Մետաքսի մեծ ճանապարհը Չինաստանը Առաջավոր Ասիայի և ապա՝ Եվրոպայի հետ կապող առևտրաքարավանային մայրուղու անվանումն է։ Գործել է մ.թ.ա. 2-րդ դարից մինչև մ.թ. 16-րդ դարը։ Փոխադրվող հիմնական ապրանքը չինական մետաքսն էր։ Մետաքսի ճանապարհը սկիզբ էր առնում Կենտրոնական Չինաստանից և Լանչժոուով անցնելով Դունխան՝ երկատվում էր. հարավային երթուղին անցնում էր Խոթան, Յարքենդ, Բալհ և Մերվ քաղաքներով, հյուսիսայինը՝ Տուրֆան, Կաշգար, Սամարղանդ, Մերվ, ուր, միանալով հարավայինին, Հեկատոմպիլ, Էկբատան, Բաղդադ քաղաքներով ձգվում էր դեպի Միջերկրական ծովի Տյուրոս և Անտիոք նավահանգիստները։ Ճանապարհի մի հատվածն Իրանի հյուսիսային շրջաններից ձգվում էր Արաքսի հովիտը՝ Ջուղայի գետանցով դեպի Նախճավան և Արտաշատ, այստեղից՝ Սև ծովի նավահանգիստները...
(Ըստ հայկական հանրագիտարանի)
Հինավուրց առևտրական ճանապարհներին նոր բովանդակություն ներշնչելու գաղափարը, և ոչ միայն Եվրասիական մայր ցամաքում տնտեսական կապերի ամրապնդման ու առավել ևս «հումանիտար նախագծերի» իրականացման համար, այլև որպես համընդհանուր աշխարհաքաղաքական վերակառուցման առանցք, անշեղորեն զբաղեցրել է շատ քաղգործիչների ու տարբեր փորձագետների մտքերը։ Այս շարքում են թե՛ ԱՄՆ-ի նախաձեռնած «Նոր մետաքսի ճանապարհը», թե՛ Պուտինի կախարդական երազանքը՝ Եվրասիական միությունը։ Սակայն Մոսկվայի ու Վաշինգտոնի այդ անզուսպ ակտիվության պայմաններում Պեկինը ո՛չ այն է հետևելով հազարամյա պատգամին՝ «միշտ զսպվածություն պահպանել», ո՛չ այն է շատ զբաղված լինելով տնտեսական հարցերով, բավական երկար ու ընդգծված չէր մասնակցում «ինտեգրման եռուզեռին»։ Սակայն, արդեն իբրև նորմ, հենց «զսպվածությունն» է, վերջին հաշվով, հզոր արդյունավետություն տալիս Չինաստանին, ու հենց չինացիներն են Մետաքսի մեծ ճանապարհի ավելի քան 2000-ամյա պատմության նոր հաշվարկ սկսել։ Վերջերս ՉԺՀ-ի ղեկավարությունն առաջադրեց «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» հայեցակարգը, ինչը, նրա կարծիքով, թույլ կտա ի հայտ բերել այդ հինավուրց առևտրական միջանցքի վերածնության նոր հնարավորություններ, ավելին, կհանգեցնի Եվրասիայի աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխման։ Հետո էլ հենց Չինաստանն արագորեն խոսքից գործի անցավ։ Անցած տարվա սեպտեմբերին նախագահ Սի Ցզինպինը ղազախական «Նազարբաևի համալսարանում» հանդես եկավ ծրագրային ճառով և առաջարկեց «համատեղ կառուցել Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի՝ հենվելով փոխգործակցության ինովացիոն մոդելի վրա, նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդել տնտեսական կապերը Եվրասիայի երկրների միջև»։ Աստանայում Սին ասաց. «Իմ ծննդավայրը՝ Շանքսիի նահանգը, հինավուրց Մետաքսի ճանապարհի սկիզբն է», և որ ինքը «տարված է» նրա պատմությունը վերականգնելու գաղափարով։ Չինաստանի ղեկավարն անցավ կենտրոնասիական տարածաշրջանի չորս երկրներով «հնադարյան