Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«Նա, ով բարյացակամությունը կիրարկում է առաքինի կառավարմամբ, իսկական արքա կդառնա»

«Նա, ով բարյացակամությունը կիրարկում է առաքինի կառավարմամբ,  իսկական արքա կդառնա»
05.11.2013 | 00:12

Վաղուց է, ինչ կոնֆուցիականությունը, չնայած պատմության փոթորկոտ փուլերին, չինական կյանքը համակած առաջատար, ավելին՝ հիմնարար տեսությունն է։ Իրականում ոչ ոք չի կարող լիովին հասկանալ չինացիների բնույթը, մտածելակերպն ու նաև բուն կյանքը՝ առանց կոնֆուցիականությանը դիմելու, քանզի այս պետության թե՛ պատմությունը, թե՛ գոյությունը երկար ժամանակ ամբողջովին ներծծված են եղել այդ ուսմունքով։ Ընդ որում, Չինաստանի առաջատար գիտնականները հակված են մեծ իմաստասերի ուսմունքը բաժանելու երկու մասի՝ «գիտակցության կոնֆուցիականություն» կամ «Բանականություն», և «քաղաքական կոնֆուցիականություն», և այդ ավանդույթները երկար ժամանակ եթե ոչ դիմակայության, ապա, առնվազն, հակասության մեջ էին։ Սակայն ժամանակակից Չինաստանում այսօր լուրջ տեղաշարժեր ենք տեսնում հին փիլիսոփայության վերաիմաստավորման և նոր մակարդակով վերածնության գործում։

Չին մասնագետների վերջին մի շարք մեկնություններին համապատասխան, «բանականության կոնֆուցիականությունը» ծնունդ է առել էկզիստենցիալ (գոյության, կեցության) մտահոգությունից կամ կյանքի փրկության մտահոգությունից, իսկ «քաղաքական կոնֆուցիականությունն» առաջացել է «ինստիտուցիոնալ անհրաժեշտությունից» և, ինչը պակաս կարևոր չէ, «քաղաքական օրինականության մտահոգությունից»։ Այսպիսով, «բանականության» ոլորտի ուսմունքը միտված է յուրաքանչյուր անհատի անձնական կյանքի մաքրմանն ու կատարելագործմանը, այնինչ «քաղաքական կոնֆուցիականությունը» նպատակամիտված է հնարավորինս կայուն քաղաքական համակարգի կառուցմանն ու հասարակության բարելավմանը։ Այդուամենայնիվ, եթե առաջինն իր բնույթով կողմնորոշված է ժողովրդի նկարագրին ու ներքին կյանքին և, այդպիսով, ավելի կայուն է, ավանդական կոնֆուցիականները միշտ ընդգծել են, որ «Ճանապարհը» (դաո) գոյություն չունի որպես առօրյա կյանքից կտրված մի բան։ Համապատասխանաբար, այն ազդում է կեցության ցանկացած կողմի վրա, և կոնֆուցիական սկզբունքներն ու իդեալները պետք է ուղղված լինեն զանազան գործնական, այդ թվում՝ պետական քաղաքական խնդիրների լուծմանն ու իրացվեն այդ նպատակով։ Սակայն, եթե կենցաղում և ընտանիքում ուսմունքը դարձել է վարքագծի բնական ձև և ծայրաստիճան դժվար է փոփոխությունների ենթարկվել, ապա իբրև հիմնարար պետական դոկտրին, մեծ իմաստասերի ուսմունքը բազմաթիվ անկումներ ու վերելքներ է ունեցել, անգամ մոռացության մատնվել։
Կոնֆուցիականությանը գլխավոր հարվածը հասցվեց 20-րդ դարի սկզբին, ընդ որում, քննադատությունը գլխավորապես կենտրոնացած էր այդ ուսմունքի ինստիտուցիոնալ և քաղաքական կողմերի վրա։ Շատ հետաքրքրական է, որ դրա դեմ «կռվում» էին ինչպես չին ազատականները, այնպես էլ կոմունիստները։ Այսպես, 1911 թ. չինական հեղափոխության հիմնական նպատակը միապետության տապալումն էր։ Այն ժամանակ կոնֆուցիականությունը մտահոգված էր Չինաստանի պատմության վերջին մի քանի հազար տարվա բռնատիրական համակարգի գլխավոր հիմքով և առանց տատանման կատաղիորեն դատապարտվել էր արմատականների կողմից՝ որպես «հետադիմական ավատատիրական գաղափարախոսություն»։ Հայտարարվել էր, որ կոնֆուցիականությունը «հոգսաշատ բեռ է Չինաստանի համար դեպի գիտություն և ժողովրդավարություն տանող ճանապարհին» և, ինչպես վայել է բոլոր հեղափոխություններին, պետք է ոչնչացվի։ Համապատասխանաբար, և՛ ուսմունքը, և՛ այն կրողները, որպես միապետական կարգերի հիմք, դարձան «լուսավորյալ» և «առաջադեմ» մտավորականության գլխավոր թիրախը։ Հետագայում այդ «արդար գործը» շարունակեցին ու զարգացրին չին կոմունիստները, ընդ որում՝ բավականին հաջող։
Այսպիսով, 1919 թ. մայիսի 4-ի շարժումից և 1969 թ. կուլտուրական հեղափոխությունից հետո կոնֆուցիականությունը 20-րդ դարի վերջին, փաստորեն, մեռած ուսմունք դարձավ մայրցամաքային Չինաստանում։ Գաղափարախոսության մի քանի ջատագովներ, ինչպիսիք էին Յունի Թանը, Մեյ Զոնգզանը և Սյույ Ֆուգուանը, փախան արտասահման, ուր նրանց հաջողվեց մշակել և տեսողության պահպանողական գծի զգալի թարմացում ապահովել։ Նրանք հիմնադրեցին նոր կոնֆուցիականների աշխարհահռչակ դպրոցներ, փորձեցին չինական մշակույթը զուգորդել արևմտյան մշակույթի հետ և նպաստել կոնֆուցիական ոգու հիմնական ուղղության փոփոխմանը։ Նկատենք, այն ժամանակվա նոր կոնֆուցիականությունը կենտրոնացած էր միայն այն բանի վրա, թե ինչպես մարդիկ, բարերարի «միջնորդությամբ», կարող են ինքնակատարելագործմամբ իմաստնության հասնել։ Այն լիովին մերժում էր կոնֆուցիականի առաքելությունն ու սոցիալ-քաղաքական պատասխանատվությունը, համապատասխանաբար, ցավոք, անտեսում էր ուսմունքի այլ կարևոր թեզեր, առաջին հերթին «քաղաքական կոնֆուցիականությունը»։ Բացի այդ, նոր կոնֆուցիականները ձգտում էին արդիականացնել «բանականության կոնֆուցիականությունը»՝ հենվելով Կանտի ու Հեգելի արևմտյան արդի փիլիսոփայության վրա։ Այդուամենայնիվ, նոր կոնֆուցիականներն ուսմունքի գաղափարները հասցրին Հյուսիսային Ամերիկա և հետագայում օգնեցին, որ այն համաշխարհային ճանաչում ձեռք բերի։
Մինչդեռ, անցումային շրջանում, ժամանակակից Չինաստանի զարգացմանը զուգընթաց, հասարակության շրջանում գաղափարախոսական ճգնաժամի զգացում էր առաջացել։ Մարդիկ բացահայտորեն սկսել էին հասկանալ սոցիալական պետության տնտեսական, հոգևոր և մտավոր զարգացման աններդաշնակությունը։ Ճգնաժամի զգացողությունն առաջացել էր նաև զգալի և, գլխավորը, արագ ունեցվածքային շերտավորման հետևանքով, ինչը դժգոհություն էր առաջ բերում բնակչության շրջանում։ Դա ՉԺՀ-ի նոր իշխանություններին դրդեց տնտեսության հավասարակշիռ զարգացման թեման փոխադրելու ավելի բարձր հայեցակարգային մակարդակի, և կոմկուսն ստիպված եղավ սրբագրել նախկին գաղափարախոսական հիմնադրույթները։ Ի հայտ եկավ «ներդաշնակ սոցիալիստական հասարակարգ» կառուցելու նոր կարգախոսը, որը պաշտոնական քաղաքական բառապաշարի մեջ մտավ 2004-ի վերջին։
