Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՉԿԱՆ

ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՉԿԱՆ
01.12.2009 | 00:00

«Քաղաքականության մեջ ամեն ինչ ոչ միայն կառուցում են ավազի վրա, այլև ավազի ժամացույցի զանգերի ներքո»։
Լեոնիդ ՍՈՒԽՈՐՈՒԿՈՎ

Հայաստանի քաղաքական ու հասարակական դաշտը, ամեն ինչ կրկնելու մշտական ու չավարտվող ցանկությամբ, կրկին «ցնցվում» է լուրերից, թե առաջիկայում սպասվում են արտահերթ ընտրություններ։ Եթե ոչ նախագահական, գոնե խորհրդարանական, ու եթե անգամ դրանք տեղի չունենան ներքին կատակլիզմների պատճառով, ապա անպայման կանցկացվեն արտաքին ճնշման ազդեցությամբ։ Նույնիսկ կառավարող կուսակցությունում տեղի ունեցած փոփոխությունները մամուլին ու վերլուծական շրջանակներին վարակեցին արտահերթ ընտրությունների «տենդով»։ Անգամ լուրեր են շրջանառվում նախագահի «հրաժարականի» կամ խորհրդարանը լուծարելու օրի և ժամի մատնանշումով։ Այս լուրը ոգևորել է ոչ միայն ընդդիմությանը, ինչը բնական է ու հասկանալի, այլև իշխանական դաշտում գործող գործիչներին։
Նկատենք, սակայն, որ արտահերթ ընտրություններն իշխանության ցանկացած մակարդակում (եթե հետևանք չեն ֆորսմաժորային իրավիճակի) միշտ էլ համարվել են քաղաքական մանիպուլյացիաների արդյունավետ մեխանիզմ։ Սակայն եթե «հեղափոխական զանգվածները» համախմբված չեն փողոցում, իսկ իշխանության միջանցքներում «սև գնդապետները» չեն նյութում իրենց դավադրությունը, ապա արտահերթ ընտրություններին առնչվող ցանկացած նախաձեռնություն սովորաբար հասարակության վզին է փաթաթվում կա՛մ արտաքին աշխարհի, կա՛մ էլ օրվա գործող իշխանության կողմից։ Եվ այդ դեպքում տվյալ ընտրությունները, որպես կանոն, ծառայում են գործող իշխանության համար վտանգավոր պրոբլեմների լուծմանը։ Արտահերթ ընտրությունների տեխնոլոգիան անցած տարիներին բավականին հաջողությամբ կիրառվեց ՈՒկրաինայում և Վրաստանում։ Թբիլիսիում` արտահերթ նախագահական, իսկ Կիևում` խորհրդարանական ընտրությունների ձևով, ինչի արդյունքում Սաակաշվիլին և Յուշչենկոն մնացին իշխանության ղեկին, որովհետև արտահերթ ընտրությունների ճանապարհով կարողացան պարզապես լիցքաթափել իրենց համար վտանգավոր լարված իրավիճակը։ Ընդ որում, այդ ընտրություններն իրականություն դարձան շահագրգիռ աշխարհաքաղաքական կենտրոնների լուռ համաձայնության պայմաններում։
Եթե այս կապակցությամբ դիտարկենք հայկական փորձը, ապա միայն մեկ անգամ է հայ հանրությունն առիթ ունեցել ականատեսը լինելու, երբ 1998-ին իշխանությունից հրաժարական տվեց Տեր-Պետրոսյանը։ Ընդ որում, այդ հրաժարականը տեղի ունեցավ ոչ այնքան օրվա վարչակազմի ու ժողովրդի միջև գոյացած օտարվածության և անհանդուրժողականության, որքան արտաքին քաղաքական միջամտության պատճառով։ (Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն, առաջին նախագահն ասպարեզից հեռացավ, երբ Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի հետ կապ հաստատելու նրա փորձերն անհաջողությամբ ավարտվեցին)։
Ինչ վերաբերում է ներկայիս իրավիճակին, ապա արտահերթ նախագահական ընտրությունների շարժառիթներ գոնե այս պահին չկան ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին զարգացումներում։ Արմատական ընդդիմությանը չհաջողվեց հասարակությանը ցնցել այն աստիճան, որ ներքին դժգոհությունը հասներ բարձրակետին և տեղի ունենային «հեղափոխական փոփոխություններ»։ Պատճառներն ինչպես օբյեկտիվ են, այնպես էլ սուբյեկտիվ, և եթե հիմա հանրահավաքային կրքերը նոր դրսևորումներ ունենան, ապա, ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն հատվածական։ Նույնիսկ իր ակտիվության բարձրակետում ՀԱԿ-ին չհաջողվեց փողոց դուրս բերել բնակչության այնպիսի «կրիտիկական» զանգվածի, որ հնարավորություն տար գործընթացները դարձնելու իշխանությունների համար անկառավարելի։ Մանավանդ որ «բարիկադների» վրա բարձրանալու կոչը Լևոն Տեր-Պետրոսյանի համար ակնհայտորեն առաջնային չէ։ Նկատի ունենանք, որ ՀԱԿ-ի առաջնորդն արմատական գործողություններից ձեռնպահ մնաց նույնիսկ այն ժամանակ, երբ ուներ որոշակի հանրային աջակցություն և իր համախոհներին ներկայացրեց սահմանադրական ճանապարհով պայքար մղելու իր տեսլականը։ Միաժամանակ, չնայած տնտեսական ծանր կացությանը, Հայաստանում սոցիալական բունտեր չեն արձանագրվում։ Մասամբ այն պատճառով, որ կենսական խնդիրները լուծելու հարցում հայերը երբեք էլ չեն ապավինել հանրային բողոքի գործողություններին, մյուս կողմից էլ` միջազգային օգնությունը կառավարությանը հնարավորություն տվեց կասեցնելու այնպիսի զարգացումներ, որոնց պատճառով երկիրը կարող էր հայտնվել սոցիալական աղետի մեջ։ Սա է օբյեկտիվ իրողությունը։
Անշուշտ, արտահերթ ընտրությունների համար առանձին դեպքերում բարենպաստ հող են ստեղծում իշխանության ներսում ծնունդ առնող դավադրությունները։ Բայց ներկայիս իշխանությունը բնութագրվում է նրանով, որ արմատական գործողությունների ընդունակ գործիչներ չկան նրանում, որ հանդգնեին դեմ հանդիման դուրս գալ գործող նախագահին։ Կառավարության և վարչապետի շուրջ շարունակաբար ծավալվող ինտրիգները բավականին արագ դադարում են ամենավերևից առաջին իսկ բղավոցի պարագայում։ Ավելին, եթե անգամ կոռուպցիայի և կրիմինալի դեմ պայքարի խոստումները, ի վերջո, դառնան իրականություն, ապա դրանք էլ հազիվ թե հանգեցնեն օլիգարխների «քաղաքական բունտի» և, ըստ այդմ, գործող իշխանության տապալման։ Արտաքին դաշտում էլ գործող նախագահի հրաժարականին նպաստելու միտումներ տեսանելի չեն, մանավանդ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերին առնչվող գործընթացները հաշվի առնելու պարագայում։ Ե՛վ հայ-թուրքական, և՛ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացները Հայաստանում կայունություն ապահովելու անհրաժեշտություն ունեն։ Ըստ այդմ, ենթադրությունները, թե Սերժ Սարգսյանն ինչպես ղարաբաղյան կարգավորման պայմանագիրը ստորագրելու, այնպես էլ չստորագրելու դեպքում հարկադրված կլինի հեռանալ, ցանկալին իրականության տեղ ներկայացնելու փորձեր են, ոչ ավելին։ Հատկապես նկատի ունենալով, որ Ադրբեջանի դիրքորոշումներն ավելի ու ավելի մաքսիմալիստական են դառնում, և բանակցությունների մասնակից գրեթե բոլոր կողմերը նշում են, որ Ղարաբաղում կարգավորման հասնելու հավանականությունն այս պահին առանձնապես մեծ չէ, իսկ այդ հանգամանքը Հայաստանի իշխանությունների համար մանևրելու նոր հնարավորություններ է պարունակում։ Այսպիսով, նախագահական ընտրությունների մասով հայտ ներկայացնելու ցանկություն ունեցողները, թերևս, պետք է նախապատրաստվեն 2013-ին։
Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա Հայաստանի սահմանադրությամբ խորհրդարանի լուծարման գործընթացն այժմ բավական բարդացված է։ Իրականում կա երկու հնարավորություն. կամ խորհրդարանն ինքնալուծարվում է, կամ նախագահը լուծարում է անգործունակության պատճառաբանությամբ։ Մեր ժողովրդի ընտրյալների պարագայում ինքնալուծարումը, անկասկած, ֆանտաստիկայի ոլորտից է։ «Ժողովրդի ծառաները» իզուր չեն այդքան միլիոններ ծախսել և իրենց բոլորովին էլ վատ չեն զգում հարմարավետ բազկաթոռներում, որպեսզի դիմեն այդպիսի քայլի։ Անգործունակության պատճառով լուծարման վտանգը նրանք միշտ էլ գիտակցում են և սկզբունքորեն երբեք չեն ստեղծի այդպիսի իրավիճակ իրենց սեփական նախաձեռնությամբ։
Նման իրադրություն կարող է ստեղծվել միայն այն դեպքում, եթե բարձրագույն իշխանության հրահրած գործընթացի արդյունքում պատգամավորների զգալի մասն ուղղակի ցած դնի մանդատները և այդպիսով ստեղծի անգործունակության իրադրություն։ Բայց այդպիսի զարգացումը բացառված է, երբ քաղաքական օրակարգում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը։ Ճիշտ է, կա տեսական հնարավորություն, որ ազգայնական տրամադրություններ ունեցող ուժերը (ՀՅԴ, «Ժառանգություն», որոշ անկախներ), նույն հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, վայր դնեն մանդատները, բայց հազիվ թե դա ևս տեղի ունենա առանց վերևների համաձայնության ու երաշխիքների։
Անշուշտ, խորհրդարանի լուծարման հավանականությունը բացարձակապես ժխտել հնարավոր չէ։ Բայց դրա անհրաժեշտությունը կարող է առաջանալ միայն իշխանության ներսում պայքարի սրման և գործող նախագահի հավանական ընդդիմախոսների կողմից վճռական գործողությունների ձեռնարկման հետևանքով։ Հանգամանք, որ խիստ անհավանական է, ինչը ցույց տվեցին վերջին իրադարձությունները ՀՀԿ հերթական համագումարում։ Ընդդիմությանը հազիվ թե հաջողվի դժգոհության նոր ալիք բարձրացնել և այդպիսով վտանգ ստեղծել իշխանության համար, որպեսզի վերջինս հարկադրված գնա խորհրդարանի լուծարման։ Այդ լուծարումը կարող է ունենալ շարժառիթ, եթե հակակոռուպցիոն պայքարը սկսի ընդունել իրական ձևեր, իշխանությունը որոշում կայացնի հասարակությանը քաղաքական կրիմինալից ազատելու մասին և այդ կապակցությամբ ունենա լուրջ արտաքին երաշխիքներ։ Այդ դեպքում ներկայիս բիզնես-խորհրդարանի լուծարումը և մաֆիոզ կլանային համակարգի մի շարք ներկայացուցիչների պատգամավորական անձեռնմխելիությունից միանգամից զրկելը կլինեն տրամաբանական և արդյունավետ քայլ, որը կարժանանա հասարակության լայն շերտերի հավանությանը։ Սակայն այդպիսի արմատական քայլերի համար Սերժ Սարգսյանն առայժմ կարծես չունի ո՛չ անհրաժեշտ ամրության պաշար, ո՛չ ծայրահեղ անհրաժեշտություն, ո՛չ էլ ընդգծված ցանկություն։
Զուտ հիպոթետիկ դատողություններից ելնելով` կարելի է հավանական համարել խորհրդարանի լուծարումն արտաքին քաղաքական հիմնախնդիրների և հատկապես ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համատեքստում։ Այդ իմաստով, քաղաքական իրողությունների ցանկացած փոփոխություն, անշուշտ, կարող է ազդել գործընթացի վրա, հետաձգել կամ չեզոքացնել արտաքին դաշտից Հայաստանի վզին փաթաթվող աննպաստ հնարավոր որոշումները։ Սակայն, այնուհանդերձ, ծայրահեղ սցենար է և այս փուլում ակնհայտորեն վաղաժամ։ Այսպիսով, կարելի է համոզված լինել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար էլ իրական նախապայմաններ չկան։ Իմանալով Սերժ Սարգսյանի կառավարման մեթոդները, սուր անկյունները հարթելու և պայմանավորվելու նրա ընդունակությունը, վստահությամբ կարելի է պնդել, որ խորհրդարանի լուծարումը գոնե առայժմ նրա համար իրադարձությունների զարգացման բոլորովին էլ ցանկալի տարբերակ չէ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1467

Մեկնաբանություններ