38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բազմաբևեռ աշխարհի «կառուցումը» մոտենում է ավարտին

Բազմաբևեռ աշխարհի «կառուցումը» մոտենում է ավարտին
06.02.2009 | 00:00

ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ
Եթե քաղաքականությունից քիչ թե շատ իրազեկ որևէ շարքային քաղաքացու փորձես համոզել, որ ոչ հեռու ապագայում հեռուստաէկրանից ականատես է լինելու, թե ինչպես են ջերմորեն ողջագուրվում ԱՄՆ-ի և Իրանի նախագահները կամ չալման գլխին սույն երկրի փաստացի ղեկավար Այաթոլլան, ապա այդ մարդը հաստատ քեզ, մեղմ ասած, հիմարի տեղ կդնի։ Իսկ եթե պնդես, թե մի քանի տարի հետո նույն ԱՄՆ-ը և Իրանը, հարթելով նախկին թշնամությունն ու անհաղթահարելի տարաձայնությունները, ոչ միայն համագործակցելու են, այլև ռազմավարական դաշինք են ստեղծելու, և դրա մի առանցքում լինելու է նաև Իսրայելը, որին Իրանը, որպես համաշխարհային չարիքի մարմնացման, սպառնում էր ընդհանրապես վերացնել երկրագնդի երեսից, ապա նույն այդ մարդը քեզ արդեն հոգեկան հիվանդի տեղ կդնի։
Սակայն, արի ու տես, որոշ բավականին լուրջ փորձագետներ այս «ցնորային» տեսլականին ապրելու իրավունք են վերապահում, որպես աշխարհաքաղաքական զարգացումների հետևանք` արմատական փոփոխություններ կանխատեսելով գերտերությունների գաղափարախոսության, ռազմավարության և մարտավարության մեջ։ Վերոնշյալ սցենարի հավանականությունը չբացառող նույն փորձագետները դեռ մեկ տարի առաջ համոզված էին, որ ԱՄՆ-ը ռազմական լայնածավալ գործողություններ է սկսելու Իրանի դեմ։ Նույնիսկ նշվում էր կոնկրետ օրն ու ժամը։ Նման կանխատեսումների հեղինակներն իրենց հաշիվ չէին տալիս, թե, ախր, ո՞նց, Իրաքն ու Աֆղանստանը դեռ չմարսած, իսկ ավելի ճիշտ, «բկին կանգնած», ԱՄՆ-ը նոր ռազմարշավ է սկսելու մի երկրի դեմ, որն իր ուժով ու հզորությամբ խիստ անհամեմատելի է դեռևս լրիվ ծնկի չբերված վերոնշյալ պետությունների հետ։ Չմոռանանք, որ սպառնալիքներ տեղալն ընդամենը սովորական մարտավարական քաղտեխնոլոգիա է, որը կիրառում էր ԱՄՆ-ը, իսկ դրանք իրագործելու համար «անհրաժեշտ» էր Նահանգների ղեկավար էլիտայի ուղեղի միաժամանակյա մթագնումը։
Ինչևէ։ Յուրաքանչյուր քաղաքագետ երևակայության իր սահմաններն ունի, փաստերը համադրելու և վերլուծելու սեփական մեթոդոլոգիան, ուստի թեկուզ անհավանական թվացող սցենարներ շրջանառության մեջ դնելու իրավունքն իրեն վերապահելն առավել քան բնական է։ Պարզապես մեր որոշ քաղաքագետ-վերլուծաբաններ այնպիսի հակադիր դիրքերից են վերլուծում նույն իրադարձություններն ու երևույթները, հանդես գալիս այնպիսի իրարամերժ ու հակասական եզրահանգումներով, որ նրանց լսող ու ընթերցող հանրության գլուխն ուղղակի պտտվում է, ուղեղը` «խառնվում», իսկ մատուցվածը հասկանալու ունակությունն էլ` լիովին կորսվում։
Բոլոր դեպքերում, պետք չէ շատ մեղադրել վերլուծաբաններիս` մի շարք օբյեկտիվ պատճառներ հաշվի առնելով։ Աշխարհաքաղաքական գործընթացները հատկապես վերջերս այնպիսի սրընթացությամբ են զարգանում, անակնկալ, անսպասելի շրջադարձերով, պարադոքսների աննախադեպ առատությամբ, գերտերությունների կողմից հեռագնա «մութ» խաղերի զուգահեռումով, որ այդ բոլորից գլուխ հանելը, մեղմ ասած, այնքան էլ հեշտ չէ։ Բարձր պրոֆեսիոնալիզմով առանձնացող արևմտյան հայտնի քաղաքագիտական կենտրոններն անգամ հաճախ դժվարանում են կանխատեսումներ անել նույնիսկ մոտ ապագայի վերաբերյալ։ Եվ դա այն դեպքում, երբ աշխարհը դարձել է խիստ փոխկապակցված։ Այնքան, որ, պատկերավոր ասած, եթե Կրեմլում մեկը «փռշտում է», Սպիտակ տանը կամ «առողջություն» են ասում, կամ բազմանշանակ լռում։
