38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Օրակարգում կլանային բիզնեսի հարկումն է

Օրակարգում կլանային բիզնեսի հարկումն է
06.02.2009 | 00:00

ԼՈՂԱՑՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վերջին օրերին Հայաստանում ամենաշատ շոշափվող հարցերից մեկն այն է, թե խորացող ճգնաժամի պայմաններում ինչպիսի վարքագիծ կդրսևորի հայկական արժույթը, որը, չնայած խորացող տնտեսական ճգնաժամին, դեռ բավականին «վստահ» է զգում իրեն և պահպանում է եղած դիրքերը: Այն դեպքում, երբ երկու-երեք ամիս «պայքարելով» ԱՄՆ դոլարի դեմ, ռուսական ռուբլին տեղի տվեց և սրընթաց գահավիժում ապրեց: Այսօր ռուբլուն հետևեց նաև ղազախական թենգեն, որը, Ղազախստանի ԿԲ-ի որոշմամբ, արժեզրկվեց 25 տոկոսով:
Իսկ Հայաստանի կենտրոնական բանկը դրամի փոխարժեքը պահելու համար օրական մի քանի միլիոն դոլար է նետում շուկա: Իր վերջին ասուլիսում, անդրադառնալով Հայաստանում իրականացվող փոխարժեքի քաղաքականությանը, ԿԲ նախագահ Ա. Ջավադյանը հայտարարեց, որ դրամավարկային քաղաքականությունում, ինչպես և նախկինում փոփոխություններ տեղի չեն ունեցել, փոխարժեքը «լողացող» է, իսկ ինչ վերաբերում է ֆոնդային բորսայում ԿԲ-ի դոլարային միջամտություններին, ապա դա, ըստ ԿԲ նախագահի, «օրենքով վերապահված իրավունք է, և գերնպատակն այս ժամանակահատվածում ֆինանսական կայունության ապահովումն է»: Նա միաժամանակ հերքեց այն լուրերը, թե ԿԲ-ի պահուստներից 100 մլն դոլար է ծախսվել դրամի փոխարժեքը պահելու համար և հավաստիացրեց, թե բոլորը կարող են ծանոթանալ ՀՀ ԿԲ-ի ֆինանսական հաշվետվություններին: Համենայն դեպս, ըստ ԿԲ-ի նախագահի, արտարժութային այս միջամտությունները ժամանակավոր են և կարճաժամկետ կտրվածքով մեկ խնդիր են լուծում` պահպանել դրամի փոխարժեքը:
Իսկ ահա Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնտեսության և սփյուռքի հարցերով փորձագետ Հ. Խուրշուդյանը նշեց. «Դոլարային ներարկումներով հայկական փոխարժեքի կայունության պահպանումն ունի թե դրական, թե բացասական կողմեր: Հայտնի է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի կարևորագույն բաղադրիչներից մեկը հոգեբանական գործոնն է: Այսինքն, վստահության պակասը գործող իշխանությունների նկատմամբ, հատկապես տնտեսական քաղաքականության առումով, շատ կարևորվում է: Վստահության պակասից է, որ բանկերը չեն վարկավորում միմյանց, մարդիկ, ովքեր փող ունեն, ավանդ չեն ներդնում բանկերում, և ստացվում է, որ փող կա, սակայն մարդիկ զգուշանում են այս կամ այն գործարքն իրականացնելուց: Եվ եթե խուճապային տրամադրությունները դեռ հայաստանյան ֆինանսական շուկա չեն հասել, միայն ու միայն այն պատճառով, որ հայկական փոխարժեքն առայժմ կայուն է: ԿԲ-ն ամեն գնով փորձում է պահել փոխարժեքը, որպեսզի դա հավելյալ ազդեցություն չունենա մարդկանց տնտեսական գործունեության վրա, և դա կարճաժամկետ կտրվածքով դրական գործոն է»: Սակայն, ըստ փորձագետի, «կա նաև դրամի հակառակ կողմը: Այն, որ բարձր պահելով դրամի փոխարժեքը, այսինքն` այն արհեստականորեն կապելով դոլարին, խթանում ենք ներմուծումը և խոչընդոտում արտահանմանը: Եվ սա այն պարագայում, երբ տնտեսական ճգնաժամի պայմաններում ամբողջ աշխարհում