38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Չկայացած, մարգինալ կուսակցության շուրջ այսքան տևական և մեծ աղմուկ-աժիոտաժ չէր սարքվի»

«Չկայացած, մարգինալ կուսակցության շուրջ այսքան տևական և մեծ աղմուկ-աժիոտաժ չէր սարքվի»
15.09.2009 | 00:00

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՔՈՒՐ ՈՒԺ Է»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ
-Պարոն Խուրշուդյան, «Ժառանգության» նկատմամբ տևական դեմարշը` սկսած Ռիչարդ Հովհաննիսյանի, Զարուհի Փոստանջյանով շարունակված, ավարտված այսօրվա գործընթացներով, ի վերջո, ո՞ւմ ձեռքի գործն է: Ո՞Ւմ էր ձեռնտու հատկապես այս պահին «կազմաքանդել» կուսակցությունը:
-Իհարկե, իշխանություններին:
-Պատճա՞ռը:
-Պատճառը մեկն է. «Ժառանգությունը», իրոք, քաղաքական մաքուր ուժ է, ուր չկան կոռուպցիոներներ` նախկին, թե ներկա, չկան արատավորված մարդիկ, և կա գաղափարական պայքար:
-Այնուհանդերձ, Րաֆֆի Հովհաննիսյան-իշխանություններ «վեճը» մի քիչ շատ երկարեց: Ի դեպ, այն սկսվել է դեռ Քոչարյանի օրոք` համակարգիչների առգրավմամբ, հետո «Զվարթնոցում» կատարված «խուզարկությունն» էր, հետո... Ինչի՞ «մասին» է այս «կռիվը»:
-Այո, սա բավականին տևական «կռիվ» է, և հարցն առնչվում է Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումներին, որդեգրումներին, որոնք վերաբերում են ազգային նշանակության կարևորագույն խնդիրներին:
-Չէ, տեսակետ կա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակի պայմանավորվածություններ է խախտել:
-Առաջին անգամ եմ լսում նման բան, այնուհանդերձ, որևէ կերպ համաձայնել այդ մտքերի հետ, հնարավոր չէ:
-Փորձագետները նկատի ունեն հանգամանքը, որ, «Ժառանգության» խորհրդարան մտնելու հետ կապված, եղել են որոշակի պայմանավորվածություններ` ոչ անհայտ ամերիկահայ պարոն Հովնանյանի հետ, որը «մեկենասել» է «Ժառանգությանը» վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ և վերջինիս հանգստի սենյակում պայմանավորվածություն ձեռք բերել, որ քաղաքական այս ուժը համապատասխան քվոտայով կհայտնվի խորհրդարանում:
-Դուք ընդամենը կրկնում եք իշխանությունների վարկածը: Խորհրդարանական ընտրություններում իշխանությունները մեզանից տարան մեծ քանակությամբ ձայներ, և եթե այդ ձայները նրանք չգողանային մեզանից, ապա մենք ավելի մեծ թվով պատգամավորներ կունենայինք պառլամենտում:
-Պարոն Խուրշուդյան, նույն պառլամենտական ընտրություններից մի քանի օր հետո, խորհրդարանի միջանցքում, Ստեփան Սաֆարյանի ներկայությամբ, Սամվել Նիկոյանն ասաց. «Կոկորդներս մաշվեց` էնքան «Ժառանգությանը» քարոզեցինք։
-Ստում է:
-Փորձագետների հաջորդ տեսակետն էլ այն է, որ Րաֆֆին այս պահին հետ է քաշվում, հայ-թուրքական թնջուկն իր զարգացումներն է ապրում, եթե` ֆիասկո, նա արագ է հետ գալիս, բնականաբար, ճերմակ ձեռնոցներով: Եթե հայ-թուրքական «պրոցեսը» երկարում է, Րաֆֆին պայքարի մեջ է մտնում 2012-13-ի խորհրդարանական-նախագահական ընտրությունների համար` նոր «ընթերցմամբ»:
-Թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանի, թե «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քայլերը, ի վերջո, մշտապես նպատակաուղղված են եղել Հայաստանի Հանրապետության հզորացմանը:
-Իսկ եթե վիրտուալ-դասական այդ ձևակերպումներից անցնեք «նամակի բուն բովանդակությա՞նը»` վերադառնո՞ւմ է նա «ճերմակ ձեռնոցներով», թե՞ ոչ:
-Գեղարվեստական պատկերավոր ոճը Ձեզ համար կարող է ընդունելի լինել, ես, թույլ տվեք, մնամ քաղաքական ոճի շրջանակներում։ ՈՒստի նորից եմ ասում` Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր գործողություններն ուղղված են երկրի հզորացմանը, պետության առջև ծառացած խնդիրների լուծմանը: Այդ նպատակի համար նա հիմնադրեց «Ժառանգություն» կուսակցությունը, այդ նպատակով այնտեղ համախմբվեցին պրոֆեսիոնալներ, որոնք ինքնամաքրման վերջին քայլերով ցույց տվեցին, որ իսկապես խիստ սկզբունքային մարդիկ են:
-Նույն փորձագետներն ասում են, մամուլն էլ հոգնեց գրելով, որ «Ժառանգությունը», չնայած երիտասարդ-մանուկ կուսակցություն է, սակայն նրա մի բլոկը նախագահականի հայտնի «պերսոնի «իրավասության» ներքո է, մյուս բլոկը` նկարելու-պարելու նկատմամբ ոչ անտարբեր հայրենի դատախազ Աղվան Գառնիկիչն է տնօրինում, երրորդը` հյուսիսային-«կագեբեական» է, չորրորդը...
