Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Իմ տաճարս արդեն փուլ եկավ...»

«Իմ տաճարս արդեն փուլ եկավ...»
16.01.2009 | 00:00

ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԱՆԳ
Գնահատման չափանիշների ափիբերան աղտոտված մերօրյա խառնարանում այլևս անհնար է գտնել մյուսներից նրան հստակորեն տարբերակող ստույգ բնորոշումը։ Ամենադիպուկը արժանիորեն վաստակած, համաժողովրդական սիրով բարձրագույն հնչողություն և իմաստավորում ձեռք բերած անունն է` ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ...
Արդի հայ թատրոնի ամենակենսունակ կենդանի լեգենդի 60-ամյա բազմահարուստ արտիստական գործունեությունը, սակայն, պատշաճորեն չվերարժևորվեց անցյալ հոբելյանի առիթով։ Ավելին։ Մարտիմեկյան անքակտելի մնացած արյունալի գորդյան հանգույցով ու Սունդուկյանի անվան թատրոնին պատուհասած «բարեփոխմամբ» համակեց Մայր բեմի Մեծ տիկնոջը տրտմաշունչ տրամադրությամբ, որի հարուցած դառնատագնապ խոհերը, համահունչ նրա Մարիամ իշխանուհու (Շանթ, «Հին աստվածներ») «Իմ տաճարս արդեն փուլ եկավ...» արտահայտությանը, մեծահամբավ արտիստուհին կիսում է մեր ընթերցողի հետ։
«ՄԵԶ ՀԻՄԱ, ԱՄԵՆ ՈԼՈՐՏՈՒՄ, ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ»
-Ամանորյա «խումհարից» ժողովուրդը դեռ չի սթափվել։ «Հայի չափը չափազանցն է» բազմահաստատ կարգախոսով տարեցտարի առավել շլափայլ ու մասշտաբային դարձող այս տոնակատարությունից կարելի է թյուր տպավորություն ստանալ, թե մեր կյանքը կտրուկ լավացել է։
-Այդպես չէ, այդպես չի կարելի։ Ի՞նչ է նշանակում 13 օր Նոր տարի նշել։ Ես սիրում եմ, երբ ազգը պահպանում է ընդունված ավանդույթները։ Բայց մենք հիմա ուրիշ դարում ենք ապրում, պետք է որոշ չափով խմբագրենք դրանք, հարմարեցնենք մեր ներկա կենսապայմաններին, երկրի էկոնոմիկային։
-Ընտանիք կա, որ իր մի քանի ամսվա բյուջեն է տրամադրում դրան։ Քաղքենիական մրցակցության շրջապտույտում հայտնվում են գրեթե բոլորը։
-Ցուցամոլություն է տեղի ունեցողը։ Պարզությունն է կորչում։ Մեզ հիմա, ամեն ոլորտում, պարզությունն է պակասում, առաջին հերթին։ Ես ռադիոյով Մնձուրու մի պատմվածքն եմ կարդացել ժամանակին` «Նոր տարին»։ Պատկերավոր նկարագրվում է, թե ինչպես է նշվում Ամանորը, ինչ կա սեղանին այդ օրը։ Հարսն ուտելիքներ է տալիս նաև տանը եղած իր կենդանիներին, շնորհավորում։ Առաջինը բաժակ է բարձրացնում տան մեծը։ Գիտե՞ք, ընտանիքի մեծը տատն է, մայրը (չէ՞ որ տարիների հետ կինն ավելի լայնախոհ է դառնում, շրջահայաց)։ Գցում է դրամն իր բաժակի մեջ, օրհնում սեղանը... Մենք երևի այս աստիճան ցուցամոլ չենք եղել։ Ծնված լինելով Ռումինիայում` ես բնավորությամբ տարբերվում եմ բնիկ հայերից։ Հիշում եմ ամանորյա մեր պարզ և ուրախ տոնակատարությունը։ Նոր տարվա գիշերը հավաքվում էինք ընտանիքներով, սեղանին դնում մեր ունեցած լավագույնը, երբեք պարտք չէինք անում, մինչև առավոտ միասին զվարճանում էինք. թղթախաղ, բախտախաղեր, երգ ու պար (հեռուստացույց չկար)... Մեկ օրվա ծախս էինք տեսնում։ ՈՒրախ էինք ու երջանիկ, չնայած աղքատ էինք ապրում։ Ինչո՞ւ, գիտե՞ք, որովհետև մեր կարողության սահմաններից էինք ելնում։ Հասկանում էինք, որ ավելին մեզ թույլ տալու իրավունք չունենք։ Հիվանդագին ապրումներ էլ չէինք ունենում` ամեն ինչ պարզ էր։ Հիմա բարդույթներով լեցուն ենք և չենք կարողանում մեր կյանքը կարգավորել։ Առաջ քայլելու համար պետք է ազատագրվել դրանցից` սկսելով դպրոցից։
-Ընտանիքների՞ց գուցե, քանի որ դպրոցի դերն ու հեղինակությունն այժմ խարխլվել է։
-Միևնույն է, երեխան ավելի ժամանակ դպրոցում է անցկացնում։ Նա պետք է գիտակցի ունեցածով բավարարվելու խելամտությունը։ Հագնի այն, ինչ ունի։ ՈՒտի այն, ինչ կա...
