ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վճռականության գինը

Վճռականության գինը
01.04.2024 | 14:26

(սկիզբը` այստեղ)

Երևան վերադառնալուց հետո պարզվում է, որ Մովսիսյանն ադրբեջանցիների­ հարվածներից ուղեղի թեթևակի ցնցում է ստացել և մի քանի օր բուժվել է հիվանդանոցում:

Շուտով Մոսկվայից վերադառնում է Կ. Դեմիրճյանը, և Մով­սիսյանը նրան տեղեկացնում է կատարվածի մասին: Լսելով Մով­սիսյանի պատմածը, Դեմիրճյանը, ինչպես հիշում է Մովսիսյանը, անձայն արտասվել է:

«Ես,- գրել է Մովսիսյանը,- առաջին անգամ էի նրա աչքերում արցունքներ տեսնում»:

Կատարվածն այնքան արտառոց էր ու զայրացուցիչ, որ Դեմիրճյանն անմիջապես այդ մասին հայտնում է ՍՄԿԿ Կենտկոմ:

Մովսիսյանը հրավիրվում է ՍՄԿԿ Կենտկոմ: Նրան ընդունում է այդ ժամանակ ՍՄԿԿ Կենտկոմում երկրորդ դեմք հանդիսացող Եգոր Լիգաչովը: Բոլորը զայրացել էին՝ տեսնելով Մովսիսյանին հասցված վերքերն ու կապտուկները:

Լիգաչովը, ով հայտնի էր իր սկզբունքայնությամբ ու խստա­սիրությամբ, անմիջապես ՍՍՀՄ պետական անվտանգության կոմի­տեին, ներքին գործերի նախարարությանը և գլխավոր դատախա­զությանը հանձնարարում է հարուցել քրեական գործ ու խստորեն պատժել մեղավորներին:

Սակայն Մովսիսյանի խնդրանքով քրեական գործ չի հարուցվում շարքային մարդկանց նկատմամբ, քանի որ նա համոզված էր, որ մեղավորները նրանց դրդողներն ու կազմակերպիչներն են եղել:

Տարիներ անց, 1990-ական թվականներին Մոսկվայում Ե. Լի­գաչովի հետ ունեցած հանդիպումների ժամանակ նրա հետ զրուցել եմ Լեռնային Ղարաբաղի և Կ. Դեմիրճյանի մասին: Ե. Լիգաչովի հետ հանդիպումների ժամանակ նրանից հետաքրքրվել եմ նաև Հա­յաստանի և Ադրբեջանի միջև 1982-1984 թթ. տեղի ունեցած սահ­մանային վեճի մասին:

Լեռնային Ղարաբաղի և Կ. Դեմիրճյանի մասին Ե. Լիգաչովի հետ իմ զրույցի հատվածը, որն առաջին անգամ հրապարակել եմ 2006 թ. լույս տեսած իմ «Չմոռանանք» աշխատությունում, հարկ եմ համարում նորից ներկայացնել ընթերցողների ուշադրությանը:

«1996 թ. Մոսկվայում կայացած միջազգային համաժողովում ծանոթացա Եգոր Լիգաչովի հետ, ով Կենտկոմի ղեկավարությունից հանվել էր Գորբաչով-Յավովլև-Շևարդնաձե խմբավորման սադրան­քով: Նա հետաքրքրվեց Հայաստանի վիճակով: Հարցրեց, թե Կարեն Դեմիրճյանը ինչո՞վ է զբաղված: Հետո Ե. Լիգաչովն ասաց հե­տևյալը (նրա խոսքը մեջբերում եմ իմ կատարած գրառման հիման վրա):

«Ես,-ասաց նա,- Դեմիրճյանի հարցում թույլ եմ տվել սխալ, այն էլ անուղղելի սխալ: Դեմիրճյանը սկզբում Գորբաչովին և հետո ինձ տեղեկացրել էր Լեռնային Ղարաբաղում կատարվող

իրադար­ձությունների մասին: Դեմիրճյանը հայտնեց այնպիսի փաստեր, որոնք ինձ համար նորություն էին: Եվ այդ ժամանակ էլ միտք

