Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Թատերական հրապարակ, որ որոնում է իր ազատությունը

Թատերական հրապարակ,  որ որոնում է իր ազատությունը
22.02.2013 | 00:57

Ահա և հերթական հետընտրական փետրվարն իր դեժավյուով` ընտրություններն ավարտվել են, ԿԸՀ-ն հրապարակել է իր նախնական, խիստ կանխատեսելի արդյունքները: Եվ նախագահի թեկնածուներից մեկը նորից հրապարակից տուն չի գնում, նորից հաղթող թեկնածուի հաղթանակը չի ընդունվում: Որ նախագահական ընտրությունները խիստ մրցակցային են, հայտնի էր ընտրություններից առաջ էլ: Մրցակցայնության ամբողջ սխեման շատ ավելի բարդ էր, քան կարող էին և ստեղծեցին թեկնածուները: Իրական մրցակցությունը Սերժ Սարգսյանի ու Սերժ Սարգսյանի միջև էր և է:

Րաֆֆի Հովհաննիսյանը 20 տարի գալիս էր դեպի այս օրը: Բնականաբար, այդքան համառ հետևողականության համար ստանալու էր իր աստեղային ժամը: Ռոբերտ Քոչարյանը հնարավորինս ձգեց նրա աստեղային ժամն իր համար անվտանգ ժամկետների, թեպետ հազիվ թե նա Րաֆֆի Հովհաննիսյանին համարեր լուրջ մրցակից, բայց ապահովությունը գնահատում էր նաև երկրորդ նախագահը: Չկրկնելու համար հայրենիքում Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքի լավ հայտնի իրադարձությունները, որ այնքան շահեկանորեն մեկ ամիս արտասանվում ու երգվում էին, ընդամենը արձանագրեմ մի քանի զարմանալի փաստեր: Ո՞վ էր սպասում և ո՞վ էր լրջորեն հավատում, որ «Ժառանգություն» անունով ոչ այնքան հայտնի ու ոչ այնքան հասկանալի կուսակցությունը առաջին իսկ փորձից հայտնվելու է չորրորդ գումարման խորհրդարանում, որի պատգամավորների կազմը, ինչպես հայտնի է, հաստատում էր Ռոբերտ Քոչարյանը: Ճիշտ է` նա կազմում էր, ինչպես ինքն է նշել, ՀՀԿ-ի ընտրացուցակը, բայց միամտություն է կարծել, որ 131 ընտրյալներից միայն մի քանի տասնյակն էին նրան ծանոթ: «Ժառանգությունը» կոչված էր 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժողովրդավարականության պատկերը և ընդդիմության ներկայությունն ապահովել խորհրդարանում: Ցանկալի ընդդիմության: Անվտանգ: Որ խոսելու է ու խոսելու է ամեն ինչից ու ամեն անգամ, բայց` այդքան: Համարվում էր նաև, որ «Ժառանգությունն» արևմտյան, ավելի ստույգ` ամերիկյան նախագիծ է: Խորհրդարանում «Ժառանգությունն» առանձնապես չարդարացրեց իրենց սպասելիքները` ծավալեց խորապես իրավապաշտպան գործունեություն, զարկեց թե մեխին, թե նալին, յոթ հոգով սկսելով` ավարտեց վեցով: Տրամաբանական կլիներ, որ հինգերորդ գումարման խորհրդարանում «Ժառանգությունն» ավելի մեծ խմբակցություն ունենար` թիկունքում ունենալով աշխատանքային հինգ տարիների հաջողությունները, նույն ԱՄՆ-ի ներկայությունը և այլ գործոններ: Բայց իրավիճակ էր փոխվել, փոխվել էր ԱՄՆ-ի դիրքորոշումը, և «Ժառանգությանն» առաջարկվեցին «Ազատ դեմոկրատները» ու դաշինք չկազմելով հանդերձ` նրանք խորհրդարան եկան հինգ հոգով` ընդամենը երկու ժառանգական ունենալով իրենց խմբակցությունում: Հետոն նույնպես լավ հայտնի է, առանձնապես մանրամասնելու հարկ չկա, թե ինչքան մտածեց ու ինչու վայր դրեց մանդատը Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես ողջ կուսակցությունից մնացին միայն