-Ո՞վքեր են դա ասում:
-Գիտեք` փոքր երկիր ենք, բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն։ Ինքներդ էլ գիտեք` ովքեր:
-Ամեն ինչ էլ կարող են ասել, դա մեր իրականությանը շատ բնորոշ երևույթ է։ Մարդիկ կան, որ նպատակաուղղված ապատեղեկատվություն են տիրաժավորում, և հիմա Դուք էլ տիրաժավորում եք նույն այդ ապատեղեկատվությունը` հավասար չափով, շատ հետևողական, միտումնավոր կերպով զրպարտությունների հեղեղ թափելով «Ժառանգության» վրա:
-Ա՜խ, եթե խնդիրը միայն իմ «հետևողականությանն ու տիրաժավորմանը» առնչվեր, էլի ոչինչ, բայց չէ՞ որ խնդիրները հենց «Ժառանգությունում» են:
-Իհարկե, կուսակցության ներսում կան պրոբլեմներ:
-Պրոբլեմներ չկան, կուսակցությունը պարզապես պայթում է կամ պայթեցվում է:
-Ո՛չ:
-Այո՛: Նոր տեր որոնելու ճանապարհին դա հաստատ կպատահի: Ի դեպ, որտե՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ի վերջո, ինչո՞ւ ամենակարևոր պահերին նա չկա... Գիտե՞ս, Հովսեփ, ես ու դու ընկերներ ենք, իսկապես լավ ընկերներ` անկախ ամեն ինչից, և մեր ճակատագիրն ինչ-որ մի փուլում մասամբ կապված է եղել այն ամենի հետ, ինչն առնչվել է Րաֆֆի Հովհաննիսյանին։ Դու տաղանդավոր, խելացի երիտասարդ ես, և ես հիմա ահավոր ցավ եմ ապրում, որ նստել ու փորձում ես ապացուցել անապացուցելին, որպեսզի պաշտպանես քո կուսակցության լիդերին: Սա` որպես ռեմարկ: Հիմա` հարց։ Ինչո՞ւ, իսկապես, ամենակարևոր պահերին Րաֆֆին չկա, և նրան գտնել հնարավոր չէ։ Սպասում է, որ ամեն բան հանդարտվի, ինքը գա-ասի այլևս ոչ մեկին չհետաքրքրող մտքե՞ր: Որտե՞ղ է նա` ֆիզիկապես, որտեղ` դեֆակտո, որպես կուսակցության անդամ, հիմնադիր:
-Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ ներկա է կուսակցությունում` առնվազն իր գաղափարներով ու արժեքներով, որոնք համընկնում են կուսակցության անդամների դավանած արժեքներին, և ասել, որ նա չի մասնակցում այս գործընթացներին, ես համաձայն չեմ:
-«Տեր-տեր»` «հալվա-հալվա» ասելով բերանը չի քաղցրանում, Հովսեփ: Բոլոր դեպքերում, դեֆակտո` տե՞ր է Հովհաննիսյանն այս կուսակցությանը, այս գործընթացներին։
-Ի՞նչ ասել է` «տե՜ր»։ Նա կուսակցության հիմնադիրն է, կուսակցությունն ունի վարչություն, ունի ղեկավար մարմիններ, ունի համագումար, որոնք որոշումներ են կայացնում:
-Իմ սիրելի ընկեր Հովսեփ, տպավորությունն այնպիսին է, որ «Ժառանգությունն» անտեր է մնացել, և կռիվը գնում է հատկապես տերերի միջև:
-Ցավալի է, որ մեր հասարակության մեջ կա մի փոքր հատված, որը մշտապես մտածում է, որ նույնիսկ կուսակցությունները պետք է ունենան իրենց թագավորները` հավերժ և հավիտյան...
-«Ամե՛ն»...
-Եվ գոյատևեն այդ կարգավիճակով: Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն ինչ արել է, որ, ինչպես ամենուր, այնպես էլ կուսակցության ներսում, արմատավորվի ժողովրդավարական այնպիսի նորմ, ինչպիսին է ռոտացիան, և ոչ` ինչպես մնացած դեպքերում է. հիմնադրում է ինչ-որ մեկը կուսակցությունը և հավերժ-ցմահ մնում է այդ կուսակցության ղեկավար:
-Բայց, պարոն Խուրշուդյան, «Ժառանգության» այսօրվա վիճակն էլ նորմալ չէ, էլ չեմ ասում` խիստ անհասկանալի է: Եվ, ի վերջո, կուսակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանն է ստեղծել... Այս ամենն առնվազն նման է նրան, որ դու քո ստեղծած երեխային տանես մանկատուն կամ, լավագույն դեպքում, գիշերօթիկ դպրոց: Պատասխանատվության խնդիր էլ կա, չէ՞:
-Նախ` ես համամիտ չեմ, որ «Ժառանգությունը» երեխա է։ Ասացի` այն կայացած, կենսագրություն, ավանդույթներ ունեցող կուսակցություն է: Եվ պատահական չէ, որ այս կուսակցությունը բոլորի համար այսօր թիրախ է դարձել։ Չկայացած, մարգինալ կուսակցության շուրջ այսքան տևական և մեծ աղմուկ-աժիոտաժ չէր սարքվի:
Սակայն ուզում եմ Ձեզ և բոլորին հիշեցնել. բոլոր այս կարգի գործընթացներից «Ժառանգությունը» մշտապես հաղթող է դուրս եկել: Համբերեք մի քիչ և կհամոզվեք, որ «Ժառանգության» շուրջ ստեղծված այս աղմուկը նույնպես խիստ արհեստական էր:
Քննիչի դեր ստանձնեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2235

Մեկնաբանություններ