առաջացավ Կենտկոմի քաղբյուրոյի քննարկմանը ներկայացնել որոշման նախագիծ՝ «О положение Нагорного Карабаха» («Լեռ­նային Ղարաբաղի դրության մասին»): Մեր քննարկման ոգով Դեմիրճյանը ներկայացրեց իր ձեռքով գրված նախագիծը, որտեղ օգտակար միջոցներ էին նշված Լեռնային Ղարաբաղի պրոբլեմն աստիճանաբար լուծելու մասին»:

- Ես,- շարունակում է Լիգաչովը, - հավանություն տվեցի նա­խագծին և Դեմիրճյանին խնդրեցի ծանոթացնել Ա. Յակովլևին և հաջորդ օրը ներկայացնել քննարկման: Հաջորդ օրը Ա. Յակովլևը Կենտկոմի քարտուղարությունում­ զեկուցեց և ներկայացրեց նախագիծ, որի վերնագիրը դարձել­ էր այսպիսին. «О положение Нагорного Карабаха» («Լեռնային Ղարաբաղում դրության մա­սին»): Սրան համապատասխան էլ փոփոխվել էին Դեմիրճյանի առաջարկությունները:

Յակովլևից հետո Դեմիրճյանն անմիջապես ձայն խնդրեց և ուժգնորեն բողոքելով առարկեց նախագծի ոգին ամբողջովին փոփոխելու դեմ, ասելով, որ եթե նախագիծն այդ կերպ ընդունվի, ապա ավելի կծանրանա ստեղծված վիճակը: Յակովլևն ակնարկեց, որ Դեմիրճյանի կազմած նախագիծը փոխվել է իր և Գորբաչովի կողմից:

Դեմիրճյանը սկսեց ձայնը բարձրացնելով հակադրվել, և ես նրան զգուշացրի՝ մի գոռգոռացեք, դուք գտնվում եք Կենտկոմում: Իմ դիտողությանը Դեմիրճյանը պատասխանեց, թե՝ ինչպես

Դուք, այնպես էլ ես գտնվում եմ կուսակցության շտաբում և նույն­պես իրավունք ունեմ բարձր տոնով խոսելու, մանավանդ որ կատար­վել է կեղծիք:

Յակովլևը դիտողություն անելով սպառնաց, թե ինչպես է Դեմիրճյանը­ Գորբաչովի հասցեին օգտագործում «կեղծիք» արտա­հայտությունը:

Դեմիրճյանի փաստարկները հաշվի չառնվեցին…

Ես հետո միայն զգացի, որ թույլ եմ տվել սխալ, չպաշտպանելով Դեմիրճյանի նա­խագիծը: Ես ինձ մեղավոր եմ զգում Դեմիրճյանին չպաշտպանելու համար:

Այդ քննարկումից հետո պարզ դարձավ, որ Գորբաչովն իր խմբով արդեն որոշել էր Դեմիրճյանի ճակատագիրը»:

Երբ վերադարձա Երևան, հանդիպեցի Կարեն Սերոբիչին և տե­ղեկացրի Լիգաչովի պատմածը: Նա ժպտաց և ասաց.

«Ծերուկը ճիշտ է պատմել»:

Հայտնեցի տարակուսանքս, թե այդ փաստի մասին ինչու՞ մենք Հայաստանում չգիտենք, ինչու՞ նա այդ մասին չի ասել:

-Իսկ ի՞նչ կտար դա,-պատասխանեց Կարեն Սերոբովիչը,-երբ ամեն ինչ կատարված է արդեն:

Եգոր Լիգաչովը երկրի ղեկավարության մեջ հայտնի էր իր սի­բիրյան կարծր բնավորությամբ և ճշտախոսությամբ:

Նրա հայտնած փաստը նկատի ունենալով, պետք է որոշակիորեն ասել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում օգտակար կեցվածք ունե­նալը և դրա շուրջ Գորբաչովի հետ հակադրվելը դարձավ Կ. Դեմիրճյանին­ աշխատանքից հանելու գլխավոր պատճառը…»: (Վլադիմիր Պետրոսյան «Չմոռանանք» Երևան, 2006, էջ 459-451):