Զարուհի Փոստանջյանը (շատ հաճախ է հարց ծագում, թե որքան են նրա գործողությունները համահունչ հարազատ կուսակցության դիրքորոշումներին) և Ռուբեն Հակոբյանը (որին կուսակցությունն ուղղակի նվեր ստացավ ընտրությունների նախօրեին): Հարց է, չէ՞, խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական ի՞նչ վիթխարի ու գործնականում անտեսանելի թռիչք գործեց «Ժառանգությունը» մի քանի ամսում, որ նախագահական ընտրություններում կես միլիոն ձայն ստացավ:

Ընդհանրական թեկնածուի իր համառ առաջարկներում Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական շրջանում մնաց մենակ, որ տրամաբանական էր և առանձնապես զարմանալի չէր: Ընդհանրական թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին դարձնում էր իրավիճակը, որ իսկապես աստեղային ժամի բոլոր հատկանիշներն ուներ: Պայքարից հրաժարվեց նախորդ նախագահական ընտրությունների կեսմիլիոնանոց թեկնածուն, պայքարից հրաժարվեց խորհրդարանական ընտրությունների կեսմիլիոնանոց կուսակցությունը: Ավելին` նրանք ոչ միայն սեփական թեկնածու չառաջադրեցին, այլև պաշտոնապես որևէ թեկնածուի չաջակցեցին: Նրանց ընտրազանգվածը մնաց փաստական «անտեր»: Սա` մի կողմից: Մյուս կողմից` գործող նախագահին իր լեգիտիմության համար ընդդիմադիր թեկնածու էր պետք` հնարավորինս ծանրակշիռ: Ընդունեք, որ Պարույր Հայրիկյանը (նույնիսկ իր խոսքով` «գնդակահարվելուց» հետո) այդ դերին չէր ձգում: Հրանտ Բագրատյանը չափազանց ուշ խաղի մեջ մտավ ու մտավ մենակ, գործնականում առանց ռեսուրսների, թիկունքում ունենալով ՀԱԿ-ը իբրև դասական տրոյական ձի, որ քացահարում էր իսկական ձիու նման, և մեկ էլ հույժ տնտեսագիտական 100 քայլեր, որոնց հմայքն ու արժեքը հասկանալի էին մասնագետներին:
Մյուս թեկնածուներին այս կտրվածքով անդրադառնալն անիմաստ է: Նրանք նույնիսկ ծրագիր ու շտաբ չունեցան: Պատվավոր երկրորդի դերում, որ իրավական հետևանքներ չուներ, բայց ուներ քաղաքական խնդիր, այլընտրանքի բացակայության պայմաններում, մնաց միայն Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ուղղակի գյուտ էր: Կար խնդրի երրորդ կողմը ևս` հետընտրական քաղաքական դաշտում ընդդիմության թափուր տեղը պետք էր լցնել` ապահովելով հնարավորինս անվտանգ զարգացումներ: Ընդդիմության, որ ոչ վաղ անցյալից երկրում սկսել էր կարևորվել իբրև քաղաքական գործընթացի մասնակից, բայց չէր կայանում ոչ մի կերպ: ՀԱԿ-ի ինքնաոչնչացումից հետո ժամանակ չկար նոր ընդդիմություն հանկարծաստեղծելու: Ռեսուրս էլ չկար: ԲՀԿ-ն այդ դերում դառնում էր նոր ՀԱԿ, որ բոլորովին պետք չէր ՀԱԿ-ի հետևանքների առկայությամբ: «Ժառանգությունը» ժամանակավոր լուծում էր, բայց փոխընդունելի: Իհարկե, ընտրությունների ժամանակ ձայներ կեղծվում են, խնդիրը, սակայն, ոչ թիվն է, ոչ քանակը, խնդիրը տրամաբանությունն է` ինչո՞ւ են կեղծվում: Շատ մակերեսային բացատրություն է` ո՞ւմ օգտինը: Դա հետևանք է: Կարևորը պատճառն է: Եվ միայն այդ պատճառի բացահայտումն ու վերացումը կարող են վերականգնել ընտրությունների բուն բովանդակությունը: Հայաստանի Հանրապետության բոլոր երեք նախագահների մեծագույն ողբերգությունը` նրանք ինչ-որ պահից դադարում են զգալ երկիրը, նրանք իրենց