փոխադրումների երթուղով», այնտեղ ավելի քան 60 մլրդ դոլարի համաձայնագրեր ստորագրեց, և Մետաքսի ճանապարհով իր ամբողջ ուղևորության ընթացքում նա ավելի ու ավելի էր համոզվում, որ դա էլ հենց Չինաստանի քաղաքական առաջնահերթ խնդիրն է։ Դրանից հետո, արդեն նոյեմբերին, նոր Մետաքսի ճանապարհի երկայնքով ընկած ութ երկրների 24 քաղաքները «միավորեցին ջանքերը տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ»։ Նախագծի մասնակից քաղաքների կոոպերացման և զարգացման համաժողովում ստորագրված ՈՒրումչիի համաձայնագրով նրանք մտադիր են մայրուղու ամբողջ երկայնքով ստեղծել «ազատ առևտրի գոտիների» ցանցեր։ Բացի այդ, համաձայնագրի հիմնական նպատակը նաև տնտեսական գործակցության, մշակութային որակավորված մասնագետների փոխանակության ընդլայնումն էր։ Նախագծի մասնակից հիմնական քաղաքներն են՝ Ալմաթին (Ղազախստան), Բիշքեկը (Ղրղզստան), Մաշհադը (Իրան), ՈՒրումչին, Սիանը, Լյանյունգանը (ՉԺՀ)։ Համաժողովին մասնակցում էին նաև Վրաստանի, Թուրքիայի, Տաջիկստանի և Թուրքմենստանի տարածաշրջանային ներկայացուցիչները։ Իսկ շատ չանցած, ՈՒկրաինայի նախագահը Չինաստան կատարած այցի ընթացքում հայտարարեց, որ Կիևը պաշտպանում է Մետաքսի մեծ ճանապարհը վերականգնելու ՉԺՀ-ի ղեկավարության նախաձեռնությունը և մտադիր է մասնակցել ենթակառուցվածքային շինարարությանը։ Հենց այդ ժամանակ էլ նա բազմամիլիարդանոց պայմանագրեր ստորագրեց ներդրումների վերաբերյալ և Ղրիմի տարածքի մի մասը տրամադրեց տնտեսական զարգացման Ղրիմի գոտու ստեղծման համար, որը կլինի «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախագծի կարևոր բաղկացուցիչ մասը։ Այսինքն, Խաղաղ օվկիանոսից մինչև Բալթիկա անդրեվրասիական ինտեգրման խիստ հավակնոտ, չինացիների կողմից շռայլորեն սնուցվող գերնախագիծը սկսում է ֆինանսական և իրավաբանական կոնկրետություն ստանալ։ Իսկ ազատ առևտրի յուրօրինակ լայնընդգրկուն գոտու ստեղծումը, ըստ երևույթին, ժամանակի հարց է դառնում։ «Եթե այդ հայեցակարգն իրացվի, ապա Եվրասիայում կհաջողվի ապահովել տնտեսական չափորոշիչներին համապատասխան հոսք և գծել աշխարհատնտեսական նոր ատլաս»,- տեղի ունեցող գործընթացը մեկնաբանել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Կենտրոնական Ասիայի հարցերի փորձագետ Սուն Չժուանչժին՝ Սինխուա գործակալությանը տված հարցազրույցում։
Նոր Մետաքսի ճանապարհն անցնում է արևելքից արևմուտք՝ ընդամենը մոտ 50 մլն քառակուսի կիլոմետր ներառող ասիական ու եվրոպական 18 երկրներով, որոնց բնակչության թիվը մոտ երեք միլիարդ է կամ մոլորակի բնակչության համարյա կեսը։ Նոր երթուղու արևելյան հատվածն իրեն է ձգում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական շրջանները, իսկ արևմտյան հատվածում այն կապվում է եվրոպական տնտեսական շրջանների հետ։ Այդ ուղին արդեն համարվում է «աշխարհի ամենաերկար և հեռանկարային առումով ամենանշանակալի տնտեսական միջանցքը»։ Ընդ որում, բացի հիմնական