Անառակ որդու առակը, թերևս, ամենահայտնի տերունական առակն է։ Այն հազար անգամ մեկնաբանվել ու վերլուծվել ու բացատրվել է թե՛ եկեղեցու հայրերի, թե՛ նոր շրջանի մարդկանց կողմից, ու միևնույն է՝ այս առակն ավելի հարուստ ու խորն է թվում, քան բոլոր-բոլոր մեկնությունները՝ միասին վերցրած։
Ինձ հատկապես հետաքրքիր է ավագ որդու կերպարը, որն ի տարբերություն իր անառակ եղբոր՝ միշտ եղել է հոր կողքին, նրան չի վշտացրել, դարձել է հոր հավատարիմ գործակիցը, իսկ հայրը, տեսնելով վերադարձող անառակ որդուն, նրան ընդունում է այնպիսի ջերմությամբ, որին երբեք չէր արժանացրել ավագ որդուն։
Բա դա արդա՞ր է։ Թերևս շատ-շատերը կասեն, որ հեչ էլ արդար չէ։ ՈՒ ավագ որդին էլ է կարծում, որ իր հանդեպ հայրն արդար չի վարվում։
Այս դրվագի բացատրությունը, կարծում եմ, կազմում է քրիստոնեության բուն էությունը. ներումը բարձր է արդարությունից։
Բայց ներումը չի կարող «դատարկ տեղը» լինել. դրան արժանանում են միայն նրանք, ովքեր անկեղծորեն ու խորապես զղջացել են ու ջանում են քավել իրենց մեղքը։ Ահա ա՛յս ներումն է միայն, որ բարձր է արդարությունից։
ՈՒ այս առակը, ինչպես և մյուս տերունական առակները, ինչ-որ վերացական ու «գրքային» բաների մասին չէ. այն շատ ավելի կիրառական է, քան խորհրդարաններում ինչ-որ մարդկանց քվեարկած օրենքները։
Օրինակ, հենց այսօրվա Հայաստանում այս առակով բացատրված ճշմարտությունը պահանջված է օդի-ջրի պես. մի կողմից, պետք է ամենայն բարեհաճությամբ, այլ ոչ թե սվիններով ընդունել նիկոլիզմը մերժող «չեզոքներին» ու նույնիսկ նախկին նիկոլականներին։ Սակայն մյուս կողմից, այդ բարեհաճությանը պետք է արժանացնել միայն նրանց, ում մոտ նկատվում է իրենց նախկին վարքագծի անընդունելիությունը լիարժեք ու անկեղծ գիտակցելու ու իսկապես զղջալու հոգեվիճակ։
Փետրվարի 25-ին մեր Առաքելական սուրբ եկեղեցին նշեց «Անառակի կիրակին»՝ Մեծ պահքի երրորդ կիրակին։ Բուն առակը՝ Ղուկասի ավետարանում (գլ. 15):
Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ
Նկարում՝ մեր քույր` Ղպտի եկեղեցու սրբապատկեր