38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Հիսուն հոգով Նալբանդյանի հրաժարական գոռալը հարի՞ր է դաշնակցությանը»

«Հիսուն հոգով Նալբանդյանի հրաժարական գոռալը հարի՞ր է դաշնակցությանը»
22.09.2009 | 00:00

«ԵՐԿԻՐԸ, ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՇԵՄԻՆ ԵՆՔ»
Նախօրեին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը, ներկայացնելով երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունների տեսլականն առկախեց հաջորդ հանրահավաքի անցկացման օրը։ Երկուսուկես ամիս թայմաուտից հետո կրկին անորոշ ժամանակ դադար վերցնելով չի՞ նվազի կոնգրեսի համախոհների թիվը, հարցրինք Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ։
-Այդ հարցը միշտ բարձրաձայնում են` հաջորդ միտինգին մարդիկ կհավաքվե՞ն, թե՞ ոչ։ Իհարկե, հաջորդ անգամ էլ ու միշտ Տեր-Պետրոսյանի կողքին ժողովուրդ կհավաքվի։ Իսկ ի՞նչ եք կարծում, Տեր-Պետրոսյանն ի՞նչ պետք է աներ հիմա, գնայինք դաշնակցականների կողքի մայթին նստեինք կամ նրանց հետ հացադո՞ւլ անեինք։ Այդ պատճառով էլ Տեր-Պետրոսյանը չհայտարարեց հաջորդ հանրահավաքի օրվա մասին։ Հաջորդը կարող է լինել վաղը կամ, ասենք, հոկտեմբերի 16-ին։ Միտինգն ինքնանպատակ չէ, ու մենք դրանով ինչ-որ խնդիր չենք փորձում լուծել։ Տեր-Պետրոսյանն իր ելույթում անձերի հարցը երկրորդական համարեց ստեղծված իրավիճակում, այսինքն` շատ պարզ ասաց, որ անձերի խնդիր չկա` ո՛չ իր, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի։ Առաջնահերթ են ազգային, պետական խնդիրները։ Մեր պատմության վերջին հարյուր տարվա մեջ հենց այսպիսի քայլերով ենք կորցրել երկիր, պետականություն։ Նույն շեմին կանգնած ենք նաև այսօր։
-Այս պահին, երբ այդ «շեմին» ենք, որքանո՞վ է ճիշտ պայքարից հետ կանգնելը։
-Իսկ ո՞վ է ասել, որ հետ ենք կանգնել։ Տեր-Պետրոսյանն իշխանություններին ու միջազգային հանրությանը հստակ հասկացրեց, թե հարցերի լուծման ինչպիսի ճանապարհներ կան։ Երբ խորհրդարանն արձանագրությունը վավերացնի, Սերժ Սարգսյանն էլ գնա այդ փաստաթուղթը ստորագրելու, Տեր-Պետրոսյանը պարզ ասաց, որ այս դեպքում ՀԱԿ-ի ռեսուրսը բավարար չէ այն կասեցնելու համար։ Անհրաժեշտ է համաժողովրդական շարժում, ասել է` բոլոր քաղաքական ուժերի համախմբում։ Այն քաղաքական ուժերը, որ մարտի 1-ի հանձնաժողովի եզրակացության տակ ստորագրել են, վերջին հանդիպմանը մասնակցել, ծափահարել ու ողջունել, թե` այ մարդ, էս ի՜նչ որոշում է կայացրել Սերժ Սարգսյանը, հավասարաչափ կիսելու են պատասխանատվությունը։ ՀԱԿ-ի առաջնորդը վերջիններիս առումով էլ ասաց, որ պետք է գա ժամանակը, որ մարդիկ իրենց այդ վայելքները թողնեն։ Այնպես որ, Տեր-Պետրոսյանն իր ելույթով Հայաստանի քաղաքական իրականության մեջ շատ լուրջ ինտրիգ մտցրեց` բացելով քաղաքական դաշտը բոլոր ուժերի համար, նշելով, որ ազգային շահը վեր է իր անձից։
-Իր ելույթում ՀԱԿ-ի առաջնորդը «Հայաստանի մյուս քաղաքական ուժերի ակտիվացման և նույնիսկ ասպարեզը ժամանակավորապես տրամադրելու» կոչ արեց։ Այս քայլով կոնգրեսը ոտքի տեղ չի՞ ապահովում այն ուժերի համար, ովքեր փորձում են ընդդիմադիր կեցվածք որդեգրել կամ, այսպես ասած, երրորդ ուժ դառնալ։