Դատելով կառավարության վերջին մոտեցումներից, մարքսիզմը չի ծառայում իբրև չինական հասարակության ղեկավար գաղափարախոսություն, այլ նույնիսկ, մի շարք փորձագետների դիտարկումներով, կազմում է ՉԿԿ պաշտոնական գաղափարախոսության սոսկ քառորդ մասը (ոչ պաշտոնականով՝ ավելի պակաս)։ Ավելին, կարգախոսների ոճը շատ մոտենում է կոնֆուցիական ավանդական գաղափարախոսությանը (ժողովրդի հանդեպ վերաբերմունքն է հիմնականը), որը տիրակալից պահանջում էր անդուլ կերպով հոգ տանել հպատակների կյանքի նյութական կողմի մասին, դրանով ապահովել «ժողովրդի սերը» և պետության կայունությունն ու ներդաշնակությունը։ Կառավարող խավին ուղղված կոչը՝ «իշխանությունն օգտագործել հանուն ժողովրդի, միախառնել զգացմունքները ժողովրդի զգացմունքներին և հոգ տանել նրա շահերի մասին», «ժողովրդական նոր սկզբունքների» ոչ պաշտոնական ճանաչում է ստացել։ Բացի այդ, մասնագետները համարում են, որ երկրում ազգայնականության ծայրահեղ դրսևորումները զսպելու համար կառավարությունը պետք է խրախուսեր և խրախուսեց կոնֆուցիականության վերածնունդը։ Կարևոր է նշել նաև, որ, ՉԺՀ-ում տարածված ժամանակակից մեկնաբանությամբ, «քաղաքական կոնֆուցիականությունն» առաջվա նման չի հակասում «բանականության կոնֆուցիականությանը» (դա, ի դեպ, լիովին համահունչ է դասական ուսմունքին)։ Ավելի շուտ, «քաղաքական և բանական կոնֆուցիականությունը լրացնում են միմյանց՝ լիարժեքության և միասնության հասնելու ճանապարհին»։ Կարծիք կա, որ միայն քաղաքական իրողության վրա խարսխված «քաղաքական կոնֆուցիականությունը» կարող է կորցնել ուսմունքի զորությունը՝ քննադատաբար գնահատելու և փոխելու սոցիալ-քաղաքական իրողությունները։ Համարվում է, որ «քաղաքական կոնֆուցիականության» բարոյական անաղարտությունը պահպանելու համար անհրաժեշտ է օգտագործել նաև «բանականության կոնֆուցիականությունը»՝ իբրև հակակշիռ և դրա հնարավոր թերությունների վերացման միջոց։ «Բանական կոնֆուցիականությունը» գլխավոր դերն է խաղում Ճանապարհի ճիշտ պահպանման և փոխանցման համար, և առանց Բանականության հակակշռի այն կարող է վնասվել և օգտագործվել որպես կառավարող դասակարգի գաղափարախոսական գործիք»,- համոզված են չին գաղափարախոսները։
«Կոնֆուցիուսն ասել է. Հարմոնիան (ներդաշնակությունը) պահպանել է պետք»,- 2005-ի փետրվարին ասել է ՉԺՀ նախագահ Հու Ցզինտաոն։ Մի քանի ամիս անց նա հանձնարարեց զբաղվել «ներդաշնակ հասարակության ստեղծման համար կադրերի պատրաստմամբ ու նախադրյալների ստեղծմամբ»։ Դա համապատասխանում և բխում է իմաստասերի հիմնական գաղափարից, այն է՝ «կանոնական աշխարհ ստեղծել երկնքի ներքո, անաչառ ու ընդհանուր բոլորի համար», ուր ամեն ոք կկարողանար զարգացնել բարյացակամության ուժը։ Շուտով կոնֆուցիական ուսմունքը վերականգնեց երբեմնի ժողովրդականությունը Չինաստանում։ Ներկայումս միջնակարգ դպրոցի ուսումնական ծրագրերը ներառում են կոնֆուցիական մտքի դասավանդում, ստեղծվել են մի քանի փորձառական դպրոցներ, որոնք հիմնականում կենտրոնացած են դասականության վրա։ Կառավարությունը Կոնֆուցիուսի ինստիտուտի, լեզվի ու մշակույթի չինական կենտրոնի միջոցով աջակցում է արտասահմանում կոնֆուցիականության տարածմանը։