Այժմ առիթը եկել է, և կամենում եմ հիշել Հայաստանի և Ադրբեջանի­ միջև 1982-1984 թթ. տեղի ունեցած սահմանային վեճի մասին Լիգաչովի վկայությունը, որը մեջբերում եմ իմ կատարած գրառման համապատասխան:

Լիգաչովն ասաց, որ երբ իրեն հայտնել են կատարված միջադե­պի, Հայաստանի կառավարության նախագահի տեղակալին ծեծի երթարկելու­ մասին, սկզբում չի հավատացել և դա համարել է հնարված: Բայց, երբ ընդունել է Հայաստանի կառավարության

նախագահի տեղակալին, տեսել­ նրա մարմնի վրա եղած վերքերը, հետո ծանոթացել է ՍՍՀՄ ՊԱԿ-ի հաղորդագրությանը, համոզվել է, որ Ադրբեջանի ղեկավարների ընտրության հարցում թույլ են տրվել այնպիսի սխալներ, որոնց հետևանքով կարող են պատասխանատու աշխատանքի նշանակվել ոչ միայն անազնիվ մարդիկ, այլև պետու­թյան դեմ հանցագործությունների կազմակերպիչներ:

Լիգաչովն ասաց նաև, որ իր պահանջով Ադրբեջանի կառա­վարության նախագահի տեղակալը, որպես կատարված հանցա­գործության կազմակերպիչ,­ հեռացվել է աշխատանքից, և հանձ­նարարել­ է երկու հանրապետությունների­ կառավարությունների­ նախագահների առաջին տեղակալների մակարդակով ստեղծել հանձնա­ժո­ղով­ և վերացնել սահմանագծի թույլ տրված խախտում­ները:

Հիշելով այդ մասին` Լիգաչովն ասաց նաև հետևյալը.

«Երկրում սկսվել էր այսպես կոչված վերակառուցումը: Գորբաչովի կամքով ամեն ինչ ենթարկվում էր վերակառուցման պահանջներին: Եվ սկսված աղմուկի մեջ մենք չկարողացանք տեսնել այն ամբողջ վտանգը, որ թաքնված էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահ­մանային վեճի ծալքերում: Մենք այդ գործում հետևողական չե­ղանք, ժամանակին միջոցներ չձեռնարկեցինք պայթյունը կանխելու համար»:

Լիգաչովը նաև հիշեց Հայաստանի կառավարության նախագահի տեղակալ­ Վ. Մովսիսյանի զսպվածությունն ու համարձակությունը, որ չի ենթարկվել հանցագործների թելադրանքին: Հետո Լիգաչովը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է զբաղվում այժմ Մովսիսյանը:

Պատաս­խանեցի՝ աշխատում է հանրապետության­ գյուղատնտեսության­ նա­խարար: Լսելով իմ պատասխանը,­ Լիգաչովն ասաց.

«Հայաստանն այդպիսի մարդկանց կարիքը շատ ունի…»:

Սակայն վերադառնանք մեր պատմությանը:

Մոսկվայում տեղի ունեցած միջադեպի քննարկումից հետո Ադրբեջանի­ կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ք. Բաղիրովը Կ. Դեմիրճյանին խնդրում է հանդիպել Հայաստանում: Դեմիրճյանի համաձայնությամբ այդ հանդիպումը տեղի է ունենում Սևանում:

Դեմիրճյանի, Հայաստանի կառավարության նախագահ Ֆ.

Սարգսյանի ներկայությամբ Ք. Բաղիրովը և կառավարության նախագահը ներողություն են խնդրում Վ. Մովսիսյանից:

Ադրբեջանի ղեկավարները միայն ներողություն խնդրելու հա­մար չէին եկել: Նրանք իրենց հետ բերել էին «Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանների ճշգրտման մասին» վերնագրով մի փաստաթուղթ, որի ընդունմամբ­ էլ, ըստ նրանց տեսակետի, վերջնականապես կլուծվեին վիճելի հարցերը:

Եվ, նկատի ունենալով, որ ՍՍՀՄ կառավարության հանձնարա­րությամբ ստեղծվել էր հանձնաժողով Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների նախագահների տեղակալների մասնակցու­թյամբ, Բաղիրովն առաջարկում է, որ այդ փաստաթուղթը ստո­րագրեն Մովսիսյանը և Ադրբեջանի կառավարության­ նախագահի տեղակալը:

Քանի որ Մովսիսյանը պետք է ստորագրեր այդ փաստաթուղթը, նա առաջարկում է փաստաթղթի վերնագիրը դարձնել «Հայկական ՍՍՀ և Ադրբեջանական ՍՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին» և դրան համա­պատասխան էլ փոխել բովանդակությունը:

Չհամաձայնվելով Մովսիսյանի առաջարկությանը, Բաղիրովը պնդում է իր բերած փաստաթուղթն ընդունել, որով, ըստ նրա, վերջնականապես կլուծվեն սահմանային բոլոր վիճելի հարցերը:

Հետևում է Մովսիսյանի առարկությունը.

«Մի մոռացեք, որ ՍՍՀՄ կառավարության որոշմամբ մեզ հանձնարարված է լուծել միայն Ադրբեջանի Ղազախի և Հայաստանի Իջևանի ու Նոյեմբերյանի շրջանների միջև եղած հողօգտագործման հարցը, իսկ դուք առա­ջարկում եք դուրս գալ մեզ տրված լիազորությունների սահման­ներից»:

Մովսիսյանը նաև հիշեցնում է, որ ՍՄԿԿ Կենտկոմում հարցի­ քննարկման ժամանակ Ե. Լիգաչովը հանձնարարել էր անվե­րա­պա­­հորեն­ ճշտել սահմանները և վերջ տալ 1920-ական թվա­կաններից սկսված քաշքշուկին:

Մովսիսյանի փաստարկումներն անխոցելի էին և զգաստացրին Ադրբեջանի­ ղեկավարներին: Բաղիրովը հարկադրված ընդունում է Մովսիսյանի­ առաջարկած տարբերակը:

Հետագայում հիշելով Ադրբեջանի ղեկավարների ներկայացրած

փաստաթղթի­ մասին` Մովսիսյանը գրել է, որ դա «հեռահար նպա­տակ ուներ: Այսինքն, եթե այդ փաստաթուղթն ընդունվեր, կնշա­նակեր, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները մեկընդմիշտ­ ճշգրտված են, և Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի, քանի որ մենք արդեն համաձայնել ենք նրանց սահմանների հետ և փաստորեն­ ընդունել ենք նրանց տարածքային ամբողջականու­­թյունը»:

«Պարզ էր,- շարունակում է Մովսիսյանը,- որ այդպիսի փաստա­թուղթ ես չէի ստորագրելու: Երբ պարզաբանում տվեցի, Կարեն Սերոբիչն ասաց, որ Մովսիսյանը ճիշտ է, և պետք է ընտրվի նրա առաջարկած տարբերակը, որը վերնագրված էր «Հայկական ՍՍՀ և Ադրբեջանական ՍՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահման­ների վերականգնման (ճշգրտման) մասին»:

«Սա,- ընդգծում է Մովսիսյանը,- չափազանց սկզբունքային հարց էր: Եվ երբ ադրբեջանցիները մեկնեցին, Կարեն Սերոբովիչը գոհունակությամբ հարցրեց, թե ինչպե՞ս էի կռահել այդ նրբու­թյունը»:

Ե. Լիգաչովի հանձնարարության համաձայն սկսվում է սահ­մանների ճշտումը: Դա դժվարին ու մեծ ջանքեր պահանջող աշխա­տանք էր: Հայաստանի կողմից Մովսիսյանի գլխավորած հանձնա­ժողովի կազմում էին գյուղատնտեսության նախարարության հողօգտագործման և հողաշինարարության վարչության պետ Ռ. Վարդանյանը, «Հայպետհողշիննախագիծ»­ ինստիտուտի տնօրեն

Ռ. Զաքոյանը, գլխավոր ինժեներ Հ. Վարդանյանը, քարտեզա­գիտության ու գեոդեզիայի ասպարեզի մի խումբ մասնագետներ:

ՈՒսումնասիրության հենց առաջին օրվա ընթացքում ադրբեջա­նական կողմի ցույց տված անհիմն առարկությունները կանխելու նպատակով Մովսիսյանը­ հրավիրում է ՍՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր գեոդեզիայի­ և քարտեզագրության ինստի­տուտի առաջատար մասնագետներին, որոնք կարևոր դեր են խաղում հարցերն օբյեկտիվորեն լուծելու մեջ:

Նախ սահմանագծերը ճշտվում են քարտեզների վրա: Դա ավարտելուց­ հետո հարկավոր էր տեղափոխել բնության մեջ: Արդ­յունքում ճշգրտվում են սահմանները, վերականգնվում են բոլոր սահմանային նիշերը և սահմանաբլուրները:­ Այդ ամենը տեղադրվում են նոր քարտեզների վրա, որոնք հաստատվում են Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների կողմից:

Այս ամենը, ինչ կատարվել է, ձեռք է բերվել հսկայական ջան­քերի, ադրբեջանական կողմի դիմադրությունը հաղթահարելու պայմաններում: Սահմանագծերը ճշտելու ընթացքում Մովսիսյանը ոտքով անցնում է բոլոր տարածքներով, ստիպելով ադրբեջանական կողմից հանձնաժողովի անդամներին­ հետևել իրեն, բարձրանալ բլուրների վրա, անցնել ձորերի միջով, դնել սահմանանշանները: Երբ Մովսիսյանի բերած փաստարկներն ադրբեջանական կողմը չէր կարողանում մերժել, գործի էր դնում ձգձգումը: Այդ էր պատճառը, որ վերջնական արձանագրությունը ստորագրվում է 1988 թ. հունվարին:

Կատարված աշխատանքի արդյունքով 1988 թ. հունվարի 12-ին Հայկական ՍՍՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վ. Մովսիսյանը և Ադրբեջանական ՍՍՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Մ. Մամեդովը ստորագրում են համատեղ արձանագրություն:

Այդ արձանագրության համաձայն Հայաստանը հետ է ստանում 14.450 հեկտար տարածք, որից 2050-ը Նոյեմբերյանի շրջանում, Դովեղի 1850 հեկտար հազվագյուտ ծառատեսակներով անտառի հետ միասին: Կապանի շրջանում Հայաստանը հետ է ստանում 1.500 հեկտար հողատարածք, Շամշադինի­ շրջանում՝ Թաղիլար գյուղի տարածքը և այլն: Սահմանների ճշգրտման արդյունքով Ոսկեպար գյուղում հետ է վերադարձվում նաև եկեղեցին,­ որը Մովսիսյանի առաջարկությամբ կոչվում է «Հայրենադարձ եկեղեցի»:

Հաստատված արձանագրության 8-րդ կետում նշվում էր.

«Հանձնարարել­ երկու հանրապետությունների հողաշինարարական ծառայություններին՝ այսուհետև հողօգտագործողների միջև հողա­յին վեճերի քննարկման ժամանակ որպես ստույգ իրավական հիմք ընդունել երկու հանրապետությունների հավասարահիմունքային հանձնաժողովների կազմած սխեմաները և արձանագրությունները»:

Այսպիսով վերջ է տրվում տասնամյակներ շարունակվող հողա­յին վեճերին, և անժամկետ ամրագրվում են Հայաստանի հողային

սահմանների անձեռնմխելիությունը և պատկանելիությունը:

Ամփոփելով` ուզում եմ չհամաձայնվել այդ ժամանակ ՀՍՍՀ Գերագույն­ սովետի նախագահության նախագահի տեղակալ Հով­հաննես Բաղդասարյանի խոսքերի հետ, որ նա ասել էր ծեծվելուց ու վերքեր ստանալուց հետո Երևան վերադարձած Մովսիսյանին.

«Նոյեմբերյանում, որ զոհված լինեիր, իսկապես ազգային հերոս էիր դառնալու»:

Այո, չհամաձայնվել, որովհետև ազգային հերոս չեն դառնում միայն զոհվելուց հետո: Բայց ազգային հերոս դառնում են նաև ժողովրդի այն զավակները, որոնք իրենց կատարած գործի արդ­յունքով անգնահատելի ծառայություն են մատուցել ու շարունակում են այդպես ծառայել ժողովրդին:

Նրանց թվումն է նաև Վլադիմիր Մովսիսյանը:

Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