ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

«Հայի ինքնության առանցքը հայերենն է»

«Հայի ինքնության  առանցքը հայերենն է»
01.02.2013 | 14:05

«Իրատես de facto»-ի հյուրն է արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ, «Գեղարդ» երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆԸ:


-Պարոն Նավոյան, Ձեր մասնագիտական ուսումնասիրությունների առանցքում մշտապես Կոմիտասն է, որի մասին ասում եք, թե նա մշակել է իր մի քանի հազարամյա ժողովրդի համար երաժշտական մտածողության բացարձակապես նոր համակարգ, որը չափազանց տիպական է հայերիս համար, բայց և համադրելի համաշխարհային արվեստի շատ շերտերի հետ: Այս գնահատականը տրվում է Կոմիտասին ավելի քան հարյուր տարվա հեռավորությունից: Եթե փորձենք արժևորել մեր այսօրվա երաժշտարվեստը, կգտնվի՞ դրանում այնպիսի անհատականություն, այնպիսի երևույթ, որի մասին հարյուր կամ ավելի տարի անց կարելի լինի հնչեցնել այսօրինակ գնահատական:
-Միշտ տվյալ պահի մեջ արժեքները դժվար է գնահատել: Դրա համար պետք է որոշակի ժամանակ անցնի: Միայն ժամանակի հեռվից կարելի կլինի իսկական սահմանները գծել, արժևորել: Կարծում եմ` չեմ վիրավորի ժամանակակից որևէ կոմպոզիտորի, եթե ասեմ, որ կոմիտասյան չափանիշներն ու ձևաչափերն այնքան ուրիշ են, որ նրան համադրելի մեծություն այսօր դժվար է գտնել: Ամեն դեպքում, ես կդժվարանամ գտնել: Այսօրվա մեր առաջատար կոմպոզիտորներն իրենք էլ, չեմ կարծում, թե իրենց կնույնացնեին կամ կհամադրեին Կոմիտասի հետ: Հարցը միայն մեծ երաժիշտ լինելը չէ, լավ կոմպոզիտոր, համաշխարհային հռչակ վայելող արվեստագետ լինելը չէ, ինչպիսիք մենք այսօր, իսկապես, ունենք: Խնդիրը, այդքանով հանդերձ, նաև պատմական հսկայական ֆունկցիոնալ ծանրաբեռնվածություն կրելն է, որը նախասահմանվում է Աստծո կամքով, ազգի կենսագրությամբ, շատ այլ բաներով: Այն հսկայական շեշտված դերակատարությունն է, որ Կոմիտասն ունի հայ ինքնության հարացույցի մեջ, և դժվար թե որևէ այլ երաժիշտ կարողանա նման դեր (գոնե մեր ժողովրդի, մեր քաղաքականության պատմության այս փուլում) իր վրա վերցնել` մեր ինքնության, ինքնագիտակցության համակարգի մեջ:
-Հեղինակն եք «Դրվագներ հայ երաժշտության պատմության» դասագրքի, և, փաստորեն, անձնական մասնակցություն ունեք մեր հանրապետությունում իրականացվող երաժշտական կրթության գործընթացին: Հայտնի է, որ խորհրդային տարիներին այդ կրթությունն ուներ բավական բարձր և կանոնակարգված դրվածք, հետխորհրդային շրջանում այն պարզապես բարձիթողի վիճակում հայտնվեց, հիմա քիչ-քիչ սկսում է վերականգնվել: Ինչպե՞ս կգնահատեք ոլորտի վիճակն այսօր:
-Երաժշտական կրթությունը, թերևս, երկու փուլի բաժանենք` մասնագիտական կրթություն և հանրակրթության մաս: Մասնագիտական կրթության տեսանկյունից երաժշտության ուսուցումը հանրապետությունում մեծ հետընթաց է ապրել` համեմատած խորհրդային տարիների հետ: Մեր երկրում գործում էին բազմաթիվ երաժշտական և արվեստի դպրոցներ, և մենք ստեղծել էինք երաժշտական կրթության մի ամբողջ համակարգ` սկսած տարրականից մինչև կոնսերվատորիական, ակադեմիական կրթություն: Այսօր այդ բոլոր փուլերի վիճակը բնութագրելիս պիտի ասենք, որ դպրոցական մասնագիտական երաժշտական կրթությունն ամենախարխլված վիճակում է: Որովհետև մարզերում այդ մասնագիտական դպրոցներն անցան տեղական իշխանությունների ենթակայության տակ, և դրանց հետագա ճակատագիրն այլևս կախված էր տեղական իշխանությունների վերաբերմունքից, այդ դպրոցների գոյությունը կարևորել-չկարևորելու նրանց մոտեցումներից: Արդյունքում շատ դպրոցներ ուղղակի դադարեցին գոյություն ունենալուց: Կրթական մյուս մակարդակն ապահովում էին ուսումնարանները, որոնք այսօր էլ շատ խեղճ են` ի տարբերություն խորհրդային շրջանի: Բացի Երևանում գործող` Ռոմանոս Մելիքյանի և Առնո Բաբաջանյանի անվան երկու երաժշտական ուսումնարաններից, համանման ուսումնարաններ ունեինք նաև մեր մյուս քաղաքներում, որոնք այսօր էլ կան, բայց, ի տարբերություն մայրաքաղաքային ուսումնարանների, այնքան էլ լավ վիճակում չեն: Հիմնական խնդիրը, իհարկե, կապված է ֆինանսական անապահովության հետ: Այս ամբողջ շղթան ամփոփում էր կոնսերվատորիան: Բնականաբար, մայրաքաղաքը` իր իրականացրած երաժշտական կրթության երեք փուլերով, առավել ամբողջական ու բարվոք վիճակում է: Երևանում հիմա էլ կան լավ երաժշտական դպրոցներ (Չայկովսկու, Սայաթ-Նովայի, Սպենդիարյանի, Սարաջևի անվան երաժշտական դպրոցները և էլի մի քանիսը), որոնք, անկախ ֆինանսական բարդություններից, կարողացել են պահպանել իրենց որակական հատկանիշները: Մարզերում վիճակը մտահոգիչ է: Որ մարզում իշխանությունները սրտացավ, պատասխանատու են եղել, վիճակը քիչ թե շատ բավարար է, որտեղ իշխանություններն առավել «գործնական» մոտեցում են դրսևորել, աչքաթող են արել երաժշտական դպրոցները, որի արդյունքում դրանք կամ իսպառ վերացել են, կամ գտնվում են կիսաքանդ վիճակում: Եվ վերջին տարբերակը, ցավոք, առավել տարածված է:
-Մեր տեղական իշխանությունները ուղղակիորեն կախված են երկրի գերագույն իշխանությունից: Ամանորին հաջորդած առաջին աշխատանքային օրը երկրի նախագահն այցելեց Կոմիտասի անվան կոնսերվատորիա` այս քայլով, փաստորեն, ընդգծելով իր շահագրգիռ վերաբերմունքը հանրապետության բարձրագույն երաժշտանոցի նկատմամբ: Սա կարո՞ղ է այս կամ այն կերպ ազդակ հանդիսանալ մարզերի ղեկավարների համար և ստիպել նրանց վերանայելու իրենց վերաբերմունքը տեղի երաժշտական կրթարանների նկատմամբ:
-Հուսանք, որ այդպես կլինի: Եվ իսկապես, վերջին շրջանում մշակույթի տարբեր ճյուղեր արժանանում են երկրի ղեկավարության որոշակի ուշադրությանը, և սպասելի է, որ դա վերաբերմունքի փսոփոխության կհանգեցնի նաև մարզերում:
-Լինելով երաժիշտ` բացառիկ նախանձախնդրություն եք դրսևորում հայոց լեզվին առնչվող խնդիրների նկատմամբ: Սա պայմանավորված է երաժշտության, մասնավորապես` հոգևոր երաժշտության և հայերենի սերտ առնչությա՞մբ, թե՞ կարծում եք, որ նման վերաբերմունք պիտի ունենա յուրաքանչյուր գիտակից հայ` անկախ մասնագիտական պատկանելությունից:
-Լեզվի նկատմամբ վերաբերմունքս, իհարկե, պայմանավորված է առաջին հերթին հայ մարդ լինելու հանգամանքով: Ով էլ լինի հայն իր մասնագիտությամբ (և ոչ միայն հայը, այլև փոքրաքանակ ցանկացած ժողովրդի ներկայացուցիչ), իր գոյապահպանության, իր հարատևման հարցերը պիտի լուծի մի քանի գործիքներով: Այդ գործիքակազմը տարբեր է տարբեր ժողովուրդների համար: Մեզ համար պատմությամբ, ժամանակով ստուգված, փորձված հիմնական կենսական համակարգը ձևավորել են լեզուն և էլի մի քանի բան: Սրանով են պայմանավորված մեզանում լեզվի նկատմամբ ոչ միայն իմ, այլև շա՜տ շատ մտավորականների հատուկ ուշադրությունը և հատուկ զգայուն վիճակը: Իհարկե, մեր ինքնության հարացույցի, մեր ինքնագիտակցության ուղիղ առանցքը հենց լեզուն է: Սա չի նշանակում, թե աշխարհում ապրող բոլոր այն հայերը, որոնք խոսում են օտար լեզվով, հայախոս չեն, հայ չեն: Հայ են այն ոչ հայախոս հայերը, որոնք գիտեն, որ իրենց ինքնության առանցքը հայերենն է, որ իրենք կամ իրենց շառավիղներից որևէ մեկը, վաղ թե ուշ, պիտի վերադառնա այդ առանցքին: Եթե կապը լեզվի հետ չկա ուղիղ կրելու իմաստով, ապա գոնե պիտի լինի գիտակցության մեջ, այն համոզմունքի մեջ, որ դա է իր մայրենի լեզուն: Երբ օտարախոս հայը չի ընդունում, որ հայերենն իր մայրենի լեզուն է, նա արդեն հայ չէ: Երբ մարդու գիտակցությունը շեղվում է այն աստիճանի, որ նա օտար լեզուն համարում է իր մայրենին, ես, գոնե, կդժվարանամ նրան հայ ավանել: Մենք ունեինք մեծ կոմպոզիտոր, որը հայերեն չէր խոսում, բայց այդ արժեքի գիտակցությունն ուներ իր մեջ: Մենք ունեինք Վիլյամ Սարոյան, որը օտարալեզու գրող էր, 20-րդ դարի ամերիկյան գրականության առաջատար դեմքերից մեկը, բայց ինքը գիտեր, որ իր մայրենի լեզուն հայերենն է: Գիտակցության և ինքնագիտակցության խնդիր է սա: Եթե ինքնագիտակցությունն այնքան չի խեղվել, որ պորտալարը կտրվի առանցքից, մեծ նշանակություն չունի, թե մարդն ինչ լեզվով է խոսում: Նա հայ մարդ է:

-Կոնսերվատորիայի պրոռեկտորի պաշտոնը մեծ պատասխանատվություն, վարչարարական ծանրաբեռնվածություն է ենթադրում. դա չի՞ խոչընդոտում «Գեղարդ» երգեցիկ խմբի գործունեությանը:
-Իհարկե, ծանրաբեռնվածությունը մեծացել է, բայց ես այն կիսում եմ խմբի աղջիկների, հատկապես խմբավարի` Անահիտ Պապայանի հետ: Աշխատանքն ինքն իր ձևաչափը գտնում է: Վերջին շրջանում «Գեղարդի» արտասահմանյան շրջագայությունները հիմնականում կապված էին Գերմանիայի, մասամբ նաև Բելգիայի հետ: Մասնակցել ենք Մարկթոբերդորֆի «Musica sacra» միջազգային փառատոնին, որի մի մասն անցկացվեց Գերմանիայում, մյուսը` Բելգիայում` Շիմեյում: Փառատոնի շրջանակներում նաև դասախոսություն ունեցանք հայ հոգևոր երաժշտության վերաբերյալ: Գերմանիա կատարած մյուս այցը կապված էր Կոմիտասի հետ:
-Հավանաբար, նկատի ունեք Բեռլինի «Հումբոլդտ» համալսարանում ամիսներ առաջ կայացած Կոմիտասի հուշատախտակի բացո՞ւմը:
-Այո՛: Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների հետ այդ արարողությանը մասնակցելու մեկնեց նաև «Գեղարդ» երգեցիկ խումբը: Ապա մասնակցեցինք Շտուտգարդում անցկացվող «Հայ մշակույթի օրերին»: Սա էլ փառատոն է, որ կարծես արդեն դառնում է պարբերական: Հիմնադիրը, նախաձեռնողը այնտեղի հոգևոր հովիվն է` տեր Տիրատուր քահանա Սարդարյանը: Նա նաև գիտնական է, դասավանդում է Մյունխենի համալսարանում: Լավ մարդ է, լավ հայ, որի նախաձեռնությունը տեղի հայ համայնքը համախմբելու հույսն է փայփայում և այդ համայնքի նկատմամբ Գերմանիայի վերաբերմունքը դեպի դրականը փոխելու միտում ունի: Գաղտնիք չէ, որ Գերմանիայի հայ համայնքն այն կազմակերպվածությունը, այն միատարրությունը չունի, ինչ պատմականորեն կայացած մեր մյուս գաղութներում: Եվ տեր հայրը հույս ունի, որ գաղութի կազմակերպման հարցում մշակույթը կկատարի վաղուց փորձված և հաջողած` կոնսոլիդացնող իր դերը: Երկրորդ տարին էր, որ անցկացվում էր այդ փառատոնը, և «Գեղարդը» հրավիրված էր այնտեղ: Մեր կոմպոզիտորների գործերից հնչեցին, եղան ցուցադրություններ, դասախոսություններ` նվիրված հայ մշակույթին և հատկապես հայ գրատպության հոբելյանին: Հարուստ, հագեցած այս միջոցառումը տարեցտարի ավելի լուրջ հաջողություններ է գրանցում, և գերմանացիների վերաբերմունքն ընդգծվածորեն փոխվում է մեր ազգի նկատմամբ: Անհրաժեշտ եմ համարում նաև նշել Թյուբինգենի համալսարանում իմ կարդացած դասախոսության և «Գեղարդի» համերգի մասին: Այս ամենին զուգահեռ համերգներ ունեցել ենք նաև Հայաստանում: Դրսի համերգային ծրագրերն անպայմանորեն նախ ներկայացնում ենք Հայաստանում: Մենք հավատում ենք այն ճշմարտությանը, որ մեր ունկնդիրն ամենախստապահանջներից մեկն է: Եվ եթե մենք քննություն ենք բռնում այստեղ, ապա դրսում գրեթե երաշխավորված է լինում լավ համերգ:
-Եթե հայաստանյան բեմերում ելույթ ունենալն ինչ-որ տեղ քննություն բռնել է համարվում, ապա ի՞նչ է Գեղարդավանքում ամեն կիրակի պատարագ երգելու արարողությունը:
-Այս մասին այնքան շատ եմ խոսել: Չէի էլ ցանկանա, որ դա շատ քննարկվեր: Դա, իմ կարծիքով, նորմալ քրիստոնյա հայի կենսաձև է: «Գեղարդի» աղջիկների կենսաձևն է: Իրենք այդպես ապրում են: Դա իրական կյանքի նրանց ընկալումն է: Շատ բարդ է առտնին իրավիճակում ռեալիզացնել գաղափար: Առօրյայի, պրոզայի մեջ բարձր գաղափարները, մեծ իդեան միշտ կարող են ոչնչանալ, փոշիանալ: Եթե մենք կարողանում ենք այնքան կենդանի պահել այդ գաղափարը, որ մեր առօրեական ընթացքի, իներցիայի մեջ այն ապրում է, դառնում շնչող, մեզ սերտաճած մի բան, ապա դա վերածվում է կենսաձևի: Դառնում է մեր կեսը, մեր բաղադրիչը, մեր բնութագրիչը: Հուսամ, որ մեր խմբի ութ աղջիկն էլ այդպես են վերաբերվում քրիստոնեական համակարգին և քրիստոնյա են իրենց կենսաձևով: Գեղարդավանքում «Պատարագ» երգելով` նրանք ոչ թե ջանք են գործադրում, ոչ թե աշխատում են, ոչ թե նույնիսկ համերգային կատարման խնդիր են հետապնդում, այլ բնականորեն դրսևորում են ապրելու, շնչելու, մարդ մնալու ձևերից մեկը:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