«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԿԲ-Ի ՇՆՈՐՀԻՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՇՐՋԱՆՑՈՒՄ ԵՆ ԴԻԼԻՋԱՆՑԻՆԵՐԻՆ

ԿԲ-Ի ՇՆՈՐՀԻՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՇՐՋԱՆՑՈՒՄ ԵՆ ԴԻԼԻՋԱՆՑԻՆԵՐԻՆ
19.07.2011 | 00:00

«Դիլիջանից Փարիզ են սարքում, բայց մե՞զ ինչ, հո մեր երեխեքը չեն աշխատելու էդ շենքերում։ Էլի իրանց համար է, էլի իրանք կհարստանան, մենք կմնանք առանց աշխատանքի»,- այսպես էին արտահայտվում դիլիջանցիներն իրենց քաղաքում կառուցվող ԿԲ-ի ուսումնական կենտրոնի մասին։
Այլ կերպ ասած, Դիլիջանը ֆինանսական կենտրոն դարձնելու կառավարության որդեգրած քաղաքականությունն իրականություն է դառնում։ Ինչ խոսք, վաղուց ժամանակն էր, որ ղեկավարությունը դեմքով շրջվեր դեպի մարզերը, որոնց համաչափ զարգացման ռազմավարությունը հաստատվել է դեռևս 2008-ին։ Գուցե այն շատ ավելի արդյունավետ լիներ, ու գործընթացներն ավելի արագ ընթանային, եթե վրա չհասներ գլոբալ ճգնաժամը։ Սակայն այս պահին, բոլոր դեպքերում, պետք է նշենք, որ աստիճանաբար Դիլիջանում հստակ քայլեր են իրականացվում քաղաքը զարգացնելու ուղղությամբ։ Վերջին մեկ-երկու տարիներին Դիլիջանում սկսել են ամռան ընթացքում տները վարձով տալ, և տարեցտարի դրանց գինն ավելանում է։ Սա նշանակում է, որ Դիլիջանի նկատմամբ հանգստացողների հետաքրքրությունը մեծանում է։ Այսինքն, գոնե ամռան շրջանում դիլիջանցիների եկամուտը որոշ չափով ավելանում է։ Բայց և այնպես, չի կարելի ասել, որ դա այն հիմնական միջոցն է, որը աշխատատեղի խնդիր է լուծում։
Այն, որ մարզկենտրոնում և հատկապես գյուղական վայրերում աշխատատեղն ամենածանր և դժվար խնդիրն է, նորություն չէ։ Եվ երբ կառավարությունը որդեգրեց Դիլիջանը ֆինանսական կենտրոն դարձնելու քաղաքականությունը, ոչ միայն դիլիջանցիները, այլև իջևանցիներն ու այս քաղաքների հարակից գյուղերի բնակիչներն ուրախացան, մտածելով, որ նոր աշխատատեղեր կարող են ստեղծվել։ Բնականաբար, աշխատատեղերի խնդիրը կարևորվել է այս ծրագրում, սակայն բնակիչներն այս պահին հուսախաբված են, քանի որ տեղեկացել են, որ ԿԲ-ի դիլիջանյան ուսումնական կենտրոնում աշխատելու են երևանաբնակ ԿԲ-ի մասնագետները։ Սա արդեն փաստ է, քանի որ այդ մասին վկայում է նաև ԿԲ-ն։ Ըստ տարբեր խոսակցությունների, 150-300 աշխատակից կտեղափոխվի Դիլիջան, իսկ սա նշանակում է, որ Տավուշի մարզից 150-300 մարդ ապահովված չի լինի աշխատատեղով։ Իհարկե, ԿԲ-ն այս առումով, անշուշտ, իր բացատրությունը կունենա` հիմք ընդունելով մասնագիտական բարձր որակավորման անհրաժեշտությունը։ Չենք ժխտում այդ կարևորագույն պահանջը, սակայն, կարծում ենք, որ կարելի էր ուսումնական կենտրոնի համար կադրեր պատրաստել Դիլիջանից։ Հատկապես եթե նկատենք, որ ֆինանսիստներ, տնտեսագետներ Երևանի տնտեսագիտական համալսարանը պատրաստում է ոչ միայն երևանցիներից։ Արձանագրենք, որ կադրերի պատրաստման կամ վերապատրաստման համար Կենտրոնական բանկը բավականաչափ ժամանակ ունի` մոտ երեք տարի` հաշված 2010-ից։ Իսկ եթե այդ գործընթացը դիտարկենք ծրագրի հաստատման պահից` 2008 թվականից, ապա, պատկերավոր ասած, այդ ժամանակահատվածում նապաստակին էլ կարելի էր ծխել սովորեցնել։ Եթե շեշտը դրվեր տեղի բնակչությանն աշխատանքով ապահովելու խնդրի վրա, ապա այդ մոտեցումը կբխեր նաև մարզերի համաչափ զարգացման ռազմավարությունից։ Ցանկացած քաղաքի զարգացում առաջին հերթին պայմանավորված է բնակչության սոցիալ-տնտեսական մակարդակով։ Այս առումով պետք է նկատենք, որ դիլիջանցիների դժգոհությունն արդարացված է։
Նշենք, որ այս հարցում ոչ միայն դիլիջանցիների, այլ ԿԲ-ի աշխատակիցների շրջանում է դժգոհություն առաջացել այն պարզ պատճառով, որ մայրաքաղաքից մարզկենտրոն տեղափոխվելով` լրջորեն փոխվում է նաև նրանց կենսակերպը։ ՈՒ թեև լուծված է նրանց երեխաների դպրոցի խնդիրը (ուսանելու են Դիլիջանի նորակառույց էլիտար օտարալեզու դպրոցում), այնուամենայնիվ, երեխաների համար դժվար է լինելու փոխել ապրելակերպը։ Նկատենք, որ նորակառույց կենտրոնի շինարարությունն ավարտվելու է 2013-ին, այս շինությանը զուգահեռ նախատեսվում է կից կառուցել վեցհարկանի բնակելի շենք աշխատողների համար։ Այսինքն, ԿԲ-ից Դիլիջանի ուսումնական կենտրոն տեղափոխված աշխատակիցների բոլոր խնդիրները նախապես լուծվում են, սակայն չլուծված է մնում ամենակարևորը` դիլիջանցիների աշխատատեղերի, այսինքն` նրանց սոցիալ-տնտեսական խնդիրը։ Եվ եթե մարզերից երիտասարդ մասնագետները հեռանում են օտար երկիր` աշխատանք գտնելու, ապա դժվար թե այդ արտագաղթը կասեցվի, եթե մարզերում բացվող նոր աշխատատեղերը գրավեն երևանցի մասնագետները։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2446

Մեկնաբանություններ