«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Տեղեկատվական տեխնոլոգիաներ
24.04.2012 | 00:00

Հունիսի 15-16-ին Երևանում կանցկացվի ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը։ Այն անցկացվում է 2008 թվականից՝ տարեցտարի ընդլայնելով իր շրջանակներն ու ավելի մեծ թվով սպառողների տեղեկացնելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների անհրաժեշտության մասին։ Ամենամյա այս համաժողովն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո։ «ԴիջիԹեք» գործարար համաժողովի շուրջ զրուցում ենք Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։

-«ԴիջիԹեք» բիզնես ֆորումի հիմնական նպատակը Հայաստանի տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) կիրառման առումով առկա բացը ծածկելն է,- ասում է Կարեն Վարդանյանը։- Իհարկե, զարմանալի է, որ այդ բացը կա, քանի որ հայկական ՏՏ ընկերություններն այլ բիզնեսների համար լուծումներ արտադրում են հենց Հայաստանում, սակայն դրանք, չկիրառվելով ներսի շուկայում, արտահանվում են։ Հայաստանյան գործարար սպառողը կա՛մ դրանց մասին տեղյակ չէ, կա՛մ չի կարողանում օգտագործել, կա՛մ էլ նորագույն տեխնոլոգիաներն իրեն պետք չեն։ Տեխնոլոգիաները չկիրառելու հիմնական պատճառը մենաշնորհային տնտեսությունն է։ ՀՀ տնտեսության 70-80 տոկոսը կա՛մ օլիգարխիկ, կա՛մ վարչական բիզնեսի մաս է կազմում, որոնք մրցակցային դաշտից դուրս են և իրենց առջև լուրջ զարգացման խնդիրներ չեն դնում։ Այս պայմաններում ընկերություններն ուղղակի տեխնոլոգիական լուծումների օգտագործման լուրջ կարիք չունեն։ «ԴիջիԹեք» գործարար համաժողովի թիրախային լսարանն այն հայկական բիզնեսն է, որը դուրս է օլիգարխիկ, ադմինիստրատիվ շրջանակներից և իր ապագան կապում է Հայաստանի հետ՝ գտնվելով մրցակցային դաշտում։ Ես դա անվանում եմ ազգային բիզնես, որի ղեկավարներն իսկապես զարգացման դաշտ են տեսնում և ուզում են Հայաստանում լավ արդյունքների հասնել՝ բարձրացնելով իրենց աշխատանքի արդյունավետությունը։ Եվ որպեսզի մեր թիրախային լսարանն իր նպատակին հասնի, մենք ստեղծում ենք համապատասխան միջավայր, որը կոչվում է «ԴիջիԹեք» բիզնես ֆորում, որտեղ տեխնոլոգիական արտադրանք և ծառայություններ առաջարկողները կարող են հանդիպել գործարար սպառողի հետ։

-Ի՞նչ ձևաչափ է ունենալու գործարար համաժողովը։

-Նախ՝ ֆորումի շրջանակում կանցկացվի ցուցահանդես, որտեղ շուրջ 30-40 ընկերություն կներկայացնի իր ձեռքբերումներն ու առաջարկները։ Երեք դահլիճներում զուգահեռ տեղի են ունենալու գործարար ներկայացումներ՝ այդ նույն պրոդուկտների, ծառայությունների վերաբերյալ։ Բիզնես ֆորումի շրջանակում տեղի կունենա նաև պրոբլեմային քննարկում՝ պարզելու համար, թե ինչու են տեղեկատվական տեխնոլոգիաները քիչ կիրառվում Հայաստանում, և որն է այդ վիճակից դուրս գալու ելքը։ Ակնհայտ է, որ քիչ կիրառման պատճառներից մեկն էլ այն է, որ մեր ընկերությունների մեծ մասը զբաղվում է արտահանմամբ, ներքին շուկայի վրա աշխատող ձեռնարկությունները քիչ են։ Կարևոր է խրախուսելը նորաստեղծ ընկերությունների մուտքը շուկա, որոնք կարող են այդ ծառայությունները ստեղծել, ներդնել և հետագայում սպասարկել։ Այս առումով բիզնես ֆորումն ավանդաբար աջակցում է նորաստեղծ ընկերություններին՝ մասնակցության հատուկ պայմաններ տրամադրելով նրանց։ Մյուս կողմից էլ, «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը շատ լավ հարթակ է կառավարության շրջանակներում աշխատող ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետների համար, որովհետև ՏՏ լուծումներից շատերը հնարավոր է և պետք է կիրառել նաև կառավարության գործառույթներն ավտոմատացնելու համար։

-Ի՞նչ թիրախային խմբերի համար է նախատեսված «ԴիջիԹեք» բիզնես համաժողովը։

-Բիզնես ֆորումը նախատեսված է երկու թիրախային լսարանի համար՝ այն ընկերությունների, որոնք հասկանում են տեխնոլոգիաների արժեքը, և տեխնոլոգիական հնարավորությունից անտեղյակ ընկերությունների ու գործարարների համար։ Այսօր մեր տնտեսության կարևորագույն հարցերից մեկը տնտեսության արդիականացումն է, ինչը կարող է լուծվել տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ։ Որպես կանոն, տեխնոլոգիական կիրառման առումով առաջատարը պետություններն են։ Ցավոք, մեզ մոտ դեռ այդպես չէ։ Այնպես է ստացվել, որ այս հարցում մեզանում ավելի ակտիվ ու նախաձեռնող է գործարար ոլորտը։ Երկրի մոդեռնիզացիայի առաջնորդը հենց տեխնոլոգիական բիզնեսն է, քանի որ այն ավելի կազմակերպված է, ավելի շատ է շփվում միջազգային շուկայի հետ, ավելի տեղեկացված է և այլն։ Ընդգծեմ, որ միջոցառումն անցկացվում է վարչապետի հովանու ներքո, ինչը նշանակում է, որ պետության կողմից տնտեսության մոդեռնիզացիայի խնդիրը դրված է։

-«ԴիջիԹեք» բիզնես ֆորումը նաև որոշակի միջազգային հարթակ է։ Այս տարի ի՞նչ ակնկալիքներ ունեք միջազգային ընկերությունների մասնակցության առումով։

-Ակնկալում ենք, որ «ԴիջիԹեք»-ում ներկայացված կլինեն Հարավարևելյան Եվրոպայի երկրների համապատասխան ասոցիացիաների, տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ։ Ներկա կլինեն նաև առանցքային խոսնակներ Եվրոպայից, հատկապես այն երկրներից, որոնք առօրյա բիզնեսում ՏՏ կիրառման մեծ փորձ ունեն։ Առանցքային խոսնակների հրավերի հարցում մենք բավականին լուրջ աջակցություն ենք ստանում է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունից (USAID)։ Սպասում ենք, որ համաժողովին կմասնակցեն մեր գործընկերները Վրաստանից։ Այսօր վրացական շուկան մեր ընկերությունների համար հետաքրքիր է, և բիզնես ֆորումը վրացիների հետ կապերի հաստատման լավ հնարավորություն կստեղծի։ Աշխատելու ենք Հայաստանում գործող բոլոր պրոֆեսիոնալ ասոցիացիաների՝ բանկերի, գործարարների, գինեգործների, դեղագործների և այլ ասոցիացիաների հետ, որպեսզի նրանց անդամներն իսկապես գտնեն այն լուծումները, որոնք այսօր թե՛ ժամանակակից են, թե՛ մրցունակ։

Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2387

Մեկնաբանություններ