դերակատարումից՝ Ասիայից Եվրամիություն բեռների արագ փոխադրումից, այն կնպաստի էներգետիկայի ու գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության և մշակութափոխանակության զարգացմանը։ Ինչպես հաղորդում է «Asia Times Online»-ը, «նոր Մետաքսի ճանապարհը մայրուղիներ է, երկաթուղիներ, մանրաթելային օպտիկա և խողովակաշար, իսկ հիմա նաև ապրանքահոսքի, արտադրական կենտրոնների և, անխուսափելիորեն, նոր բնակավայրերի չինական հավելումով»։ Համաձայն չին փորձագետների վերլուծությունների, «տնտեսական գոտու համատեղ կառուցումը ոչ միայն կնպաստի հին Մետաքսի ճանապարհի ոգու տարածմանը, որը զուգորդում է փոխվստահության, հավասարության, հանդուրժողականության և փոխշահավետության սկզբունքները, այլև կհամապատասխանի խաղաղության, զարգացման ու համագործակցության ներկա համաշխարհային միտումին»։ Հարկ է ուշադրության առնել ևս մեկ հանգամանք. առաջ քաշելով «տնտեսական գոտու» գաղափարը, Պեկինն էլ ավելի է «բացվում» Արևմուտքի առջև, իսկ ճանապարհի կառուցումը, անշուշտ, կհանգեցնի երկրագնդի աշխարհատնտեսական քարտեզների նոր ուրվապատկերի։ Սակայն Չինաստանում առանձնապես ընդգծում են, որ դա նահանջ չէ արևելյան և հարավարևելյան ուղղություններից, այլ համագործակցության վեկտորների հավասարակշռման ծրագիր է՝ առանց նսեմացնելու դրանցից որևէ մեկի նշանակությունը։ Այսպես, վերջերս ՉԺՀ արտգործնախարար Վան Ին հայտարարեց, որ «տնտեսական դիվանագիտությունը» կլինի 2014 թ. չինական դիվանագիտության հինգ հիմնական ուղղություններից մեկը։ Ըստ նրա՝ Պեկինը բացի այն, որ կաշխատի «տնտեսական գոտու» ստեղծման վրա, ակտիվորեն կզբաղվի նաև «21-րդ դարի ծովային Մետաքսի ճանապարհի» ստեղծմամբ և կձգտի արագորեն կոնկրետ արդյունքներ ստանալ այդ բնագավառներում։
Պետք է առանձնապես ուշադրության առնել այն, որ այդ խոշոր առաջադրանքների իրացման համար Պեկինը նախատեսում է պատմական չափանիշներով շատ կարճ ժամկետներ՝ 5-6 տարի, իսկ «տարանցիկ» երկրների հետ բանակցություններում նրա լավագույն «բարեխոսը», իհարկե, նրա այսօրվա հարստությունն է ու հարաճուն կարողությունը։ Չինաստանն արդեն ակտիվորեն առաջ է տանում երկիրը Կենտրոնական Ասիայի հետ կապող երկաթուղային, ավտոճանապարհային, օդային, հեռահաղորդակցական, էներգամատակարարման ցանցերի շինարարությունը, ընդլայնում է համագործակցությունը ֆինանսների, ապրանքահոսքի, մարդկային ռեսուրսների և տեղեկատվության ոլորտներում։ Այսպես, առաջին միջազգային բեռնարկղատար «Չանիան» գնացքը չինական Սիան քաղաքից մեկնեց Ղազախստան, ինչը վկայում է Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու փոխադրական կարևոր միջանցքներից մեկի բացման մասին։ Բացի այդ, նախագծման փուլում է Չինաստան-Ղրղզստան-ՈՒզբեկստան երկաթուղին։ «Ժենմին ժիբաոյի» հրապարակած հոդվածի համաձայն, ՉԺՀ-ն մի ամբողջ շարք առավելություններ ունի առաջադրանքների իրացման համար. «1. Հայեցակարգը։ Չինական նախագիծը բազմակողմ է և ուղղված է դեպի աշխարհի բոլոր ծագերը, ենթադրում է ներառել բոլոր ցանկացողներին։ Հեռանկարում այն կարող է տնտեսական շահ ապահովել երեք միլիարդ մարդու համար։ 2. Աշխարհագրական առավելությունը։ Ի տարբերություն Ռուսաստանի և ԱՄՆ-ի, Չինաստանն ընդհանուր սահման ունի Կենտրոնական Ասիայի երեք երկրների հետ։ 3. Ավանդույթները։ Հին Մետաքսի ճանապարհն ամուր տեղ ունի պատմության մեջ և ընկալվում է իբրև տնտեսական բարգավաճման առհավատչյա։ 4. Ընդգրկումը։ Անդրկովկասի երկրները հույս ունեն, որ Կենտրոնական Ասիայում Չինաստանի ռազմավարությունը կարող է հասնել մինչև Կովկաս։ Հետաքրքիր է, որ նախագծին առաջարկվում է միանալ նաև Ռուսաստանի ազդեցության ոլորտում գտնվող չճանաչված պետական կազմավորումներին (Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա, Հարավային Օսիա)։ 5. Ֆինանսական առավելությունները։ ՉԺՀ-ն միացող բոլոր երկրներին ֆինանսական օգնություն կցուցաբերի»։
«Մետաքսի ճանապարհ» նախագիծը Ռուսաստանում համարում են Չինաստանի նոր արտքաղաքական հավակնությունների դրսևորում։ Եվ անմիջապես էլ ռուսական վերլուծական հոդվածներում բացահայտ ու հեգնական կասկածներ հնչեցին չինական նախագծի հաջողության հանդեպ։ «ՉԺՀ-ի տնտեսական հզորությունն այնքան էլ մի անվիճելի փաստ չէ», երթուղու երկրների միջև շատ հակասություններ կան և «հակամարտությունները զսպելու համար շատ նուրբ քաղաքականություն և տեղական իրողությունների իմացություն է պետք, իսկ առայժմ դրան ընդունակ է միայն ռուսական դիվանագիտությունը», «Պեկինը սխալմամբ կարծում է, թե բոլոր հակասությունները կարելի կլինի լուծել բացառապես փողի ուժով», «Չինաստանը հազիվ թե որևէ մեկին պաշտպանի արտաքին սպառնալիքի պարագայում» և այլն, և այլն... Այնպես որ՝ «նախագիծը լիովին կարելի է իրագործել առաջիկա... հինգ հարյուր տարում... Սակայն, միևնույն ժամանակ, որոշ փորձագետներ տագնապի շեփոր են հնչեցնում Ռուսաստանի շահերի ու անվտանգության, հարավային սահմաններում ազդեցության հնարավոր կորստյան առնչությամբ։ Անգամ կարծիք է հայտնվում, որ ռուսական «ինտեգրման գնացքն» արդեն գնացել է, և Ռուսաստանի համար հեշտ չի լինի Չինաստանի հետ մրցել Մետաքսի ճանապարհի նման մի բան ստեղծելու գործում», և որ «այսօր ավելի լավ է փորձել ինտեգրվել և համալրել չինական Մետաքսի ճանապարհը և դառնալ նրա տրամաբանական շարունակությունը դեպի Հյուսիսային Եվրոպայի երկրներ»։ Բայց առայժմ Կրեմլը հրապարակավ, ըստ էության, տագնապի նշաններ ցույց չի տալիս և բանն այնպես է ներկայացնում, թե Ռուսաստանի ու Չինաստանի տնտեսությունները լրացնում են միմյանց՝ այսպես, չինական «նշանակալի ֆինանսական պաշարները» համապատասխանում են ռուսական «տեխնոլոգիաներին, արդյունաբերական հնարավորություններին ու պատմական կապերին»։ Դե, չինացիներն էլ չեն հոգնում կրկնելուց, որ «Մետաքսի ճանապարհը Եվրասիական միության այլընտրանք չէ», որ «առանց որևէ կասկածի, դա հիմնականում