-Շատ ծնողներ իրենց երեխային դաստիարակում են կեղծ արժեքներով։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ կստացվի այդ երեխայից։
-Դպրոցից սկսած կաշառք հասկացությունը մտնում է երեխայի մեջ և փչացնում նրան։ Երեխային պետք է քաղաքացիության գիտակցությունը սերմանել։ Երբեմն նա ինչ-որ բաներից պետք է զրկվի, որպեսզի իմանա կյանքի արժեքը։ Հիմա եթե շուրջդ նայես, ամեն ինչ կա` հրապարակում, ամեն թաղամասում ճոխ տոնածառեր են դրված, զանգվածային տոնախմբություններ են կազմակերպվում։ Երբ Գյումրիում մի քանի հազար ընտանիք երկրաշարժից 20 տարի անց դեռևս անօթևան է մնացել, պետությունը գումար չպիտի վատնի տոնածառային շքեղությունների վրա։ Երեխային էլ պետք է հասկացնի, որ ավելի ազնիվ ու բարոյական է հրաժարվել տոնածառից` թեկուզ այդ գումարով 2-3 ընտանիքի բնակարանով ապահովելու նպատակով։ Մարդիկ այսօր վախենում են ճշմարիտ խոսք հնչեցնել։ Որևէ մտավորական, կաթողիկոսն ու նախագահն իրենց ամանորյա ելույթներում հիշատակեցի՞ն գարնանամուտի անմեղ զոհերին` անկեղծ ափսոսանքով ու ցավով կատարվածի համար։ Թեկուզ տասը զոհ տված լինեինք։ Փոքր ազգի համար ամեն մի հոգին, ամեն մեկի կյանքն արժեք ունի։ 37 թվից են շարունակ խոսում։ Ինչո՞ւ հայը հային պետք է սպանի։ Այս մասին լռելով երկիրը չի շտկվի։ Մարդիկ պետք է ասեն այն, ինչ մտածում են։ Մինչդեռ հիմա համատարած վախ կա, մի կտոր հացից զրկվելու տագնապ։ Ես չեմ վախենում, կանգնած եմ մենակ։ Համարձակությանս համար ինձ ողջ տարին մոռացան տարբեր միջոցառումներ անցկացնելիս։ Սարոյանի 100-ամյա հոբելյանաշարում որևէ լուրջ անդրադարձ չեղավ Վարդան Աճեմյանի բեմադրած «Իմ սիրտը լեռներում է» ներկայացմանը, որը բեմից չիջավ 35 տարի և, խոշոր իրադարձություն լինելուց բացի, առաջին զանգվածային հանրահռչակումն էր Սարոյանի մարդասիրական գրականության ուրույն հմայքի։ Սա՞ էր մեր երազած ազատությունը, որին հասնելու համար 88-ին ոտքի կանգնեցինք ազգովի։ Ինչո՞ւ հավատարիմ չմնացինք մեր ազնիվ պայքարի վսեմ գաղափարներին։ Մեր երկրում հիմա չի անցնում խոսքի ազատությունը։ Այդ պատճառով էլ ես անտեսված եմ։
-Կարծեմ, ինքներդ մերժեցիք Ձեր հոբելյանակատարությունը։
-Մարտին այդ դեպքերն ինձ վրա սաստիկ ազդեցին, մինչ օրս չեմ համակերպվում։ Հետո էլ թատրոնի փլուզումը սկսեցին։ Եվ Շահվերդյանի մտահղացած հոբելյանական թատերաշարը, որի վերջին ուժգին ակորդը «Ծեր տիկնոջ այց»-ի առաջնախաղն էր լինելու, անորոշ ժամանակով հետաձգվեց։
«ԱՅՍ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՉՍԻՐԵՑԻՆ ԹԱՏՐՈՆԸ»
-Ժամանակին թատրոնի հզոր ուժով էր նաև, որ մատաղ սերունդն օրինակելի դաստիարակություն էր ստանում համակողմանի հանրակրթությանը զուգահեռ։ Ի՞նչ է կատարվում արդի հայ թատրոնում, ըստ Ձեզ։