չեն կարողանում թույլ տալ այնպիսի մարդկային թուլություններ, ինչպես հավատն է, ինչպես ժողովրդի հետ դեմառդեմ հարաբերվելն է` առանց շքախմբերի ու հեռուստախցիկների: Նրանց շուրջը շատ արագ ձևավորվում է որոշակի մարդկանց ու հարաբերությունների շրջանակ, որի պրիզմայով էլ տեսնում ու լսում են երկիրը: Երբեմն` ի պաշտոնե: Երբեմն` հավատարմության խաբուսիկ երդումների ուժով: Երբեմն` փոխադարձ օգտագործելիության նպատակով: Այդ շրջանակը չունի ոչ պարտավորություններ, ոչ պատասխանատվություն ժողովրդի առաջ, ժողովուրդը նրանց ոչ ձայն է տալիս, ոչ էլ նրանցից ակնկալիքներ ունի: Ավելին` ոչ նախագահը, ոչ ժողովուրդը նրանց կարիքը չունեն, բայց նրանք կան, երբեմն փոխարինում են միմյանց, չեն պակասում ու չեն կորցնում ոչինչ, ներկայանում են բուֆեր, վահան, հենարան, պարբերաբար ստանձնում են այլևայլ ֆունկցիաներ` լինելով ու մնալով ընդամենը խոչընդոտ:
Ժողովուրդը, կամ այս պարագայում` ընտրազանգվածը, իր հերթին հերթական անգամ ապացուցեց, որ որևէ քաղաքագիտական հաշվարկ, որևէ պրագմատիզմ, որևէ բարգավաճական նվիրատվություն, դասեդաս հետաձգվող վերջնական խոսք իր գործողություններում չունի ու չի կարող ճակատագրական նշանակություն ունենալ: Ընտրազանգվածը, այս պարագայում արդեն` ժողովուրդը, ունի իր խնդիրը` նորմալ կյանք է ուզում այս մի ափաչափ հողի վրա և իր խնդրի լուծմանը հասնելու համար չի դադարելու կարեցածն անել: Ժողովուրդը, ում անունից անվերջորեն խոսում են` ով չի ալարում, ունի իր անունը, իր դեմքը, իր ձայնն ու իր խոսքը: Թերևս` սա ամենակարևորն ու ամենաանսպասելին էր, որ ակնհայտ դարձավ այս ընտրություններում` քաղաքական համատարած խաղերից ու բեմականացումներից հետո: Թատրոնն ավարտվում է, կյանքը շարունակվում է բեմից դուրս, այդ կյանքի տերը ժողովուրդն է, որ համառորեն չի հոգնում իր հեղինակին ու իր ռեժիսորին որոնելուց, նույնիսկ եթե ժամանակ առ ժամանակ թվում է, թե գտել է իր դերասաններին, ու շուտով պիեսը կավարտվի: Ոչ, վարագույրը չի իջնելու:
Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական դեժավյուն, որ իսկապես զարմանալիորեն հոլիվուդյան ֆիլմի է վերածվում ու որոնում է իր քաղաքական happy end-ը, առավելապես հետաքրքրում է լրագրողներին: Դաժան է, բայց փաստ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր, սիրո ու հայրենիքի մասին խոսելուց զատ, թատերական ժեստեր անելուց հետո այլ անելիք ու այլ ասելիք չունի: ՈՒղղակի չունի: Կապույտ եզրաշերտերով ափսեի վրա իշխանություն նրան չի հրամցվելու: Նա հոգևորական չէ, որ նրան մեղքեր խոստովանելու գնան: Ոչ էլ ժողովուրդն է այդ խոստովանություններին կարոտ: Իսկ եթե շատ է խոստովանություն ուզում, թող ինքը խոստովանի, թե ինչո՞ւ է համարում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի միայն առաջին ընտրությունն էր ժողովրդի հաղթանակ, և 2008-ին ինքն ի՞նչ էր անում: Դասական մելոդրամայի հրապարակային դրվագներից հետո գալիս է ոչ թատերական պաուզա, որին նույնիսկ ծափեր չեն հաջորդելու: «Բռավո» ասող չի լինելու: Խաղն ավարտվելու է նույնքան անակնկալ, որքան սկսվել էր: Թատերական հեղափոխությունը հայրենիքի սիրո թեմայով և ընտրությունների