ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Թեստերի արտահոսքի և վրիպակների մասին

Թեստերի արտահոսքի և վրիպակների մասին
20.06.2012 | 13:33

Օրերս վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանը և դասախոս Սուսաննա Աբազյանը հայտարարեցին, թե «Հայոց լեզու, գրականություն» առարկայի քննական թեստերում բազմաթիվ վրիպակներ կային, որոնք բախտորոշ են երեխաների համար։ Ըստ նրանց՝ այս տարվա պետական ավարտական և միասնական քննությունների ընթացքում քննական թեստերի արտահոսք է տեղի ունեցել։
Գնահատման և թեստավորման կենտրոնի լրատվության պատասխանատու Գայանե Մանուկյանը մեզ հետ զրույցում տարակուսանք հայտնեց, որ մասնագետները նման հարց բարձրացնում են ոչ թե քննությունից անմիջապես հետո, այլ երկու շաբաթ անց։
Նշենք, որ այս տարի ԳԹԿ-ն «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկաներից պատրաստել է շտեմարաններ, և քննական թեստերի առաջադրանքները ներառված են հենց շտեմարաններից։ Ինչպես նշում է Գայանե Մանուկյանը, ԳԹԿ-ն միանձնյա չի կազմել շտեմարանները։ «ՀՀ կառավարությունից շտեմարաններ կազմելու հանձնարարական ստանալուց հետո դիմել ենք բոլոր դպրոցներին, կրթության վարչություններին, բուհերի համապատասխան ամբիոններին՝ ներկայացուցչական կազմ ապահովելու համար։ Համագործակցության առաջարկ արվել է բազմաթիվ հայտնի ուսուցիչների և դասախոսների։ «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայի շտեմարանների երեք հատորները լույս ընծայվելուց հետո ԳԹԿ-ն բազմիցս խնդրանքով դիմել է բոլոր շահագրգիռ մասնագետներին՝ եթե նկատել են վրիպակներ շտեմարանների առաջադրանքներում, դիմեն մեզ, որպեսզի 4-րդ հատորում նշվեն վրիպակները, և հետագայում խուսափենք այդ առաջադրանքները թեստերում ներգրավելուց։ Բողոքարկման պատկերը ցույց տվեց, որ թեստերում վրիպակներով առաջադրանքներ չէին ընդգրկվել»,- նշեց Գայանե Մանուկյանը։ Նա նաև նկատեց, որ շտեմարանները 5000 առաջադրանքով չեն սահմանափակվելու, և տարեցտարի թարմացվելու են. «Մենք սպասում ենք շահագրգիռ մասնագետների արձագանքին ու նրանց հետ համագործակցությանը»։
Ինչ վերաբերում է թեստերի արտահոսքին, ապա ԳԹԿ լրատվության պատասխանատուն նկատեց, որ այդ մասին լուրերն իրենք ո՛չ կարող են հերքել, ո՛չ էլ հաստատել. «Կան համապատասխան մարմիններ, որոնք լիազորված են նման խնդիրներով զբաղվելու։ Եվ եթե կան մարդիկ, որ գիտեն նման դեպքեր ու տվյալներ, պետք է դիմեն համապատասխան կառույցների։ ԳԹԿ-ն ինքը շահագրգռված է նման դեպքերի բացահայտմամբ։ Մենք բազմիցս հայտարարել ենք թափանցիկ աշխատանքի, քննությունների արդար անցկացման մասին և չենք ցանկանա՝ ինչ-որ մեկը ստվերի քննական գործընթացը։ ԳԹԿ-ն պայմանագիր է կնքում թեստեր կազմող աշխատանքային խմբի և մասնագետների հետ, որով վերջիններս պարտավորվում են գաղտնի պահել թեստի բովանդակությունը, այլապես պատասխանատվության կենթարկվեն։ Ինչպես ԳԹԿ-ն իր հերթին գաղտնի է պահում թեստ գրողների անունները։ Եթե խախտվել է այդ պայմանավորվածությունը, և ինչ-որ մեկն ունի փաստեր, խորհուրդ կտամ դիմել համապատասխան մարմիններին` հարցը քննելու համար»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6769

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