնդիրներին, որ քանակապես այլևս չենք բավարարում: Նաև` հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են ակտիվ աշխատում: Եվ վերջապես` փորձագետներն էլ են քիչ:
-Ովքե՞ր լավ չեն աշխատում:
-Թույլ տվեք չբարձրաձայնել: Անցնեմ առաջ. այդ իսկ պատճառով եթե, ձևավորվի փաստահավաք խումբ, որի ստեղծման մեխանիզմները ճշտված կլինեն, և փոխադարձաբար ընկալելի կլինենք մեկս մյուսի համար, ապա հանձնաժողովը կողջունի խմբի ստեղծումը: Բայց եթե փորձ արվի ստեղծել մի մարմին, որը, ըստ էության, ուղղակի կամ ոչ ուղղակի կփորձի փոխարինել հանձնաժողովին, ապա հանձնաժողովը դա չի հանդուրժի:
-Այսինքն` Դուք ուզում եք, որ Ձեր հարաբերությունները փաստահավաք խմբի նկատմամբ ուղղահայաց լինեն և ոչ` հորիզոնական-հավասար:
-Փաստահավաք խումբը պետք է ունենա ինքնուրույն աշխատելու-գործելու հնարավորություն, նաև` լիազորություններ: Այդ լիազորություններն այսօր ունի հանձնաժողովը: Եթե խումբը պետք է գործի այժմվանից, դա պետք է անի հանձնաժողովի շրջանակներում` չունենալով քվեարկելու, քննարկելու լիազորություններ. ասել է` փաստահավաք խումբը հավաքում է փաստերը և տրամադրում հանձնաժողովին: Եթե ոչ, ապա պետք է սպասել, մինչև ԱԺ-ն սեպտեմբերի կեսերին վերադառնա արձակուրդից և անդրադառնա խնդրին:
-Բայց, պարոն Նիկոյան, եվրոպական կառույցները մինչև սեպտեմբերի տասնմեկը` ԵԽ մոնիտորինգի նիստն են ժամանակ տվել, փաստորեն, տարընթերցում կա: Ո՞նց է լուծվելու հարցը:
-Չեմ կարող ասել. հազար ու մի լուծում կարող է լինել:
-Պարոն Նիկոյան, քաղբանտարկյալներն օրերս հանդես եկան հայտարարությամբ, որ չեն վստահում հանձնաժողովի անաչառությանը, չեն ցանկանում, որ հանձնաժողովի անդամներն իրենց հետ հանդիպեն: Այնուհանդերձ, շարունակելո՞ւ եք նրանց առողջական և «այլական» խնդիրներով մտահոգվել, խափանման միջոցները փոփոխելու միջնորդությամբ հանդես գալ:
-Մենք մտահոգվում ենք բոլոր խնդիրներով, և մեր մարդկային-պատգամավորական պարտքն էինք կատարում, երբ այցելում էինք նրանց. ԱԺ ընդունած որոշման մեջ նման խնդիր դրված չէ մեր առաջ: Եթե չեն ուզում, որ մենք իրենց հետ հանդիպենք, չենք հանդիպի: Ինչ վերաբերում է «մտահոգություններին», ապա հանձնաժողովը յուրաքանչյուր մասնավոր դեպքի կանդրադառնա, եթե լինի դիմում հանձնաժողովին: Եվ կամ` մեր ձեռքի տակ եղած փաստերը նման անհրաժեշտություն առաջացնեն: Հանձնաժողովը չի կարող էմոցիոնալ` բարի ցանկությունների դաշտում գործել: Իհարկե, բարի ցանկությունները լավ բան են, բոլորս համակված ենք այդ ցանկություններով, բայց դրանք միշտ չէ, որ կոչված են իրականություն դառնալու, այդ իսկ պատճառով էլ մեր քայլերն իրատեսական դաշտում են կատարվում:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 5387

Մեկնաբանություններ