Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Կյանքի դառը փիլիսոփայությունը

Կյանքի դառը փիլիսոփայությունը
19.08.2023 | 11:54

ՄԱԿ-ը քաղաքական թատրոնի հիմնական բեմահարթակն է աշխարհում: Գլխավոր բեմադրիչն ԱՄՆ-ն է: Նրա կամա-ակամա ասիստենտներն են Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան: Բայց ցանկացած պիես բեմադրելու համար պետք է արժանանալ ամերիկյան հավանությանը:

Հա, սիրողական կարգի ներկայացումներ նույնպես թույլատրվում են, բայց դրանք խաղացանկի մեջ չեն ներառվում:

Մի խոսքով՝ ՄԱԿ-ը գործիք է նախ և առաջ ԱՄՆ-ի ձեռքին, ինչպես կուզի, այնպես էլ կօգտագործի:

Հիմա մենք ի՞նչ էինք փնտրում ՄԱԿ-ում նախանցյալ օրը, երբ չունեինք ԱՄՆ-ի և մյուսների հաստատուն աջակցությունը: Եվ ընդհանրապես, դուք գիտե՞ք, թե իրականում ինչ պլաններ ունի Ամերիկան մեզ հետ կապված. ոչ մի լավ պլան՝ մեր օգտին:

Բայց այդ հարցը թողնենք իրենց քաղաքագետ համարողներին եւ կրկին դառնանք այն պատրանքին, որն այս պահին մեզ համար կոչվում է ՄԱԿ:

Առաջին արցախյան պատերազմի ժամանակ այդ նույն կառույցը մի քանի բանաձևեր է ընդունել մեր առնչությամբ, որքան հիշում եմ՝ գրեթե բոլորն էլ ոչ հայանպաստ էին, կոչ էին անում մեր զորքերը դուրս բերել գրավյալ տարածքներից: Մենք այն ժամանակ, մեղմ ասած, ծիծաղում էինք ՄԱԿ-ի որոշումների վրա, որովհետև արդեն գիտեինք իրավունքի և գոյատևության գլխավոր պայմանը:

1992-ի սկզբին արցախյան զինուժի ունեցած հատուկենտ տանկերն ու զրահամեքենաները թշնամու դեմ մարտի մեջ էին նետվում՝ կրելով սպիտականերկ մի գրություն՝ «ՈՒԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔԸ»:

Սկզբից մի փոքր խորթ էր թվում այդ ասույթի քարոզչությունը. մենք կարծում էինք, թե ազատության ու անկախության մեր իրավունքն այնքան ակնհայտ է, որ այն ընդունելու համար հատուկ ուժի և այն քարոզելու կարիք չկա: Բայց կյանքը շատ արագ ցույց տվեց հակառակը. արդար ու ճշմարիտ ուժի գաղափարը հավատ ու վստահություն ներշնչեց մեր մարտիկներին ու ժողովրդին առ սեփական կարողությունները: Մենք սկսեցինք ապավինել մեզ ու մեր միասնական ուժին: Այդպես էլ հաղթեցինք:

Հիմա ու՞մ ենք ապավինում. միջազգային երեսպաշտ կառույցների՞ն…

Բայց չէ՞ որ մենք անցել ենք այդ դասը: Չէ՞ որ յուրացրած ունենք կյանքի դառը փիլիսոփայությունն ուժի մասին: Մի՞թե կարելի է այս աստիճան նորից մանկամտանալ: Մեզ պիտանի ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ՀԱՊԿ-ը և այլն մեր մեջ են: Մեր հզորությունն ու անպարտելիությունը մեր ժողովրդի ներսում են: Պարզապես այդ ներսը պետք է հապշտապ մաքրել կուտակված աղբից, որ նյութականացվել է ներկայիս դավադիր իշխանությունների տեսքով, և կրկին գործի գցել ազգային մեր հզոր շարժիչը: Այդպես մենք դարձյալ առաջ կշարժվենք: Եվ այլևս չենք ունենա հայրենիքի մի հատվածի կամ ամբողջի ստորացուցիչ պաշարում, հաստատուն կլինի հայկական ընդհանուր պետականությունը:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3837

Մեկնաբանություններ