Հարկ է նշել, որ, կառավարության համար, կոնֆուցիական արժեքների խրախուսումը մի շարք առավելություններ է համատեղում. Չինաստանում ներդաշնակության պահպանումը կոչված է հասարակայնությանը ցույց տալու կուսակցության մտահոգությունը շարքային մարդկանց ճակատագրով, իսկ «ներդաշնակության» միջազգային տարածումը, երկրի ղեկավարության կարծիքով, պետք է վերացնի «Չինաստանի արագ աճից աշխարհի ունեցած երկյուղը»։
Նկատենք, արտաքին գործերում Չինաստանի կողմից կոնֆուցիականության կիրառումը, իրոք, շատ շահավետ և հեռանկարային է, քանի որ դա երկրի համար ապահովում է լուրջ և ընդունելի դիրքեր։ Ըստ կոնֆուցիականության, միջազգային հարաբերություններում գլխավոր տարբերությունն ընկած է մեղմ ուժի և կոշտ իշխանության միջև, այսինքն, հիմնականում գոյություն ունի խաղաղության հասնելու երկու եղանակ՝ «լավ» ճանապարհով կամ «չարի» միջոցով։ Առանց մանրամասների մեջ խորանալու նշենք, որ «կոշտ ուժը» պարզապես «նպատակին հասնելու համար հարկադրելու կամ վճարելու ունակությունն է»։ Այդ ունակությունը հիմնականում իրականացվում է տերությունների ռազմական կամ տնտեսական լծակներով։ «Մեղմ ուժը» կոշտ ուժի հակառակ գործելաոճն է, հակառակ որի, մեղմ ուժը չի սպառնում և վախ չի առաջացնում։ Իսկ ի՞նչ է անում։ Ձգտում է գրավել ու համոզել, թե ինչ կարող է տալ «երկրի մշակույթի, քաղաքական գաղափարի և քաղաքականության գրավչությունը»։ Այլ խոսքով, մեղմ ուժը «նախապատվություն ձևավորելու ունակություն է», որտեղ նախապատվությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ «ընդհանուր արժեքների ապահովում մարդկանց ու երկրների միջև», ինչպես նաև այդ կերպ ձեռք բերածի համար պատասխանատվության զգացում։ Կոնֆուցիականների համար դրանք բարերարներ են, որոնք ձգողական մեծ ուժ ունեն։ Կոնֆուցիականները հավատում են «ձգողական ուժին» և դա անվանում են «արքայական ուղու բարերարներ»։ Կոնֆուցիուսն ասել է. «Եթե առանձին մարդիկ պատրաստ չեն հետևելու ձեզ և պահպանելու ձեր կանոնները, ապա հարկավոր է, որ ինքներդ ձեզ քաղաքակրթեք և ձեր մեջ բարերար դաստիարակեք, նպատակ ունենալով գրավել նրանց»։ Եվ այստեղ, թվում է, չէր խանգարի հիշել մեծ մտածողի ևս մեկ պատգամ. «Նա, ով բարյացակամության քողի ներքո ուժ է գործադրում, կարող է հեգեմոն դառնալ, բայց մինչև այդ նպատակին հասնելը, նա նախ պետք է հզոր պետություն կառուցի։ Նա, ով բարյացակամությունը կիրարկում է առաքինի կառավարմամբ, իսկական արքա կդառնա»։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