ապրանքներն էժանացել են, ներկրվող արտասահմանյան էժան սննդամթերքը, հագուստները կարող են պայթեցնել ներքին շուկան և վերջնականապես վերացնել տեղական արտադրությունը: Սա է, որ պետք է կանխել: Թեև կառավարությունը տեղական արտադրողին օժանդակելու նպատակով ընդունեց համալիր միջոցառումների ծրագիր, սակայն խոսքն այդպես էլ չվերածվեց գործի: Ինչո՞ւ կառավարությունը չի գնում ներկրման ռեժիմի խստացման, ինչը թույլ է տալիս նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնադրությունը, և Հայաստանին հասանելիք մասնաբաժինների շրջանակներում չի պաշտպանում տեղական արտադրողին»:
Այն հարցադրմանը, թե արդյոք դրամի անկումը կարո՞ղ է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել, և դրա փոխարժեքը պահելու համար կբավարարե՞ն ԿԲ-ի ու կառավարության պահուստային միջոցները, պարոն Խուրշուդյանը պատասխանեց. «Հայաստանն այլ երկրների նկատմամբ ունի մեկ առավելություն: Մենք ունենք արտարժութային մեծ ներհոսք, սակայն դրանք նվազում են, քանի որ տրանսֆերտների զգալի մասը գալիս է ՌԴ-ից և ԱՄՆ-ից, իսկ տեղի հայ համայնքները ևս զգում են տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները: Սակայն դրանք դեռ այնքան չեն պակասել, որ իրենց ազդեցությունը թողնեն ֆինանսական շուկայի վրա, և կառավարությունն այսօր մի խնդիր ունի. լրացնել դոլարային այն չափաբաժինը, որն անհրաժեշտ է դրամ-դոլար հավասարակշռությունը պահպանելու համար: Սակայն եթե ԿԲ-ն այս պարբերականությամբ դոլար ներարկի շուկա, ապա այն դժվար թե բավարարի: Քանզի, եթե 2008 թ. ամռանը, դրսից արտարժութային փոխանցումների գագաթնակետին, ԿԲ-ի պահուստային գումարները 1, 575 մլրդ դոլարի էին հասել, ապա այժմ դրանք 1,425 մլրդ են, այսինքն` նվազել են 150 մլն դոլարով: Եվ եթե այս շարունակությամբ պահուստային դոլարները նվազեն, ապա ամենաքիչը 1 մլրդ դոլար կպահանջվի փոխարժեքը կայուն պահելու համար: Կարևոր է նաև այն, թե արդյոք Ռուսաստանի աշխատանքային շուկան կհամալրվի՞ Հայաստանից ժամանակավոր աշխատանքի մեկնող «խոպանչիներով»: Սակայն դա այս տարի հարցականի տակ է, քանի որ Ռուսաստանի աշխատանքային շուկան մեծ բարդությունների առաջ է կանգնած, և դժվար թե պահպանվի արտագնա աշխատանքի մեկնողների նույն թիվը, ինչ նախորդ տարիներին»:
Իսկ ինչպիսի՞ն կլինի իրավիճակը, եթե, այնուամենայնիվ, դրամն արժեզրկվի: Ա. Խուրշուդյանը հավելեց. «Ներկայիս փոխարժեքը սոցիալական մեծ խնդիր է լուծում, քանի որ բնակչության մեծ մասն այսօր դրամով է իր եկամուտները ստանում, և դրամի արժեզրկման պարագայում նրանց կենսամակարդակը կտրուկ կիջնի, քանի որ աշխատավարձը չի ապահովի բավարար գնողականություն: Այս պայմաններում սոցիալական դժգոհություններն անխուսափելի են և, գումարվելով քաղաքական դժգոհություններին, կարող են սոցիալական ու քաղաքական լուրջ ցնցումների հանգեցնել: Պարզ է, որ իշխանություններն այսօր ամեն գնով ցանկանում են մեծ արտարժութային ներհոսքի աղբյուրներ գտնել, հակառակ պարագայում պետք է գնան խոշոր կլանային բիզնեսի իրական հարկմանը: Սակայն իշխանությունը չի գնում դրան, չնայած փորձեր անում է»:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3030

Մեկնաբանություններ