Այժմ փորձենք կոնկրետ ներկայացնել, թե հատկապես աշխարհաքաղաքական նոր իրավիճակի որ հարթությունում են դրսևորվում վերոնշյալ պարադոքսալ երևույթները և, որպես դրանց հետևանք, իրար հակասող կանխատեսումները։
ա) Փորձագետների մի մասը պնդում է, թե ԱՄՆ-ի նոր նախագահի քաղաքականությունն արմատապես տարբերվելու է նախորդից։ Մյուս մասն էլ համոզված է, որ առերևույթ «փափուկ» մոտեցումների քողի տակ շարունակվելու է Բուշի կոշտ քաղաքականությունը։ Դեռ ավելին, Օբաման «քողարկված» ագրեսիվությամբ գերազանցելու է Բուշին` միջազգային հարաբերությունների բոլոր առանցքային ոլորտներում։
Ավելորդ է ասել, որ ճշմարտությունն ընկած է այս երկու ծայրահեղ մոտեցումների կենտրոնում։ Օբաման, իհարկե, զորքերը հանելու է Իրաքից, բոլոր ուղղություններով փորձելու է հասնել սրված հարաբերությունների մեղմացման, բայց 180 աստիճան շրջադարձ ամերիկյան «ավանդական» աշխարհաքաղաքականությունից, թերևս, բացառվում է։
բ) ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների հեռանկարը ներկայացնելիս կրկին հանդիպում ենք ծայրահեղությունների։ Այն է` սույն գերտերությունների միջև առանց այդ էլ սրված հակամարտությունն է՛լ ավելի է խորանալու։ Եվ հակադարձ կարծիքը` հարթվելու են բոլոր տարաձայնությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, ընդհուպ մինչև ռազմավարական գործընկերության հաստատում։ Այս «մակարդակով» գերտերությունները համաձայնության են գալու Միջին և Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում ու Հարավային Կովկասում ազդեցության ոլորտները «հալալ» բաժանելու հարցում` «երդվելով» կամ խոստանալով չխախտել երկկողմ մշակված խաղի կանոնները։ Որոշ վերապահումներով` հակված ենք ճշմարտամոտ համարել հենց այս սցենարը։ ԱՄՆ-ի հզորությունն ու մեծ հավակնությունները մշտապես չափազանցող քաղաքագետները, իհարկե, ժխտելու են այս վարկածը, քանզի սրված արևմտամետությունը վերջիններիս թույլ չի տալիս նկատել կայուն դինամիկայով անկում ապրող ամերիկյան գաղափարախոսության և աշխարհաքաղաքականության արդյունավետությունն այդ ֆոնին` Ռուսաստանի և Չինաստանի ուժեղացումը և, ըստ այդմ, ինքնավստահության անընդհատ աճող դինամիկան։ Հենց դա էլ տեղիք է տալիս հայտնի քաղաքագիտական կենտրոններին` ազդարարելու միաբևեռ աշխարհի ավարտը և բազմաբևեռ աշխարհի ձևավորման սկիզբը։ ԱՄՆ-ում դա լավ են հասկանում, այդ պատճառով էլ, մյուս բևեռների դեմ արդյունավետ պայքարելու համար, Ռուսաստանին որպես դաշնակից ընտրելը կարող է համարվել ավելի գերադասելի, քան, օրինակ, Չինաստանի հետ հարաբերությունների ջերմացումը։
Մարդկային ռեսուրսով և տնտեսական ներուժով Չինաստանը շատ ավելի անհաղթահարելի ու վտանգավոր մրցակից է ԱՄՆ-ի համար, քան Ռուսաստանը։ Ի վերջո, մոտ ապագայում մեծ նշանակություն է ունենալու կրոնի և ռասայի խնդիրը։ Կես դար անց «սպիտակ» ռասան, նվազելով, կարող է կուլ գնալ անընդհատ աճող գունավոր ռասային։ Ռասիզմը ժխտելով հանդերձ, այնուամենայնիվ, նկատենք, որ «տեսակի» խնդիրը թերագնահատողներն աշխարհի ապագա քարտեզը ճիշտ պատկերացնել չեն կարող։