տնտեսական նախագիծ է», որ «Եվրասիական միության հաջողությունը կամ ձախողումը կապ չունեն չինական նախագծի հետ, այլ կախված են Ռուսաստանի և համապատասխան երկրների հարաբերություններից»։ Նախագահ Սին, օրինակ, հավաստիացրեց, որ Չինաստանը Կենտրոնական Ասիայում գերիշխանության կամ այնտեղ իր ազդեցության գոտու ստեղծման չի ձգտում։ Նա համագործակցության կոչ արեց Մոսկվային և հավաստիացրեց, որ Պեկինը բարի մտադրություններով է համակված։ «Միաժամանակ մի քանի տարածաշրջանային տնտեսական նախագծերի մասնակցելը տարածված պրակտիկա է դարձել։ Այդպես կլինի նաև Կենտրոնական Ասիայում։ Այդ տարածաշրջանի որոշ երկրներ կարող են դառնալ Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավորած միանգամից երեք տարածաշրջանային նախագծերի մասնակիցներ»,- հանգստացնում են չինական փորձագետները։ Բայց միաժամանակ Չինաստանի միջազգային խնդիրների ինստիտուտի փոխնախագահ Ժուան Ցզունցզեն, հանդես գալով Ղրղզստանի նախագահին առընթեր կառավարման ակադեմիայում, հրապարակեց մի բավական հետաքրքիր թեզիս. նա այդ երկրին առաջարկեց Մաքսային միության փոխարեն միանալ չինական Մետաքսի ճանապարհին։ Ընդ որում՝ չբացառելով, որ Ռուսաստանն ինքն էլ ժամանակի ընթացքում նույնպիսի ընտրություն կկատարի, քանի որ «Մաքսային միությունն ընդամենը երեք երկիր է, և հայտնի չէ, թե էլ ով կորոշի նրա անդամ դառնալ» (հետաքրքիր է, նրանց ծրագրերով Եվրասիական միությունն էլ չի՞ դառնա, արդյոք, չինական նախագծի մաս, որտեղ Ռուսաստանին մի ոչ մեծ անկյուն կհատկացվի)։ Հարկ է նշել, որ այդ ինստիտուտը ՉԺՀ ԱԳՆ-ի ազդեցիկ ուղեղային կենտրոն է, իսկ աշխատակիցները ամենաանմիջական մասնակցություն են ցուցաբերում չինական արտաքին քաղաքականության մշակման գործում։ Եվ դրանից հետո ինչպե՞ս գնահատել ՄՄ «ճանապարհային քարտեզը» ստորագրելուց Բիշքեկի հրաժարվելը։
Եվ էլի մեկ բան. անցած տարվա հոկտեմբերին Չինաստանի կոմկուսի պաշտոնաթերթ «Ժենմին ժիբաոն» հրապարակեց դեպի Կենտրոնական Ասիա Չինաստանի շարժման հայեցակարգին նվիրված երկու ծրագրային հոդված՝ «Ի՞նչ տարբերություններ կան Կենտրոնական Ասիայում Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ռազմավարությունների միջև» և «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի. մրցակցային ի՞նչ առավելություններ ունի Չինաստանը Կենտրոնական Ասիայում»։ Հասկանալի է, որ այդ հոդվածներում ամենածանրակշիռ փաստարկներն էին բերված «հօգուտ» չինական պլանի։ Եվ վերջում բերենք ևս մեկ՝ շատ հատկանշական փաստ. լայնորեն հայտնի տնտեսագետ Ջիմ Օ’Նիլը, որը ստեղծել է BRICS-ԲՌՀՉՀ տերմինը (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ տնտեսական միավորում) և որի գաղափարները կյանք են տվել այդ գոյացությանը, վերջերս հանրությանը տեղեկացրել է, որ այդ ամբողջ հապավումից մեկ տառ է միայն մնացել։ Իսկ ո՞րը... Դուք, իհարկե, գլխի ընկաք՝ «Չ»-ն։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից