38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Դասական երաժշտությունը Հայաստանում փոքր օգտագործման և սպառման ոլորտ ունի»

«Դասական երաժշտությունը Հայաստանում փոքր օգտագործման և սպառման ոլորտ ունի»
22.09.2009 | 00:00

«ՉԱՐԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ, ԻՆՏՐԻԳ ՉԿԱՆ ԱՅԴ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայաստանցի հանդիսատեսն աշխարհահռչակ երգչուհի ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԻՆ լսելու առիթ կունենա ամիսներ հետո: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում նա հանդես կգա Աիդայի դերերգով՝ Վերդիի համանուն օպերայում: Կարծում ենք` այս հարցազրույցը կհետաքրքրի երգչուհու արվեստի երկրպագուներին:
-Հասմիկ, գերմանացի բանաստեղծների խոսքերով Կոմիտասի գրած երգերը հայերեն է թարգմանել բանասիրության դոկտոր Ալբերտ Մուշեղյանը: Դրանց երկլեզու կատարումներով Դուք թողարկել եք ձայնասկավառակ Բեռլինում: Ինչպե՞ս է հայի ազգային ինքնությունը ներկայացնող այդ երգաշարն ընդունել եվրոպացի ունկնդիրը:
-Շատ չեն եղել դրսում այդ ձայնասկավառակով հետաքրքրվողները: Չեմ կարող ասել, թե ինչ պատճառով: Երբ դահլիճներում երգում եմ Կոմիտաս, արտասահմանցի ունկնդիրները շատ սիրով են ընդունում, բայց ձայնասկավառակը լայն լսարան չունեցավ, գուցե թե գովազդի բացակայության պատճառով: -Մշակութային մենեջերի, իմպրեսարիոյի ինստիտուտը, ըստ Ձեզ, որքանո՞վ է կայացած աշխարհի առաջադեմ երկրներում և որքանո՞վ՝ Հայաստանում: Մենք շա՞տ ենք հետ մնում Արևմուտքից այս առումով:
-Դրսում այդ ինստիտուտը շատ զարգացած է, Հայաստանում՝ ոչ: Հայաստանում էստրադային աստղերն են ուշադրության կենտրոնում: Նրանք են անվերջ գովազդվում, նույնիսկ՝ չափից ավելի: Դասական երաժշտությունը չեն գովազդում: Մի բան, որ չի կարելի ասել արտասահմանյան երկրների մասին: Ես գիտեմ, որ Հայաստանում կա «XXI-ի հեռանկարներ» նախագիծը, որի կազմակերպիչները զբաղվում են դրսից աստղեր հրավիրելու գործով: ՈՒ դա շատ լավ են անում: Բայց դասական երաժշտությունը Հայաստանում այսօր այնպիսի փոքր օգտագործման և սպառման ոլորտ ունի, որ անհնար է ինչ-որ մեծ ու լուրջ քայլեր սպասել:
-Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի կրթական մակարդակի, մասնավորապես, երաժշտական կրթության վերաբերյալ:
-Մեր ազգն ունի այնպիսի ֆենոմեն, որ ցանկացած պայմաններում, ցանկացած ժամանակ ծնում է տաղանդներ՝ անկախ ընդհանուր կրթական համակարգից: Իհարկե, կրթական համակարգից շատ տեղեկացված չեմ: Քսանհինգ տարի առաջ եմ ավարտել կոնսերվատորիան և չգիտեմ, թե հիմա այնտեղ ինչպիսի կրթություն են ստանում: Բայց կարող եմ ասել, որ օպերայի թատրոնն այսօր նույնը չէ, ինչ քսաներեք տարի առաջ էր, երբ ես սկսեցի այնտեղ երգել: Այն ժամանակ մենք ունեինք քսանհինգ անուն ներկայացում, խաղում էինք ամեն օր, բացի երկուշաբթիից: Այսօր դա չկա: Թե այսօր ովքեր և ինչպես են դասավանդում կոնսերվատորիայում կամ այլ բուհերում, չգիտեմ, բայց որ մեծ թվով հայ մասնագետներ դրսում ըստ արժանվույն ներկայացնում են հայ մշակույթը և գիտությունը, փաստ է: Օրինակ, ամուսնուս եղբայրը, որն անվանի պրոֆեսոր է ջրածնային ֆիզիկայի ասպարեզում, աշխատում է Վիրջինիայում և իր հաստատությունում ունի վեց ֆիզիկոս աշխատակից Հայաստանից: Բայց ես զգում եմ, որ Հայաստանում կրթական համակարգն առաջվանը չէ: Եվ այդ փոփոխությունը, որ կոչվում է Բոլոնիայի գործընթաց, թե ինչ, ինձ այնքան էլ հավատ չի ներշնչում: Չեմ կարծում, թե դա ճիշտ մոտեցում է Հայաստանի համար:
-Ինքներդ չե՞ք զբաղվում մանկավարժությամբ:
-Ոչ, առայժմ միայն կատարող եմ: Դեռևս չեմ մտածում մանկավարժական աշխատանքի մասին: Մանկավարժությունն ինձ համար շատ նրբին գործ է: Կարծում եմ` երբ որևէ երիտասարդ որոշում է երգիչ դառնալ, սա շատ կարևոր վճիռ է, կյանքի ճանապարհ է, ճակատագիր: Եվ մեծ պատասխանատվություն է այդպիսի մեկի ճակատագիրը վերցնել քո ձեռքն ու տնօրինել այն: Ես հիմա չեմ կարող դա անել, որովհետև շատ զբաղված եմ համերգային գործունեությամբ: Վիեննայում լինում եմ տարվա մեջ երեք շաբաթ, այնտեղի որևէ թատրոնի անդամ չեմ: Վիեննայի օպերային թատրոնում երգում եմ տարեկան երկու-երեք ներկայացումներում, իսկ մնացած ժամանակ շրջագայում եմ տարբեր երկրներում, երգում տարբեր թատրոններում: Բոլոր պայմանավորվածությունները կայացնում է Նյու Յորքում ապրող իմ անձնական մենեջերը:
-Ո՞ր երկրի հանդիսատեսին եք նախապատվություն տալիս:
-Ես սիրում եմ օբյեկտիվ հանդիսատես, որը ծափահարում է, եթե հավանում է և չի ծափահարում, եթե չի հավանում: Այդպիսին են ֆրանսիացիք: Ֆրանսիացի հանդիսատեսը շատ կիրթ է: Իսկ, օրինակ, ամերիկացիները չափազանց ներողամիտ են, և թատրոն գալը նրանց համար միշտ տոն է: Անկախ նրանից, թե արտիստն ինչպես է երգում, ինչպիսի ձայն ունի, նրանք բար-յացակամ են: Չեն սուլում, ջերմորեն ծափահարում են և չեն ուզում իրենց տոնը փչացնել: Եթե նրանք տնից դուրս են գալիս ու գնում թատրոն, արդեն մտածում են միայն վայելելու մասին: Գերմանացի հանդիսատեսը շատ շփացած է: Նա այնպիսի հնարավորություններ ունի լավ երգիչների, երաժիշտների տեսնելու, լսելու, որ նրան ընդհանրապես դժվար է գոհացնել: Այդ երկրի ամեն մի գյուղում կա օպերային թատրոն. 148 օպերային թատրոն ունեն: Նրանք շատ զուսպ են իրենց գնահատականների, վերաբերմունքի մեջ: Իտալացիները կարծում են, որ իրենցից է սկսվել երգը, և, իրենցից բացի, ոչ ոք չի կարող երգել: Այս իմաստով նրանք շատ ազգայնամոլ են, թեպետ վաղուց դրա համար բավարար հիմքեր չունեն: Այսօր դասական երգարվեստի լավագույն դպրոցը գտնվում է Նյու Յորքում:
-Մարդկային շփման, փոխըմբռնման իմաստով դժվարություններ չե՞ք ունենում օտարազգի Ձեր կոլեգաների հետ:
-Բոլորովին: Եթե ունես համապատասխան պայմանագիր, ապա ունես այդ պայմանագրի բոլոր կետերով սահմանված հնարավորություններ, արտոնություններ: Մարդիկ իրար հարգում են, գնահատում: Եթե նույնիսկ կա մրցակցության պահը (որն անպայման կա. բնությունը տարբեր մարդկանց տարբեր չափով է օժտել), ապա մեկ ուրիշից ավելի լավը լինելու, առաջ անցնելու մղումները դրսևորվում են շատ քաղաքակիրթ ձևով: Չարակամություն, ինտրիգ և նման բաներ չկան այդ միջավայրում: Կարելի է ասել` հիմնականում աշխատում ենք կատարյալ պայմաններում:
Զրույցը` Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2021

Մեկնաբանություններ