Հարցազրույցը Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր ԱՀԱՐՈՆ քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հետ սկսենք նրա փոքրիկ պատումով.
«Ասում են՝ մի քաղաքում մի ավազակ է բնակվում: Նա ամեն օր, մարդկանց խաբելով, կողոպտում, ունեզրկում է: Մի օր բնակիչները հավաքվում են հերթական ավազակությունը կատարածին բռնելու համար: ՈՒր որ է, որ արդեն պիտի բռնեին, հանկարծ սատանան է հայտնվում, հրաշքով փրկում ավազակին:
Եվ սատանան ասում է ավազակին.
- Տեսա՞ր, փրկեցի, այսուհետև ինչքան կողոպտես մարդկանց, ավազակություն անես, ես կփրկեմ քեզ:
Մի կարճ ժամանակ ավազակը իսկապես մեծ հաջողություններ է ունենում իր գործում: Սակայն մի օր հերթական ավազակությունն արած ուզում է փախչել, բռնվում է: Երբ վանդակի մեջ դրած տանում են մահապատժի ենթարկելու, ավազակը կանչում է սատանային և ասում.
-ՈՒր ես, չէ՞ որ խոստացել էիր, որ միշտ կփրկես ինձ:
Այդ խոսքի վրա հայտնվում է սատանան և ասում.
-Սիրելի՛ս, դու ինձ պետք էիր, որ կատարելագործվեիր քո չարագործությունների մեջ, հիմա կգաս, կտեսնես՝ ուր եմ:
Նրանք, ովքեր այսօր, սատանային ականջալուր, ոտնատակ են տալիս ամեն սրբություն, որ ԱՍՏԾՈՒՑ է, Հայրենիք են հանձնում հայի թշնամուն, թող սա լավ ընթերցեն, որովհետև իրենց հերթն էլ հեռու չէ»:
-Տեր Ահարոն, այսօր մեր երկիրը ծայրահեղ ծանր վիճակում է։ Կորցրած հայրենիք, դավաճանված ժողովուրդ և ծնկած պետություն։ Վեհափառ հայրապետները պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն նա չի հեռանում։ Ավելին, նրա կուսակիցներն անգամ հայտարարեցին, թե կաթողիկոսները ժողովուրդ չեն։ Այս իրավիճակում Դուք ի՞նչ անհանգստություններ ունեք, ի՞նչ է սպասում մեր երկրին։
-Այսօր ավելի մեծ ցավ ապրում են նրա՞նք, ովքեր ողջունել են ներկա իշխանությունների մուտքը և լեգիտիմացրել այն, թե՞ այն քչերը, ովքեր ի սկզբանե, դեռ սաղմնավորման փուլում բարձրաձայնում էին վտանգի մասին, իսկ նրանց ձայնը հնչում էր հանց «ձայն բարբառոյ յանապատի»: Նրանք տեսնում էին գորշ ու մռայլ գալիքը և չէին լռում, իսկ նրանց չէին էլ լսում: Ընդհանրապես սխալ է այն ըմբռնումը, որ բոլորն արդար են, և միայն մեկը մեղավոր: Այդ ըմբռնումը սխալ էր Աստվածամարդուն դատապարտելիս, սխալ է նաև այսօր:
Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի սեփական մեղքերը, այո՛, հենց մեղքերը և ո՛չ թե սխալները, սայթաքումները, բացթողումներն ու վրիպումները: Յուրաքանչյուր գիտակից հայ պետք է անցնի ինքնաքննության և սեփական ինքնության վերարժևորման ճանապարհ: Հայկական ծագում ունեցող աշխարհաքաղաքացիները կարող են ընտրել ու անցնել սեփական ճանապարհը:
Չեմ ուզում ֆանատիկոսի տպավորություն թողնել, բայց պետք է կոչ անեմ հավատի և հոգևոր կյանքի առողջացման: Երբ մեր հայորդիները անցնեն այդ ճանապարհը, մոտեցող հորիզոնում պարզ կերևա մեր երկրի գալիքը:
-Սյունիքում հոգևոր հայրը շատ խորհրդանշական ձևով Փաշինյանին «պատասխանեց»։ Սակայն դրան հաջորդեց մի խումբ մարդկանց անհասկանալի ակցիան։ Ի՞նչպես կարձագանքեք այս ամենին։
-Այդ մարդիկ իրենք ևս իրենց ակցիայի նման անհասկանալի էին: Նրանց փնթի տեսքն ու պահվածքը հուշում էր, որ նրանք Հայ առաքելական եկեղեցու փարախի ոչխարներ չէին, այլ ինչ-որ ռազմատենչ այծիկներ, որ ապրում են մեկ այլ իրականությունում, որտեղ քահանան իրավունք չունի բացակայելու եկեղեցուց բավականին հարգելի՝ հերոսի աճյուն հուղարկավորելու պատճառով: Իսկ երբ քահանան վերադարձավ եկեղեցի, նրանց ուղղորդող հանդուգն ձեռքը, որի հանդուգն տերը ևս հայտնի է, դողդողաց և նորից ցույց չտվեց եկեղեցու ճանապարհը: Հոգևորականի համար նման երևույթները և դիպվածները արտասովորի կարգից չեն: Ինչ վերաբերում է հոգևորականի պատասխանին, ապա դրան կարելի է ավելացնել. «Ցավալի է, որ կյանքում չես ստացել քեզ հասանելիք սիրո և ուշադրության չափաբաժինը»:
-Այսօր առավել քան սյունեցին է զգում, թե ինչ է կատարվում մեր երկրում, ու թուրքն ինչքան է մոտեցել իր դռանը։ Որպես այդ շրջանի հոգևոր հովիվ, կասե՞ք, թե ինչ վիճակում է տեղի բնակչությունը։
-Տեղի բնակչությունը մեծ մասամբ հիմնականում հասկանում է իրավիճակի լրջությունը, բայց հասարակության մեջ կան տարբեր մտածողությամբ մարդիկ, որ մինչև վերջ չեն հասկանում կամ համառորեն չեն ուզում ընդունել փաստերը, բայց փաստերի ավելի շատ ու ավելի ակնհայտ դառնալուն զուգահեռ այդպիսի մարդկանց թիվը գնալով նվազում է:
-Ինչպե՞ս եք տեսնում մեր երկրի փրկության ճանապարհը։ Միայն քաղաքական փոփոխություններով շատ բան չի շտկվի, այս 2,5 տարում հոգևոր դաշտում շատ անհասկանալի երևույթներ տեղի ունեցան։ Ինչպե՞ս երկիրը հանել բարոյահոգեբանական ծանր վիճակից։
-Ցանկացած երևույթ այս աշխարհում ունի երևացող քաղաքական, տնտեսական, մշակութային երես և, անպայմանորեն, հոգևոր-բարոյական աստառ:
Միայն քաղաքակա՛ն չէին Հայաստանում 2015-ից ի վեր ծավալվող իրադարձությունները: Դրանք շատ խորհրդանշական էին ու բազմախորհուրդ և հիմնականում՝ չարախորհուրդ: 2,5 տարում իրադարձությունները ծավալվում էին գերազանցապես հոգևոր դաշտում, որովհետև քաղաքական դաշտում տնկված խրտվիլակները խրտնեցնում էին այդ դաշտի հետ դույզն-ինչ առնչություն ունեցողներին:
Մյուս կողմից, գաղտնիք չէ բնավ, որ քաղաքական օրակարգերը սահմանվում են ինչ-ինչ օթյակների մութ խորշերում, և այդ խորշերի խավար ծվենները դուրս են ցցված որոշ ոչ կոկիկ քաղաքական օրակարգերի պաճուճանքի տակից:
Մեր երկիրը բարոյահոգեբանական անելանելի թվացող վիճակից կարելի է հանել խավարից հեռու մնալով, խավարը հեռու վանելով: Վերջապես քաջություն ունենանք դեմքով դեպի լույսը շրջվելու, սիրենք լույսը: Խավարից բողոքելու փոխարեն մի լույս վառենք:
Քրիստոնյան կոչված է աշխարհի լույսը լինելու: Եթե Քրիստոսինն ենք, մերժենք խավարը իր բոլոր դրսևորումներով, իր կիսաճշմարտություններով: Եթե չենք փայլում, գոնե առկայծենք, գոնե մարմրենք, գոնե ջանանք: Վստահ եմ, որ համազգային ապաշխարության շրջանը շատ բան կարող է փոխել մեր երկրի գալիքի մեջ: Ազգ ասելով՝ նկատի չունեմ ՀՀ անձնագիր ունեցողներին, այլ հայի ինքնագիտակցություն ունեցողներին:
Իսկ եթե շարունակենք մեղավորներին մեզնից դուրս փնտրել, մերժել ու դատապարտել՝ սեփական վարքը չշտկելով և ընթացքը չուղղելով, կմնանք նույն ճահճի մեջ…
-Որպես եկեղեցու սպասավորի, կցանկանայի Ձեր տեսակետը լսել նախօրեին Եռաբլուրում կատարվածի մասին։
-Եռաբլուրը ամեն մի հայի համար սուրբ վայր է, մեր նահատակների հանգստավայրն է, և այնտեղ պետք է գնան խոնարհումի և աղոթքի համար միայն, և նման երևույթները մեծ ցավ են պատճառում յուրաքանչյուր հայի: Տեղի ունեցածը անսպասելի էլ չէր: Երևի հակառակ պարագան ավելի զարմանալի կլիներ: Երկրում կատարված ու դեռ շարունակվող ազգակործան իրադարձությունների ֆոնին, շարունակվող ապօրինի ու անօրինակ հողահանձնման ֆոնին շատ բաներ արդեն չեն հարուցում ո՛չ զարմանք, ո՛չ զայրույթ:
Մեր պապերն ասել են. «Թուրքը կարմիր խնձոր էլ լինի, գրպանդ չդնես»: Նրանք ովքեր ՀԱՅՐԵՆԻՔ են հանձնում, թուրքին պուպուշ ներկայացնում, առավել դահիճ անհայրենիք են, քան թուրքը:
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