«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԵՐԿՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ Է

ԵՐԿՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ Է
29.04.2011 | 00:00

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պարզվում է, որ այն, ինչ գրանցվում է Հայաստանում, ոչ թե եզակի, այլ ընդհանրական, օրինաչափ երևույթ է ԱՊՀ անդամ ԱՀԿ բոլոր երկրների համար: Այսպես օրինակ, ՀՆԱ-ում գյուղատնտեսության տեսակարար կշիռը 1995-ից ի վեր անկում է ապրել ոչ միայն Հայաստանում` 42,3 %-ից 2002 թ. հասնելով 26,2 %-ի, այլև Վրաստանում` 52,5 %-ից հասնելով 20,6 %, Ղրղզստանում` 43,9 %-ից հասնելով 38,6 %-ի, Մոլդովայում` 33,0 %-ից հասնելով 24,1 %-ի: Հայաստանում այդ ցուցանիշը 2004 թվականին կազմել է 22,6 %, որից հետո նկատվել է անկում 2007 թվականին մինչև ՀՆԱ-ի 18,0 տոկոսը, իսկ 2010 թ. այն կազմել է մոտ 20 տոկոս:
ԱՀԿ ԱՆԴԱՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՐԱՐ ԿՇԻՌԸ ՀՆԱ-ՈՒՄ 1990-2002 ԹԹ.
Բացառություն չէ նաև զբաղվածության մեջ գյուղատնտեսության տեսակարար կշռի ցուցանիշը, որտեղ մեխանիզացիայի և ավտոմատացման կիրառման փոխարեն ձեռքի աշխատանքի տեսակարար կշիռն է ավելացել, ինչը, իհարկե, վկայում է գյուղատնտեսական արտադրության արդյունավետության անկման մասին: Հիշյալ երկրներում հետևյալ հետընթացն է արձանագրվել` 1995 թ. Հայաստանում` 37,4%-ից 2002 թ. հասնելով 45,3%-ի, Վրաստանում` 52,2%-ից հասնելով 53,8%, Ղրղզստանում` 47,3%-ից հասնելով 52,7%-ի, Մոլդովայում` 48,9%-ից հասնելով 51%-ի: Այսօր Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների թիվն անցնում է 40 տոկոսից:
ԱՀԿ ԱՆԴԱՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՐԱՐ ԿՇԻՌԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1990-2002 ԹԹ.
Ավելին, ԱՀԿ անդամակցությունից ի վեր որոշակի հետընթաց է արձանագրում անգամ իր տնտեսության սրընթաց զարգացմամբ համաշխարհային հանրության չխամրող ուշադրությունը վայելող Չինաստանը: Վիճակագրությունը վկայում է, որ ԱՀԿ անդամակցությունից հետո ոչ թե Չինաստանի գյուղատնտեսական ապրանքների արտահանումն է ավելացել դեպի ԱՄՆ, այլ ԱՄՆ-ի կառավարության կողմից սուբսիդավորվող ամերիկյան ապրանքների հոսքն է ավելացել դեպի Չինաստան: Ըստ որում, այս գործընթացն ունի արագընթաց աճի միտում: 2003 թ. ԱՄՆ-ի գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալները Չինաստան կազմել են 28 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը կրկնակի գերազանցում է 1999 թ. արտահանման ծավալները: 2004 թ. այս ցուցանիշն աճել է ավելի քան մեկ քառորդով, իսկ 2005 թ. նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 40 մլրդ ԱՄՆ դոլարի:
Ի թիվս այլ գործոնների, գլխավոր պատճառը, այնուամենայնիվ, անարդար մրցակցությունն է, որը վերածվել է համաշխարհային լուրջ հիմնահարցի: Մինչ զարգացած երկրները կոչ են անում զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներին անցնելու ազատ առևտրի և բաց մրցակցության, հրաժարվելու տնտեսավարման հին մեթոդներից, մասնավորապես պետական միջամտության տարբեր ձևերից, իրենք իսկ կոպտորեն խախտում են արդար մրցակցության սկզբունքները` կիրառելով, մասնավորապես, գյուղատնտեսության լայնածավալ սուբսիդավորում, արտահանման պետական ֆինանսավորում, իսկ երբեմն անցնում բացահայտ դեմպինգային քաղաքականության` պակաս հնարավորություններ թողնելով առողջ մրցակցություն ծավալելու համար: Արդյունքում, մի կողմից, պետությունից հովանավորվող նոր աշխատատեղեր են ստեղծվում զարգացած երկրներում, մյուս կողմից, աշխատատեղերից զրկվում և ահեղ մրցակցության պատճառով ոլորտից դուրս են շպրտվում զարգացման համեմատաբար ցածր մակարդակում հայտնված երկրների տեղական ապրանք արտադրողները: Դրանով է՛լ ավելի են սրվում սոցիալական խնդիրները, ավելացնում աղքատությունը և խորացնում վիհը հարուստ և աղքատ երկրների միջև: Մրցակցության համար արդար պայմանների հաստատման համար են, մասնավորապես, 1964-ից գործող UNCTAD կազմակերպության (Առևտրի և զարգացման ՄԱԿ-ի համաժողով) կողմից համադրվում զարգացող երկրների ջանքերը, որոնք այսօր վերաճել են միջազգային նոր տնտեսակարգի ձևավորման պահանջի, ինչպես նաև անարդար առևտրից տուժող երկրների միաբանված գործողությունների` ամբողջ աշխարհում: Այս իմաստով ավելի քան համոզիչ են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` 2010 թ. հունվարի 17-ի ելույթում հնչած խոսքերն առ այն, որ հարուստ երկրները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն իրավիճակի բարելավման ուղղությամբ: ՄԱԿ-ի տվյալների համաձայն` աշխարհի ողջ բնակչությունից` 7 մլրդ մարդուց, 1 մլրդ մարդ ապրում է օրը 1 ԱՄՆ դոլարից պակաս եկամուտով, իսկ 2,7 մլրդ մարդ` 2 ԱՄՆ դոլարից պակաս եկամուտով: Ցածր եկամուտ ունեցող երկրներում ամեն տարի պահանջվելու են յուրաքանչյուր շնչի հաշվով 70-80 ԱՄՆ դոլարի հասնող ներդրումներ սկսած 2006 թ., որը պետք է աճի տարիների ընթացքում և 2015 թ. հասնի տարեկան 120-160 դոլարի: Միաժամանակ միջին եկամուտ ունեցող երկրները պետք է իրենք գտնեն նման ներդրումների աղբյուրներ` համապատասխան պարտքի արդյունավետ կառավարման և մասնագիտացված տեխնիկական աջակցության պայմաններում:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ. Ո՞ՐՆ Է ԵԼՔԸ
Ասիական երկրներից մի քանիսն արդեն վաղուց թոթափել են թույլ կամ զարգացող տնտեսություն ունեցող երկրների բարդույթը: Չինաստանի կողքին տպավորիչ առաջընթաց են արձանագրում Հնդկաստանն իր «Կանաչ հեղափոխության» հետևողական իրականացմամբ և համաշխարհային տնտեսությունում կայուն դիրքերի գրավմամբ, ինչպես նաև Թաիլանդը, որը միայն 2000-2010 թթ. «Մեկ գյուղ -մեկ ապրանք» տնտեսական բարեփոխումների լայնածավալ ծրագրով կարողացավ իրական բեկում մտցնել թե՛ գյուղատնտեսության զարգացման, թե՛ պարենային անվտանգության ապահովման, թե՛ տարածաշրջանում ու աշխարհում ապրանքների և ծառայությունների մրցունակության առաջընթացի լուրջ հայտ ներկայացնելով: Հիշատակված և դրանց օրինակով նաև Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանի այլ երկրներ վերականգնողական աճի տեմպերը փորձում են ծառայեցնել արդեն կայուն և համաչափ զարգացման նպատակներին: Համաշխարհային շուկայում այս երկրների դերի բարձրացումը պայմանավորված է, առաջին հերթին, ցորենի, շաքարի, սուրճի, բրնձի և այլ գյուղատնտեսական ապրանքների մրցունակության հետևողական բարձրացմամբ և գյուղատնտեսության բնագավառում նախահարձակ և հավակնոտ քաղաքականության իրականացմամբ: Հատկանշական է նաև Չինաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական ռազմավարական դաշինքի կազմավորման գործընթացը, ինչը, ի վերջո, կարող է հանգեցնել համաշխարհային տնտեսության նոր կենտրոնի ձևավորման:
Այս ամենը հուշում է, որ ԱՀԿ անդամակցությունը դրան լավ չպատրաստված տնտեսություններին հրաշքներ չի կարող խոստանալ, իսկ ազգային մրցակցային առավելությունների արդյունավետ իրացման պարագայում կարող է նաև որոշակիորեն նպաստել տնտեսության առաջընթացին: Ըստ այդմ, կարևոր է հաշվի առնել ոչ միայն միջազգային արդի զարգացումները և կանխատեսել դրանց հնարավոր ազդեցությունները, այլև իրատեսորեն գնահատել երկրի տնտեսական առանձնահատկությունները և որդեգրել առկա ռեսուրսների նպատակային օգտագործման հեռանկարային ռազմավարություն:
Հայաստանում գյուղատնտեսության զարգացումը և գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության բարձրացումը պայմանավորված են հետևյալ հիմնական խնդիրների արդյունավետ լուծմամբ.
l 300-ից ավելի ամայացած գյուղերի աստիճանական վերաբնակեցումը և հանրապետության տարածքային անհամաչափ զարգացումը անհետաձգելի հրամայական են դարձել,
l իրատեսորեն պետք է գնահատել բնակավայրերի ամայացման նոր ալիքի բարձրացման այն իրական սպառնալիքը, որը պայմանավորված է միջհամայնքային միավորումների ձևավորմամբ և համայնքների պարտադրված խոշորացմամբ,
l կրճատել և կասեցնել ժողովրդագրական կարևորագույն սպառնալիք հանդիսացող գերուրբանիզացիայի գործընթացը` որպես տեղական նշանակության արտագաղթ, ինչի պատճառով Երևանում և հարող ագլոմերացիայում այսօր կենտրոնացած է երկրի բնակչության կեսից ավելին,
l վերացնել հարկային համահարթեցված վարչարարությունը, որը թույլ չի տալիս հաշվի առնել երկրի հեռավոր բնակավայրերում գործարար աշխուժության փաստացի բացակայությունը, ապրանքների և դրամական զանգվածի խիստ ցածր շրջապտույտի արագությունը, դրա փոխարեն պայմաններ նախապատրաստել անցում կատարելու հարկային շրջանայնացման հանրապետության ողջ տարածքով մեկ, նախատեսելով հարկային գրավիչ արտոնությունների համակարգ մարզերի համար, ինչպես նաև հիմնարար հետազոտություններ կատարել Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ձևավորման ուղղությամբ,
l գյուղատնտեսության բնագավառում պետության ներկայիս դերի վերանայում, մասնավորապես` ներդրումները խրախուսելու, ներքին կայուն պահանջարկի ձևավորմանը նպաստելու նպատակով պետական մթերումների, պետական գնումների, պետական պատվերի տարբեր ձևերի կիրառման, արտերկրում հայրենական ապրանքարտադրողների արդյունքների գովազդման և այլ հնարավոր լծակներով։
Գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը կարող են նպաստել նաև հետևյալ հիմնական քայլերը
l կատարել նպատակային և հետևողական ներդրումներ ճանապարհային շինարարության մեջ (հատկապես սահմանամերձ գյուղերը մարզկենտրոնների հետ կապելու համար),
l տեղերում ստեղծել բնական գազի և վառելիքի այլ տեսակների պահեստարաններ,
l լուծել համեմատաբար էժան գներով էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարման խնդիրը՝ արևի, հողմի, երկրի ընդերքի, ջրի էներգիան լավագույն ձևով օգտագործելով լեռնային և սահմանամերձ գյուղերում,
l ձեռք բերել լեռնային տեղանքին համապատասխան հատուկ գյուղատնտեսական մեքենաներ, ինչպես նաև խթանել դրանց արտադրության կազմակերպումը Հայաստանում:
l հիմնել գյուղատնտեսական մթերքները վերամշակող և էկոլոգիապես մաքուր արդյունաբերական փոքր ձեռնարկություններ (օրինակ՝ գյուղատնտեսական մթերքները վերամշակող կամ դրանցից ստացվող սննդամթերքի փաթեթավորման, սառեցման և պահեստավորման փոքր արտադրություններ, ինչպես նաև գորգագործության, կարպետագործության, ասեղնագործության, բրուտագործության, փայտամշակման, խեցեգործության արհեստանոցներ),
l վերականգնել կենցաղային սպասարկման տեղական փոքր կենտրոնները:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2749

Մեկնաբանություններ