-Ի սեր Աստծո, թող այդ երրորդ բևեռը ստեղծեն։ Մենք չունենք այնպիսի ակնկալիքներ, թե մենք ենք, որ կանք։ Նախանձով կամ քենով չենք տրամադրված ոչ մի ուժի հանդեպ։ Եթե նրանք իրենց մեջ ուժ գտնեն ու դրական քայլեր անեն, թող անեն, բայց ոչ թե պատեհ առիթի դեպքում փորձեն իրավիճակից օգուտներ քաղել։ Հիմա քաղաքական դաշտը շատ հստակ բաժանվել է գործ անողների ու դրանից խուսափողների, այսինքն` կուսակցությունների, որոնք թքած ունեն ամեն ինչի վրա` առաջնային համարելով իրենց շահերը։ Դաշտը բաց է։
-Գործողություններ անում է նաև ՀՅԴ-ն, բայց Ձեր խոսքի սկզբում Դուք հեգնանքով խոսեցիք այդ ուժի մասին։ Մի՞թե սա ևս իրավիճակի գնահատման մի դրսևորում չէ։
-Ո՛չ։ Եթե նրանք պահանջեին Սերժ Սարգսյանի հրաժարականը, մենք գուցե միանայինք նրանց կամ նրանք` մեզ։ Բայց եթե հացադուլ են անում ու պահանջում արտգործնախարարի հրաժարականը, թող բացեն սահմանադրությունը, կարդան, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը վարում է ՀՀ նախագահը։ Արտգործնախարարն ընդամենը գործիք է, որի միջոցով ՀՀ նախագահն արտաքին քաղաքականություն է իրականացնում։ Իրենք այս մասին չգիտե՞ն։ Հիսուն հոգով Նալբանդյանի հրաժարական գոռալը հարի՞ր է դաշնակցությանը։
-Ասել է` ՀԱԿ-ը կմիանա միայն այն ուժերին, ովքեր Սերժ Սարգսյանի հրաժարակա՞նն են պահանջում։
-Միանալ-չմիանալու խնդիրը չէ կամ Սերժ Սարգսյանի հրաժարականի։ Հստակ ասում եմ` կան այս իրավիճակից դուրս գալու լուծումներ, և դրանցից մեկն իշխանափոխությունն է։
-Իրավիճակից դուրս գալու բազմաթիվ ելքեր կան, սակայն Դուք հստակ չեք ասում, թե ո՞ր ուղիով եք գնալու։
-Կարծում ենք` այս իրավիճակից դուրս գալու ամենաճիշտ ուղին ժողովրդավարության վերականգնումն է, խորհրդարանական ու նախագահական նոր ընտրությունները։ Միայն լեգիտիմ խորհրդարանն ու նախագահը, Հայաստանում ձևավորված ժողովրդավարական համակարգը կարող են դիմակայել այն ճնշումներին, որոնք Հայաստանի վրա կան։
-Փաստորեն, ձգտում եք իշխանափոխության, ասել է` Սերժ Սարգսյանի հրաժարականին։
-Այո, բայց միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը չի նշանակում իշխանափոխություն, այլ կառավարության, խորհրդարանի, քաղաքական կուրսի փոփոխություն։ Այստեղ հենց Տեր-Պետրոսյանը կրկին շանս տվեց գործող քաղաքական ուժերին, իշխանությանը, որ սթափվեն, քանի որ այս ճանապարհը չի տանում եկեղեցի, տանում է կորուստների։
-Ելույթի մի հատվածում էլ, անդրադառնալով քաղաքական ուժերին, ասվեց, որ հետագայում կհրապարակվեն այն ուժերի անունները, ովքեր չեն միանալու ՀԱԿ-ին։ Ձեր կարծիքով, ովքե՞ր են այն ուժերը, որոնք կկիսեն ՀԱԿ-ի նպատակները։
-Չեմ կարող ասել, քաղաքական ուժեր, մարդիկ, ովքեր կգիտակցեն, որ երկրին նետված են բավականին լուրջ մարտահրավերներ։
-Հնարավո՞ր է, ի վերջո, ՀՅԴ-«Ժառանգություն»-ՀԱԿ համագործակցությունը։
-Ոչ մի տարբերակ չեմ բացառում։ ՈՒնենք սկզբունքներ, որոնց չենք դավաճանում, եթե իրենք կընդունեն այդ սկզբունքները, ամեն ինչ հնարավոր է։
-Վերջերս ՀՅԴ խմբակցության ղեկավարը մասնավորապես հայտարարեց, որ իսկական ընդդիմություն համարվում են իրենք, քանի որ իշխանությունները չեն արտոնել իրենց միջոցառումները, մինչդեռ ՀԱԿ-ի մի քանի հանրահավաքների թույլտվությունն արդեն տրվել է։ -Դա այնքան անլուրջ է, որ չեմ էլ ցանկանում մեկնաբանել։ Ո՞վ է ում խաբում, ինչի՞ մասին է խոսքը։ Իրենց չեն արտոնել, ու էդպես նստած քեֆ-ուրախություն են անում, հա՞։ Դե, թող փորձի ՀԱԿ-ը մի օր, մի ժամ նստել հրապարակում, տեսնենք, քանի՞ ոստիկան կլցվի, քանիսի՞ն կձերբակալեն։ Ամեն ինչին չափ կա, դեմագոգիային էլ։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1799

Մեկնաբանություններ