«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԱԶԱՏԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ

ԱԶԱՏԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ
31.05.2011 | 00:00

Թեև որոշ տնտեսագետներ փորձում են զուգահեռներ անցկացնել 1929-1933 թթ. Մեծ ճգնաժամի և ներկայիս` 2008 թ. ծայր առած համաշխարհային տնտեսական ճգնաժամի միջև, այնուամենայնիվ, տարբերությունները հակակշռում են ընդհանրությունները: Ազատական գաղափարախոսության հիմնավորված քննադատությունը բնավ նոր երևույթ չէ: Այն առավել համակարգված ձևով հնչեցրել է լորդ Ջոն Մեյնարդ Քեյնսը, որի 1936 թ. հրապարակած «Զբաղվածության, տոկոսադրույքի և փողի ընդհանուր տեսությունը» իրական հեղափոխություն համարվեց տնտեսագիտական ուսմունքում: Չանդրադառնալով բոլոր մանրամասներին, հարկ է, այնուամենայնիվ նշել, որ կարևորագույն առանձնահատկություններից մեկը ոչ միայն տնտեսական, այլև գաղափարախոսական ճգնաժամն է:
Գաղափարախոսական կարելի է անվանել ճգնաժամն այն պատճառով, որ հենց այս փուլում առավել ցայտուն դրսևորվում են ոչ միայն ազատական տնտեսության արատները, այլև վերջնականապես կարելի է արձանագրել, որ աշխարհում չի մնացել որևէ երկիր, որն ունենա բացարձակ ազատական տնտեսություն: Անգամ ճգնաժամից շատ առաջ Արևմուտքի զարգացած արդյունաբերական երկրները շարունակաբար օգտագործում էին տնտեսավարման մեթոդներ, որոնք ավանդաբար բնորոշ են վարչահրամայական համակարգին: Խոսքը վերաբերում է պլանավորմանը, որն օգտագործվում է ինչպես միկրո մակարդակում` առանձին ընկերությունների, այնպես էլ մեզո և մակրո մակարդակներում: Զարգացած երկրների կառավարություններն անգամ կոորդինացնում են պլանները միջպետական մակարդակով: Դրա փայլուն օրինակն այսօր Եվրամիությունն է և նրա վարած համակարգված, միասնական տնտեսական քաղաքականությունը: Մյուս կարևոր հակասությունն ազատական համակարգի հետ պետական, հանրային սեփականության առկայությունն է և դրա ծավալների ավելացումը: Հատկապես ճգնաժամի փուլում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, այլ երկրների կառավարությունները ակտիվորեն մասնակցում են տնտեսական մրցակցությանը, շուկայական հարաբերություններին և մեծ գումարներ են հատկացնում մասնավոր բանկեր և արդյունաբերական խոշոր ընկերություններ ձեռք բերելու համար: Արդյունքում ավելանում է հանրային սեփականության տեսակարար կշիռը: Հիշեցնենք, որ 2008-2009 թթ. լիբերալ գաղափարախոսության առաջատար ԱՄՆ-ում կառավարությունը հարկատուների գումարներով սնանկացումից փրկեց ոչ միայն մասնավոր Washington Mutual բանկը, այլև խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկը` General Motors-ը: Ի՞նչ է սա. ազատական գաղափարախոսության նոր դրսևորո՞ւմ, թե՞ ադմինիստրատիվ պլանային համակարգին բնորոշ պետական միջամտություն և տնտեսության ու շուկայի պետական կարգավորում: Նման օրինակները, իհարկե, եզակի բնույթ չեն կրում: Նույն երևույթներն առկա են բառացիորեն բոլոր զարգացած երկրներում: Բացի մասնավոր ընկերություններ «փրկելուց», պետությունը զարգացած երկրներում կոպտորեն խախտում է ազատական գաղափարախոսության հիմնարար սկզբունքը` ազատ մրցակցությունը, և պետական գանձարանից սուբսիդիաներ տրամադրելով, օրինակ, ֆերմերներին, արհեստականորեն էժանացնում է գյուղատնտեսական մթերքների ինքնարժեքն ու գինը, բարձրացնում դրանց մրցունակությունը ներքին շուկայում, դրանով իսկ անարդար մրցակցություն ծավալում զարգացող երկրների գյուղմթերքների համար` փակելով դրանց մուտքը սեփական սպառողական շուկաներ: Այսպիսով, ակնհայտորեն սպառել է իրեն տնտեսագիտության դասական դպրոցի ուսմունքը, համաձայն որի` ապրանքների գները որոշվում են շուկայական ուժերի` պահանջարկի և առաջարկի հիման վրա, և պետությունը չի կարող միջամտել մրցակցությանը: Ի դեպ, ֆինանսատնտեսական ճգնաժամը տարբերվում է գաղափարախոսական ճգնաժամից նրանով, որ տնտեսությունը, վաղ թե ուշ, դուրս է գալու այս փուլից, մինչդեռ գաղափարախոսական ճգնաժամից դժվար թե ելք գտնվի, և հազիվ թե որևէ երկրում հնարավոր լինի այսուհետ պահպանել ազատական գաղափարախոսության իմունային համակարգը և բացարձակ արժեքները: Պարզ է նաև, որ ճգնաժամի փուլը հաղթահարելուց հետո աշխարհում գրեթե ոչ մի երկիր ի վիճակի չի լինի «վայրի կապիտալիզմի»` բացարձակ ազատական մեթոդներով ապահովելու կայուն զարգացում: Պետության որոշակի միջամտությունը շուկայի կարգավորման հարցերում իրեն միշտ զգալ կտա:
Երևութային գործոններից չի կարելի անտեսել պատասխանատվության ճգնաժամը: Ինչպես ներքին շուկայում, այնպես էլ համաշխարհային տնտեսությունում քիչ չեն տեղական և միջազգային ֆինանսատնտեսական կառույցները, որոնցից յուրաքանչյուրը գործել է իր գործառույթների շրջանակում և անտեսել խմբային կամ թիմային պատասխանատվությունը: Այլ կերպ ասած, ցանկացած երկրի (բացառությամբ Եվրամիության) ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը, այլ կառույցներ, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը և այլք, փորձել են հիվանդին` տնտեսությունը, բուժել իրենց նեղ մասնագիտական ուժերի և գիտելիքների շրջանակներում, թողնելով մնացածը դեպքերի և միտումների քմահաճույքին: Սահմանափակելով պատասխանատվությունը կամ գցելով այն միմյանց վրա, իրականում ոչ ոք չի ստանձնել գլխավոր, համընդհանուր պատասխանատուի կամ գլխավոր բժշկի դերը: Իրականում այդ դերը վերապահված է միայն պետությանը` իր կարգավորիչ և վերահսկիչ գործառույթներով, իսկ անկախացումից ի վեր, ըստ էության, վերացրել են նաև գլխավոր պատասխանատուի հաստիքը և համոզել, որ հիվանդն ինքն իրեն պետք է բուժի, այսինքն` շուկան ինքնակարգավորվող է, և արդյունքում վերացել է նաև պատասխանատվության հասկացությունը: Անգամ այնտեղ, որտեղ շրջանառության մեջ է մտցվում ոչ միայն սեփական արժույթը, այլև համաշխարհային արժույթը` հիմնական վարակակիրը, որի կողմից համաճարակի տարածման համար, ըստ էության, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում: Մինչդեռ համաշխարհային տնտեսության ցանկացած ցնցում կարող է լրջորեն անդրադառնալ ԱՄՆ դոլարի փոխարժեքի վրա, իսկ ԱՄՆ-ի տնտեսության և արժութային համակարգի հետ կապված ցանկացած էական փոփոխություն փոխազդում է համաշխարհային տնտեսությանն ինտեգրված երկրներին:
Միամտություն կլինի մտածել, թե որևէ մեկը կապաշխարի կամովին և կստանձնի այս ամենի պատասխանատվությունը: Պատասխանատվության ճգնաժամի ելքը, մեր համոզմամբ, հակակշիռների և զսպումների մեխանիզմի ստեղծումն է համաշխարհային տնտեսությունում և անցումը միաբևեռ աշխարհից դեպ բազմաբևեռ աշխարհ, ուր գլոբալ մակարդակով կիրականացվեն կարգավորիչ և վերահսկիչ գործառույթները` հիմնական խաղացողների կողմից: Իսկ յուրաքանչյուրի դերը պայմանավորված է իրավունքի և պատասխանատվության խելամիտ հարաբերակցությամբ: Բնավ ընդունելի չէ, երբ իրավունքները տրվում են անսահման քանակությամբ, իսկ պատասխանատվությունը կրում է ձևական բնույթ: Նորմալ չէ նաև հակառակը: Չափից ավելի պարտականություններով ծանրաբեռնումն առանց համարժեք իրավունքների, ի վերջո, կարող է հանգեցնել անցանկալի լարվածության: Անպատասխանատու կեցվածքը բուրգի գագաթից կարող է անցնել ամբողջ կառույցների և կաթվածահար անել դրանց արդյունավետ գործունեությունը: Այս վտանգից ապահովագրված չեն ոչ միայն մասնավոր, այլև պետական հատվածներում` իրենց տարբեր ենթահամակարգերով: Ֆինանսական ճգնաժամի ներկա փուլում ոմանք կարծես դիտորդի կարգավիճակում են: Անգամ նրանք, ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում ստեղծված իրավիճակի համար` օրենսդիրն ու գործադիրն իրենց մասով, գործարարն ու սպառողն` իրենց: Մարդկության պատմության տարբեր հատվածներում հենց պատասխանատվության ոչ բավարար գիտակցումը, իսկ երբեմն էլ` դրա բացակայությունն են պատճառ դարձել բազմաթիվ հետընթացների և ձախողումների, որոնց հետևանքները վերացնելու համար պահանջվել են տասնամյակներ ու հարյուրամյակներ:
Ի վերջո, նախորդ գործոնների ճգնաժամի պայմաններում անխուսափելի է դառնում նաև վստահության ճգնաժամը: Տնտեսական ողջ համակարգի հիմքերի սասանման, դասական ազատական գաղափարախոսության հոգեվարքի և պատասխանատվության գիտակցության դեֆիցիտի պայմաններում զարմանալի կլիներ, եթե փոխադարձ վստահությունը պահպանվեր բավարար մակարդակի վրա: Ընդսմին, վստահությունը փոշիանում է ինչպես առանձին երկրների ներսում` բանկերի, ապահովագրական ընկերությունների, այլ կառույցների հանդեպ հաճախորդների, սպառողների տարբեր խմբերի, այնպես էլ կառավարությունների, կենտրոնական բանկերի հանդեպ քաղաքացիների վստահությունը: Ավելին, վստահությունը հազվադեպ է առկա առանձին միջազգային կազմակերպությունների հանդեպ տեղական կառույցների կամ անհատների վերաբերմունքում: Չնչին բացառությամբ, իրար չեն վստահում նաև տարածաշրջանային մակարդակում, գնալով բարդանում են հարևանների հետ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունները: Դրանք հաճախ միջնորդվում են այլ երկրների կամ կառույցների հետ կապերով, որը երկրորդ պլան է մղում վստահության գործոնը: Արդյունքում, տնտեսական համաճարակի փուլում գնալով թուլանում է վստահությունը տնտեսության առողջացման հարցում դերակատարություն ունեցողների հանդեպ:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2804

Մեկնաբանություններ