գ) Ինչ վերաբերում է ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններին, այստեղ վերջին տասը տարիներին այնքան «թաքնված» խնդիրներ են կուտակվել, որ դժվար է գնահատել` աշխարհաքաղաքական առումով նույնատիպ մոտեցումնե՞րն են առավել գերիշխող, թե՞ տարաձայնությունները։ Խոսքը չի վերաբերում Անգլիային, որը միշտ էլ եղել է ԱՄՆ-ի արբանյակը և ոչ էլ «նորելուկ» արևելաեվրոպական երկրներին, որոնք սոցճամբարում եղած ժամանակ այնքան ատելություն են կուտակել Ռուսաստանի նկատմամբ, որ պատրաստ են կատարելու ԱՄՆ-ի բոլոր հրահանգները, միայն թե դրանք ուղղված լինեն ՌԴ-ի դեմ։ Ներքին, ոչ բացահայտ հակամարտությունն ընթանում է Նահանգների և ԵՄ-ի առանցքային պետությունների` Ֆրանսիայի և Գերմանիայի միջև։ Եթե վերջիններս չատեին, այլ «սիրեին» Ամերիկան, հաստատ քարտ-բլանշ կտրամադրեին Վաշինգտոնին` օգոստոսյան դեպքերից հետո Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար։ Արևմտյան Եվրոպայի ոչ միայն քաղաքական էլիտաները, այլև ժողովուրդները Բուշի կերտած Ամերիկան, մեղմ ասած, հակակրում են։ Այնպես որ, Օբաման Եվրոպայի համակրանքն ու վստահությունը վերադարձնելու լուրջ խնդիր ունի։
դ) ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում, իրոք, սպասվում են բավականին լուրջ շրջադարձեր։ Իհարկե, ոչ 180 աստիճանով, ինչպես հեգնախառն նկարագրեցինք հրապարակման սկզբում։ Հակված ենք հավատալու այն փորձագետներին, որոնք հարաբերությունների նորմալացում, որոշ չափով նույնիսկ ջերմացում են կանխատեսում ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Նահանգներ-Թուրքիա հարաբերություններում հակառակ պատկերը կարող ենք ունենալ, քանզի սկիզբ առնող սառը պատերազմը խորանալու միտում ունի, ինչն անուղղակիորեն ապացուցվեց Դավոսում` Թուրքիայի և Իսրայելի ղեկավարների հանդիպման սկանդալային ավարտով։
Մենք առավելապես կանգ առանք միջազգային հարաբերություններում սպասվող այն փոփոխությունների վրա, որոնք մեծապես կախված են ԱՄՆ-ից։ Բնական է, փոխվել է երկրի ղեկավարությունը, և նոր աշխարհակարգի կերտման հետագա ընթացքը մեծապես կախված է սույն գերտերության արտաքին քաղաքականությունից։ Սակայն, անկախ ամեն ինչից, լուրջ փոփոխություններ են սպասվում նաև Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի, Իրանի, Հնդկաստանի, Պակիստանի աշխարհաքաղաքական ռազմավարություններում։ Մասնավորապես, սխալվեցին այն փորձագետները, ովքեր կարծում էին, թե ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը կրում է ժամանակավոր, իմիտացիոն բնույթ։ ԱՄՆ-ի հետ գրեթե թշնամականի փոխարկվող հարաբերությունների պարագայում (այս իրողությունը լայնածավալ վերլուծություն պահանջող թեմա է, ուստի` առանձին քննարկման առարկա) Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ջերմացումն առավել քան տրամաբանական է և կարող է կրել ռազմավարական բնույթ։ Ինչ վերաբերում է Ռուսաստան-Չինաստան հարաբերություններին, դրանք վաղուց խոր արմատներ ունեն, և այս գերտերությունները, այսպես կոչված, «բնական» դաշնակիցներ են։ Որքան էլ Օբաման ցանկանա սեպ խրել այս հարաբերություններում, «խլել» Չինաստանը Ռուսաստանից և այն դարձնել իր ռազմավարական դաշնակիցը (այդպես են կարծում որոշ փորձագետներ), միևնույն է, չի հաջողվելու։ Առավել ևս, եթե նկատի ունենանք այն իրողությունը, որ Չինաստանն ու Ռուսաստանը Շանհայի համաձայնության կազմակերպության անդամներ են, ռազմաքաղաքական այդ լուրջ դաշինքի առանցքային երկրներ և այս շրջանակներում մեկ անգամ չէ, որ անցկացրել են լայնածավալ համատեղ զորավարժություններ «ոչ միայն ցամաքում, այլև ջրում», ինչպես կասեր մեծն Կոմանդորը։
Ամփոփելով` կարելի է եզրահանգել, որ նոր իրավիճակում Ռուսաստանն ունի ուժեղ դաշնակիցներ ընտրելու շատ ավելի լայն հնարավորություն, քան ԱՄՆ-ը։ Հիմնականում դրանով է պայմանավորված բազմաբևեռ աշխարհի տեսլականը, որն արդեն իրականություն է դառնում։
Արամ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3464

Մեկնաբանություններ