«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԲԱՐՁՐ ԳՆԱՃԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ԲԱՐՁՐ ԳՆԱՃԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
12.04.2011 | 00:00

Ո՞րն է ելքը: Ակներև է, որ գնաճը կրճատելու կարևորագույն միջոցը ՀՆԱ-ի հստակ ձևավորված կառուցվածքն ու տնտեսության մրցակցային առավելությունների հաջող իրացումն է, որը հնարավորինս կկրճատի արտաքին կախվածությունները և թույլ կտա առողջ մրցակցային դաշտում կանխատեսելի և վերահսկելի դարձնել գները` ապահովելով կայուն զարգացում: Ներկայումս ՀՆԱ-ի աճի հիմքում արդյունաբերությունն է, ավելի հստակ` լեռնահանքային արդյունաբերությունը, իսկ հանքերն ավելի ինտենսիվ շահագործելու հաշվին ձևավորված ՀՆԱ-ի աճը երկար ժամանակահատվածում կախվածություն է առաջացնում մեկ ճյուղի զարգացումից, ինչպես մի քանի տարի առաջ արտահանման կախվածությունն էր դրա կեսից ավելին կազմող ադամանդագործությունից:
Տարբեր ապրանքային խմբերում գների անհամաչափ աճը հանգեցնում է շահույթի նորմայի անհամաչափության, որը, իր հերթին, կարող է բերել երկրի տնտեսության արտադրական ոլորտներից (արդյունաբերություն, գյուղատնտեսություն) ֆինանսական և մարդկային ռեսուրսների արտահոսք դեպի առևտրային և այլ ծառայությունների ոլորտներ, անգամ դրանց արտահոսքը` երկրից:
Անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել գնաճի հաշվարկի մեթոդաբանությանը: Միջազգային կառույցների առաջարկած 470 ապրանքների ինդեքսի հաշվարկի հետ մեկտեղ անհրաժեշտ է ներկայացնել առաջին անհրաժեշտության ապրանքների իրական գնաճը և քայլեր ձեռնարկել դրանք թիրախավորելու և մեղմելու ուղղությամբ:
Ներկայումս հասունացել է Հայաստանի ագֆլյացիան` գյուղատնտեսական մթերքների գների աճն ամեն ամիս հաշվարկելու պահանջը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս գնաճի գերակշիռ մասը կազմում է սննդամթերքի գնաճը:
Առաջարկվում է, ԱՎԾ 2011 թ. հունվարից որդեգրած դիսկրետ հաշվարկից բացի (որն ընդգրկում է երկրի 10 մարզերի ընտրովի քաղաքները), կիրառել նաև գնաճի հաշվարկ ըստ գյուղական բնակավայրերի, ուր գնաճն ավելի մեծ բացասական ազդեցություն ունի:
Նպատակահարմար է գնաճը հաշվարկել ոչ միայն ըստ ամիսների, այլև ըստ ապրանքների ծավալների, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, օրինակ, տարեմուտին սպառվում է երկու-երեք անգամ ավելի ապրանք, քան առանձին ամիսների ընթացքում, և դրանց միջինացումը ճշգրիտ պատկեր չի կարող հաղորդել:
Հաշվի առնելով հասարակության բևեռացվածության ներկա մակարդակը, հարկ է նաև հաշվարկել գնաճն ըստ սպառողների խմբերի (աղքատության շեմին գտնվողներ, միջին խավ, բարձր գնողունակություն ունեցող սպառողներ):
Գնաճի մեթոդաբանության հիմքում հնարավորինս հաշվի առնել բոլոր հնարավոր արտաքին (առարկայական և ենթակայական) և ներքին (առարկայական և ենթակայական) պատճառները:
Յուրաքանչյուր ամսվա կտրվածքով անհրաժեշտ է հաշվարկել սպառողական նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքը, որոնք, համաձայն «Կենսապահովման նվազագույն զամբյուղի մասին» ՀՀ օրենքի, կկիրառվեն կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի ինդեքսավորման համար:
Գնաճային ճնշումների մասին վաղօրոք տեղեկանալու և ճիշտ կանխատեսումների համար կարելի է հաշվարկել նաև այնպիսի կարևոր ցուցանիշներ, ինչպիսին արտադրողների գների ինդեքսն է (Producer Price Index, PPI), որն արտացոլում է տեղական արտադրության ինքնարժեքն (առանց շրջանառության, ավելացված արժեքի և այլ հարկերի), այնպես էլ ապրուստի ծախսերի ինդեքսը (Cost-of-living Index, COLI, որը հաշվի է առնում եկամուտների և ծախսերի աճի հաշվեկշիռը) և կապիտալի (արժեթղթերի, անշարժ գույքի, փոխատվական կապիտալի և այլն) գնի ինդեքսը, որը սովորաբար ավելի արագ է աճում, քան սպառողական գների ինդեքսը` հնարավորություն տալով դրանց տերերին գնաճից միակողմանի օգուտներ քաղել:
Իհարկե, ցանկալի կլինի, եթե վիճակագիրները պարբերաբար հանրությանը ներկայացնեն նաև ՀՆԱ-ի դեֆլյատորը` միանման ապրանքախմբերի գծով գների փոփոխությունները, ազգային արժույթի գնողունակության մակարդակը (պարիտետը), սպառման ընթացիկ ծախսերի հարաբերությունը նույն ապրանքների սպառման բազիսային ժամանակահատվածի ձեռքբերման ծախսերի նկատմամբ կամ, այսպես կոչված, Պաաշեի ինդեքսը և այլն:
Այս ամենը ոչ միայն կարտացոլի գների տատանումների իրական պատկերը, այլև միանշանակ կավելացնի գների վերահսկելիության առումով սպառողների վստահությունը, որը, իր հերթին, կարևոր ազդակ է շուկայում առկա դրական սպասումների և սպառողների վարքագծի համար:
Գնաճի դեմ պայքարելիս հարկ է հիշել, որ գների բարձրացման վարչական արգելքները երբեմն կարող են հանգեցնել այն ապրանքների դեֆիցիտին, որոնց գները կարող են բարձրանալ առանց պետության միջամտության` ոչ միայն աճող պահանջարկի, այլև դրանց առաջարկի պակասի պատճառով: Գների տարբերության սուբսիդավորումը, որն իրականացվում է արտադրողի կամ սպառողի շահերից, լրացուցիչ կարող է բարձրացնել նաև համախառն պահանջարկը:
Քանի որ պետության ուշադրության կենտրոնում ոչ միայն գնաճի զսպումն է, այլև զբաղվածության ավելացումը, ապա անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ երկու նպատակները միաժամանակ անհնար է իրագործել: Երբ քայլեր են ձեռնարկվում զսպելու գնաճը, դրամական զանգվածի կրճատման խնդիր է առաջանում, որի պատճառով բնակչության գնողունակությունն ընկնում է: Այն, իր հերթին, կրճատում է ապրանքների այն քանակության արտադրությունը, որն ուղիղ համեմատական է գնողունակության անկմանը: Արդյունքում կրճատվում է արտադրությունը և աճում է գործազրկությունը: Նման հակառակ համեմատական կախվածություն կա նաև գործազրկության կրճատմանն ուղղված քայլեր ձեռնարկելիս, որի մասին իրենց աշխատանքներում անդրադարձել են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Ֆին Կիդլանդն ու Էդուարդ Պրեսկոտը, Ռոբերտ Լուկասը, Միլթըն Ֆրիդմենը և այլք։
Նպատակահարմար է, որ երկրի հարկային, մաքսային և դրամավարկային քաղաքականությունները դառնան ավելի նպատակային և արդյունավետ: Մասնավորապես, տնտեսության մրցունակության խթանման միջոցով գնաճը զսպելու նպատակով համաշխարհային տնտեսական ճգնաժամի ներկա փուլում նոր սարքավորումներ ներկրողներին անհրաժեշտ է ազատել մաքսատուրքից: Հետագայում նոր սարքավորումներ ներկրած ձեռնարկատերերից հարկեր կարելի է գանձել շահույթի ստացմանն ու ավելացմանը զուգահեռ, հնարավորություն ընձեռելով խթանել տեղական արտադրության մրցունակությունը և իջեցնելու գործող գների մակարդակը:
Ավելի արդյունավետ պայքար է պահանջվում մաքսանենգության և ստվերային տնտեսության տեսակարար կշիռը կրճատելու ուղղությամբ: Ստվերային տնտեսությունը, ինչպես հայտնի է, կրճատում է պետական եկամուտները, որոնք ապահովելու համար աճում է հարկային բեռը նվազ թվով տնտեսավարողների համար: Իսկ լրացուցիչ հարկերը, իրենց հերթին, ավելացնում են ապրանքների և ծառայությունների ինքնարժեքն ու նպաստում գնաճի բարձր տեմպերին: Գնաճի տեմպերի կրճատմանն է ուղղված նաև հարկային տարբերակված քաղաքականությունը, ինչպես նաև երկրում հարկային շրջանայնացման համակարգին անցումը:
Հեռավոր, հատկապես սահմանամերձ բնակավայրերում տնտեսավարողներին պետք է ազատել մի շարք հարկատեսակներից: Ավելին, այս բնակավայրերում պետք է ավելացնել գյուղմթերքների արտադրության սուբսիդավորումը: Պետական բյուջեի սահմանափակ միջոցները հաշվի առնելով, առաջարկում ենք կիրառել սուբսիդավորում` ոռոգման ջրի անվճար ապահովման ձևով հատկապես այն տնտեսություններին, որոնց գործունեությունն ուղղված է երկրի պարենային անվտանգության ապահովմանն ու ագֆլյացիայի կրճատմանը:
Առաջարկվում է նաև անցնել տնտեսության առաջընթացն ու մրցունակությունն ապահովող առանձին ճյուղերի (մասնավորապես, արտադրությունների) նպատակային վարկավորման: Միջազգային ֆինանսական կառույցներից արտոնյալ պայմաններով ստացված վարկերն առաջին հերթին հարկ է նպատակաուղղել հենց նման արտադրությունների զարգացմանը, որը ևս գնանկման հստակ նպատակ ունի: Առաջարկվում է առևտրային վարկերի համեմատ նվազեցնել արտադրության նպատակներով տրվող վարկերի տոկոսադրույքը:
Նպատակահարմար ենք գտնում նաև, որ կենսապահովման նվազագույն զամբյուղի ապրանքների գները սահմանվեն կառավարության կողմից: Առավելագույնս պետք է խթանել կենսապահովման զամբյուղի մեջ մտնող տեղական արտադրության սննդամթերքի արտադրությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողի սեփականաշնորհման արդյունքում նոր սեփականատերերն առանձնապես շահագրգռված չեն դրանք մշակելու մեջ, մի շարք մշակաբույսերի ցանքատարածություններ կրճատվել են, դրանց մի մասն աղակալել է, մյուս մասը` «մաշվել»: Այլ խոսքով, ոմանց համար անշարժ գույքի նման շահութաբեր գործարքը մեծ վնաս է հասցրել երկրի գյուղատնտեսությանը, որի նպատակների համար առանց այն էլ Հայաստանի տարածքի գրեթե կեսը պիտանի չէ: Հիշյալ երևույթը բացառելու նպատակով առաջարկում ենք կիրառել հողի չօգտագործման պրոգրեսիվ հարկ, որը հիմնավորված է նաև արդյունավետ բնօգտագործման տեսանկյունից: Նման հարկ, բնականաբար, չի կարելի գանձել օգտագործվող հողատարածքներից: Իսկ նրանք, ովքեր կնախընտրեն երկրում հազարավոր հեկտարների հասնող հողատարածքները պահել «սերունդների համար», ստիպված կլինեն տարեցտարի ավելի բարձր հարկ վճարել: Սա կհարկադրի նրանց մտածել հողն արդյունավետ օգտագործելու մասին, կամ այն վաճառել հողի իրական արժեքն իմացողներին: Այլապես ստեղծվում է տարիմաստություն. գյուղատնտեսության բնագավառում զբաղվածները երկրի աշխատունակ բնակչության գրեթե կեսն են, սակայն պետությունը ստիպված է սննդամթերք ներմուծել արտերկրից, այն էլ բարձր գներով: Երկրի հողային ֆոնդը պետք է արդյունավետ օգտագործել հացահատիկի, այլ մշակաբույսերի արտադրություն կազմակերպելու և պարենի խնդիրը լուծելու համար:
Մինչ այդ, անհրաժեշտ է հակակշռել գների բարձրացումը նպաստների և վճարների բարձրացումով և անցնել սոցիալապես անապահով խավի (հատկապես` խանութից հաց ու այլ սնունդ պարտքով վերցնողների համար) առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների կտրոնային համակարգի: Միաժամանակ, գյուղմթերքների շուկայում պետք է կիրառել գների խիստ վերահսկողություն տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և այլ կառույցների կողմից:
Հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում սննդամթերքի գների հետագա թանկացումները, չենք բացառում, որ գնաճի բարձր մակարդակները կարող են հանգեցնել մի իրավիճակի, երբ դրամական շրջանառությունն առժամանակ և որոշ դեպքերում իր տեղը զիջի բնամթերային փոխանակմանը: Մի երևույթ, որը պատմության տարբեր փուլերում հանգուցալուծել է ճգնաժամի մարտահրավերները (20-րդ դարի 20-ական թվականներին` Գերմանիայում, ԽՍՀՄ-ում` Հայրենական մեծ պատերազմի որոշ փուլերում և այլն):
Ավելի արմատական լուծման առումով կարևոր է նկատել, որ գնաճի բնական հակակշիռն իրականում բնակչության համախառն պահանջարկն է: Վերջինս այն հակակշիռն է, որը թույլ չի տալիս գներն անվերջ բարձրացնել: Եթե բնակչության իրական վճարունակ պահանջարկն ընկնի, այլ խոսքով` ապրանքները չսպառվեն նույն քանակությամբ, ապա գոնե մենաշնորհները ստիպված կլինեն գներն իջեցնել համապատասխան մակարդակի, որպեսզի կարողանան շահույթներ ապահովել և ոչ թե կրճատել շրջանառության ծավալները: Իսկ այդ երևույթը երկար ժամանակ Հայաստանում հնարավոր է տեղի չունենա, քանի որ չկա ուղիղ համեմատական կախվածություն` բնակչության իրական եկամուտների և սպառման ծավալների միջև: Դրանց արանքում, որպես հանգուցալուծող օղակ, ընկած են, այսպես կոչված, անաշխատ եկամուտները (արտերկրից ստացվող դրամական օգնությունը), որը ևս թույլ չի տա երկրի տնտեսությանը զարգանալ տնտեսական օրինաչափություններով

Դիտվել է՝ 2534

Մեկնաբանություններ