առիթով: Եվ սա ամենադառը նախադասությունն է, որ հարկադրված եմ գրել` բնավ չցանկանալով: Եվ հետո` այն, ինչ կատարվում է Հայաստանում, արձագանք է գտնում Հայաստանից դուրս: Ոչ, դիտորդներին նկատի չունեմ: Բոլոր այդ առաքելություններն ընդամենը գործիք են, որով իրականացվում է քաղաքականություն: Նրանք աշխատում են դիտորդ, որի համար վճարվում են, երբեմն էլ` պարգևատրվում: Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության պարագայում լեգիտիմության ու ոչ լեգիտիմության խնդիրը միայն ներքաղաքական չէ, տարածաշրջանային շահեր ունեցող լավ հայտնի երկրներին պետք է Հայաստանում թույլ իշխանություն` երկիրը մշտապես իրենց ազդեցության ոլորտում պահելու և իրենց շահերը պարտադրելու, Ղարաբաղի հարցը շահարկելու, այլևայլ խնդիրների առավել հեշտ լուծման համար: Երկրի ներքին դիմադրողականությունն ուժեղացնում են ոչ այնքան բնական ռեսուրսներն ու մարտունակ բանակը, որքան ժողովրդավարությունն ու իշխանություն-ժողովուրդ փոխհարաբերությունները:
Այո, նախագահական ընտրությունները խիստ մրցակցային էին: Իրական մրցակցությունը Սերժ Սարգսյանի ու Սերժ Սարգսյանի միջև էր, և հիմա արդեն այլևս ոչ ժամանակ, ոչ նահանջի տեղ ունենալով` Սերժ Սարգսյանը պիտի հրապարակային քաղաքականության մեջ պատասխանի իր իսկ բարձրացրած հարցերին` հավատացի՞նք, փոխվեցի՞նք, ապահո՞վ ենք արդյոք: Արդյո՞ք բոլոր նրանք, ովքեր իր շրջապատում են ու հպարտորեն անվանվում են իր թիմ, արժանի են իր թիմը լինելուն 2013-2018 թվականներին, արդյո՞ք նրանց սխալների համար ճիշտ է, որ ինքը հատուցի: Արդյո՞ք նրանք պետք են իրեն` ժողովրդի հետ իր փոխհարաբերություններում: Արդյո՞ք նրանք պետք են իրեն պետություն կառուցելու իր քայլերում: Ծրագրերը մնալու են լավագույն մտադրություննե՞ր, թե՞ իրականացվելու են: Այս երկրում վերջապես մարդը գիտակցվելո՞ւ է իբրև բարձրագույն արժեք, թե՞ միայն հռչակվելու է, ու` վերջ: Որևէ մեկը կարողանալո՞ւ է բաց աչքերով նայել ու տեսնել իրականությունը, այլ ոչ թե այն պատկերը, որ ներկայացվում է իբրև իրականություն: Այս մրցակցության մեջ եթե երեկվա Սերժ Սարգսյանը հաղթի այսօրվա Սերժ Սարգսյանին, պարտվելու է երկիրը: Պարտվելու է պետությունը: Ամենալուրջ ու ամենածանր մրցակցությունը այս ասպարեզում է, իսկ Ազատության հրապարակը, ցավոք, 2013-ի փետրվարին ավելի շատ համապատասխանում է իր պաշտոնական անվանը` Թատերական հրապարակ, ու` վերջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Փոփոխությունների չինական դասական մեծ գիրքն արձանագրել է. «Իներտությունը և կարծրատիպերը վտանգավոր են ոչ միայն նորի սահմանափակմամբ, այլև նրանով, որ ինքդ էլ հարմարվում ես դրանց: Սակայն դու պիտի ձգտես ճշմարտությանը, և, չփորձելով լոկ խուսափել վտանգից ու դուրս գալ անդունդից, ջանքեր գործադրես ճշմարտությանն աստիճանաբար հասնելու համար և սպասես գործունեության համար բարենպաստ հանգամանքների. նման ջանքերն արդյունքներ կբերեն և կբացեն հետագա զարգացման ճամփան շատ շուտով»: 1988-1998-2008` տասնամյակների հաջորդափոխության տրամաբանությունը ձեզ ի՞նչ է ասելու 2018-ին:

Դիտվել է՝ 2573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