ԱԺ-ում Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության բարձրացրած ալեկոծությունը, որը նույնիսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և նրա երիտասարդ գործընկեր, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին էր մի թեթև «հունից հանել» և կոռուպցիայի մասին դատողությունների տեղիք տվել, շաբաթ օրը հասավ ՀՀ նախագահի նստավայր:
Սերժ Սարգսյանը քննարկում էր հրավիրել բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ: Ներկա էին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, բացառությամբ ԱԺ խոսնակի, ինչը, մեր կարծիքով, ամենևին էլ պատահական չէր։
Սերժ Սարգսյանի ելույթից երևում է, որ նրան հատկապես զայրացրել են Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հնչեցրած գնահատականները և գլխավոր դատախազության անգործությունը ՎՊ-ի հաշվետվության մասով:
Թե պետական ինստիտուտների գործունեությունը, պետական պաշտոնեությունն այսօր ինչպիսի տնավարի հարաբերությունների վրա են խարսխված` օրենքների ինչպիսի տարատեսակ շրջանցումներով, բավական է միայն ընթերցել մի հատված Սերժ Սարգսյանի խոսքից` ուղղված գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին. «Եթե ՎՊ նախագահը հայտարարում է, որ մեր պետական բյուջեի 70 %-ը` 701 մլրդը, վտանգված է, ակնհայտ է, որ դա շատ սխալ և անհեռատես քաղաքականություն է: Ձեզ ընդամենը պետք էր երկու-երեք օր անցնել այդ հաշվետվությամբ և հայտարարությամբ հանդես գալ, ասել` ՀՀ հարգելի քաղաքացիներ, ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են: Դա ձեր ուղղակի պարտականությունն է: Եվ ճիշտը դա է, այլ ոչ թե զանգել ՎՊ նախագահին և ասել` ինչո՞ւ ես այսպիսի բան արել: Դա իմացար դու, իմացավ ՎՊ նախագահը: Բայց ամբողջ հասարակությունը խոսում է նրա մասին, որ 700 մլրդ փող են լափել: Պարզ քաղաքացին իրավունք ունի այդպես մտածելու, բայց մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, չէ՞, որ դա մեր բյուջեի 70 %-ն է, և այդ 700 մլրդը ծառայություն կամ շինարարություն կատարելու համար չէ: Ակնհայտ է, չէ՞, այդ թիվը հնչել է միտումնավոր, որ բոլորի համար հասկանալի լինի, այդ թվի 1/3-ը գրեթե տնօրինում է ՊՆ-ն, իսկ ՊՆ-ի տնօրինած միջոցների գրեթե 50 %-ը աշխատավարձ է»:
ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած քննարկումն արդեն հայտնվել է բազում ենթադրությունների շրջապտույտում: Ենթադրություններ են արվում, որ այս քննարկումից հետո կզոհաբերվի Իշխան Զաքարյանը (չմոռանանք, որ նրա` ԱԺ-ում հաշվետվության ներկայացման ժամանակ ՎՊ-ի նախագահի շքեղ դղյակի մասին հիշեցրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ այլ պատգամավորներ էլ պնդում էին, որ նյութերը պետք է անպայման ուղարկել գլխավոր դատախազություն): Ենթադրություններ են արվում նաև, որ ՎՊ-ի հաշվետվությունը գլխավոր դատախազություն ուղարկելուց հետո կսրվեն ներիշխանական հակասությունները, քանի որ այս դեպքում կամա թե ակամա խաղի մեջ է մտնում Աղվան Հովսեփյանը: Իսկ «գեղագետ» գլխավոր դատախազին հազիվ թե հաճելի լինի հայտնվել ներիշխանական հակասությունների թոհուբոհում և իր գործունեությունը մամուլի, հասարակության համար դարձնել հերթական քննարկման թեմա: Չմոռանանք` նրա պաշտոնավարման ժամկետն էլ անսպառ չէ, և Աղվան Հովսեփյանը կցանկանա մի օր անաղմուկ հեռանալ:
Իսկ այսօր արդեն տեղեկացանք, որ գլխավոր դատախազությունը դիմել է Վերահսկիչ պալատին` լրացուցիչ նյութեր ստանալու համար: Դատախազությունը պահանջել է այն նյութերը, որոնք ՎՊ տարեկան հաշվետվության մեջ դարձել են գնահատականների և եզրակացությունների հիմք:
Եվ այսպես, վարագույրը փակվում է:
Սպասենք հաջորդ արարին:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