-Այդ երևույթին 10-15 տարվա հեռվից պետք է նայել, կարծում եմ։ Պատերազմ էր, մութ ու ցուրտ։ Թատրոնն էլ մարդկանց նման բնականոն հունից դուրս եկավ, ստեղծագործական առօրյայի շարունակականությունն ընդհատվեց։ Հարկադիր պարապուրդներով աշխատանքային ռիթմը խաթարվեց։ Սերունդը, որը պիտի ծերացող հներին փոխարիներ, 90-ականներին թատրոն գալով, չաճեց դերից դեր, հանդիսատեսային հանրաճանաչություն չգտավ, մասնագիտական վարպետացման կայուն լծակներ։ Տաղանդի պակասություն չկար։ Ամենագլխավոր պատճառը` այս նոր ղեկավարները չսիրեցին թատրոնը, ստրատեգիա չդարձրին իրենց համար։
-Ինչո՞ւ։ Չէ՞ որ նրանց մեջ հին պարտոկրատներ կային, ովքեր թատրոնը որպես գաղափարախոսական հզոր զենք միշտ են օգտագործել։
-Անցավ դա։ Խորհրդային Միության աշխարհայացքն էր։ Այն տարիների շատ բացասական դրսևորումներ չեմ ընդունում, բայց արվեստը ծաղկեց այդ 70 տարիներին։ Կար ժամանակ, ես այդ մասին գրել եմ «Իմ կյանքի հեքիաթ»-ում, երբ դրսից հյուր էր գալիս, այցելության ծրագրացանկում Սունդուկյանի անվան թատրոնն անպայման կար...
-Նաև` օպերան, պատկերասրահը, Մատենադարանը...
-Կոնկրետ թատրոնի կարևորությունն եմ ուզում նշել, մեր խոսակցության առանցքային թեմայի։ 88-ի երկրաշարժից ուշքի չեկած մեր երկրում կարգերը փոխվեցին, նոր մարդիկ եկան, շուտով տեղի տվեցին անկախական-ազատագրական շարժման ռոմանտիկան, հավատը... Ցնցումը շարունակվում է մինչ օրս։ Եվ ամենաշատը արվեստում դրանից տուժել ու տուժում է թատրոնը։ Նախ` հետ ընկավ կյանքից աշխատանքային պայմաններ չունենալով։ Ապա` դուրս մնաց նոր ղեկավարների ուշադրությունից։ Սկզբում նրանք պետական առավել ծանր հոգսերի տակ էին կքած, հետո, կարծես, իսպառ մոռացան թատրոնի մասին։ Գուցե միտումնավո՞ր։ Լուրջ արվեստը մարդկանց ուղեղներն է մարզում, դարձնում դժվար կառավարելի։ Դերասանի մեկ բառը բեմից կարող է հեղաշրջում առաջացնել։ ՈՒրեմն դերասանական արվեստն էլ պետք չէ պահպանել։ Զարկ տվեցին թեթև հումորին, զանազան աստղիկներին։ Ժողովուրդն էլ սովորեց դրան ու հիմա «Վերվարածներ» է նայում։ Դերասանները, ովքեր թատրոնում առանձնապես արժեք չէին ներկայացնում, հիմա ոչ միայն մեզանից շատ են երևում, այլև պատկառելի վաստակում են։ Եվ սա միայն մշակույթի նախարարության կամքը չէ։ Ընդհանուր առումով է բարձր մշակույթն անտեսված։ Երբեմն նայեք հեռուստատեսության ծրագրերը։ Ովքե՞ր են էկրանին երևում։ Տարեցներ գրեթե չկան, իմաստուն, հասունացած մարդիկ, որոնց խոսքը կշիռ ունի։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ կլիներ, եթե մեր անաչառ, հասարակության առողջացման մտահոգությամբ առլեցուն այս զրույցը հեռուստատեսությամբ վարեինք։
-Կամ մեր խոսքերը կմոնտաժեին, կամ, լավագույն դեպքում, անմիջապես այլընտրանքային նսեմացնող երկխոսությունների հեղեղ կմատուցեին։ Ծայրահեղ պարագայում` իրենց նպատակահարմարությամբ մեկնաբանություններ կկատարեին մեր սուր դիտարկումներին։
-Հիշո՞ւմ եք «Ախացել»-ում ի՞նչ է ասում իմ Շնորհիկը. «Ազատությունն ալ լավ բան չէ, շատը զինքը կփչացնե»։ Մեզ մոտ եղածը արևմտյան այդ փուչ ազատությունն է, ոչ ամենևին իսկականը։ Երբ 8 տարեկան երեխան պարում է կիսամերկ, շատերին թվում է, թե դա է երազված ազատությունը։ Չեն էլ ուզում գիտակցել, որ ճշմարիտ խոսքն առողջարար է, շինարար, նրանով միայն կամրապնդվեն երկրի հիմքերը, քանզի համընդհանուր առողջ ապրելակերպ կձևավորվի։
-Չունենք համախմբված սերուցքը լուրջ մտավորականության, որն այսօր մեզ պետք է առաջնորդի։
-Այդպես է։
-Գրողների գզվռտոցը, նկարիչների, կոմպոզիտորների, մյուսների... մտավոր քաոս է ստեղծել։ Եվ` ինչի՞ համար. տաքուկ աթոռների՞, ղեկավար լծակներով երանելի բարեկեցության հասնելո՞ւ...
-Ղեկավար դառնալու մոլուցքը հիմա ընչաքաղցությամբ է պայմանավորված։ Իշխողների մեջ ոսկու տենդն է բնավորված։ Նույնիսկ բարեգործություն անողների։ Լավ է, որ մեր մարզիկների հաղթանակով օտար երկնքի տակ բարձր փողփողում է հայկական դրոշը, բայց երկրի ուղնուծուծը մշակույթն է, հետո սպորտը։ Մեզ մոտ ճիշտ հակառակն է։
-Զարմանքով լսեցի Ռազմիկ Դավոյանի տարեվերջյան երկխոսությունը «Շանթ»-ով. «Շախմատայինին համահավասար որևէ մշակութային իրադարձություն չեմ կարող նշել անցած տարում»։ Եվ չի պարզաբանում տարրական ճշմարտությունը` եթե այդքան գումար, էներգիա, ուշադրություն, պետական առանձնակի հոգատարություն ստանար մշակույթի ցանկացած ոլորտ, անպայման ցանկալի պտուղներ կտար, ինչպես պատանի երաժիշտ կատարողներն ապացուցեցին միջազգային հեղինակավոր մրցույթ-փառատոներում իրենց հաղթարշավով։
-Ամեն գնով պետք է կեղծիքին հակադրվել` անզիջում պայքարելով, իրականության ճշմարտությունը շարունակական համառությամբ մատնացույց անելով, բանավիճելով։ Ցավոք, վերջինիս արվեստը կորսվել է։ Առաջ երբ ներկայացումներ էինք հանձնում, բուռն բանավեճեր էին լինում։ Եվ մենք ուշի ուշով գրանցում էինք լավացման տենդենցով արված բոլոր դիտողությունները։ Հիմա որևէ քննադատ վախենում կամ խուսափում է դերասանին ամենաակնառու թերությունը մատնանշել։ «Նորին մեծություն միջակության» հանճարափայլը մթագնող ամենաանմեղ նկատառումը թշնամանք է ծնում` հղի անկանխատեսելի հետևանքներով։ Թատրոնում էլ մենակ եմ, փաստորեն։ Իմ ընկերները ծերացան, միջին սերնդից շատերը, մեղմ ասած, իրենց լավ չպահեցին...
