«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԵՐԿՐԻ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԱՀԵՏևԱՆՔԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ԵՐԿՐԻ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԱՀԵՏևԱՆՔԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
13.12.2011 | 00:00

Ամփոփելով անցնող ֆինանսական տարին, կարևոր է գնահատել Հայաստանի ներքին և արտաքին տնտեսական կապերը: Որպես կանոն, երկրի ներքին և արտաքին տնտեսական կապերի համակարգերը, որոնց դինամիկ փոփոխվող ցուցանիշներն արտահայտվում են վճարային հաշվեկշռի տարբեր հոդվածներում, գտնվում են բնական փոխկախվածության և փոխպայմանավորվածության մեջ: Որպես կանոն, նման փոխազդեցությունները կրում են ուղիղ համեմատական ֆունկցիոնալ կախվածության բնույթ. որքան մեծ են արտահանման ծավալները, այնքան մեծ է արտարժույթի ներհոսքը, որքան արագ է աճում ՀՆԱ-ն, այնքան ավելանում է ընթացիկ հաշվի դրական մնացորդի ստացման հավանականությունը և այլն: Միաժամանակ հիշյալ և այլ ցուցանիշների միջև կա նաև հակադարձ համեմատական կախվածություն, իսկ որոշ դեպքերում` անգամ տարիմաստություն, որոնք տարբեր կերպ կարող են մեկնաբանվել: Հետևաբար, երկրի վճարային հաշվեկշռի կարգավորման ուղղությամբ իրականացվող ցանկացած քայլ պետք է խարսխված լինի հաշվեկշռի հնարավոր փոփոխությունների պատճառահետևանքային կապերի վերլուծության վրա: Վերջինս կարևորվում է նաև այնքանով, որ որոշ աղբյուրներում վճարային հաշվեկշռի փոփոխությունների հետևանքները մեկնաբանվում են որպես պատճառներ կամ հակառակը, որը կարող է ավելի բարդացնել դրա կարգավորման արդյունավետ մեխանիզմների մշակման գործընթացը:
Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ նման փոփոխությունների պատճառները բազմաբնույթ են` սկսած իրականացվող տնտեսական ծրագրերի ու բարեփոխումների արդյունքներից, վերջացրած տարածաշրջանային ու գլոբալ զարգացումներով:
Ժողովրդագրական գործոնները կարող են էական ազդեցություն ունենալ ինչպես ընթացիկ հաշվի, այնպես էլ ողջ հաշվեկշռի վրա: Այսպես, օրինակ, Հնդկաստանում կամ Չինաստանում բնակչության զանգվածային աճը ենթադրում է, որ ավելի մեծ ծավալի պահանջմունքների բավարարման համար էական նշանակություն է ձեռք բերում ապրանքների ներմուծումը, որը կարող է աճել սպասվածից ավելի բարձր տեմպերով և փոփոխություններ առաջացնել առևտրային հաշվեկշռում:
Աշխարհի բնակչությունը (միլիոն մարդ)
Առավել բնակեցված տասը երկրները
1990 2008 2025*
1 Չինաստան 1141 1333 1458
2 Հնդկաստան 849 1140 1398
3 ԱՄՆ 250 304 352
4 Ինդոնեզիա 178 228 273
5 Բրազիլիա 150 192 223
6 Պակիստան 108 166 226
7 Բանգլադեշ 116 160 198
8 Նիգերիա 94 151 208
9 Ռուսաստան 148 142 137
10 Ճապոնիա 124 128 126
Իհարկե, չի կարելի բացառել նաև տեղական արտադրության հաշվին աճող բնակչության պահանջմունքների բավարարումը, սակայն այս դեպքում առաջանում են խնդիրներ` կապված լրացուցիչ հումքի, սարքավորումների, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների ներգրավման հետ, որոնք, իրենց հերթին, կարող են արտաքին աղբյուրներ ենթադրել:
Կարևոր է հաշվի առնել նաև փոփոխությունների հնարավորությունը` բնակչության արտագաղթի հետ: Այս դեպքում կարող են կրճատվել ոչ միայն ներմուծման ծավալները, այլև չի բացառվում կապիտալի որոշակի արտահոսք, որոնք, իրենց հերթին, կարող են ազդել ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալի հաշիվների վրա: Բացի այդ, քաղաքական անկայունության պատճառով ձեռնարկատերերի արտահոսքը կարող է կրճատել արտահանման ծավալները և հանգեցնել վճարային հաշվեկշռի բացասական մնացորդի և դրա աճի:
Հայաստանը, ինչպես նաև անցումային փուլում գտնվող նման երկրները, որպես կանոն, իրականացնում են տարբեր ուղղվածությամբ զարգացման ծրագրեր, որոնք պահանջում են հիմնական կապիտալ համարվող ապրանքների (սարքավորումների, որոշ հումքի և նյութերի, ինչպես նաև բարձր որակավորում և մասնագիտացում ունեցող աշխատուժի) ներմուծում արտերկրից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անցումը նոր տնտեսակարգի և զարգացման ծրագրերը համեմատաբար երկար ժամանակահատված են ներառում, վճարային հաշվեկշիռն անհրաժեշտաբար փոփոխվում է, իսկ դրա բացասական մնացորդն աճում է:
ՍՊԱՌՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ: Արտերկրից ստացվող դրամական օգնությունների` անձնական տրանսֆերտների ծավալներով պայմանավորված ժամանակի ընթացքում ավելանում են ապրանքների և ծառայությունների սպառման ծավալները: Դրա հետ մեկտեղ, բնակչության բևեռացվածության պատճառով, առավել հարուստ խավերն ի վիճակի են որդեգրելու Արևմուտքի զարգացած երկրներին բնորոշ ապրելակերպ, ինչը, իր հերթին, պայմանավորված է համեմատաբար թանկ ապրանքների և ծառայությունների սպառմամբ: Վերը նշված մրցունակ ապրանքների տեղական արտադրության բացակայության դեպքում միակ ելքը դրանց ներմուծման ծավալների ավելացումն է, ինչը, արտահանման նույն ծավալների կամ դրանց կրճատման պայմաններում, ավելի է մեծացնում վճարային հաշվեկշռի բացասական մնացորդը:
ԲՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ: Բնական այնպիսի աղետներ, ինչպիսիք են երաշտը, կարկուտը կամ չափից շատ տեղումները, կարող են բացասական ազդեցություն թողնել վճարային հաշվեկշռի վրա: Հիշյալ երևույթները, ինչպես հայտնի է, Հայաստանում բազմիցս կրճատել են գյուղատնտեսական արտադրությունից սպասվող արդյունքները, ինչն էլ, իր հերթին, բացասական ազդեցություն է գործել արդյունաբերության վերամշակող ճյուղերի վրա: Արդյունքում կրճատվել է տեղական արտադրությունը և «հարկադրված» աճ է արձանագրվել ներմուծման ասպարեզում. կրճատվել է արտահանումը, աճել է ներմուծումը, որպես հետևանք ավելացնելով վճարային հաշվեկշռի բացասական մնացորդը:
ՑԻԿԼԱՅԻՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ: Բիզնեսի զարգացման ճանապարհին անխուսափելի տատանումները, որոնք բխում են առևտրային ցիկլերից, նույնպես ի վիճակի են առաջացնելու վճարային հաշվեկշռի պակասուրդներ: Այսպես, օրինակ, արտաքին շուկաներում նկատվող տարբեր բիզնեսների ճգնաժամային երևույթները կարող են ներազդել արտահանման-ներմուծման հարաբերակցության, դրանց ծավալների կրճատման, փոխարժեքների անբարենպաստ փոփոխության և այս ամենով հանդերձ` վճարային հաշվեկշռի պակասուրդի ավելացման վրա:
ՍՂԱՃ: Եկամուտների և գների մակարդակների բարձրացումը, ինչը հետևանք է մի շարք երկրներում տնտեսական աճի բարձր տեմպերի, կարող է ավելացնել ներմուծման և կրճատել արտահանման ծավալները, ինչը նույնպես վճարային հաշվեկշռի պակասուրդի պատճառ կարող է հանդիսանալ:
ՇՈՒԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ: Զարգացած երկրներում ձևավորված շուկայի ուսումնասիրության, հետևաբար սեփական արտադրանքի իրացման կատարելագործված ռազմավարությունը կարող է նպաստել արտահանման աճի տեմպերի ավելացմանը, իսկ զարգացող երկրներում նման ռազմավարության ցածր արդյունավետությունը կամ դրա բացակայությունը կարող է հանգեցնել հակառակ էֆեկտին և ավելացնել վճարային հաշվեկշռի պակասուրդը:
ԿԱՊԻՏԱԼԻ ԱՐՏԱՀՈՍՔ: Սպեկուլյատիվ գործարքների և գործընթացների արդյունքում երկրները կարող են կորցնել արտարժույթի կամ ոսկու ռեզերվները, ինչը ևս լուրջ հարված է երկրի վճարային հաշվեկշռին: Բացի այդ, տնտեսական և քաղաքական անսպասելի ցնցումներից խուսափելու նպատակով գործարարներն ու հասարակ քաղաքացիները կարող են նախընտրել իրենց խնայողություններն ու ֆինանսական մյուս միջոցները պահել զարգացած երկրներում, ինչը կապիտալի անցանկալի շարժ է առաջացնում և ավելացնում պակասուրդը:
ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՌԵԳԻՈՆԱԼԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ: Տնտեսական գլոբալացման պատճառով հնարավոր է դառնում կապիտալի, ապրանքների և ծառայությունների ազատ ու անարգել տեղաշարժը մի երկրից մյուսը: Մրցակցությունը դառնում է ավելի սուր ու անկանխատեսելի և, արտադրական կապերի միջազգայնացման պատճառով, ավելի անմիջականորեն է ներազդում ազգային տնտեսությունների զարգացման առկա մակարդակների վրա: Ձևավորվող միջազգային նոր տնտեսակարգն իր հետ բերում է նաև նոր հիմնախնդիրներ, որոնք իրենց բացասական ազդեցությունն են թողնում երկրի վճարային հաշվեկշռի մնացորդի վրա:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 3247

Մեկնաբանություններ