38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ապահովագրական ընկերությո՞ւն, թե՞ «կոտոշներ ու սմբակներ մթերող» գրասենյակ

Ապահովագրական ընկերությո՞ւն, թե՞ «կոտոշներ ու սմբակներ մթերող» գրասենյակ
27.03.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի փոստից
2008-ի փետրվարին «Լոնդոն-Երևան» ընկերությունում ապահովագրեցի «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաս, հավատալով ընկերներիս հավաստիացումներին, թե գործ ունեմ բավականին լուրջ ու վստահելի գործակալության հետ։ Կնքվեց համապատասխան պայմանագիր, որի համաձայն ֆիրման պարտավորվում էր ցանկացած վթարի դեպքում (անկախ այն բանից` ապահովագրված մեքենայի վարո՞րդն է մեղավոր, թե՞ մյուս) փոխհատուցել վնասը 1,5 մլն դրամի չափով (ինքս նախապես 104 հազար դրամ եմ վճարել պայմանագրի համար)։
2008-ի օգոստոսին Շրջանայինում ավտոմեքենայիս հետ մի փոքր պատահար եղավ, դեպքի վայր ժամանեցին ապահովագրական գործակալության աշխատակիցները, ինչպես ամրագրված էր պայմանագրում, հրավիրեցին պետավտոտեսչության ծառայողներին, սակայն որևէ փոխհատուցում, բնականաբար, վնասի դիմաց չտրվեց։ Պատճառաբանությունն այն էր, որ եթե վնասի չափը չի գերազանցում 300 դոլարը, ապա այն պետք է վերականգնի վարորդը։
Հոկտեմբերի 27-ին Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին այս անգամ բավականին լուրջ վթարի ենթարկվեցի։ Վաղ առավոտ էր, ճանապարհը` թաց, և ես շտապում էի Մարտունի` տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու համար, քանի որ այնտեղ եմ գրանցված։ Շատ անսպասելի դատարկ մայրուղու վրա մի շուն դուրս թռավ, արագ արգելակեցի, մեքենաս ձախ թեքվեց, հետո դարձավ անկառավարելի, ենթագիտակցորեն ես ինձ դուրս նետեցի խցիկից, քանի որ տեսա` մեքենան ուր-որ է կբախվի ժայռին։ Այդպես էլ եղավ, ժայռին բախվելուց հետո մեքենան մի քանի անգամ գլորվեց դեպի աջ ու կանգ առավ։ Բնականաբար, այլ ավտոմեքենաների վարորդներ օգնեցին ինձ, մեքենաս հեռացրին մայրուղուց, որպեսզի երթևեկությանը չխանգարի, բջջային հեռախոս տվեցին, որպեսզի հարազատներիս օգնության կանչեմ (իմ հեռախոսը մնացել էր մեքենայի մեջ, ավելի ուշ գտանք)։ Ես նախ եղբորս զանգահարեցի, հետո` պետավտոտեսչություն և, իհարկե, ապահովագրական գործակալություն, որի աշխատակիցների հետ մեծ դժվարությամբ կարողացա կապ հաստատել։ Ինչևէ, խոստացան, որ մեկ ժամից դեպքի վայրում կլինեն։ Ժամանեցին, իհարկե, շատ ավելի ուշ, երբ ես պետավտոտեսչությունում արդեն գրավոր բացատրություն էի ներկայացրել, և խմածություն էլ չէր արձանագրվել։ Երբ «Լոնդոն-Երևան» ֆիրմայի աշխատակիցներն արդեն դեպքի վայրում էին, հենց մեքենայի մոտ էլ սկսվեց այն տհաճ «ռազբորկան», որն էլ, ի վերջո, պատճառ դարձավ, որպեսզի դիմեմ դատարան` օրենքի ուժով ինձ հասանելիք փոխհատուցումը ստանալու համար։ Կարճ ասած, ինձ ասացին, որ իրենց ֆիրման դիմել է ապօրինի գործարքների, համաձայնության գալով պետավտոտեսուչների հետ, և որ իրենք էլ այս պարագայում դեմ չէին լինի գնալ նման գործարքի, եթե ինքս դա առաջարկեմ։ Ես, բնականաբար, առաջարկելու ոչինչ չունեի, քանի որ լուրջ վթար էր տեղի ունեցել և ոչ թե վթարի իմիտացիա, ինչպես ավելի ուշ իրենք էին փորձում ներկայացնել` փոխհատուցումից խուսափելու համար (հետագայում իմ փաստաբանին հաջողվել է պարզել, որ ես «Լոնդոն-Երևան» ֆիրմայից խաբված միակ վարորդը չեմ, և «կոտոշներ ու սմբակներ մթերող» գրասենյակի «շուլլերային» աշխատաոճն այս կազմակերպության սովորական ձեռագիրն է)։
Ամիսներ տևած աբսուրդի հասնող քաշքշուկից հետո (այսպես կոչված, փորձագիտական հետաքննություն և այլն), մարտի 16-ին Երևանի Նորք-Մարաշ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Գայանե Կարախանյան) բավարարեց իմ հայցն ընդդեմ «Լոնդոն-Երևան» ֆիրմայի` պարտավորեցնելով վերջինիս փոխհատուցել վթարի հետևանքով իմ ավտոմեքենային պատճառված 4,5 մլն դրամի վնասը։ Ի դեպ, եթե այդ գումարը տրվեր ինձ վեց ամիս առաջ, երբ ֆինանսական ճգնաժամը դեռ չէր խորացել, և դրամն էլ այսչափ չէր արժեզրկվել, ես դեռ կկարողանայի վերանորոգել ավտոմեքենաս, որը հիմա, ինչպես ասում են, մի անպետք «ժեշտի կտոր» է դարձել, քանի որ մոտ կես տարի մնացել է հարևանիս բակում` բաց երկնքի, անձրևի ու ձյան տակ։
Ինչո՞ւ որոշեցի այս մասին գրել «Իրավունքը de facto»-ին, մանավանդ որ դատն իմ օգտին է լուծվել։ Այն պարզ պատճառով, որ անգլիական բրենդով քողարկվող ինչ-որ ընկերություն վիրավորել է իմ` Հայաստանի Հանրապետության քաղաքացուս արժանապատվությունը, մոտ կես տարի ջլատել նյարդերս, սպանել ժամանակս` պատճառելով թե՛ նյութական, թե՛ բարոյական լուրջ վնաս։ Եվ հատկապես բարոյական, որն արդեն որևէ գումարով հնարավոր չէ փոխհատուցել։
Կարեն ՊՈՂՈՍՅԱՆ
Բժիշկ-վնասվածքաբան

Դիտվել է՝ 4094

Մեկնաբանություններ