«ԳՈՆԵ ՇԵՆՔԻ ՎԵՐՆԱԳԻՐՆ ԷԼ ՀԱՆԵԻՆ»
-«Վերևների» դիրքորոշումը դեռևս չէր բացահայտվել, երբ սունդուկյանցիների միջև փլուզող խլրտոցն ընկավ։ Մի կողմ թողնենք թատրոնի կանոնադրությունից «գեղարվեստական ղեկավար» հասկացության սուսուփուս սրբագրումը։ Դա հետո պարզվեց։ Որևէ լուրջ ընդդիմություն, համախմբում չեղավ ըստ էության, ինչը հատուկ է մինչև իսկ բնազդներով ղեկավարվող կենդանական աշխարհին սթրեսային իրավիճակներում։ Մի՞թե առողջ կորիզ չուներ Մայր թատրոնը։
-Չէ, գնաց այդ կորիզը։ Ինչպե՞ս կարող է թատրոնում լինել, երբ պետությունն ինքն առողջ չէ ու չի էլ մտածում առողջ կորիզ ստեղծելու մասին։ Այս վիճակի համար «վերևներում» պետք է անհանգստանան։ Նախարարին մի կողմ թողնենք։ Հանրապետության նախագահն ինքը պետք է մտահոգվի։ Ճիշտ է, նրա պարտականությունները շատ մեծ են, պետք է բազմակողմանի գործունեություն ծավալի, գերմարդ լինի, որպեսզի ամեն բնագավառին կարողանա հասնել։ Ինչպե՞ս է սպորտին աջակցում։ Ինքը երիտասարդ է, այս թատրոնի ներկայացումները տեսած պիտի լինի։ Ինչո՞ւ պետք է ազգային ակադեմիական թատրոնը ոտաց ճանապարհ լինի, պետքարան` այսինքն։ Թող հրավիրվեն տաղանդավորները, բայց ոչ ամեն մեկը գա ուզածն անի։ Այս թատրոնին մեր մեծերը վերաբերվել են որպես սրբություն սրբոցի, ինչպես Հռիփսիմեին կամ Խոր վիրապին։ Անկախ ժամանակի, դարի փոփոխություններից, այն պետք է անձեռնմխելի մնա, տաճարի նման։ Իր ակադեմիական գեղագիտությամբ, գլխավոր բեմադրիչով, լավագույններից բաղկացած դերասանախմբով, շենքի մաքրությամբ։ Վարձակալությանը հարմար ուրիշ շենքեր չկա՞ն։ Այստեղ ոտք դնելը երազանք պետք է լինի։
-Փաստորեն «բարեփոխման» առաջին կարկառուն նվաճումը թատրոնի շենքի շահութաբերության խթանումն է։
-Ներկա մարտավարությունը դրան է տանում։ Գոնե շենքի վերնագիրն էլ փոխեին։ Ծաղրական է հնչում նույնիսկ։ Ակադեմիական թատրոն ունենալ, նշանակում է ուրույն սկզբունքներ, ասելիք ունենալ, սեփական դպրոց, ստուդիա։ Պետք է, իհարկե, բարենորոգումներ անել, բայց ոչ այսպես վայրիվերո։ Նախ, խստագույնս հավաքագրել երիտասարդներին։ Ինստիտուտը լավ կադրեր չի պատրաստում։ Բացարձակ ուշադրություն չդարձնելով բնատուր օժտվածությանը` արտաքինից, ձայնից սկսած, չի մարզում նրանց ուղեղը, կրթում հոգին։ Ճիշտ է, երկրի ընդհանուր մթնոլորտն էլ բարենպաստ չէ մշակույթի համար։ Դրա արդյունքում պատահական մարդիկ են հայտնվել տարբեր թատրոններում։ Որպեսզի կանխարգելվի այս սրբապղծությունը, պետությունն ինքը լրջորեն պիտի զբաղվի իր միակ ակադեմիական թատրոնով։
-Հապա մյուս 16 պետական թատրոննե՞րը, որոնց թվում կան տասնամյակների բովանդակալից կենսագրություն ունեցողներ էլ։
