ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հիշատակի արարողություն Լեյսդենի գերեզմանատանը

Հիշատակի արարողություն Լեյսդենի գերեզմանատանը
11.12.2023 | 19:22

Անցյալ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին, Նիդերլանդներում` Լեյսդենի Խորհրդային գերեզմանատանը առաջին անգամ տեղի ունեցավ հիշատակի արարողություն` այնտեղ թաղված 7 հայ զինվորների համար, ովքեր գնդակահարվել էին գերմանացի օկուպանտների կողմից 1944 թ. դեկտեմբերի 9-ին Միդդելհարնիսում (Զելանդիա):

7 ռազմագերիները, որոնք սերտորեն համագործակցում էին հոլանդական դիմադրության հետ, ձերբակալվեցին դաշնակիցների կողմ փախուստի փորձի ժամանակ։ Կարճ ժամանակ անց նրանք գնդակահարվեցին, այս վայրում, ծովին մոտ, այսօր էլ նրանց հիշատակին հուշաքար ու խաչքար կա տեղադրված: Այս թեմային «Նիդերլանդական օրագիրը» քանիցս անդրադարձել է:

Ի վերջո, հայ ռազմագերիների աճյունը հանգրվանեց խորհրդային Պատվո դաշտ եղբայրական գերեզմանոցում` Կարմիր բանակի 860 այլ զինվորների հետ:

Մինչ Խորհրդային «Պատվո դաշտ» հիմնադրամի նախագահ Ռեմկո Ռեյդինգը ելույթ կունենար, կարմիր մեխակներ և մոմեր դրվեցին հայկական դրոշներ դրված յոթ գերեզմանների մոտ:

Խորհրդային «Պատվո դաշտ» հիմնադրամի տնօրենը հույս հայտնեց, որ այս ոգեկոչումը կդառնա ամենամյա, և հաջորդ տարի պատերազմի զոհերի այս խմբի մասին ավելի շատ տեղեկություններ կտրամադրվեն։

Անցյալ տարի Խորհրդային Պատվո դաշտի հիմնադրամի նախագահ Ռեմկո Ռեյդինգին շնորհվեց «Նարեկացի» հիմնադրամի ամենամյա մրցանակը, այն տրվում է հոլանդացի գործիչներին ովքեր հայերին և Հայաստանին նշանակալի ծառայություններ են մատուցում:

«Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամն արդեն տարիներ է, որ համագործակցում է «Պատվո դաշտ» հիմնադրամի հետ և գերեզմանի խնամքի հետ կապված որոշակի պարտավորություններ է ստանձնել:

Իր պատասխան խոսքում Ամստերդամի մշակութային «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախագահ Վահան Ավագյանն իր երախտագիտությունը հայտնեց «Պատվո դաշտ» խորհրդային հիմնադրամի կողմից հայ զինվորների հիշատակը վառ պահելու ջանքերի համար։

Գրող-լրագրող Յորիս Վերստեգը, որը երկար ժամանակ հետաքննում էր հայերի խմբին, ասաց, որ նրանք գերմանական ծառայությունից ապստամբություն էին ծրագրում օկուպացիոն ուժերի դեմ։ Նա իր խոսքում ներկաներին բացահայտեց յոթ զինվորներից երկուսի մասին մանրամասն տեղեկություններ հայտնելով։ Դա հոգեպես ներկաներին ավելի մոտեցրեց հայրենի տնից այդքան հեռացած ու միշտ երիտասարդ մնացած մարդկանց ճակատագրին։

Ոգեկոչմանը հավելյալ առանձնահատուկ բնույթ հաղորդեց Տեր Խաչատուր քահանա Ֆրանգյանի հոգեհանգստի արարողությունը:

Ծխացող խունկն ու երգի աղօթքը հանգստություն բերեցին հեռավոր ափերում ազատության համար զոհված հայ զինվորների հոգիներին:

Hay AZIAN

Դիտվել է՝ 3019

Մեկնաբանություններ