-Պետությունը, իրոք, փող չունի։ Կարող է պահել օպերան, մանկապատանեկանը և Սունդուկյանի թատրոնը։ Փող չպետք է խնայի, դերասաններին հատուկ ընտրի ու վարձատրի և խստագույնս բարձր արվեստ պահանջի` ապավինելով մասնագիտական հանձնախմբի անաչառ գնահատությանը։ Մյուս թատրոնները թող ապրեն իրենց հաշվին։ Ինչպե՞ս է կարողանում Վարդան Պետրոսյանն իր բեմական հմայքն ու տաղանդը ճիշտ նպատակամղելով տարվա մեջ մի քանի ներկայացումներ խաղալ լեփ-լեցուն դահլիճներում։ Թող նրանից սովորեն։ Նաև տաղանդավոր կազմակերպիչ է։ Մայր թատրոնում պետք է ապահովել տարիքային երեք սերնդի առկայությունը։ Միջին սերունդ չունենք։ Հիմա արդեն ջահել հերոս-հերոսուհի խաղացողներ էլ չկան, եղածները մեծացան։ Արմատական փոփոխությունների է կարոտ ոչ միայն ակադեմիական թատրոնը, շենացնող, ոչ փլուզող։ Շահվերդյանը տաղանդավոր արվեստագետ է։ Գեղարվեստական ղեկավարության հայտնի հավակնորդներից որևէ մեկը չի գերազանցում նրան բեմադրական վարպետությամբ։ Որպես կազմակերպիչ, անշուշտ, ինչ-ինչ սխալներ թույլ է տվել, բայց պետք էր նրան օգնել, ուղղորդել բարյացակամորեն, ոչ թե օտարել ընթացիկ ստեղծագործական գործընթացից, հանիրավի ցեխոտել թատերաշինական ողջ վաստակը։ Նրան վերագրվող մեղքերից արդյո՞ք զերծ են մյուսները։ Որևէ երաշխիք չկա, որ նրանից հետո բերվողը անձնազոհ անաչառությամբ և, որ ամենակարևորն է, միանգամայն ինքնուրույն է գործելու։ Համատարած թայֆաբազությունը, բարեկամականությունը քանդում են մեր կեցության բոլոր ոլորտների հուսալի հիմքերը։ Թատրոնինը` առաջնահերթ։ Դրանից պետք է ազատվել անհապաղ, եթե չենք ուզում աբորիգենների վերածվել, իսպառ փոշիացնել մեր մշակութային մնայուն արժեքները։ Առանց գեղագիտական առաջնորդի չի կարող գոյատևել ակադեմիական թատրոնը, առավել ևս` վերընթաց ունենալ։ Մեկ ուրիշ գեղարվեստական ղեկավար կարո՞ղ է հանգիստ ստեղծագործել` թողնելով, որ շենքն ուզածի չափ ամեն պատահական անձի կամ խմբի վարձակալության տան։ Ո՛չ։ Ի՞նչ կազմով պետք է արվեն նոր ներկայացումները... Խնդիրներ շատ կան։ Կոսմետիկ, կիսատ-պռատ փոփոխություններով որևէ լավ հեռանկար չի կարող ապահովվել։ Թատրոնի օրենքի ընդունման ձգձգումն էլ նպաստում է խառնաշփոթ այս վիճակի արմատացմանը։ Չնայած անկեղծորեն կասկածում եմ մշակույթից հեռու կանգնած չինովնիկների ձևակերպած օրենքի թատերանպաստությանը։ Մեր կյանքի բոլոր բնագավառներն էլ խոցելի են, և մենք հազիվ թե իրատեսական առաջընթաց, միջին բարեկեցություն ունենանք, քանի դեռ նախարարական պորտֆելները բաժանվում են ոչ թե մարդկային, մասնագիտական հատկանիշների համարժեքությամբ, այլ սոսկ կուսակցական պատկանելությամբ։ Ժողովրդին ներկա մտավոր թմբիրից հանելու, դեգրադացնող քաղքենացումից բժշկելու համար դասական արվեստը պետք է ռաբիսության ճիրաններից շուտափույթ ազատել, ամեն գնով ծաղկեցնել։ Այլապես մենք կորած ենք որպես երկիր, ազգ, ժողովուրդ...
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3347

Մեկնաբանություններ